ԱՄՆ-ի ներկայիս վարչակազմի կողմից նախկին նախագահ Դոնալդ Թրամփի շուրջ ստեղծված մթնոլորտն է հրահրել նրա դեմ մահափորձը՝ հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: «Ռուսաստանի Դաշնությունը չի կարծում, որ մահափորձը կազմակերպվել է ԱՄՆ-ի գործող իշխանության կողմից, սակայն թեկնածու Թրամփի շուրջ մթնոլորտը դրդել է նրան, ինչին այսօր բախվել է Ամերիկան»,- շեշտել է նա:               
 

ԽԱԲՍԱԲԱԴԻ ԿԱՄ ՍԻՐՈՒՆԻԿԻ ԼԻՃԸ

ԽԱԲՍԱԲԱԴԻ ԿԱՄ ՍԻՐՈՒՆԻԿԻ ԼԻՃԸ
01.11.2011 | 00:00

Գուրգեն ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

-Սպասիր, սրանից հարմար տեղ չենք գտնելու, եղեգների հետևում Խաբսաբադի լիճն է, - ասաց ընկերս՝ ուսապարկը և որսորդական հրացանը ծառի տակ դնելով:
Անտառի լայն բացատում, եղեգների մուգ դարչնագույն կատարներից այն կողմ երևաց լճակի շողշողուն հայելին: Աշունն աստիճանաբար անտառը ներկում էր բազմերանգ, դեղնա-կարմրավուն և վառվռուն գույներով:
Ընկերս ուսապարկից հանեց հաստ քաթանե սավանը և փռեց թթենու տակ թափված դեղին տերևների հաստ շերտի վրա, որպեսզի որսորդին հատուկ համեստ սեղան գցի:
-Բավական է անտառով զմայլվես, ժամանակ չունենք, հանիր գովածդ տանձի օղին, որ մեկ բաժակ խմելուց հետո անվրեպ կրակես, - ասաց նա՝ լավաշը ձեռքով կտրտելով և սավանին դնելով:
-Ի՞նչ է պատահել մեր ժամանակին, դեռ քանի՜ ժամ կա մինչև մայրամուտ:
-Դու այստեղ կդիրքավորվես, ես անցնելու եմ լճակի հակառակ ափը, որ երկու տարբեր դիրքերից կրակենք:
-Շանդ չես բերել, միայն ափի մոտ պետք է խփենք, որ կարողանանք դուրս հանել:
-Հոգ մի արա, եղեգների մեջ մեր գյուղացիները նավակ ունեն խարսխած,- ասաց ընկերս՝ օղու բաժակներն ուսապարկի գրպանիկից հանելով:
Երկրորդ բաժակ օղին ջերմացրեց մարմինս։ Օղի՞ն էր լավը, թե՞ բնությունն էր տրամադրող, չեմ կարող ասել: Հաճույքս ամբողջացնելու համար թիկնեցի թթենուն և ծխախոտ վառեցի:
-Ի՞նչ է, երրորդը չե՞ս խմելու,- խորամանկ ժպիտը բարակ շուրթերին` հետաքրքրվեց ընկերս:
-Ոչ, ես իմ բաժին հաճույքը վայելեցի, շնորհակալ եմ, դու անուշ արա:
-Հաճույքը լիարժեք կլինի, երբ մի տասը-տասնհինգ չաղլիկ բադ խփենք,- մոտալուտ որսը պատկերացնելով և երրորդ բաժակ օղին պարպելով` պատասխանեց նա:
-Կարծում ես, այդքան բա՞դ ենք խփելու:
-Իհարկե, դեպի հարավ չվող երամները Խաբսաբադի լճում իրենց վերջին հանգիստն են առնում, եթե, իհարկե, մեզ չեն հանդիպում,- ասաց որսընկերս ուրախ քրքիջով:
-Ինչո՞ւ են Խաբսաբադի լիճ անվանել,- հետաքրքրվեցի ես:
-Դա հին պատմություն է, այն ժամանակ դեռ պլաստմասսայե բադեր չկային, մեր գյուղացիները փայտից խաբսաբադ էին պատրաստում, որ տարվա ցանկացած եղանակին կարողանային բադ որսալ:
-Այ հիմա պարզ է:
-Ոչինչ էլ պարզ չէ, լսիր, սա հետաքրքիր պատմություն է,- ասաց նա` քաթանե սավանին պառկելով և գլուխը ձեռքի ափին հենելով:- Անցյալ դարի սկզբին մեր գյուղում Հոնես անունով մի որսորդ է լինում: Սա մի վայրի բադի ճուտիկ է բռնում և այնքան է վարժեցնում, որ վեր ածում է խաբսաբադի: Այնպես է լինում, որ, Հոնեսից բացի, էլ ոչ մեկը որս անել չի կարողանում:
