Ավելի քան մեկ միլիոն ամերիկահայ իրավունք ունի քվեարկելու այսօր անցկացվող ԱՄՆ-ի նախագահի ընտրություններում։ Թեկնածուներ Թրամփն ու Հարիսը հայկական սփյուռքին աջակցություն են խոստանում Ղարաբաղի հարցում: «Լեռնային Ղարաբաղից տեղահանված հայերի՝ իրենց տները անվտանգ վերադառնալու իրավունքը կենսական նշանակություն ունի հայ ժողովրդի համար»,- նշել էր դեմոկրատ թեկնածու Քամալա Հարիսը։ Հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփը բարձրացրել էր խաղադրույքը՝ Ղարաբաղն անվանելով Արցախ:               
 

Որտե՞ղ են այս տարի ձմեռելու խեցգետինները, որոնք փոխարինում են ձկներին

Որտե՞ղ են այս տարի ձմեռելու խեցգետինները, որոնք փոխարինում են ձկներին
01.10.2012 | 15:53

Արդեն հոկտեմբերն է, աշունը շարունակվում է իր օրացուցային հետևողականությամբ, սկանդալները հաջորդում են մեկը մյուսին, բայց աշունը մնում է նույն սովորական աշունը, և որևէ ակնհայտ փոփոխություն չի հաջորդում ո՛չ երկրի, ո՛չ երկրի քաղաքացիների կյանքում: Թերևս այդպես էլ պետք է լիներ:

Մայիսի 25-ին սկսված սիվիլիթասյան գործը, որ փողերի լվացման մեղադրանք է ներկայացնում Վարդան Օսկանյանին, հոկտեմբերի 1-ին հասավ խորհրդարան: Խորհրդարանական քննարկումները` իրենց բուն և կողմնակի իմաստներով, թողնենք պատգամավորների խղճին ու երևակայությանը, փորձենք գնալ այլ ճանապարհով:
ԲՀԿ-ն արդեն հանդես է եկել հայտարարությամբ, որ քաղաքական հետապնդում է համարում իր համակուսակցի դեմ հարուցված մեղադրանքը և պատրաստ է ապացուցելու այդ մեղադրանքների սին լինելը:
Ի պաշտպանություն Վարդան Օսկանյանի հանդես է եկել «Վաշինգտոն Փոստը», իրադարձությունների զուտ ամերիկյան մեկնաբանությամբ, որ զուտ հայկական իրավիճակի հետ քիչ է առնչվում:
Վարդան Օսկանյանն էլ ասել է, որ հոգեբանորեն պատրաստ է նույնիսկ ձերբակալության: Լրատվամիջոցներն էլ, բնականաբար, լուսաբանում են ու լուսաբանում: Ի՞նչը: Եվ դեռ լուսաբանելու են, որովհետև երբ ձուկ չկա, խեցգետինն էլ ձուկ է: Ընդհանրապես, այս մի քանի օրվա իրադարձությունները շատ խորհրդանշական են, այնքան խորհրդանշական, որ թվում է` նույնիսկ կապ չունեն այն մարդկանց հետ, ում վերաբերում են: Օրինակ` Վազգեն Խաչիկյանի կալանավորումը, հետո` ձերբակալությունը: Հայտնի խորհրդակցությունից դեռ մի շաբաթ առաջ «Ո՞նց եք» հարցին Խաչիկյանը պատասխանում էր «Հզոր», և հաստատ` չէր չափազանցում: Մարդն իրեն հզոր էր զգում, ո՞վ լիներ` չզգար: Իսկ հիմա հայտարարվում է, որ 7500 մարդ է հարցաքննվել քրեական գործով, որը Վազգեն Խաչիկյանի հզորությունից հիշողություններ է թողնելու: Գոնե առաջիկա մի քանի ամիսներին: Նախագահական ընտրություններից հետո գուցե և նրա հզորությունը վերականգնվի մասամբ: Իսկ հիմա ի՞նչ վիճակ է հիմնադրամում: Պետությունը վերջապես դադարե՞լ է ֆինանսավորելուց իր թոշակառու հանգուցյալներին, թե՞ նրանք ոչ միայն ընտրություններին են մասնակցում, այլև ոմանց բարեկեցությունն են հետմահու ապահովում: Մեխանիզմը հստակ մշակված է, ամեն մի պտուտակ իր գործը գիտի, շարքից դուրս եկած պտուտակներին էլ փոխում են, ոչ թե մեխանիզմն են կանգնեցնում: Հիմա Խաչիկյանը խեցգետի՞ն է, թե՞ ձուկ: Թե՞ ընդամենը խորհրդանիշ է, այն է` մեղավոր յուրայինների նկատմամբ էլ նույն վերաբերմունքն է, ինչ այլ մեղավորների կամ կասկածյալների: Ո՞ր սխեման է գործում:
Ո՞ր սխեման է գործում Վարդան Օսկանյանի դեպքում: Հարցը, որքան էլ իրավական հարթությունում լինի, համարյա մեխանիկորեն տեղափոխվում է քաղաքական դաշտ: Եվ ուրեմն` ո՞ւմ է պետք Վարդան Օսկանյանի հերոսացումը: Իրե՞ն: Նոր իրադարձություններ պետք է շարվեն հիշողությունների առանցքակալին, որ մոռացվեն Վարդան Օսկանյանի նախարարական տարինե՞րը: Օկուպացված զուգարաններից մինչև մադրիդյան սկզբունքներ, աշխատանքից ազատված դիվանագետներ ու մարտի 1-ի արդարացո՞ւմ (մանր-մունր այլ իրադարձություններ համարենք աշխատանքի բնույթով պարտադրված): Այսօր Վարդան Օսկանյանին լուսապսակ ենք նվիրում ու ասում ենք` արժանի՞ է: Կուսակցությա՞նն է պետք, որ արհեստականորեն հաստատվի ընդդիմադիրի իմիջի մեջ` մնալով, թե չմնալով այլևս այլընտրանք: Բայց ԲՀԿ-ն ուներ և ունի բավականաչափ այլ անդամներ, նրանց օրինակով կարելի էր ցույց տալ, թե խեցգետինները որտեղ են ձմեռում` առանց քաղաքական երանգավորումների մեջ խորանալու: Տասնյակ անդամներ, ում պաշտոնական ու իսկական կենսագրությունները խայտառակ տարբերություններ ունեն միմյանցից: ՈՒրեմն ինչո՞ւ Օսկանյանը: Ի՞նչ է նա խորհրդանշում: Բացի այն, որ շատ ավելի խորքային ու դիպուկ քննադատություն հնչեցնողներ են եղել այլ կուսակցություններից, նույնքան ոչ ընդդիմադիր ու ոչ իշխանական, բայց ոչ մի դաշնակցական ու ոչ մի ժառանգական փողերի լվացման մեջ դեռ չի մեղադրվել: Ամեն ինչ առջևո՞ւմ է: Ի վերջո, ևս մի արտաքին գործերի նախարար` Ալեքսանդր Արզումանյանը, անցել է այդ ճանապարհը: Եվ ի՞նչ: Ի՞նչ ավելացավ նրա անձնական կյանքում, ու ի՞նչ փոխվեց երկրի քաղաքական կյանքում, երբ մի քանի ամիս Ալեքսանդր Արզումանյանին էլ քաղբանտարկյալ անվանեցին: Ի՞նչ ուժեր ակտիվացան, քաղաքացիական հասարակությո՞ւն ձևավորվեց, արդարության մեծագույն հաղթանա՞կ գրանցվեց: Ընդդիմությունը հաղթե՞ց, իշխանությունը պարտվե՞ց: Արդյոք այս ամենը չի՞ խորհրդանշում պարզ մի գործընթաց` հասարակական մտքի զբաղմունքի փնտրտուք: Երբ հասարակությանն անընդհատ հրամցվում են մի քանի անհայտներով հավասարումներ, որոնք ո՛չ մաթեմատիկայում, ո՛չ քաղաքական կյանքում լուծում չունեն, որովհետև խնդիրն ուղղակի սխալ է կազմված, հասարակական միտքը շեղվում է այն խնդիրներից, որոնք իսկապես իրենն են ու իսկապես լուծում են պահանջում, բայց որոնց լուծմանն իշխանությունն անպատրաստ է նույնքան, որքան հասարակությունը, այլապես հասարակությանն այդքան հեշտ հնարավոր չէր իր բուն խնդիրներից շեղել:
Իհարկե, կա ևս մի տարբերակ` Վարդան Օսկանյանն իսկապես մեղավոր է: Փողերի լվացման գործընթացը իր շրջապտույտում կամա-ակամա առել է և նրան, ու հիմա պետք է պարզել մեղքի նրա բաժինը, ապացուցել ու օրենքի սահմաններում գնահատական տալ: Այս տարբերակի մասին շատ քիչ ես մտածում. նախ Վարդան Օսկանյանի իմիջի մեջ չի տեղավորվում, հետո էլ հոգեխանգարմունքի նոր փուլը պիտի ստիպեր մեծ քաղաքականություն վերադառնալու մեծ նկրտումներով քաղաքական գործչին դամոկլյան սրի նման սուր կախել իր կարիերայի ու անձնական անվտանգության վրա: Իսկ եթե սուրը կախվել է ուրիշի ձեռքով ու այլ նպատակով, ավելի քան արժանի է բացահայտման: Հանուն իր` Օսկանյանի անվտանգության: Եվ` միայն: Որովհետև, ի վերջո, ի՞նչ է լվացել ու ինչո՞վ է կեղտոտվել Օսկանյանը, առանցքային հարց չէ, եթե նա չի դառնում խորհրդանիշ, և եթե նրա ճակատագիրը կոչված չէ օրինակ դառնալու` այլոց ցույց տալու, թե ինչ է լինում, երբ տեղատվության ժամանակ ջրերը հետ են քաշվում, և ի՞նչ է լինում, երբ մակընթացությունն ուշանում է: Հավելեմ, որ լուսինը քաղաքական տեղատվության ու մակընթացության մեջ մեղավոր չէ, իշխանական ձգողականության այս դաշտը ղեկավարվում է բոլորովին այլ օրենքներով ու այլ տեղից: Սա դառը կենսափորձ է, բայց կանխատեսելի, և յուրաքանչյուր ոք, ով համաձայնում է քաղաքական ու հրապարակային կյանքի, պետք է հիշի` միշտ չէ, որ պատվերը կատարված է, ուրեմն պետք է շքանշանների սպասել, պատվերներ կան, որոնց կատարումը նաև շքանշաններից է զրկում:
Այս ամբողջ շաբաթը նաև գուշակությունների ժամանակ է` թե ո՞ւր է գնալու շաբաթ օրը ՀՀ նախագահը, և որտե՞ղ է հերթական խորհրդակցությունը գումարվելու, ո՞ր ոլորտի ավգյան ախոռներին է նա անդրադառնալու: Այս հարցում Հայաստանում դեֆիցիտ չկա, ուր էլ նայես, ում էլ նայես, կարող ես հարցնել` «Բա եղա՞վ» ու «Մինչև ե՞րբ»: Ես սա ասում եմ առանց հեգնանքի, դառը ցավով, որովհետև միշտ երազել եմ այնպիսի երկրում ապրել, որի քաղաքացիները չեն էլ հիշում նախագահի անունը, որի նախագահը ստիպված չէ լուծել բնակշահագործման գրասենյակի պետի մակարդակից սկսած մինչև նախագահական մակարդակ հարցերի շարանը, երկրում, որտեղ ամեն պաշտոնյա իր գործն է անում ու այնպես է անում, որ պաշտոնը թողնելուց հետո քրեական օրենսգիրքը ուսումնասիրելու չի գնում: Անհեթեթ երա՞զ է, գուցե, մեր պայմաններում հաստատ, բայց պատկերացրեք, որ ամեն քայլափոխի ձեզ չեն խաբում, չեն կողոպտում, չեն մոլորեցնում, ունեք ուսման, աշխատանքի ու հանգստի այնպիսի պայմաններ, որ լիովին բավարարում են ձեր կեցության պահանջները, ամե՞ն օր եք հիշելու ձեր երկրի նախագահին:
Իսկ առողջապահության ոլորտի խնդիրները մի շաբաթում, մի ամսում ու նույնիսկ մեկ տարում լուծելու չեն: Հայաստանում բուժում են ոչ թե հիվանդին, այլ հիվանդությունը: Բուժում են` առանց հաշվի առնելու հիվանդի վիճակը, այդպես են կարողանում, այդպես են վարվում: Այս ոլորտում հարցերն ընդհանրական են` օրինակ, ո՞վ է մեղավոր, որ ամեն տարի հիվանդանոցում վերանորոգում է լինում, հիմնականում բժիշկների սենյակները, վարչական կամ երևացող հատվածները, իսկ հիվանդների մահճակալները օրհասական վիճակում են: Ո՞վ է մեղավոր, որ շատ հիվանդանոցներում բժշկական տեխնիկայի և սպասարկման մակարդակում նախնադար է, թեպետ բժիշկները հիանալի են հասկանում իրենց գործը: Ո՞վ է մեղավոր, որ բժիշկները հիվանդի մեջ նախ և առաջ տեսնում են իրենց բարեկեցության աղբյուրը, իսկ եթե չեն տեսնում, մոռանում են մասնագիտական որակները: Ո՞ր մակարդակից պետք է սկսել այս խնդիրների լուծումը` կրթակա՞ն, իրավակա՞ն, բարոյակա՞ն, ֆինանսակա՞ն: ՈՒ դեռ քանի՜ հիվանդ հրաժեշտ կտա կյանքին մինչև բժիշկները հավատան Հիպոկրատին, հիվանդները` բժիշկներին: ՈՒ ևս մեկ հարց` քաղցկեղով քանի՞ հիվանդ հնարավորություն ունի կյանքը երկարաձգելու, եթե այլ դեղամիջոցներն արդեն չեն ազդում, ազդող միակ դեղամիջոցի 400 միլիգրամը դեղատներում վաճառվում է մեկ միլիոն յոթ հազար 540 դրամ: Իսկ հիվանդին պետք է 6-8 նման ներարկում` զուգահեռ այլ դեղամիջոցների և ծառայությունների հետ, որոնց համախումբը բուժման ամեն կուրսը դարձնում է մեկուկես միլիոն դրամ: Այլ երկրներում նման դեղամիջոցները դեղատներում չեն վաճառվում, պետությունը հատկացնում է իր հիվանդ քաղաքացիներին անվճար: Հարցնե՞մ` ինչո՞վ են նրանց հիվանդները տարբերվում Հայաստանի հիվանդներից, եթե հիվանդությունը նույնն է: Թե հարցնեմ` մինչև ե՞րբ: Պաշտոնական վիճակագրությունը քաղցկեղի երիտասարդացում և հիվանդների թվի մեծացում է գրանցում տարեցտարի: Իսկ բժիշկները Հայաստանում քաղցկեղով հիվանդներին վերաբերում են ինչպես մարդու, որ լողալ չիմանալով` նետվել է վարարած գետը: Բախտը կբերի` կապրի, չի բերի` ճակատագիր է: Իրենք քաղցկեղի դեմ անզոր են: Նույն վերաբերմունքն է մյուս հիվանդությունների դեպքում, շատ ավելի «մարդասիրական»: Առողջ մարդու և հիվանդ մարդու տրամաբանությունը միանգամայն տարբեր գնահատականներ է տալիս իրավիճակին: Կյանքում, քաղաքականության մեջ, աշխարհում:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ
Հ .Գ.- Նախկին դեսպան Էդուարդ Նալբանդյանը ծառայության բերումով կյանքի մեծ մասը Հայաստանից դուրս է անցկացրել: Եթե ստացվի այնպես, որ 2013 թ. նախագահական ընտրություններից հետո Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը ղեկավարի ոչ նա, ինչը այնքան հավանական է, որքան հավանական չէ, և եթե նա, այնումենայնիվ, չցանկանա պարփակվել նախկին արտգործնախարարի հիշողություններում, ի՞նչ է լինելու: Չորս ամիս կա մտածելու:

Դիտվել է՝ 5146

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