Ավելի քան մեկ միլիոն ամերիկահայ իրավունք ունի քվեարկելու այսօր անցկացվող ԱՄՆ-ի նախագահի ընտրություններում։ Թեկնածուներ Թրամփն ու Հարիսը հայկական սփյուռքին աջակցություն են խոստանում Ղարաբաղի հարցում: «Լեռնային Ղարաբաղից տեղահանված հայերի՝ իրենց տները անվտանգ վերադառնալու իրավունքը կենսական նշանակություն ունի հայ ժողովրդի համար»,- նշել էր դեմոկրատ թեկնածու Քամալա Հարիսը։ Հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփը բարձրացրել էր խաղադրույքը՝ Ղարաբաղն անվանելով Արցախ:               
 

«Արևմուտքը պիտի հասկանա, որ ոչ թե մենք ենք իրեն պարտական, այլ ինքն է պարտք Վրաստանին»

«Արևմուտքը պիտի հասկանա, որ ոչ թե մենք ենք  իրեն պարտական, այլ ինքն է պարտք Վրաստանին»
05.10.2012 | 12:26

Վրաստանը, որ ընտրել է տարանցիկ-սպասարկման մոդելը, առայժմ Կասպյան տարածաշրջանի նավթի ու գազի փոխադրմամբ է միայն բավարարվում: Անգամ ղազախական փոխադրումները շատ քիչ են կապված վրացական հաղորդուղիների հետ: Դրա հետ մեկտեղ, այդ մոդելի հաջող ծավալումը, այսինքն` բեռնահոսքի կրկնապատկում-եռապատկումը կամ ավելի մեծացումը, կախված է Եվրասիայի պաշարների օգտագործումից, մի տարածաշրջանի, որտեղ ԱՄՆ-ը և եվրոպական պետությունները ներկայացված են ավելի շուտ մասնակի, քան համապարփակ: Եվրասիայի պաշարներին Վրաստանի կապվածությունն անմիջականորեն պայմանավորված է եվրոպական և ատլանտյան կառույցներին նրա ինտեգրման մակարդակով ու ձևաչափով: Եթե պաշարներով հարուստ այնպիսի երկրներ, ինչպիսիք են Ղազախստանը, ՈՒզբեկստանն ու ինչ-որ չափով էլ Ադրբեջանը, ընդունակ են խուսավարելու Արևմուտքի և Արևելքի միջև, ապա Վրաստանի համար, որը դարձել է աշխարհաքաղաքական կոշտ պայքարի ասպարեզ, բավական դժվար է դառնալ երկսայր արտաքին քաղաքականություն վարող պետություն: Վրացական վերնախավը, անտարակույս, հասկանում է, որ տարանցիկ սպասարկման մոդելը ենթադրում է, նախ և առաջ, առճակատման քաղաքականության բացակայություն և բազմավեկտոր քաղաքական կուրսի իրականացում: Սակայն ներկայումս Վրաստանն այնքան է խրվել առճակատման ռազմավարության մեջ, որ վերնախավի համար շատ դժվար է գլուխ հանել ներկա իրավիճակից և մշակել ինքնուրույն քաղաքականություն, ապա և` օգտվել Ռուսաստանի, Իրանի և Կենտրոնական Ասիայի` իր համար նոր պաշարներից:
Հետաքրքրություն է ներկայացնում Վրաստանի քաղաքական առաջատար դեմքերի ու կուսակցությունների վերաբերմունքը ՆԱՏՕ-ին երկրի անդամակցության հարցի առնչությամբ: Վրացական պաշտոնական մամուլի և վրացի քաղգործիչների գնահատականների քննարկումը հուսալի նյութ է տալիս Վրաստանի արտաքին քաղաքականության վրա Բրյուսելում ՆԱՏՕ-ի 2006 թ. սեպտեմբերի 21-ի միջոցառման ներգործության վերլուծության համար: Վրացական պաշտոնական մամուլի, նախ և առաջ ռուսալեզու «Свободная Грузия» թերթի, «Փրայմ-նյուս» լրատվական գործակալության հրապարակումները, ինչպես նաև