-Ինչո՞ւ:
-Որովհետև մյուս որսորդների խաբսաբադերն անշունչ փայտից են լինում, Հոնեսինը՝ կենդանի, կռնչան, ինքն էլ՝ էգ: Պատմում են, որ այս թռչունը Հոնեսի հրամանով լիճն էր մտնում և այնպիսի աղմուկ-աղաղակ բարձրացնում, որ ոչ մի որձ բադ նրա ձայնի, թևերի շարժումի, ջրի ճողփյունի կողքով անտարբեր չէր անցնում: Այդ նորեկները ջուրն էին մտնում, որ իրենց թռչնային սերը բացատրեն Հոնեսի բադին: Տեսնելով, որ իր կողքին երկու-երեք որձ է իջել, Հոնեսի Սիրունիկը սուզվում էր, որ դարանակալած տերն անխոչընդոտ կրակի սիրահետողների վրա: Եվ երբ խաբված սիրահարներն անկենդան փռվում էին լճի հայելուն, Սիրունիկը շորորալով և կարճլիկ պոչի փետուրները ցնցելով դուրս էր գալիս լճից։ Նա կտուցի վարժ շարժումներով, իր գործն ավարտածի ոգևորությամբ հաղթականորեն Հոնեսին էր մոտենում՝ աշխատանքի դիմաց իր պարգևն ստանալու:
-Ցեղակիցների արյան դիմաց Հոնեսը Սիրունիկին շքանշանո՞վ էր պարգևատրում, թե՞ դրամով,- անթաքույց զզվանքով հարցրի ես:
-Ինչո՞ւ ես գռեհկացնում պատմածս, մարդն էր, որ դավաճանության դիմաց երեսուն արծաթով վարձատրվեց, իսկ Սիրունիկը բավարարվում էր տիրոջ տված ձկնիկներով և գարիով: Մարդ արարածը թռչունին նման մանրուքներ սովորեցնել չէր կարող: Սիրունիկն ինքն էր վարժվել դրանց։ Նա նույնիսկ իրեն հատուկ սիրային խաղերով զոհերին ափին էր մոտեցնում, որ Հոնեսը կրակելուց հետո չդժվարանա նրանց ջրից հանել: Սիրուց զգուշավորությունը կորցրած, սիրո զոհ դարձած բադերին ոտքերից բռնած նա ափ էր հանում, ապա վերցնում էր կացինը և կոճղի վրա գլխատելով, կախ էր տալիս ճյուղից: Մինչև որսն արնաքամ կլիներ, Սիրունիկը վայելում էր իր հերթական պարգևը` ձկնիկներն ու գարին: Մի օր էլ գյուղի որսորդներից մեկը բռնում է Սիրունիկին և կոկորդը խռնդատ մտցնում, որ սատկացնի:
-Ինչո՞ւ միանգամից վիզը չի ոլորում,- հարցրի ես:
-Հոնեսի ահից, տպավորությունն այնպես պետք է լիներ, որ իբր Սիրունիկը թունավոր խռնդատ է արածել, ինչից էլ սատկել է:
-Վերջը սատկե՞ց այդ դավաճանը,- անհամբեր հետաքրքրվեցի ես:
-Ոչ, չսատկեց: Խռնդատից Սիրունիկն ընդամենը ձայնը կորցրեց և հավասարվեց փայտաշեն խաբսաբադերին: Պարզվում է` բադերն էլ են ականջներով սիրում,- ուրախ քրքիջով շարունակեց ընկերս:- Տեսնելով, որ որսն օրեցօր նվազում է, Հոնեսը բռնում է Սիրունիկի կարմիր ոտքերից, վերցնում կացինը և մոտենում կոճղին: Այս պատմության պատճառով է, որ մեր գյուղի լիճը կոչվում է Խաբսաբադի կամ Սիրունիկի լիճ: Դե, վեր կաց, մի տխրիր, սիրունիկները թե՛ կենդանիներից, թե՛ մեզնից անբաժան են: Որտեղ ստամոքս, այնտեղ դավաճանություն:
Սիրունիկի լճի վրա երևաց չվող բադերի առաջին երամը, իսկ ես կրակելու ցանկություն չունեի:

Դիտվել է՝ 1509

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