Գազայի հատվածում և Լիբանանում հրադադարի մասին Իսրայելի համաձայնությունը կարող է ազդել հոկտեմբերի 26-ի հարձակումից հետո հրեական պետությանը հակահարված տալու Իրանի որոշման վրա՝ հայտարարել է ԻԻՀ նախագահ Մասուդ Փեզեշքիանը։ «Նրանք լավ գիտեն, որ եթե որևէ սխալ թույլ տան Իրանի Իսլամական Հանրապետության դեմ, կստանան ջախջախիչ պատասխան»,- ասել է նա:               
 

«Եթե անձեռնմխելիությունը վերացնեին, օրենսդիրների առնվազն կեսը կհրաժարվեր պատգամավոր լինելուց»

«Եթե անձեռնմխելիությունը վերացնեին, օրենսդիրների առնվազն կեսը կհրաժարվեր պատգամավոր լինելուց»
13.03.2009 | 00:00

«ՉԿԱ՛ «ԼԱՎ ՏՂԱ» ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ»
…և ոչ միայն մշակույթի մասին
Կոմիտասի անվան լարային քառյակի առաջին ջութակ, պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր, նվագախմբային ֆակուլտետի դեկան, ՀՀ ժողովրդական արտիստ ԷԴՈՒԱՐԴ ԹԱԴԵՎՈՍՅԱՆԸ կարծում է, որ արվեստագետը չի կարող անտարբեր լինել իր երկրի ներքին և արտաքին քաղաքական խնդիրների նկատմամբ, և իր ուրույն գնահատականներն է տալիս այս զրույցի ընթացքում:
«ԵԹԵ ՊԱՀԱՆՋԱՐԿՈՎ ԱՌԱՋՆՈՐԴՎԵՆՔ, ՄԵՐ ԵՐԿԻՐԸ ԿԱՐՈՂ Է ՎԵՐԱԾՎԵԼ ՀԱՍԱՐԱԿԱՑ ՏԱՆ»
-Մաեստրո, մեր նախորդ հանդիպման ժամանակ՝ (2008-ի հուլիսին), խոստովանեցիք, որ նախկինում անհույս հոռետես էիք, բայց վերջին շրջանում սկսել եք տատանվել հոռետեսության ու լավատեսության արանքում: Ամիսներ անց այս երկու տրամադրություններից ո՞րն է դարձել ավելի գերակա Ձեր մեջ:
-Ավելի հոռետես եմ դարձել: Չնայած չեմ կարող չտեսնել այն լավ բաները, որ արվել են: Գեղեցիկ, հարմար ճանապարհներ, հաճելի երթևեկություն: Սա ինձ համար շատ կարևոր է. ինքս մեքենա եմ վարում: Իսկ մյուս հարցերում չեմ կարողանում դրական փոփոխություններ տեսնել: Առավել ևս լավ բան չեմ տեսնում այն ամենում, ինչ սպասում է մեր ժողովրդին՝ գազի, էներգիայի, ջրի թանկացում: Եվ հայկական դրամի այս տևական արհեստական կայունությունն ու կտրուկ անցումն արժույթի լողացող ռեժիմին: Անցումը պետք է արվեր ավելի շուտ և աստիճանաբար: Այս ամենը ժողովրդի գրպանին է խփելու: Մի բան է, երբ ժողովուրդը 500 դրամից է 25 դրամ վճարում մեկ կիլովատ էներգիայի համար, այլ բան է, երբ 300-ից է վճարում: Սրանք կենցաղային հարցեր են: Պատկերը միայն սրանով չի ավարտվում: Վիճակը մտահոգիչ է հեռուստատեսությունում, ինչո՞ւ չէ, մամուլում: Հաճախ են ինձ անհայտ քննադատները լուսաբանում Հայաստան ժամանած անվանի խմբերի համերգները և առանց կարևորելու պրոֆեսիոնալ մակարդակը՝ բացառապես գովաբանում: