ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը կչեղարկի Ջո Բայդենի վարչակազմի կարգադրությունները՝ պաշտոնն ստանձնելուց հետո առաջին շաբաթվա ընթացքում՝ հայտնել է Թրամփի շտաբի մամուլի քարտուղար Քերոլայն Լիվիթը։ Նրա խոսքով՝ Բայդենի ստորագրած 94 հրամանագրեր հանգեցրել են տնտեսական ճգնաժամի։ «Դրա համար էլ Թրամփին վերընտրել են նախագահի պաշտոնում, որպեսզի կանգնեցնի հետընթացը»,- հավելել է նա։               
 

Լավրովը մեղադրելով՝ դե ֆակտո արդարանում էր

Լավրովը մեղադրելով՝ դե ֆակտո արդարանում էր
20.01.2021 | 11:38

Հունվարի 18-ին Մոսկվայում 2020-ը ամփոփող ասուլիս տվեց ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը՝ առաջին անգամ հեռավար: Համաշխարհային քաղաքականության անդրադարձներն ու գնահատականները թողնենք նախարարի խղճին ու ռուսական քաղաքականության տրամաբանությանը, ի՞նչ էր ասում ՌԴ ԱԳ նախարարը Հայաստանի ու Արցախի մասով:

Հիմնականում այն, ինչ ասել է միշտ, բայց կային և նոր երանգներ, որ բնավ չեն համընկնում հենց իր՝ Սերգեյ Լավրովի՝ 2020-ի սեպտեմբերի 27-ից նոյեմբերի 10-ին արված հայտարարությունների հետ: Մենք իմացանք, որ Լեռնային Ղարաբաղը Հայաստանից կտրելու հարց երբեք չի առաջացել. «Ոչ ոք երբևէ չի հերքել Հայաստանի և Ղարաբաղի կապը, բոլոր տասնամյակների բանակցությունների ընթացքում երբեք չի եղել հարց Հայաստանն ու Ղարաբաղը միմյանցից կտրելու մասին: Եվ դա է պատճառը, որ Լաչինի միջանցքը որպես հայեցակարգ չի մերժվել ոչ մեկի կողմից, և դա դեռ կողմերի համաձայնության առարկա է՝ ներառյալ մեր ադրբեջանցի հարևանների համաձայնությունը»:

Հետևաբար՝ նա պատճառ չի տեսնում Հայաստանի պաշտոնատար անձանց շփումները Ղարաբաղի հետ խոչընդոտելու համար. «Եթե մենք համաձայն ենք, և բոլորը համաձայն են դրան, որ պետք է կապ լինի Ղարաբաղի հայերի և Հայաստանի հայերի միջև, ես պատճառներ չեմ տեսնում, թե ինչու է պետք խոչընդոտել այս մակարդակի շփումները»: Սա լուրջ իմիջային հարված է Իլհամ Ալիևին, որ ՀՀ ԱԳ նախարարի Արցախ մեկնելուց հետո հայտարարել էր, որ ՀՀ պաշտոնատար անձինք նախքան Ղարաբաղ մեկնելը պետք է այցի թույլտվություն ստանան Ադրբեջանից: Եվ որոշակի հակադրություն է նաև ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հայտարարությանը, որ Ղարաբաղն Ադրբեջան է: Եվ, այնուամենայնիվ, դա բխում է Ռուսաստանի շահից որովհետև եթե Հայաստան-Արցախ կապը կտրվում է, անիմաստ է դառնում ռուս խաղաղապահների ներկայությունը Արցախում:


Իմացանք նաև, որ Մոսկվան չի մտածում Լեռնային Ղարաբաղը Ռուսաստանի կազմում ընդգրկելու մասին. «Լեռնային Ղարաբաղը ՌԴ կազմում ընդգրկելու էկզոտիկ առաջարկի մասին: Գիտեք, ինչպես ես եմ հասկանում, Լեռնային Ղարաբաղի անկախությունը չի ճանաչվում ոչ մեկի կողմից, այդ թվում՝ Հայաստանի Հանրապետության: Մենք նույնիսկ նման մտքեր չունենք: Մենք ելնում ենք այն նախադրյալից, որ այս շրջանի բոլոր խնդիրները պետք է լուծվեն այստեղ տեղակայված երկրների, առաջին հերթին՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև: Մենք պատրաստ կլինենք օգնել որոնել և գտնել այնպիսի լուծում, որը կապահովի այս շրջանում խաղաղություն, կայունություն և անվտանգություն»: Լուծումը շատ արագ գտնվեց՝ Լավրովի ասուլիսի հաջորդ օրը Ստեփանակերտում հանվեցին հայկական դրոշները ու հայտնվեց ՌԴ եռագույնը: Առանց որևէ բացատրության: Եվ չհասկացանք, թե ինչու՞ են ՌԴ նախագահն ու ԱԳ նախարարը անընդհատ շեշտում, որ Հայաստանը չի ճանաչել Արցախը, եթե տասնամյակներով իրենք են արգելակել ճանաչմանը՝ համարելով բանակցությունների ավարտ ու պատերազմի պատճառ:


Իմացանք, որ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը՝ որևէ «գաղտնի հավելված» չունի. «Գաղտնի հավելվածներ չկան: Եվ ես չեմ տեսնում, թե որ թեմաները կարող են որոշ «գաղտնիքների» առարկա լինել»:
Իմացանք, որ Լեռնային Ղարաբաղում պատերազմից հետո ռազմագերիներին փոխանակելու համար ՌԴ-ի, Հայաստանի և Ադրբեջանի զինվորականները հաստատում են ցուցակները, որ Ադրբեջանը վերադարձրել է նրանց, ում անունները եղել են ադրբեջանական ցուցակներում։ Սկզբում անհրաժեշտ էր, որ և Հայաստանը, և Ադրբեջանը կազմեին անհետ կորած անձանց և գերություն մեջ գտնվողների ցուցակները և այդ հարցում հայկական կողմը ամենամեծ խնդիրներն ուներ: «Ադրբեջանը տվեց այդ ցուցակները, և դրանք աննշան էին, և բոլորը ոչ անմիջապես, սակայն վերադարձվել են՝ նրանք, ովքեր նշված էին ադրբեջանական ցուցակներում»,- բացատրեց ՌԴ նախարարը: Նա հիշեցրել է, որ հայկական կողմից ցուցակները չեն տրամադրվել անմիջապես և ամբողջությամբ, և դրա հետևանքով տեղի է ունեցել նրանց փոխանակում, ովքեր եղել են նոյեմբերի 9-ին ավարտված իրադարձություններին մասնակից: «Բայց հիմա գլխավոր հարցն առաջացել է Հադրութի շրջանում, երբ նոյեմբերի վերջին հայ զինվորների մեծ խմբին այնտեղ էին ուղարկել։ Եվ նրանք՝ 62 հոգի, գերի են ընկել արդեն մեկ շաբաթ անց՝ դեկտեմբերի սկզբին»,- նշել է Լավրովը։ ՌԴ ԱԳ նախարարը չի մանրամասնել, թե ինչու՞ է խախտվել եռակողմ հայտարարությունը, զորքերը կանգ չեն առել այնտեղ, որտեղ պետք է կանգնեին, ու ստեղծվել է Հադրութի գյուղերի խնդիրը, որի հետևանք է դարձել հայերի գերությունը: Իվերջո՝ ի՞նչն են նրանք սխալ արել՝ չզինաթափվելով:


Ադրբեջանական կողմը, ըստ ՌԴ ԱԳ նախարարի, հայտարարել է, որ «քանի որ այդ մարդիկ այդ շրջան են ժամանել կրակի դադարեցման և բոլոր մարտական գործողությունների ավարտից հետո, նրանց պետք է դիտարկել առանձին կարգով, այլ ոչ թե որպես նոյեմբերի 9-ի հայտարարության շրջանակում»։ «Մենք, այնուամենայնիվ, առաջ ենք տանում այդ հարցի քննարկումը շարունակելու անհրաժեշտությունը, որպեսզի այն փակենք՝ առաջնորդվելով «բոլորը բոլորի դիմաց» սկզբունքով։ Ես խոսել եմ Հայաստանի արտգործնախարարի հետ՝ փորձելով ճշտել նրանց վերջնական ցուցակները, բայց պարզվեց, որ անհետ կորածներն ավելին են, քան 62-ը։ Եվ հիմա մեր զինվորականները կապի մեջ են Հայաստանի զինվորականների, Ադրբեջանի զինվորականների հետ։ Այժմ անհետ կորածների անուններով ցուցակները հաստատվում են»,- ընդգծել է Լավրովը։ Նա նշել է, որ եթե ԼՂ-ում չլինեին ռուս խաղաղապահներ, ռազմագերիների փոխանակման հարցն ավելի դժվար կլիներ լուծել: Եվ, իհարկե, չի նշել, թե ինչ կլիներ, եթե լինեին միջազգային խաղաղապահներ: Փաստացի՝ ՌԴ ԱԳ նախարարը փորձում է գերիների հարցը չլուծվելը կապել հայկական կողմի թերացումների հետ, մինչդեռ իրականությունը բոլորովին այլ հարթության մեջ է, բայց հազիվ թե Ռուսաստանը երբևէ կբարձրաձայնի, որ ինքը հասկանում է՝ Իլհամ Ալիևը ռազմագերիներին պատանդ պահելով՝ փորձում է ապակայունացնել ՀՀ և ԱՀ ներքաղաքական իրավիճակը, փորձում է հասնել Արցախից հայկական զորքերի դուրսբերմանը, և միայն ռուս խաղաղապահների ներկայությանը, իսկ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը արդեն Պուտինին առաջարկում է իր խաղաղապահներին դուրս բերել: Ռուսաստանը այս փաստերը երբեք չի համադրի և երբեք ցույց չի տա, որ ինքը հասկանում ու չի կարողանում կամ չի ցանկանում կանխել թուրք-ադրբեջանական քայլերը, որ հակադրվում են եռակողմ հայտարարությանը: Նաև չի պատասխանի հարցին, թե ինչու՞ Հայաստանը կատարում է իր ԲՈԼՈՐ պարտավորությունները, իսկ Ադրբեջանը չի կատարում իր ՄԻԱԿ պարտավորությունը, և Ռուսաստանը՝ իբրև միջնորդ, այդ հարցը չի տալիս:


Իմացանք նաև, որ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի քննարկումը հնարավոր կդառնա միայն ապագայում. «Ես մեծ հույս ունեմ, որ հիմա հույզերը հետին պլան կմղվեն: Հենց դա է պատճառը, որ այժմ ամենալավ ժամանակը չէ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի թեման որպես առաջնահերթություն առաջադրելու համար, այն մնում է ապագայի համար»: Լավրովը վստահեցրել է, որ ռուս խաղաղապահները կապահովեն ինչպես ադրբեջանական, այնպես էլ հայկական կողմերի շահերը: «Եվ մենք պետք է վերադառնանք կարգավիճակին: Գլխավորն այն է, որ կարգավիճակի տեսանկյունից հետագայում Հայաստանի և Ադրբեջանի միջև տեղի ունենան կոնկրետ, հանգիստ իրավական քննարկումներ՝ բարիդրացիության հիման վրա, որը մենք բոլորս պետք է վերականգնենք տարածաշրջանում», - ասել է Լավրովը:
Ադրբեջանի և Թուրքիայի այս քաղաքականությամբ և Լավրովի ՙլավատեսության՚ շրջանակներում Արցախի կարգավիճակի հարցը կլուծվի 22-րդ դարի սկզբին, երբ Պուտինը նախագահ կլինի, իսկ Էրդողանը և Ալիևը՝ ոչ:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ
Հ.Գ. Լավրովի ասուլիսի ամենատարօրինակ և հակասական հատվածը, այնուամենայնիվ, վերաբերում էր պատերազմին՝ փաստացի ՌԴ ԱԳ նախարարը 44-օրյա պատերազմի նախադրյալներից մեկը համարեց ՀՀ իշխանությունների անհավասարակշիռ և պոպուլիստական հայտարարությունները՝ բանակցային գործընթացի տրամաբանույթունից դուրս, իմա՝ նա մեղադրեց Հայաստանի իշխանություններին պատերազմի դիվանագիտական հող ստեղծելու մեջ:


Իրականում թե Ռուսաստանում, թե միջազգային ասպարեզում շատ լավ գիտեն, որ Ադրբեջանը երբեք չէր հարձակվի Արցախի վրա՝ նույնիսկ իր գերազանցող սպառազինությամբ, եթե պատերազմի հրահրիչը, կռվողը, ռազմական գործողությունները համակարգողը, հարձակողական զինատեսակներ տրամադրողը և Ադրբեջանի դիվանագիտական-քաղաքական պաշտպանությունը ապահովողը չլիներ Թուրքիան: Եվ Ադրբեջանը երբեք չէր հաղթի, եթե չլիներ Թուրքիան իր վարձկան մոջահեդներով ու բայրաքթարներով: Համենայն դեպս՝ ՌԴ ԱԳՆ-ն ու անձամբ Լավրովը պատերազմի օրերին բազմիցս իր ՙխոր մտահոգությունն՚ էր հայտնում նրանց ներկայությունից՝ ուղիղ սպառնալիք համարելով ՌԴ ազգային անվտանգությանը: Միջազգային մամուլը պատերամի օրերին տասնյակ հրապարակումներով արձանագրել է, որ պատերազմը ոչ թե Ադրբեջանի ու Հայաստանի միջև է, այլ՝ Ռուսաստանի ու Թուրքիայի, ու այդ պրոքսի պատերազմը շարունակությունն է ռուս-թուրքական հակամարտության Սիրիայում ու Լիբիայում: Դե ֆակտո՝ 64-րդական նշանակություն ունեին թե Հայաստանի վարչապետը Արցախի վերաբերյալ իր հակասական հայտարարություններով, թե Ադրբեւանի նախագահը իր պատերազմական քարոզներով: Բայց Լավրովը այդ մասին էլ երբեք չի ասի ոչ ասուլիսում, ոչ հարցազրույցում, ոչ պրիվատ զրույցներում: Դա չի բխում՝ ռազմավարական դաշնակից Ադրբեջանից և ռազմավարական դաշնակից Հայաստանից հավասարահեռության ՌԴ քաղաքականությունից, որին խիստ խանգարում է Ֆրանսիան ու կարող է խանգարել ԱՄՆ-ը՝ պաշտպանելով հայկական երկու պետություններին՝ Բաքու-Անկարա-Մոսկվա տանդեմից:

Դիտվել է՝ 14665

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