նախագահ Մ. Սաակաշվիլու կանոնավոր ռադիոելույթները, պաշտպանության և արտաքին գործերի նախարարների մեկնաբանությունները ՆԱՏՕ-ի 2006 թ. սեպտեմբերի 21-ի այդ միջոցառումը գնահատում են որպես դարակազմիկ և դրա հետ են կապում ՆԱՏՕ-ին ԱՊՀ երկրների, նախ և առաջ Վրաստանի ինտեգրման կարգի ու գաղափարախոսության վերաբերյալ շուտափույթ որոշումների ընդունումը: Սակայն ընդդիմադիր մամուլում կամ չափավոր ընդդիմադիր «Ռիզոնանսի», «Սաքարթվելո դայջես» և այլ թերթերում վրացական պաշտոնական շրջանների խանդավառությունը քննադատվում է: Անգամ իշխանամետ քաղաքագետ Դավիթ Գամկրելիձեն հանդես եկավ ծավալուն վերլուծական նյութով, որը կասկածի տակ է առնում ՆԱՏՕ-ին Վրաստանի արագ ինտեգրման հնարավորությունը` հաշվի առնելով մի շարք առանցքային արտքաղաքական գործոններ: Անգամ վրացական քաղաքականության «գիշանգղ», ՄԱԿ-ում նախկին ներկայացուցիչ Ռևազ Ադամիան հայտարարեց, թե Վրաստանն ակնկալում էր ՆԱՏՕ-ի հետ համագործակցության այլ առաջարկություններ և այլ ձևաչափ: «Ազգային ժողովրդավարական կուսակցության» նախկին ղեկավար Իրինա Սարիշվիլի-Ճանթուրիան և «Լեյբորիստական կուսակցության» առաջնորդ Շալվա Նաթելաշվիլին (քաղաքական վաղեմի հակառակորդներ) հանդես եկան գրեթե միևնույն դիրքերից, որի իմաստն այն է, որ Մ. Սաակաշվիլին և նրա թիմը պետք է իրատեսորեն քննարկեն ՆԱՏՕ-ին ինտեգրման հեռանկարը: Վրացի երկու քաղգործիչները (աջ և ձախ հայացքների) հայտարարեցին, որ ՆԱՏՕ-ն իր մտադրություններն ունի տարածաշրջանում, ինչը դաշնախմբին Վրաստանի անդամակցության հարցի արագ լուծում չի ենթադրում: Նրանք նաև նկատի ունեին, որ Մ. Սաակաշվիլին շահարկում է ՆԱՏՕ-ին Վրաստանի անդամակցության մտադրությունը, և դա ժողովրդին ներկայացվում է իբրև երկրի տնտեսական վիճակի բարելավման և Աբխազիայի հարցի լուծման ուղի: Քաղգործիչները նկատի ունեին, որ չի կարելի ռազմավարական արտքաղաքական քայլերը շաղկապել կառավարող վարչակազմի բարօրության հետ:
Վրացական մամուլի հրապարակումների, քաղգործիչների ու քաղաքագետների գնահատականների վերլուծությունը, ինչպես նաև (ինչն առանձնապես կարևոր է) վրացի քաղգործիչների ու փորձագետների հետ շփումը ցույց են տալիս, որ մոտավորապես 2005 թ. աշնան վերջին կտրուկ ուժեղացել էին ՆԱՏՕ-ին Վրաստանի արագ անդամակցությանը քննադատաբար վերաբերող գնահատականները։ Հատկանշական է, որ եթե առաջ ՆԱՏՕ-ին ինտեգրման հանդեպ դրական վերաբերմունքը Վրաստանում ներկայացվում էր որպես հայրենասիրության և առաջընթացի արտոնագիր, ապա ներկայումս, չհերքելով այդ կուրսի դրականությունը, վրացի քաղգործիչներն ու քաղաքագետները կոչ են անում ավելի իրատեսորեն դիտարկել այդ հեռանկարը։ 30-40 նյութերից տրամադրության տակ ունենալով ընդամենը մի քանիսը (ըստ Վրաստանի հանրապետական կուսակցության քաղգործիչների գնահատման), կարելի է որոշ հետևություններ անել այդ բանավեճից: Հիմնականում առաջադրվում են հետևյալ հարցերը.
