Իրանի իններորդ նախագահ է ընտրվել բարենորոգիչ Մասուդ Փեզեշքիանը՝ հայտնում է Irantoday-ը։ Նա հավաքել է ավելի քան 16,3 միլիոն ձայն, իսկ նրա մրցակից, պահպանողական Սաիդ Ջալիլին՝ 13,5 միլիոն ձայն։               
 

Միառպահ կտրվեք մամլիչ առօրյայից

Միառպահ կտրվեք մամլիչ առօրյայից
06.07.2024 | 15:37

Խորենացու իմաստուն ու հեռատես ձեռքով՝ կանացի այս դյութիչ կերպարը վաղուց ժամանակային ճամփորդության մեջ է: Նրան շարունակելու են անդրադառնալ նոր պոետներ ու արվեստագետներ: Վարուժանն իր Նազինիկին է մատուցել ավելի քան դար առաջ, երբ ծանրացող օրերի մշուշներում առինքնող կերպարների կարիքը կար: Ժամանակը գրեթե նույն ծանրությամբ ու դառնությամբ է հիմա մեզ փորձության ենթարկում, և կրկին, գրողական ու գեղագիտական բնազդով, պահանջ է զգացվում վերստին լուսավառելու այդ կերպարը՝ որպես հոգու սփոփանք, որպես մի կախարդիչ աստղ, որ կարող է ուժ և հույս ներշնչել՝ անկումներին չհանձնվելու համար:

Ես ընթերցողներին առաջարկում եմ իմ Նազինիկին՝ սյուժետային ու բարոյական նոր գծերով: Թող նա ձեզ միառպահ կտրի մամլիչ առօրյայից և պարգևի արվեստի ու անձնվիրումի նոր ցոլանքներ:

Բարի ընթերցում:

ՆԱԶԻՆԻԿ
1
Սրահների մեջ ծիածանազարդ,
և սրահներում անշուք ու անդուռ,
թե՛ արքայական գոռ ներկայությամբ,
թե՛ խառնամբոխի աղաղակի տակ
դու կաքավում ես սույզ ու ինքնատուր,
ինչպես խավարում ճախրող լուսնահավ:

Մերթ մեղմասահ ես, մերթ հույժ կրակոտ,
մերթ Աստծո հետ ես ու մերթ աշխարհի,
ահա սուզվում ես թախծիդ ծովակում
ու ելնում վերև՝ կյանքը փոթորկոտ,
ուր նավաբեկված երազները հիր
չեն գտնում ափեր, տեր ու ամոքում:

Եվ հայացքները՝ տարփանքով հղի,
գիշատիչ, բռի ու արնախռիվ,
քսու ձեռքերը՝ մազոտ-վավաշոտ,
փսփսոցները՝ ինչպես բարկ լեղի,
չեն խաթարում քո ցուցքը երգեցիկ
և ճապուկ մարմնիդ աղոթքը լուսնոտ:

Պարում ես ցավդ, արյունդ, տունդ,
ուրկից քեզ տարան մի օր անդարձիկ,
որ իշխանների հաճույքը լինես -
մի շնորհագեղ դշխո անկոչում,
ում շշուկն անգամ՝ երգեցողություն,
թեթև դարձումն իսկ՝ հույզ է հմայուն:-

Բայց դու հարճ ես ու վարձակ արքունի,
և քեզ տենչում է նույնիսկ ներքինին,
գոռոզ արքան է փափագում մզել
քո մարմինը և շնորհները շիկ,
որ սիրտը ուռչի պարծանքով անճիգ
և այրամարդու մոլությամբ վայրի:

Սրեր են խաչում, որ քեզ տիրանան,
ուխտ են ուրանում անձինք մեծազարմ,
երբ դու հերքումն ես խաղք ու դավերի,
հեշտ խմորիչը՝ սեր ու մերձության,
բայց և աղբյուրն ես խորին հեշտանքի
ու անկասելի հակամարտության…

2
Աշնան կույր գիշեր, անձրև ու ամպրոպ,
սիրտը վառված էր նոր անարգանքից,
և Նազինիկը գաղտուկ դուրս սահեց
մրափին տրված արքայատնից,-
մի կապույտ շղարշ ուսերին նետած՝
փախավ իր ազատ կյանքին ընդառաջ:

Բայց, նախ, ըղձաց իր տունը հայրական,
ուր անեղծ խինդ կար ու սեր ծնողաց,
և նա փթթում էր, կաքավում անհոգ:-
Երկար որոնեց օջախն իր մանկութ,
սակայն ամենուր ավերակներ ու
արգելափակված ուղիներ տեսավ:

Եվ Նազինիկը, ինչպես մի ուրու,
թեթևոտ ելավ լեռները անմարդ՝
գտնելու պարպված հոգու լիացում
և իր արվեստի զանգը ազատան,
որ փուչ վայելքի նյութ էր ու մարմաջ
թագակիր, անսանձ որձերի համար:

3
Կին փախստակը լեռան կատարին
հինավուրց, փոքրիկ մի մեհյան գտավ,-
ծեր քուրմը հոր պես ընդունեց նրան
և օրհնաբանեց խոսքերով անգին,
որ աստվածներին հաճո լինի նա
և իր ձիրքերով գերի ամենքին:-

Նոր ապաստանում Նազինիկը հեզ
ապաշխարում էր միանձնուհու պես,
ապա ինքնաբուխ վազում էր հեռու
և իր արվեստին տրվում լիարյուն,-
պարում-երգում էր ամեն ոտի տեղ,
ցերեկ լինի թե որոտան գիշեր:-

Ձեռքերը ուրիշ սեր էին երգում
բացատներում ու արահետներին,
իրանն ու կուրծքը այլ հրով էին
հրապույրներ ու շողեր արձակում,-
և նրա ձայնը խմբում էր իր շուրջ
հեղակարծ դյութված արարածներին:

4
Սյուք ու հովերը ըստ Նազինիկի շրշացին այդու,
լալիկ հավքերը երգեցին նրա ձայներանգներով,
սարահարթերը կանաչներ հագան տաղաչափությամբ,
վարձակի ոճով գետերը հեշտին գալարվեցին ցած,
վիթերը ճշտիվ կրկնավորեցին քայլքը նազենի,
և գիշերները թախծանույշ դարձան ըստ Նազինիկի…


Իմ ոգին ուշիմ հետամուտ էր քեզ սիրահարի պես,-
թեպետ անդունդ կար ժամանակների՝ իմ ու քո միջև,-
գերազանց սանի ջերմեռանդությամբ սղագիրն էր քո -
որ գեղեցկության հոլովներ առնի քո շնորհներից,
որ ազատության բանվածք ներառի իր կենսագորգում,-
թե չէ որտեղի՞ց՝ խայտուն պատկերդ խամրուն սրտիս մեջ…

5
Քո սիլուետը տեսնում եմ հիմա լերանց աշխարհում,
անցյալի մուժից ցոլում ես՝ ինչպես Քույր-քնարանույշ,
և աստվածների ժպիտ-հորդորով կաքավում ես ժիր,
քո գիրկը կանչում լռված սերերին ու մերձավորաց,
հարության տաղեր ընծայում կորսված ծննդոց երկրին,
որ հրճվանքներիդ պսակը եղավ հուր եւ հավիտյան:
28-30.06.2024

Հրանտ ԱԼԵՔՍԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 150

Մեկնաբանություններ