ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի անցումային թիմում ամենաազդեցիկ անձ համարվող գործարար Իլոն Մասկը և ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչ Ամիր Սաիդ Իրավանին Նյու Յորքում քննարկել են Վաշինգտոնի ու Թեհրանի հարաբերություններում լարվածությունը նվազեցնելու ուղիները։ Նրանք դրական են որակել բանակցությունները և ասել, որ սա «լավ նորություն» են համարում։               
 

«Ծրագրերը ավարտել ենք և ունենք 100% կատարում»

«Ծրագրերը ավարտել ենք և ունենք 100% կատարում»
26.12.2017 | 10:32

Մինչ ԱՎԾ-ի ամփոփումից հետո 2018-ի հունվարին նախարարները «ծանր ու թեթև» կանեն 2017-ը, տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար ՎԱՀԱՆ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԻ հետ առանց թվերի խոսեցինք ոչ միայն 2017-ին իրականացված ծրագրերի, այլև հասարակությանը հուզող մի քանի հարցերի շուրջ:


-Այս տարի շինարարական աշխատանքների ծավալն ավելի մեծ է եղել անցած տարիների համեմատ,- ասաց նախարարը:- Բայց քանի որ եղանակային պայմանները նպաստավոր են, այդ աշխատանքները դեռևս շարունակվում են, թվերի լեզվով կխոսենք դրանց ամփոփումից հետո: Առանձնակի կարևորում եմ ծրագրվածից դուրս կատարված աշխատանքները, որոնք իրականացվել են կապալառուների նախաձեռնությամբ և միջոցներով: Մասնավորապես, ասֆալտապատվել է Սևան-Արզնի ճանապարհահատվածը, որը մինչ այդ, մեղմ ասած, բարվոք չէր: Հաջորդ ասֆալտապատման ծրագիրը, որն ընդգրկվեց հավելյալ աշխատանքներում, Ծաղկաձոր տանող ճանապարհահատվածն է: Առանձնակի նշանակություն ունի Հյուսիս-Հարավ ճանապարհի հարավային հատվածի կամուրջների կարգավորման խնդրի լուծումը: Հիշում եք, որ այդ կամուրջների հետ կապված խնդիրներ կային, որոնց անդրադարձել էին լրատվամիջոցները. դրանք արդեն լուծված են, և աշխատանքներն ավարտված են: Բացի դրանից, նշված ճանապարհից կամուրջ բարձրացող հատվածների նորոգումը ներգրավված չի եղել նախագծում, մենք դրանք փոխեցինք, և շինաշխատանքներն արդեն ավարտված են: Հյուսիս-Հարավ ճանապարհի շինարարությունը այս պահին շարունակվում է, ճիշտ է, եղանակային պայմանների պատճառով բետոնապատման աշխատանքները դադարեցված են: Մնացած բոլոր ճանապարհաշինարարական ծրագրերը, որոնք նախատեսված են եղել այս տարվա համար, ավարտել ենք և ունենք 100 % կատարում:
-Որքա՞ն հատված է մնացել կառուցելու, որ Հյուսիս-Հարավ ճանապարհը ամբողջապես շահագործվի:
-Եթե այդ ճանապարհը դիտարկում ենք որպես Հյուսիսը Հարավին կապող միջանցք, ապա կառուցված ճանապարհահատվածը մեծ չէ, սակայն կառուցման աշխատանքներն ակտիվորեն ընթանում են: Մասնավորապես, այս պահին աշխատանքներ են տարվում Աշտարակ-Գյումրի հատվածում: Անկեղծ ասած, այստեղ կա մի փոքր թերակատարում ծրագրվածից, ինչն ունի և՛ օբյեկտիվ, և՛ սուբյեկտիվ պատճառներ: Ամեն դեպքում, 2018-ին այդ հարցը կլուծվի:
-Զուգահեռաբար այս պահին Մեղրու հատվածում շինարարական աշխատանքներն սկսվա՞ծ են:
-Այս պահին պայմանավորվածություն ենք ձեռք բերում մասնավոր ընկերությունների հետ, որպեսզի այդ աշխատանքներն իրականացվեն պետություն-մասնավոր հատված համագործակցության շրջանակում:
-Պարոն նախարար, Դուք մեկ տարի չորս ամիս ղեկավարում եք տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը, երբ ստանձնեցիք այդ ղեկը, նախ՝ որտե՞ղ տեսաք խնդիրներ և որո՞նք եք լուծել:
-Անկե՞ղծ ասեմ:
-Միայն անկեղծ:
-Բոլոր ուղղություններով էլ խնդիրներ կային, կարծում եմ, դրանք ցանկացած ոլորտում կան, չեն կարող չլինել, քանի որ կյանքն անընդմեջ նոր պահանջներ է թելադրում: Սակայն ինձ համար կարևոր խնդիրը, որը դեռևս ընթացքի մեջ է, տրանսպորտային համակարգն է:
-Նկատի ունեք ավտոպարկի նորացու՞մը:
-Նկատի ունեմ ընդհանուր սպասարկումը, որ ներառում է և՛ ավտոպարկի թարմացումը, և՛ համայնքային ուղևորափոխադրումները: Սկզբում, երբ ոլորտում գույքագրում իրականացրինք ընդհանուր պատկեր ունենալու համար, պարզվեց, որ 250 համայնք չէր սպասարկվում: Օպտիմալացման ծրագրով մենք այդ խնդիրը փորձեցինք լուծել, և այսօր սպասարկման խնդիր ունի ընդամենը 99 համայնք: Միևնույն ժամանակ, խնդիրը լուծված չեմ համարում, այդ ուղղությամբ աշխատանքները շարունակվում են: Իհարկե, խնդիրն ամբողջությամբ լուծելու համար ժամանակ է պետք, բայց վստահ եմ, որ կլուծենք: Տրանսպորտային համակարգում կարևորում եմ նաև երկաթուղին, այս տարի ձեռք ենք բերել ժամանակակից էլեկտրագնացք, այժմ որոշակի փոփոխություններ են իրականացվում, որ այն համապատասխանեցվի մեր ռելիեֆին, որից հետո, մինչև փետրվար, շահագործման կհանձնվի: Ի դեպ, ՌԴ իմ պաշտոնակցի հետ նախնական պայմանավորվածության ենք հասել Մոսկվայում երկրորդ էլեկտրագնացքի և նոր մարդատար վագոնների ձեռքբերման շուրջ:
-Ռուսաստանցի Ձեր պաշտոնակցի հետ հանդիպումից հետո էր, կարծեմ, որ նշել էիք, թե գոհ եք ՌԴ-ի հետ համագործակցության արդյունքներից: ՈՒզում եմ հասկանալ՝ ինչի՞ց եք գոհ, երբ Ռուսաստանը ԻԻՀ-ի, Վրաստանի և Ադրբեջանի հետ լուրջ ճանապարհային ծրագիր է սկսում, իսկ Աբխազական երկաթուղու վերագործարկման հարցն այդպես էլ լուծված չէ, ինչը թույլ չի տալիս Հայաստանին ունենալ բաց երկաթուղային ճանապարհ:
-Ռուսաստանի հետ մեր բոլոր ծրագրերն իրականացվում են, այդ առումով չեմ կարող իմ գոհունակությունը չհայտնել: Ինչ վերաբերում է Աբխազական երկաթուղուն, բոլորս էլ հասկանում ենք, որ դա գտնվում է ռուս-վրացական հարաբերությունների տիրույթում:
-Լավ, իսկ միջպետական ուղևորափոխադրումների որակը բարելավվե՞լ է:
-Իհարկե, բավականին կանոնակարգվել է: Մենք ՌԴ-ի հետ ստորագրել ենք պայմանագրեր, որով այդ հարցը է՛լ ավելի կկանոնակարգվի: ՈՒղևորների անվտանգության ապահովման և ահաբեկչության կանխարգելման քաղաքականության համաձայն՝ ավտոբուսների շարժվելուց առաջ պետք է ներկայացվեն ուղևորների անուն-ազգանունները, հակառակ դեպքում, սահմանի վրա խնդիրներ կունենան:
-Վերջերս հարկային փոփոխություն կատարվեց վառելիքի շուկայում՝ ԱԱՀ-ի մասով, ինչը, բնականաբար, կարող է հանգեցնել գների բարձրացման: Ի՞նչ եք կարծում, ուղևորափոխադրումների գինը կավելանա՞:
-Նման փոփոխությունները կարող են ազդեցություն ունենալ, սակայն մենք փորձում ենք հնարավորինս պահել գինը, համապատասխանեցնել այսօրվա պահանջարկին և հնարավորություններին:
-Այսինքն, կարո՞ղ ենք ասել, որ նախարարությունը հետամուտ է ուղևորափոխադրումների գնի չբարձրացմանը:
-Փորձում ենք, սակայն վառելիքի գինն ուղղակիորեն կապված է ուղևորափոխադրման գնի հետ: Ի դեպ, երկար ժամանակ է՝ ուղևորափոխադրման գինը չի բարձրացել: Բայց և այնպես, եթե մենք ուզում ենք ունենալ արդիականացված ավտոբուսային պարկ, ապա դրա համար պահանջվում են ներդրումներ: Եթե ուզում ենք ունենալ բարձրորակ սպասարկում, կրկին ներդրումներ են պահանջվում: Ցանկացած ներդրող, ներդրում կատարելուց առաջ, հաշվարկ է կատարում, թե ինչ ժամանակից հետո կարող է այդ ներդրումը հետ բերել: Եվ եթե մենք այս դաշտում սահմանափակ եկամուտ պահանջենք ներդրողից, բնականաբար, այն կարող է հետաքրքիր չլինել վերջինիս համար: Սա զուտ կոմերցիոն հարց է, սակայն մեկ անգամ ևս ընդգծեմ, որ փորձում ենք անել հնարավորը:
-Պարոն Մարտիրոսյան, մեր զրույցը Նոր տարվա նախաշեմին է, Դուք հնարավորություն ունեք մեր թերթի միջոցով Ձեր սրտի խոսքն ասելու ժողովրդին:
-Մաղթում եմ առողջություն, լավ տրամադրություն: Եթե մարդը լավ տրամադրություն չունենա, ո՛չ իր արած գործը աչքի կընկնի, ո՛չ էլ դրա ցանկությունը կունենա: Մաղթում եմ, որ մարդիկ իրար վրա ցեխ չշպրտեն, իրար սիրեն, հարգեն, լինեն օբյեկտիվ և՛ կյանքում, և՛ աշխատանքում: Թող մեր ժողովրդի սրտում լույսը շատ լինի, քանի որ խավարը լույսից է վախենում:
Ցանկանում եմ շնորհավորել ձեր խմբագրության ողջ անձնակազմին և մաղթել նորանոր ձեռքբերումներ:

Զրույցը՝ Ժասմեն ՎԻԼՅԱՆԻ

Դիտվել է՝ 6518

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