. Իրակա՞ն է, արդյոք, Վրաստանի և մյուս նորանկախ պետությունների անդամակցությունը ՆԱՏՕ-ին։
. Հնարավո՞ր է, արդյոք, միայն Վրաստանի և բալթյան պետությունների անդամակցությունը ՆԱՏՕ-ին, ի՞նչ դեր է հատկացվում ՈՒկրաինային (ՈՒկրաինայի գործոնը վրացական քաղաքականության մեջ)։
. Ինչպիսի՞ն է ՆԱՏՕ-ի հետ Վրաստանի համագործակցության ձևաչափը, նկատի ունենալով դաշնախմբին նրա անդամակցության անհնարինությունը (նկատի են առնվում համագործակցության, օգնության ձևերն ու գաղափարախոսությունը)։
. ՈՒժերի ի՞նչ դասավորություն կլինի Հարավային Կովկասում, եթե Հայաստանը շարունակի ռազմատնտեսական համագործակցությունը Ռուսաստանի հետ։
. Ի՞նչ հարաբերություններ կունենա Վրաստանը Ռուսաստանի հետ, եթե ՆԱՏՕ-ն երկրի անվտանգության համար պատասխանատվություն չստանձնի։
. Ինչպիսի՞ զինված ուժեր պետք է կառուցի Վրաստանը, ինչպիսի՞ն պետք է լինի ՆԱՏՕ-ի դերը իրադարձությունների տարբեր զարգացումների պարագայում։
. Ինչպիսի՞ն պետք է լինի Վրաստանի պաշտպանության դոկտրինը:
Այդ հարցերից և ոչ մեկն առայժմ պատշաճ և անգամ մասնակի լուծում չի ստանում: Չնայած այդ ելույթները մեծ վերապահությամբ կարելի է բանավեճ համարել (քանի որ, փաստորեն, հեղինակները իրար հետ խոսք ու վեճի մեջ չեն մտնում), տպավորություն է ստեղծվում, որ տեղի է ունենում արտքաղաքական կուրսի վերաիմաստավորման ընդհանուր գործընթաց: Հարկ է նշել նաև, որ այդ ելույթներում բերվում են ՈՒկրաինայում և Հայաստանում ռազմական շինարարության օրինակներ: Սակայն անհնար է ասել, թե Վրաստանի քաղաքական խավն ի վիճակի չէր հասկանալու և իմաստավորելու ՆԱՏՕ և առավել ևս Եվրամիություն մտնելու դժվարությունները։ Նույնիսկ այն պայմաններում, երբ ԱՄՆ-ի ղեկավարները ժամանակ առ ժամանակ հռչակում էին իրենց անսասան դիրքորոշումն այն մասին, որ անհրաժեշտ է Վրաստանի անդամակցությունը ՆԱՏՕ-ին, վրաց հասարակության մեջ կասկածներ ու լուրջ փաստարկներ կային ՆԱՏՕ մտնելու հարցի մեծ անորոշության առնչությամբ: Օրինակ, աջ և խիստ արևմտամետ «Սաքարթվելո դայջես» թերթը գրում էր, որ «ժամանակն է հասկանալու, որ ՆԱՏՕ-ն դավաճանել է Վրաստանին և ոչ միայն Վրաստանին» և «աբխազական հարցում Վրաստանը հույսը միայն իր վրա պիտի դնի ու, ելնելով դրանից, պետք է կառուցի իր արտաքին և ներքին քաղաքականությունը»: Սեպտեմբերի 21-ից անմիջապես հետո ելույթ ունենալով հեռուստատեսությամբ ՆԱՏՕ-ի հետ համագործակցության խնդրի շուրջ, վրացի հայտնի աջ քաղգործիչ Գուրամ Շարաձեն հայտարարեց, թե «Սաակաշվիլին մեզնից շատ ավելի լավ է հասկանում, որ Վրաստանը ՆԱՏՕ չեն ընդունի, ու շարունակում է խաբել ժողովրդին: Արևմուտքը պիտի հասկանա, որ ոչ թե մենք ենք իրեն պարտական, այլ ինքն է պարտք Վրաստանին»: Մերձդնեստրի թեման և ՆԱՏՕ-ի որոշումը Վրաստանը ID ռեժիմի մեջ ներառելու վերաբերյալ բավական հաճախ են մեկնաբանվել Վրաստանում, այդ թվում` խորհրդարանում: Այս առիթով ԱՄՆ-ի դեսպանը հանդիպել է պատգամավորների հետ և պարզաբանումներ տվել այդ իրադարձությունների վերաբերյալ: Տեղեկություններ կան, որ ԱՄՆ-ի դեսպանն այդ առնչությամբ զրույցներ է ունեցել նաև արտգործնախարարի հետ:
2008-ի ամռանը ՆԱՏՕ-ն, փաստորեն, հրաժարվեց ԱՊՀ-ում նմանօրինակ հակամարտություններին միջամտելուց, նախընտրելով Ռուսաստանի հետ լեզու գտնել ավելի սկզբունքային և իր համար կարևոր խնդիրների շուրջ: Վրաստանում այդ իրադարձությունը ծանր տպավորություն գործեց քաղաքական շրջանակների վրա: Փաստորեն, հասկանալի եղավ, որ ՆԱՏՕ-ի օգնությամբ աբխազական և օսական խնդիրների լուծման հեռանկարը բացառվում է: Թեև 2008-ի ամռանը վրացի քաղգործիչները հույսները կապում էին արդեն ոչ թե ՆԱՏՕ-ի, այլ ԱՄՆ-ի հետ: Մ. Սաակաշվիլու Փարիզ, Բեռլին, Լոնդոն կատարած այցերը ( 2007-ի աշուն) ցույց տվեցին, որ Եվրոպայի առաջատար երկրների համար ՆԱՏՕ-ին Վրաստանի անդամակցության գաղափարը միանգամայն անընդունելի է: Այդուամենայնիվ, հույսեր մնում էին, որովհետև ԱՄՆ-ը շարունակում էր պնդել, որ այդ խնդիրը քննարկվի 2008 թ. ապրիլին Բուխարեստում կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում: Իսկ գագաթնաժողովից հետո, փաստորեն, գրեթե ոչ մի հույս չմնաց, և Մ. Սաակաշվիլուն, ըստ էության, արդեն ոչինչ հետ չէր պահում Օսիայում ու Աբխազիայում ռազմական գործողություններ սկսելուց:
Ռուսաստանում բավական հաճախ են փորձում Վրաստանի քաղաքական կողմնորոշումը ներկայացնել իբրև Ռուսաստանի հանդեպ այդ երկրի մտավորականության և հասարակայնության մի մասի անհիմն ատելության հետևանք: Իրականում ոչ մի այդպիսի ատելություն ոչ ոքի մեջ երբեք չի եղել, բացի անհավասարակշիռ հոգեվիճակի տեր մարդկանցից: Կասկածից վեր է, որ վրաց ժողովուրդը շատ բարյացակամ ու ջերմ է վերաբերվում Ռուսաստանին: Վրաստանի եվրոպամետ կողմնորոշումը, ինքնըստինքյան, չի կարող դիտվել իբրև հակառուսական քաղաքական դիրքորոշում: Վրաստանն իր ամբողջ պատմության ընթացքում ձգտել է մաս կազմել արևմտյան աշխարհին` Ռուսաստանը ևս համարելով Եվրոպայի մաս: Հակառուսական քաղաքական գիծը տեղ է գտնում միայն ամերիկյան քաղաքականությանը Վրաստանի, փաստորեն, վասալական ենթակայության պարագայում: Դրա հետ մեկտեղ, ճիշտ չէ, որ վրացական քաղաքական վերնախավի ամերիկամետ դիրքորոշումը պատահական չէ և լուրջ գործոններով է պայմանավորված: Վրաստանը, ի տարբերություն Հայաստանի, Ղազախստանի ու Ղրղզստանի, անմիջական սպառնալիք չունի հարևան ասիական պետության կողմից (թեև Թուրքիայի նվաճողամտությունն արդեն նշմարվում է), Ադրբեջանի նման նշանակալի ածխաջրածիններ չունի, ինչը թույլ կտար, ունենալով ունևոր սփյուռք, վարել ավելի անկախ արտաքին քաղաքականություն: Վրացական վերնախավն ավանդաբար չունի պատասխանատվության զգացում բնակչության տնտեսական բարեկեցության համար, նրան խորթ են սոցիալական կողմնորոշումները, ինչը հանգեցրել է ազգային տնտեսության լիակատար անկման, համակարգային մակարդակի պետության փաստական փլուզման:
