ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի անցումային թիմում ամենաազդեցիկ անձ համարվող գործարար Իլոն Մասկը և ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչ Ամիր Սաիդ Իրավանին Նյու Յորքում քննարկել են Վաշինգտոնի ու Թեհրանի հարաբերություններում լարվածությունը նվազեցնելու ուղիները։ Նրանք դրական են որակել բանակցությունները և ասել, որ սա «լավ նորություն» են համարում։               
 

Բիզնեսի և ՏՏ ոլորտի երկխոսության հարթակ

Բիզնեսի և ՏՏ ոլորտի երկխոսության հարթակ
02.06.2017 | 08:20

Հունիսի 9-10-ին Երևանում կանցկացվի 10-րդ հոբելյանական «ԴիջիԹեք» բիզնես ֆորումը։ «Խելացի լուծումներ՝ խելացի բիզնեսի համար» խորագիրը կրող ֆորումը արդյունավետ հարթակ է ՏՏ ոլորտի և բիզնեսի այլ ճյուղերի երկխոսության համար: Միջոցառման նպատակն է նպաստել տեղեկատվական և հեռահաղորդակցական տեխնոլոգիաների ներդրմանը Հայաստանի տնտեսության տարբեր ոլորտներում: Համաժողովը կազմակերպում է Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը (ԻՏՁՄ)՝ ՀՀ վարչապետի հովանու ներքո։


ԻՏՁՄ գործադիր տնօրեն ԿԱՐԵՆ ՎԱՐԴԱՆՅԱՆԸ նշեց, որ այս տարի ֆորումի ժամանակ կհայտարարվի Երևանում 2019-ին կայանալիք ՏՏ համաշխարհային համաժողովի նախապատրաստական աշխատանքների մասին։ Այս կարևոր միջոցառումն անցկացնելու համար պահանջվում է հսկայածավալ աշխատանք։ Հայաստանում համաշխարհային համաժողովի անցկացումը մեծ հնարավորություններ է ենթադրում, քանի որ համաշխարհային ՏՏ ընկերությունների 2000-ից ավելի ղեկավարներ են ժամանելու Հայաստան։ Դա նշանակում է, որ կարող ենք նրանց ցույց տալ Հայաստանի ՏՏ լուծումները, հնարավորությունները, ներուժը։


Այս տարի կայանալիք «ԴիջիԹեք» բիզնես ֆորումի հյուրերն են լինելու Տեղեկատվական տեխնոլոգիաների և ծառայությունների համաշխարհային ալյանսի (World Information Technology And Services Alliance - WITSA) նախագահն ու քարտուղարը։ Կներկայացվի ՀՀ-ում անցկացվելիք համաժողովի բրենդը՝ գրաֆիկական և տեքստային մոտեցումները, որոնք մշակել է Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը։
Կարեն Վարդանյանի տեղեկացմամբ՝ «ԴիջիԹեք» բիզնես ֆորումը 2017-ին կշարունակի նախորդ տարվա ուղղությունները, որոնք, մասնավորապես, նվիրված են ռազմարդյունաբերությանը, անվտանգությանը։
Կարեն Վարդանյանը նկատում է, որ Հայաստանում և՛ անհատները, և՛ բիզնես կառույցները սկսել են ավելի շատ օգտագործել տեղեկատվական տեխնոլոգիաները, սակայն, ցավոք, բիզնեսում որոշ խոշոր ձեռնարկություններ մրցակցությունից դուրս են, և այդ բիզնեսներն առանձնապես չեն ավտոմատացվում։ Եթե ավտոմատացվում են, ապա դա ավելի շատ կրում է ֆինանսական կորուստներից ապահովագրվելու և ոչ թե զարգացման, արդյունավետության բարձրացման բնույթ։ Պարոն Վարդանյանը նկատում է, որ թերևս կան եզակի բիզնես օրինակներ. «Դրանցից է menu.am-ը, որի ամբողջ համակարգն ինֆորմացիոն տեխնոլոգիաներով հագեցած է, և այն արդեն 3 երկրում՝ Հայաստան, Վրաստան, Բելառուս, աշխատում է ու պատրաստվում է նաև այլ երկրներում ընդլայնվելու։ Մյուս օրինակը GG-ն է։ Տաքսի ոլորտը Հայաստանում գրեթե ամբողջությամբ փոխվել է։ GG-ից բացի, կան նաև առցանց տաքսի այլ ծառայություններ։ Այսինքն՝ այն ոլորտներում, որտեղ մրցակցությունը մեծ է, ավելի շատ են կիրառվում ՏՀՏ գործիքները»։


Ինչ վերաբերում է պետական կառավարման ոլորտում ՏՀՏ գործիքների կիրառմանը, ապա ԻՏՁՄ գործադիր տնօրենը նկատեց, որ որոշում ընդունող մեր չինովնիկները և գործատուները գերադասում են պատվերներ տալ դրսի ընկերություններին, ինչը վնաս է հասցնում տեղական ընկերություններին։ «Արտասահմանյան ընկերություններին տրվող պատվերները մի քանի անգամ թանկ են, գումարները դուրս են գնում երկրից, որպես պարտք են ձևակերպվում։ Եթե անգամ գրանտային գումար է հատկացվում, ապա մենք հայտնվում ենք քաղաքական ազդեցության տակ։ ՈՒ այդ խնդիրը մենք դեռ չենք կարողանում լուծել։ Իհարկե, հայտարարություն արեցինք, դիմեցինք համապատասխան մարմիններին, սակայն որևէ արդյունք չգրանցվեց։ «ԴիջիԹեք» բիզնես ֆորումի ընթացքում այս առնչյությամբ նույնպես քննարկում է տեղի ունենալու, և հարցը բարձրացվելու է մինչև խնդրի լուծումը։ Սա մեր ռազմավարության կարևորագույն կետերից մեկն է»,- ասաց Կարեն Վարդանյանը։


Լիլիթ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Դիտվել է՝ 6077

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