Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հրաժարվում է ներկայանալ դատախազություն՝ հարցաքննության։ «Դատախազությանը խորհուրդ կտայի զբաղվել իր գործով և խուսափել նախագահի հետ քաղաքական հաշիվներ մաքրելուց»,- ճեպազրույցում հայտարարել է Զուրաբիշվիլին: Ավելի վաղ Վրաստանի դատախազությունը հետաքննություն էր սկսել ընտրակեղծիքների մասին մեղադրանքներից հետո, որի առնչությամբ էլ Զուրաբիշվիլին հրավիրվել է հարցազրույցի։               
 

«Կոտրվելը» բացառվում է, ուրեմն` «վաբանկ»

«Կոտրվելը» բացառվում է, ուրեմն` «վաբանկ»
20.01.2009 | 00:00

ԵԿԱՆ, «ԹԱՍԻԲԻ» ԳՑԵՑԻՆ, ԳՆԱՑԻՆ
ԵՎ այսպես, մեկ շաբաթ հետո ԵԽ խորհրդարանական վեհաժողովի հունվարվերջյան նստաշրջանում պարզ կդառնա, թե ինչպիսի իրավիճակում է հայտնվելու Հայաստանի Հանրապետությունը։ Կա՛մ մեր պատվիրակությունը կզրկվի ձայնի իրավունքից, և ՀՀ-ն, որպես ԵԽ-ի «չար» զավակ, անկյուն կկանգնեցվի, կա՛մ այս անգամ էլ «կպլստա»։ Որքան էլ իշխանության որոշ ներկայացուցիչներ փորձեն կանխատեսել, թե պատժված պետության կարգավիճակը բոլորովին էլ ողբերգական հետևանքներ չի ունենա և զուտ ձևական բնույթ կկրի, այնուամենայնիվ, հարկ է ընդունել, որ Եվրոպայի կողմից որպես կարգազանց «աշակերտ» ճանաչվելը և «վարքից» երկու գնահատական ստանալը ոչ միայն տխուր է, այլև նվաստացուցիչ։
Ինչո՞ւ ՀՀ իշխանություններն այս շատ կարևոր հարցում վճռեցին, փաստորեն, գնալ «վաբանկ»։ Այս հարցին բազմաթիվ և տարաբնույթ պատասխաններ են տրվել` անհեթեթից մինչև կիսաճշմարտացի։ Լիարժեք պատասխանելու հավակնություն չունենք, բայց կա մի նրբերանգ, որը շրջանցել չենք կարող, առավել ևս, որ հաճախ առաջին հայացքից ոչ այնքան կարևոր թվացող հենց այդ «մանրուքներն» են դառնում վճռորոշ։
Ի՞նչը նկատի ունենք։ Այն, որ եթե իսկապես ԵԽ-ն ցանկություն ուներ մարտի 1-ի գործով կալանվածների ազատությանը հասնելով մեղմել քաղաքական լարված իրավիճակը ՀՀ-ում, ապա ակամայից արջի ծառայություն մատուցեց` այրելով իշխանություն-ընդդիմություն հարաբերությունների մեղմացման վերջին կամուրջները։ Բացենք փակագծերը։ Դեռ Համմարբերգի հայտնի զեկույցից առաջ քաղաքական որոշ գործիչների «թեթև ձեռքով» շրջանառության մեջ էր դրվել ձերբակալված ընդդիմադիրների` քրեական տերմինաբանությամբ` կոտրվել-չկոտրվելու խնդիրը։ Դա նշանակում էր, որ եթե բանտում գտնվող ընդդիմադիրների մեծամասնությունը ներման խնդրանքով չի դիմում ՀՀ նախագահին, ուրեմն` չի կոտրվում։ Ի դեպ, «գողական» տերմինաբանությամբ «կոտրվել» կոչվածը ծայրահեղ նվաստացուցիչ երևույթ է։ Այսպիսով, որոշ շահագրգիռ մարդկանց պատվերով «թասիբի գցեցին» մարտի 1-ի գործով ձերբակալվածներին։ Շեշտում ենք, սա նախօրոք լավ մտածված և մշակված մարտավարություն էր։ Ո՞Ւմ կողմից։ Միամիտ հարց է, որովհետև, թե ում է դա ձեռնտու, պարզ է նույնիսկ թուլամիտներին։ ՀՀ նախագահին ներման խնդրանքով դիմած և ոչ մի կալանավոր դեռ չի մերժվել։
Ահա այսպիսի «գողական» տարբերակի կիրառմամբ` ներման խնդրագրերով ընդդիմադիրների ազատ արձակման ճանապարհը փակվեց։ Դատարանները, ինչպես ասում են, «ճաշն» արդեն կերել էին և 180 աստիճանով շուռ գալ չէին կարող։ Միակ տարբերակը մնում էր համաներումը, հիմնականում «7-ի գործից» և ԵԽ-ի գլխացավանքից ազատվելու համար։ Դրա շատ հարմար պահը կար, բայց ՀՀ նախագահն այդ պահը բաց թողեց։ Կարծում ենք` դա լուրջ բացթողում էր։ Այնուամենայնիվ, թեկուզ ուշացած, համաներման համար և՛ ժամանակ կար, և՛ հնարավորություն։ Բայց այդ հնարավորությունը վերջնականապես փակեց Համմարբերգն իր գնահատականներով ու սպառնալիքներով։ Տարօրինակ իրավիճակ ստեղծվեց։ Այս անգամ արդեն, մեր համոզմամբ, կոտրվել-չկոտրվելու խնդիրն ընդդիմադիր դաշտից տեղափոխվեց իշխանական դաշտ։ ԵԽ-ի նման շեշտադրումներով մատ թափ տալուց հետո համաներման կիրառումը, գոնե արմատականների կողմից, հաստատ կընկալվեր որպես իշխանությունների «կոտրվելը»։ Հետո՞ ինչ, որ այդ «կոտրվելը» ԵԽ-ի միջոցով էր լինելու, միևնույն է, «կոտրելը» վերագրելու էին իրենց։ Ի դեպ, հենց Համմարբերգի զեկույցով էր պայմանավորված «7-ի գործով» ձերբակալվածների չափից ավելի «ազատ» պահվածքը դատական նիստերի ժամանակ, ինչն էլ, իր հերթին, լրացուցիչ գրգռիչ գործոն հանդիսացավ` մարտահրավեր նետելով իշխանություններին` «Դե, տեսնենք, ով ում կկոտրի» ենթատեքստով։
Դե, արի ու համասեռամոլներին ծուռ աչքով նայելու պրոբլեմ չունեցող Եվրոպային բացատրիր ասիական, մասնավորապես, հայկական մենթալիտետի առանձնահատկությունները, սրված արժանապատվության զգացման ու «թասիբի» դերը հայկական իրականությունում։ Եվ կապ չունի` շարքային քաղաքացի՞ ես, ձերբակալված ընդդիմադիր գործի՞չ, թե՞ նույնիսկ (կամ առավել ևս) երկրի նախագահ։ Եկան, է՛լ ավելի «թասիբի» գցեցին իշխանություններին ու գնացին։ Այնինչ, կրկնում ենք, համաներման հավանականությունը բոլորովին էլ սպառված չէր։ Սպառեցին։ «ՈՒնքը դզելու փոխարեն աչքն էլ հանեցին», կասեր ժողովուրդը։ Այսքանից հետո, կարծում ենք, պարզ է, որ «կոտրվել, թե գնալ վաբանկ» հարցադրում նախագահն իր առջև չէր դրել։ Դրեցին։ ՈՒ քանի որ «կոտրվելը» բացառվում է, ուրեմն` «վաբանկ»։ Իսկ թե «խաղը» տանուլ տալու դեպքում ինչպիսի մարտահրավերների առջև կհայտնվի պետությունը` «թասիբի» հետ համեմատած, երկրորդական խնդիր է։ Հայկական հոգեկերտվածքի հանգույն։
Արամ ՀԱԿՈԲՅԱՆ

Դիտվել է՝ 3553

Մեկնաբանություններ