Տնտեսապես ու քաղաքականապես թուլացած Ռուսաստանը, գտնվելով նոր պետության կայացման փուլում, Վրաստանին օգնության լուրջ հեռանկարներ չի կարող առաջարկել: Վրացական վերնախավին, անգամ վերահաս աղետի ժամանակ, հետաքրքրում է ոչ թե կառուցողական տնտեսական աջակցությունը` ուղղված տնտեսության իրական զարգացմանը, այլ, ավելի շուտ, բացարձակապես անհատույց և արտոնյալ արտաքին ֆինանսական օգնությունը: Նման օգնություն կարող են առաջարկել միայն ԱՄՆ-ը և Արևմտյան ընկերակցությունը: Վրացական վերնախավը գոհունակությամբ է որդեգրել Է. Շևարդնաձեի թեզիսը տարանցման-սպասարկման մոդելի այլընտրանքայնության մասին: Բացի այդ, 12 տարի հետևողականորեն իրականացվող հակառուսական քաղաքականությունից հետո, ներկա քաղաքական վերնախավի մեծ մասի համար, ըստ էության, բացառվում է լուրջ գործընկերությունը Ռուսաստանի հետ: Դա կնշանակեր ընդունել սեփական քաղաքական և քաղաքացիական սնանկությունը: Ընդ որում, հարկ է մատնանշել, որ այդ վերնախավը, միանգամայն որոշակիորեն, ԱՄՆ-ի դրածոներից է բաղկացած:
ԱՄՆ-ը Վրաստանում Ռուսաստանի դիրքերի ուժեղացում թույլ չտալու քաղաքական հաջող գործողություն իրականացրեց: Իշխանության եկավ ոչ թե սոսկ ամերիկամետ խմբավորում, այլ ամերիկյան գործակալների մի խումբ, որը գլխավորում էր ոչ թե անհավասարակշիռ Միխեիլ Սաակաշվիլին, այլ «գորշ կարդինալ» Զուրաբ Ժվանիան, որը գլխավորում էր իշխանության մեջ առաջնային դեմքերի փոփոխման ամբողջ գործընթացը: Այդ փորձարկումը, իհարկե, չի հանգեցնի Վրաստանի տնտեսական կամ սոցիալական որևէ խնդրի լուծման, ինչը չի էլ մտնում այդ խմբավորման ծրագրերի մեջ: Կծագեն նոր խնդիրներ: Սակայն հաջողվել է քաղաքական ասպարեզից է՛լ ավելի դուրս մղել ռուսամետ ուժերին, որոնց համար խորհրդարանում ներկայացված լինելու հավանականությունը նվազագույն է դառնում:
Այս կապակցությամբ Ռուսաստանը հանգել է որոշակի, օբյեկտիվորեն պայմանավորված մի դիրքորոշման, երբ անհրաժեշտ եղավ սկսել առանձնացած ինքնավարությունները Ռուսաստանին ինտեգրելու գործընթացը: Արդի միջազգային պայմաններում, երբ փոշիանում է ինքնավարության հասկացությունը, և ԱՄՆ-ի վարչակազմը շահագրգռված է գտնելու «չվերահսկվող տարածքներին» քաղաքական կարգավիճակ տալու տարբերակներ, շատ ավելի կարևոր են դեֆակտո ձեռք բերված դիրքերը, քան միջազգային հարաբերությունների, փաստորեն, արժեզրկված սկզբունքների պահպանումը: ԱՄՆ-ը չառարկեց