Ես դեմ եմ այս իրողությանը: Այս ոլորտում գերակայում են ոչ պրոֆեսիոնալիզմը, սիրողական մակարդակը: Պաշտոնատար մարդու մասին խոսելիս կարող են ասել. «Ինչո՞ւ եք դժգոհում, լավ տղա է»: Բայց այդպիսի մասնագիտություն չկա: Կա լավ, պրոֆեսիոնալ մասնագետ, որի կողմնակիցն եմ ես, և հակառակը: Երբ հեռուստացույց եմ միացնում, ուզում եմ մեր ծրագրերը նայել, բայց, ցավոք, ստիպված եմ լինում փնտրել ուրիշ ալիքներ: Չեմ ուզում ասել, որ մենք ունեցել ենք Փափազյան, Ներսիսյան, Ջանիբեկյան և ուրիշներ: Նույն հաջողությամբ դերասանները, ռեժիսորները կարող են ասել, որ ունեցել ենք Խաչատրյան, Բաբաջանյան, ու համեմատել կոմպոզիտորական դպրոցի, կատարողական արվեստի այսօրվա վիճակը նախորդի հետ: Բայց ինչ-որ չափանիշներ պիտի լինեն, որոնցից մարդը պիտի աշխատի չհեռանալ: Հաճախ եմ ասում, որ երկու էժան ծափ կորզելու համար չի կարելի քո մակարդակն իջեցնել անմակարդակ ունկնդրի, հանդիսատեսի աստիճանին: Ընդհակառակը, մեր նպատակը պիտի լինի բարձրացնել նրանց մակարդակը: Հիմա շոուների ժամանակաշրջան է (ավելի գրագետները «շովու» են ասում): Շոուն էլ պիտի մակարդակով լինի: Երկու լույս հանգցնել-վառելով շոու չի լինում: Վերջին ժամանակներս իսկական արվեստը վերածվել է չգիտեմ՝ խրախճանքի ասեմ, ինչի ասեմ: Սուլում են, ծափ են տալիս բեմի վրա, նվագելու հետ երգում: Անգամ համամիտ եմ, որ ելույթի վերջում կարելի է մի փոքրիկ համար այս կերպ մատուցել՝ որոշակի տրամադրություն ստեղծելու համար: Հասկանում եմ, որ ժողովրդի համար ավելի հեշտ է ընկալել հասանելի, դյուրին արվեստը: Բայց չէ՞ որ դասական երաժշտությունն ունկնդիր է կրթում: Մեզ մոտ էլ ժամանակին 7-8 տարեկան երեխաները գալիս էին դպրոցական ֆիլհարմոնիա (այս տրադիցիան, հուրախություն ինձ, վերականգնվեց վերջերս), դասախոսություն լսում դասական երաժշտության թեմաներով, ապա, տեքստն ընկալելուց հետո, ունկնդրում երաժշտություն: Այսպես, մանուկ հասակից կրթվում էր ապագա ունկնդիրը: Հիմա և՛ նվագախմբերը, և՛ փոքր կոլեկտիվները գնում են հեշտ ճանապարհով. նվագենք այն, ինչ ուզում է ունկնդիրը: Պահանջարկ հասկացությունն է դարձել գերակա: Բայց եթե պահանջարկով առաջնորդվենք, մեր երկիրը կարող է վերածվել հասարակաց տան. դրա պահանջարկն էլ կա:
-Իսկ քաղաքական դաշտո՞ւմ ինչպես եք գնահատում պրոֆեսիոնալիզմի մակարդակը:
-Ես քաղաքական գործիչ չեմ: Բայց չեմ հասկանում, երբ որոշ արվեստագետներ ասում են, թե իրենք քաղաքականությամբ չեն զբաղվում, իրենց գործը նվագելն է, նկարելն է, բանաստեղծություն գրելն է: Չէ՞ որ մենք այս հասարակության, այս ժողովրդի մի օղակն ենք: Չեմ պատկերացնում, թե ինչպես կարող է նորմալ մարդուն չհետաքրքրել, թե ինչ է կատարվում իր երկրում և թեկուզ երկրից դուրս՝ արտաքին քաղաքականության դաշտում: Եղել և մնում եմ այն համոզմունքին, որ կուսակցական սկզբունքով նախարարներ նշանակելը սխալ է: Չեմ պնդում, որ սա դոգմա է, բայց իմ կարծիքն է: Նախարարը, վարչության պետը, բարձրաստիճան պետական գործիչը պիտի լինի տվյալ ոլորտի պրոֆեսիոնալը: Մարդուն մի նախարարությունից հանում, նշանակում են այլ ոլորտի նախարար: Եթե առաջին տեղում լավ չէր աշխատում, ինչո՞վ եք վստահ, որ երկրորդում պիտի լավ աշխատի: Չէ՞ որ ո՛չ նրա մասնագետն է, ո՛չ սրա: Օրինակ՝ ես համոզված եմ, որ եթե Ազգային ժողովի պատգամավորների անձեռնմխելիությունը վերացնեին, նրանց առնվազն կեսը կհրաժարվեր պատգամավոր լինելուց:
«ՕՐԻՆԱԿՆԵՐԻ ՎՐԱ ՉԵՄ ՏԵՍՆՈՒՄ, ՈՐ ՄԵՐՈՆՔ ԻՆՉ-ՈՐ ԲԱՆ ՈՒԶՈՒՄ ԵՆ ՓՈԽԵԼ»
-Իրատեսակա՞ն եք համարում վարչապետի` մեծ բիզնեսը հարկային դաշտ բերելու ծրագիրը: Մեր ԱԺ մանդատներով պաշտպանված օլիգարխները կհանդուրժե՞ն որևէ «ոտնձգություն» իրենց գրպանի նկատմամբ:
-Մանդատներով պաշտպանված լինելը դեռ հարցի մի կողմն է: Չէ՞ որ իրենք են այդ օրենքն ընդունում ու շատ լավ գիտեն, որ առաջին հերթին իրենց համար են ընդունում: Բնական է, որ այստեղ անաչառություն չի լինի: Ես սա ասում եմ իմ բանականության թելադրանքով: Գուցե այդ մարդիկ ազնիվ են, ու ես սխալվում եմ: Բայց կյանքի, կենցաղի օրինակով իմ սխալվելը չեմ տեսնում: Նույն գազը, նույն էլեկտրականությունը, որ տնօրինում են այդ մարդիկ, այսօր էլ ապահովում են նրանց գերշահույթը: Կարելի է, չէ՞, մի քիչ համեստ լինել: Մեղք է էս ժողովուրդը: Ինչքա՞ն պիտի սեղմեն:
-Իսկ պատկերացնո՞ւմ եք, որ կգա այնպիսի ժամանակ մեր երկրում, երբ տիտղոսավոր պատգամավորներն անցյալի մղձավանջ կդառնան:
-Հենց սկզբից ասացի, որ հոռետես եմ: Որպեսզի մարդ ինչ-որ բանի սպասի, այդ սպասումները պիտի հիմնված լինեն կոնկրետ փաստերի, արարքների վրա: Ես այդպիսիք չեմ տեսնում: Չեմ հասկանում՝ ցանկությո՞ւն չկա, հնարավորությո՞ւն չկա: ՈՒզում եմ հավատալ, հավատացե՛ք, շատ եմ ուզում հավատալ, որ մերոնք ինչ-որ բան ուզում են փոխել, բայց օրինակների վրա չեմ տեսնում:
«ՇԱՐՈՒՆԱԿ ՆՈՒՅՆ ԴԱՏԱՐԿ ԴԱՀԼԻՃՆ Է ԽՈՐՀՐԴԱՐԱՆՈՒՄ»
-Մեջբերեմ նախորդ հանդիպման ժամանակ Ձեր ասած խոսքը. «Իշխանության և ժողովրդի համագործակցությունն է պետության ծաղկման, զարգացման, ճիշտ ուղիով ընթանալու առաջին նախապայմանը»: Որքանո՞վ է գործում մեզանում այս նախապայմանը:
