ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի անցումային թիմում ամենաազդեցիկ անձ համարվող գործարար Իլոն Մասկը և ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչ Ամիր Սաիդ Իրավանին Նյու Յորքում քննարկել են Վաշինգտոնի ու Թեհրանի հարաբերություններում լարվածությունը նվազեցնելու ուղիները։ Նրանք դրական են որակել բանակցությունները և ասել, որ սա «լավ նորություն» են համարում։               
 

«Թե ինչպես անզգուշաբար ես կործանեցի ԽՍՀՄ-ը»

«Թե ինչպես անզգուշաբար ես կործանեցի ԽՍՀՄ-ը»
05.02.2019 | 08:17

Տևական ժամանակ է, որ «Իրատեսի» էջերում չենք հանդիպում իմ հարգարժան ընթերցողների հետ, ներող եղեք: Ասելու և քննարկելու շատ բա կա՝ հատկապես «հայկական» պայմանական անունը ստացած հեղափոխությունից հետո: Նախ, պետք է հասկանանք, թե ինչ էր սա՝ հեղափոխությու՞ն էր, թե՞... Տեղի ունեցածն ի՞նչ ազդեցություն կունենա մեր կյանքի, ազգային իղձերի կատարման, մարդկանց սոցիալ-տնտեսական վիճակի բարելավման, երկրի անվտանգության, արտագաղթի կասեցման, Արցախի ու բազում այլ կարևոր հարցերի վրա:


Անցած տարում եղան հաջողություններ ու անհաջողություններ, մեծ ձեռքբերումներ, նաև մեծ կորուստ ունեցանք: Կյանքից հեռացավ «Իրատեսի» գեղարվեստական խմբագիր, մեր տաղանդավոր նկարիչ Նիկօն (Նիկոլայ Մանուկյան), որի խորաթափանց միտքն ու կյանքի փիլիսոփայությունը օգնում էին, որ իր ձևավորած հոդվածները միանգամից պարզ ու հասկանալի դառնային մեր ընթերցողներին։ Մենք դեռ երկար կհիշենք ու կվայելենք նրա աստվածատուր ձիրքի պտուղները. շնորհակալություն, Նիկօ, քո թողած մեծ ավանդի համար:
Մեծ անհաջողություն էր, որ 2017 թվականին քանդեցին ու հողին հավասարեցրին աղետի գոտու բնակչության համար կառուցված Սպիտակի մեխանիկական գործարանի երկու մասնաշենքերը: Ինչ խոսք, գործարանների ու ֆաբրիկաների քանդման ու հողին հավասարեցման գործերում հայերս համաշխարհային լիդեր ենք դարձել, կարող ենք գրանցվել Գինեսի ռեկորդների գրքում, իհարկե` Լևոն Տեր-Պետոսյանի հեղինակային իրավունքով:
Քանդման գործն էլ հմուտ ձևով էր կազմակերպված. ցերեկով քանդում էին, գիշերով, ՀՀ ոստիկանական գումարտակի ուղեկցությամբ, Սպիտակից դուրս էին հանում գործարանի թանկարժեք մետաղական կոնստրուկցիաները, շատ պայքարեցի, բայց ոչինչ չստացվեց, զուր անցան իմ հրապարակային ելույթները (մասնավորապես, «Իրատեսի» թիվ 40-ում, 08.06.2018 թ.), դիմումներն ու կոչերը, նույնիսկ քանդողների ինքնությունը չկարողացանք պարզել. ովքե՞ր էին, ինչու՞ էին քանդում, ու՞ր տարան գործարանի թանկարժեք կոնստրուկցիաները, տվյալ դեպքում ու՞մ հանցավոր հրամանն էր կատարվում: Խոսք չկա, սա թշնամական, ավելի շուտ, դավաճանական ակցիա էր հայ ժողովրդի նկատմամբ, երբ պատերազմող Հայաստանի արդյունաբերությունը կանխամտածված ձևով ոչնչացվում էր՝ երկիրը զրկելով ինքնապաշտպանության գործը սեփական ուժերով ու միջոցներով կազմակերպելու հնարավորությունից:
Պատերազմներին պատրաստվող կամ պատերազմի վտանգը կանխատեսող երկրները սկզբում մտածում են իրենց տնտեսության տեմպային զարգացման, արդյունաբերական պոտենցիալի բարձրացման, նոր տեխնոլոգիաների ստեղծման մասին, որպեսզի չպարտվեն, կարողանան հաղթել: Իսկ մենք՝ հայերս, շարունակում ենք քանդել ու ավերել մեր գործարաններն ու ֆաբրիկաները։ Ինչու՞, որպեսզի օգնենք մեր թշնամիների՞ն, ջուր լցնենք նրանց ջրաղացի՞ն:


Հարցե՜ր, հարցե՜ր, անպատասխան մնացած բազում հարցեր, որոնց պատասխանը պետք է փնտրել միայն ու միայն հայկական, ավանդույթ դարձած կոռուպցիայի ու կաշառակերության տիրույթում:
Կաշառակերությունն ու կոռուպցիան էին, որոնք կործանեցին ԽՍՀՄ-ը, հզորագույն այդ կայսրությունը, որից ողջ աշխարհն էր սարսռում: Երկրի քանդվելն էլ չօգնեց, որ այդ երևույթները վերանան, դրանք չեն վերացել, այլ զարգացել ու շարունակում են զարգանալ հետխորհրդային բոլոր երկրներում՝ մնալով ապագա անհաջողությունների, ցնցումների ու պարտությունների պատճառ:


Կաշառակերության ու կոռուպցիայի ավանդույթը մենք ժառանգել ենք ԽՍՀՄ-ից ու շարունակում ենք զարգացնել կոռուպցիայի դեմ «պայքարող» ՀՀ ոստիկանության ու ԱԱԾ-ի քթի տակ, նրանց հովանու ներքո ու կերպափոխուկ թե՛ ղեկավարների, թե՛ «շարքայինների» անմիջական մասնակցությամբ: Այնպիսի տպավորություն է ստեղծվում, որ կոռուպցիայի դեմ «պայքարողների» նպատակները բոլորովին չեն փոխվել, ավելին` պահպանել են կոռուպցիայի ու կաշառակերության զարգացման նախկին դինամիկան նաև հայկական հերթական «հեղափոխությունից» հետո:
Ես հակված չեմ հավատալու Նիկոլ Փաշինյանի այն հայտարարություններին, թե Հայաստանում կոռուպցիա չկա, այն վերացել է, սա կոչվում է ցանկալին ներկայացնել որպես իրողություն: Իշխանական բարձունքներից դրանք այնքան էլ տեսանելի չեն, բայց հասարակության հարթությունից դրանք տեսանելի են, մարդիկ ամեն ինչ տեսնում ու հասկանում են, կարողանում են թացը չորից ջոկել ու իրենց համար կարևոր հետևություններ անել՝ մնա՞լ, թե՞ գնալ: ԽՍՀՄ-ի ու անկախ Հայաստանի կոռուպցիայի վերաբերյալ ես նյութեր էի նախապատրաստել, որոնք պետք է վերամշակվեն ու թարմացվեն՝ հաշվի առնելով այդ հարցում «փաշինյանական» մոտեցումները: Ի վերջո, պետք է պատասխան տալ այն հարցին, թե մեր պայմաններում որքա՞ն իրատեսական են տնտեսության թռիչքային զարգացման գաղափարները կամ տնտեսության գոյությունն ընդհանրապես:


«Կոռուպցիայի վնասները»` այս վերտառությամբ կլինի իմ հաջորդ հոդվածաշարերից մեկը, որտեղ հակակառուպցիոն ընդհանրական դատողությունների փոխարեն կպարզաբանվեն կոռուպցիայի իրական վնասներն ու վտանգները, որոնք, առաջին հերթին, ազդում են Հայաստանում արտադրված ապրանքների ինքնարժեքի, որակի ու հուսալիության ցուցանիշների վրա։ Կարող են ազդել այն աստիճան, որ հնարավոր չի լինի դուրս գալ միջազգային շուկա և հաջողություններ ակնկալել՝ հայկական ապրանքների ոչ մրցակցային լինելու պատճառով: Այս համատեքստում կպարզաբանվեն կոռուպցիայի դեմ պայքարող դատաիրավական համակարգի իրական դեմքն ու հանցավոր կեցվածքը, անցումային արդարադատության շուտափույթ ներդրման անհրաժեշտությունը և այլն:
«Մեկ պատշգամբի պատմություն» շարքում ցույց կտանք, թե ինչ ընդհանրություններ ունեն ԽՍՀՄ-ում ձևավորված ու անկախ Հայաստանում ավելի պարարտ հող գտած հանցավոր կոռուպցիոն սխեմաները: Միակ բանը, որը չէր կարելի ընդօրինակել կործանված կոմունիստական կայսրությունից, կաշառակերությունն էր, նաև կոռուպցիան։ Մերժելի այդ երևույթները բնավ չմերժվեցին, ընդունվեցին, սրբորեն պահվեցին ու պահպանվեցին մեր երկրի ներքին քաղաքականության զինանոցում: Եթե այս ամենին ավելացնենք պետական ունեցվածքի աննախադեպ գողությունն ու թալանը, ապա կհասկանանք, որ այսօրվա դրությամբ ոչ մի լավ բան սպասել հնարավոր չէր, արդյունքում ունենք այն, ինչ ունենք:
ժամանակն է, որ հայկական իշխանական վերնախավը իր մեջ բավարար ուժ գտնի, կամք դրսևորի և օր առաջ ձերբազատվի վնասակար ավանդույթներից, դուրս գա այս վիճակից, որը ո՛չ Աստծուն է մոմ, ո՛չ էլ սատանային` ցախավել:
Անկախ դատարանների փաշինյանական գաղափարը մեծ ոգևորությամբ ընդունեց դատավորական հանրությունը, նրանց ձեռքերն ազատ արձակվեցին, կարող են գործել առանց հետ նայելու, մի քիչ կաշկանդված, ավելի զգուշավոր, բայց նախկինի պես ագրեսիվ: Եթե նախկինում դատական կաշառքների թեմաները քննարկվում էին «Վերնիսաժի» անկյուններում, սրճարաններում, ապա հիմա դրանք տեղափոխվել են դատարանների շենքերի զուգարանային սենյակներ:


Իշխանությունները պետք է շրջահայաց լինեն, ու չփորձեն դատավորներին այստեղ էլ հետապնդել, տեսախցիկներ տեղադրել և այլն, օգուտ չի տա, նրանք իրենց ձևերն ու մեթոդները կգտնեն: Խորհրդային մի պատմություն՝ կաշառքի թեմայով:
Մի մարդ բժշկի հետ պայմանավորվում է, որ իր մինուճար տղային բանակից ազատի:
-«Խնդիր չէ, այսքան գումար կբերես, կազատենք»: Հաջորդ օրը մարդը գալիս է բժշկի մոտ, թե գումարը բերել եմ, վերցրու: «Այստեղ չէ, դուրս գանք»: Դուրս են գալիս։ «Բժիշկ, վերցրու»: «Չէ, այստեղ չէ, գնանք դաշտը»: Գնում են: «Բժիշկ, դե վերցրու»: «Չէ, գնանք անտառը»: Գնում են: «Բժիշկ, դե վերցրու»: «Այստեղ էլ չէ, բարձրանանք ծառը»: Բարձրանում են, կաշառքը վերցնում է ու վերադառնում են: Հաջորդ օրը բժշկական հանձնաժողովի հավաք էր։ Բժիշկը զննում է տղային ու հայտնում, որ առողջ տղա է, կարող է ծառայել: -
-Բժիշկ, անհարմար չէ՞, երեկ հայրիկիցս փող եք վերցրել, որ բանակից ազատեք, հիմա ի՞նչ եք ասում:
-Ա՛յ տղա, ի՞նչ հայրիկ, ի՞նչ փող, ե՞րբ, որտե՞ղ է տվել:
-Անտառում, ծառի ծերին:
-Ընկերներ, էս տղան իսկական գիժ է, բանակ ուղարկենք, մեզ խայտառակ կանի, եկեք ազատենք:
Այնպես որ, հարգելի պարոն Փաշինյան, մեր կաշառակեր դատավորները իրենց գործը լավ գիտեն, այնքան են մասնագիտացել ու հմտացել այդ ճակատում, որ դատարանների անկախության վերաբերյալ Ձեր գաղափարները բարձր ընդունելության արժանացան՝ ընդունվեցին որպես Աստծո պարգև: Մեր դատաիրավական համակարգին կարգի հրավիրելու համար ստալինյան բռունցք ու անցումային արդարադատություն է պետք, այլ ճանապարհ չկա, եթե իսկապես վարչապետը հավատում է, որ Հայաստանում որևէ բան հնարավոր կլինի փոխել:
Վերցնենք Սինգապուրի օրինակը. ինչպիսի բծախնդրությամբ ու հաստատակամությամբ էր հայտնի վարչապետ Լի Կուան Յուն պայքարում կաշառակերության դեմ, ու արդյունքում ինչ տնտեսական հաջողությունների հասավ երբեմնի հետամնաց այդ երկիրը: Բայց դա չի նշանակում, թե Սինգապուրում կաշառակերությունը վերացել է: Ամեն ամիս այդ երկրում բռնում ու մահապատժի են ենթարկում մի քանի կաշառակերի: Այնպես որ, սկզբում պետք է թռնել, նոր ասել` հո՛պ:


Իմ հոդվածներում կփորձեմ վերլուծել հայկական անարյուն հեղափոխության առանձնահատկությունները՝ զուգահեռներ տանելով Վենեսուելայի և հեղափոխության ճանփան բռնած այլ երկրների հետ, թե որտեղ են մեր նմանություններն ու տարբերությունը, ի վերջո ինչ հանգրվանի կհասնենք:


Մեր հեղափոխությունը իրականացվել ու պատմություն է դարձել, համաշխարհային հանրությունը ողջունեց այն, բայց մնացած խնդիրները շատ են: Տնտեսական հաջողության դեպքում ամեն ինչ շատ լավ կլինի, բայց հակառակ պարագայում (Աստված մի արասցե) կստացվի, որ հայ ժողովուրդը թիկունքից կստանա հերթական մահացու հարվածը։ ՈՒշադիր լինենք ու հավատանք, որ դա չի լինի:


«Թե ինչպես ես անզգուշաբար կործանեցի ԽՍՀՄ-ը» շարքում կփորձեմ բացատրել ԽՍՀՄ-ի փլուզման իրական, տեխնիկական պատճառները, որոնք կապված չեն ոչ Գորբաչովի հանրահայտ «դավաճանության», ոչ Աբովյանից սկսված Զորի Բալայանի էկոլոգիական շարժման, ոչ էլ բուն ղարաբաղյան շարժման հետ, դրանք մեզ կօգնեն հաջողության մեր ճանապարհային քարտեզը ուրվագծելու և իրականացնելու համար: Իրականում ԽՍՀՄ-ի փլուզման գործընթացը սկսվեց այն ժամանակներից, երբ Ստալինը մերժեց կիբեռնետիկան՝ այն ճանաչելով որպես կեղծ գիտություն, իսկ Կրեմլի նորույթամերժ-պահպանողական (ՍՏրվՏպ ՎօՔսպվՌպ) պետական ու կուսակցական գործիչներն իրենց վրա վերցրին արդյունաբերության այլ ճյուղերի և էլեկտրոնիկայի, միկրոէլեկտրոնիկայի ու հաշվողական տեխնիկայի դանդաղ, աստիճանական զարգացման կործանարար քաղաքականության պատասխանատվությունն այն դեպքում, երբ կար, հատկապես, միկրոէլեկտրոնիկայի ու նանոտեխնոլոգիաների ուղղության տեմպային զարգացման անհրաժեշտությունը: Կան մարդիկ, որոնք չեն ընդունում ԽՍՀՄ-ի տեխնոլոգիական հետամնացության փաստը, երբ լուրջ հաջողություններ էին արձանագրվել ատոմային էներգետիկայի, հրթիռաշինության, տիեզերագնացության և շատ կարևոր այլ բնագավառներում: Վահան Համազասպյանի քննարկած` ԽՍՀՄ-ի կործանման փաստը շատ նման է «Մի կաթիլ մեղրի» պատմությանը, որն ավելի քան հիմնավոր ու հետաքրքիր է:


Սակայն խոսենք հաջողություններից: 2018 թվականին նախագծել ու պատրաստել ենք DVH սերիայի երեք նոր արևային սարքեր, որոնք փորձարկման համար տեղադրված են Էջմիածին քաղաքի «Մաչանենց» կենտրոնում: «Մաչանենցի» հիմնադիր Գրիգոր Մաչանենց Բաբախանյանը մի կարևոր նորամուծություն առաջարկեց՝ արևն անվանելով հավերժական դոնոր՝ համայն մարդկության համար, սա մենք կօգտագործենք ու կդնենք «Երկրների հելիոֆիկացիայի ծրագրի» հիմքում: 2018 թվականին, փաստորեն, ավարտվեցին արևային տեխնիկայի ոլորտում կատարված մեր գիտահետազոտական աշխատանքները, պատրաստվում ենք հաջորդ քայլերին՝ աշխարհի տարբեր երկրներում գիտական աշխատանքների կոմերցիալիզացիային: Հույս ունեմ, որ մեր աշխատանքները կօգնեն, որպեսզի Հայաստանը, ի վերջո, դուրս գա տնտեսական այս կոլապսից, դա հնարավոր է: Բայց կա մի կարևոր պայման. Հայաստանի ինքնահավան իշխանավորները պետք է ուսումնասիրեն ու ականջներին օղ անեն համաշխարհային տնտեսության զարգացման տրամաբանությունը: Հայաստանում տնտեսական հեղափոխություն կատարելու ցանկությունները կմնան թղթի վրա, եթե Նիկոլ Փաշինյանը շարունակի հույսը կապել իր պատգամավորական մանկապատանեկան, սիրողական թիմի հետ, այստեղ բարձր պրոֆեսիոնալիզմ է պահանջվում, որը, ցավոք, այդ թիմում չկա, չի երևում:

(շարունակելի)

Վահան ՀԱՄԱԶԱՍՊՅԱՆ
Տեխնիկական գիտությունների դոկտոր, երկրների հելիոֆիկացիայի ծրագրի հեղինակ

Լուսանկարներ

. .
  •  Տարբեր հզորության DVH սերիայի անհատական կոմբինացված հելիոհամակարգերի փորձնական նմուշներ՝ ծովի մակարդակում և մինչև 3000 մ  բարձրություններում աշխատելու համար: Նախագծվել ու պատրաստվել են 2017-18 թվականներին, շահագործվում են Էջմիածին քաղաքի «Մաչանենց» տուրիստական կենտրոնում:
Դիտվել է՝ 4915

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