Ռուսաստանի հետ Վրաստանի ինքնավարությունների փաստական ինտեգրմանը, քանի որ կարճաժամկետ հեռանկարում դա լուծում է Ռուսաստանի ու Վրաստանի զատման խնդիրը: Հիմա, երբ այդ միավորումը կատարված փաստ է, ԱՄՆ-ը հայտնվել է խիստ նախընտրելի վիճակում, և Աբխազիայի ու Հարավային Օսիայի հարցը, փաստորեն, հանված է ամերիկյան քաղաքականության հրատապ խնդիրների շարքից: ԱՄՆ-ը Վրաստանի հետ իր հարաբերությունները կառուցում է առանց այդ խնդիրների: Վրացական հարցում, ինչպես կիզակետում, արտացոլված են եվրատլանտյան և եվրասիական քաղաքական ու ռազմական կառույցների իրողությունները, որոնց գերակայությունները թույլ չեն տալիս հանուն տարածաշրջանային խնդիրների լուծման դիմել չափազանց սուր առճակատման։ Վրաստանի խնդիրները ԱՄՆ-ի ու ՆԱՏՕ-ի կողմից օգտագործվում են սոսկ որպես քարոզչական ռեսուրս և երբեք չեն դառնա Ռուսաստանի հետ սկզբունքային երկխոսության առարկա: Միաժամանակ, Վրաստանը շատ առավելությունների է հասել, պաշտոնապես համարվում է ԱՄՆ-ի ռազմավարական գործընկերը և զգալի տնտեսական օգնություն է ստանում ԱՄՆ-ից ու Եվրամիության պետություններից: Մասամբ նա կարող է ակնկալել Եվրասիայի պետությունների հետ համագործակցության որոշ ընդլայնում, սակայն լայնատարած տարանցողի դեր խաղալ չի կարող:
Հակաամերիկյան տրամադրությունների առնչությամբ կառավարող թիմում որևէ գնահատական չկա: Իրավիճակը Վրաստանում այնպիսին է, որ կառավարող վարչակազմից ոչ ոք չի բողոքում ամերիկյան քաղաքականությունից: Կառավարող թիմից ցանկացած ոք ուրախությամբ արտաքին մարդասիրական օգնություն կընդունի: Ռուսաստանի առնչությամբ տրամադրությունները շատ ավելի տպավորիչ ու առարկայական են: Հակառուսական դիրքորոշումը շատ կուսակցությունների քաղաքական ծրագրերի հիմքն է: Որոշակի հակաամերիկյան տրամադրություններ կան առանց բացառության բոլոր կուսակցություններում և հասարակական խավերում, սակայն դա չի նշանակում, թե ձևավորվել է հստակ հակաամերիկյան դիրքորոշում: Դրա հետ մեկտեղ, Ռուսաստանի հանդեպ նաև լայն համակրանք կա, ինչն արդյունք է ռուսների հետ վրացիների ոչ միայն անցյալ, այլև ներկա հարաբերությունների: Խնդիրը ոչ թե ուժեղ ու ժողովրդական ռուսամետ ընդդիմության ձևավորումն է` ի դեմս քաղաքական կուսակցությունների դաշնախմբի, այլ այնպիսի պայմանների ստեղծումը, որ Ռուսաստանի հետ հարաբերությունները, կամ, գոնե, վրաց-ռուսական հարաբերությունների մի զգալի մասը, զանգվածային գիտակցության մեջ այլընտրանք չունենան: Այս գաղափարը տարբեր, նույնիսկ փոքր-ինչ պարզունակ ձևերով, Վրաստանում ընդունում են շատ մարդիկ, ովքեր դրականորեն են վերաբերվում վրաց-ռուսական հարաբերությունների զարգացմանը:

Իգոր ՄՈՒՐԱԴՅԱՆ

Դիտվել է՝ 3858

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