-Կարծում եմ, որ վատ է գործում կամ չի գործում առհասարակ: Ես արդյունքները չեմ տեսնում: Կռիվներ են տալիս դեպուտատ դառնալու համար: Լա՜վ, կռիվ ես տվել, շնորհք ես ունեցել, համոզել-կաշառել ես մարդկանց, 5 հազարով ձայներն առել, դարձել ես դեպուտատ: Ինչո՞ւ չես աշխատում: Նիստերը ցույց են տալիս, դահլիճի կեսը դատարկ է:
-Իսկ արդեն ոչ այնքան նորընտիր ԱԺ նախագահի պարագայում ոչինչ չի՞ փոխվել մեր խորհրդարանում:
-Մասնագետի աչքով չեմ հետևում այդ ամենին, բայց առանց հատուկ ջանքի էլ տեսնում եմ, որ շարունակ նույն դատարկ դահլիճն է խորհրդարանում, էլի մեկը մյուսի կոճակն է սեղմում, ուրիշի փոխարեն քվեարկում, պատգամավորների մի մասը դժգոհություններ ունի, ոմանց կարծիքը հաշվի չեն առնում: Սա ցավալի է: Ինձ փորձում են համոզել, որ քաղաքականությունն այդպիսի բաներից է բաղկացած: Ի՞նչ է նշանակում՝ քաղաքականությամբ զբաղվելը կեղտոտ բան է: Ինչո՞ւ չի կարելի մաքուր մնալ այդ ոլորտում: Ինչո՞ւ մարդիկ պիտի նախընտրական արշավների ժամանակ չասեն այն, ինչ մտածում են և հետո չապրեն այդ օրենքներով: Ի՜նչ ցեխ շպրտեցին իրար վրա մեր նախագահության թեկնածուները, ի՜նչ հայհոյանքներ ու մեղադրանքներ: Մեկ էլ՝ հանուն կայունության՝ սկսեցին իրար հետ աշխատել: Գերեզմանից կայուն տեղ չկա: Ամենակայուն տեղը գերեզմանն է, որտեղ ո՛չ ռևոլյուցիա է լինում, ո՛չ կռիվ, ո՛չ ռազբորկա. մարդիկ հանգի՜ստ պառկած են: Մեկ այլ ցավալի բան էլ կա: Նույն արվեստագետների մեջ կային երգիչ-երգչուհիներ, որոնց ես շատ հավատում էի, թեկուզ ինձ հուշում էին, որ սխալվում եմ՝ հավատալով: Ոչ միայն փոխվել է նրանց վերաբերմունքը երկրի ղեկավարության նկատմամբ, այլև փոխվել է նրանց արվեստը: Երգում են, ես նրանց երգին, արվեստին չեմ հավատում: Որովհետև առաջ արվեստին էին ծառայում, հիմա նպատակասլաց ուրիշ գործ են անում: Կյանքի կերպը փոխել են: Եվ ցավալին այն է, որ փոքր հասակից մարդկային այդպիսի տեսակ է աճում: Երեխան նայում-տեսնում է, որ չարժե երաժշտությամբ զբաղվել, ավելի լավ է բիզնեսով զբաղվել և իր հոր մեկ ամսվա աշխատածը գրպանը դնել մեկ օրում, մեկ ժամում: ՈՒ սա բերում է չարչիության:
«ԲՐԱՅԶԱՆ ՄԻՇՏ ԷԼ ՊՐՈՄՈՒՍՈՒԼՄԱՆԱԿԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ Է ՎԱՐԵԼ»
-Մեթյու Բրայզայի՝ ընդգծված ադրբեջանամետ գործչի հեռանալը Մինսկի համանախագահողների խմբից մեզ համար կարո՞ղ է դրական գործոն դառնալ Արցախի ճակատագրի հետ կապված գործընթացում:
-Անկախ այն բանից, որ նա ամուսնացած է թրքուհու հետ, Բրայզան միշտ էլ պրոմուսուլմանական քաղաքականություն է վարել: Որ նա հակված է եղել դեպի ադրբեջանական շահը, փաստ է, և Բրայզայի հեռանալով՝ կարող է մեզ համար ինչ-որ դրական փոփոխություն լինել արցախյան գործընթացում: Բայց այստեղ էլ առաջին հերթին Հայաստանի ղեկավարներից է կախված, թե Ադրբեջանի կոշտ հարցադրումներին մենք ինչ պատասխան կտանք:
-Թուրքիայի և Իսրայելի հարաբերությունների սրացումից հետո, ըստ լրատվական ծառայությունների, Թուրքիայի որոշ ռեստորաններում հայտնվել են հայտարարություններ, որոնցում ասված է, թե հայերի և հրեաների մուտքն արգելվում է, շներինը` թույլատրվում: Դուք ամիսներ առաջ համերգային ծրագրով մեկնել էիք Թուրքիա, զգացե՞լ եք ընդգծված բացասական վերաբերմունք Ձեր նկատմամբ:
-Ես նման հայտարարություն չեմ տեսել: Եթե տեսնեի, տեղում կպոկեի` անկախ հնարավոր հետևանքներից: Պիտի խոստովանեմ, որ իմ նկատմամբ եղել է ամենաբարյացակամ վերաբերմունք: Բայց կարող եմ ասել, որ թուրքական քառյակի համերգը Հայաստանում ավելի լավ էր կազմակերպված, քան մերը` Թուրքիայում: Երբ ամռանը քառյակով մեկնել էինք համերգի, մեզ տրամադրել էին 600-700 տեղանոց սրահ, որը համերգի ժամանակ առավել քան կիսադատարկ էր. մոտ 130 ունկնդիր էր ընդամենը ներկա: Ես իմ դժգոհությունը հայտնեցի, ասելով, որ պետք չէր վերցնել նման մեծ սրահ, իսկ եթե վերցրել էիք, պարտավոր էիք ապահովել ունկնդրի բավարար ներկայություն: Երբ նրանք էին եկել մեզ մոտ համերգի, այստեղ փայլուն կերպով կազմակերպվել էր ամեն ինչ: Տրամադրվել էր կամերային երաժշտության տան 300 տեղանոց դահլիճը, հրավիրված էին հեռուստատեսության, մամուլի ներկայացուցիչներ: Ներկա էր մշակույթի նախարարը, ով անգամ պատրաստվում էր խոսք ասել, բայց երբ ասացի, որ մեր համերգին նրանց նախարարը չէր եկել, Հասմիկ Պողոսյանը հրաժարվեց խոսք ասելուց: Ավելի ուշ` աշնանը, ես մեկնեցի Թուրքիա` մենահամերգի: Դարձյալ նույն սրահն էին տրամադրել: ՈՒ թեև դահլիճն ավելի լիքն էր, բայց ոչ բավականաչափ էր լիքը:
-Գուցե դրանով որոշակի վերաբերմո՞ւնք էին ցանկացել արտահայտել:
-Գուցե: Բայց պիտի ասեմ, որ համերգի հաջորդ օրը, երբ վարպետության դաս էի վարում, արժանացա շատ բարեհամբույր վերաբերմունքի: Դասին ներկա էին թուրք պրոֆեսորը, մեծ թվով ուսանողներ: Վերջում ծաղկեփունջ ստացա և առաջարկ` որպես մենակատար ելույթ ունենալու այդ պրոֆեսորի ղեկավարած կամերային նվագախմբի համերգին: Ես, իհարկե, տվեցի իմ նախնական համաձայնությունը:
Զրույցը վարեց Կարինե ՌԱՖԱՅԵԼՅԱՆԸ
Հ. Գ. -Կոմիտասի անվան լարային քառյակն այս տարի միանգամից նշում է երեք հոբելյան։ Մանրամասները՝ երեքշաբթի օրվա՝ մարտի 17-ի համարում։

Դիտվել է՝ 4845

Մեկնաբանություններ