ԱՄՆ-ի ներկայիս վարչակազմի կողմից նախկին նախագահ Դոնալդ Թրամփի շուրջ ստեղծված մթնոլորտն է հրահրել նրա դեմ մահափորձը՝ հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: «Ռուսաստանի Դաշնությունը չի կարծում, որ մահափորձը կազմակերպվել է ԱՄՆ-ի գործող իշխանության կողմից, սակայն թեկնածու Թրամփի շուրջ մթնոլորտը դրդել է նրան, ինչին այսօր բախվել է Ամերիկան»,- շեշտել է նա:               
 

«ԳՐԴՈՆ» ՀԱՅՈՑ ԼԵԶՎԻ ՀԱՇՎԻՆ

«ԳՐԴՈՆ» ՀԱՅՈՑ ԼԵԶՎԻ ՀԱՇՎԻՆ
22.04.2011 | 00:00

1990-ականների երկրորդ կեսին որոշվեց անցնել ավտոպետհամարանիշների ներկայիս կարգին։ Այն է` հնգանիշ թվերի (նախկինում գործող քառանիշի փոխարեն) և երկու տառերի համադրությամբ ավտոհամարանիշների ձևին։ Ընդ որում, տառերից առաջ երկնիշ թվով սկսվող համարանիշները սահմանվեցին անձնական օգտագործման, իսկ եռանիշ թվերով սկսվողները` պետական ավտոմեքենաների համար։
Նույն ժամանակ էլ որոշվեց, որպեսզի հայոց լեզվին այս ոլորտում տեղ տրվի, և միաժամանակ էլ սահմանվող կարգը չհակասի գոյություն ունեցող միջազգային չափանիշներին, մեր այբուբենից ընտրվեցին Օ, Ս, Լ, Տ տառերը։ Սրանց տպագիր տառատեսակները նմանությամբ կրկնվում են լատինատառ այբուբենում (երկուսի դեպքում այլ հնչյունների տեսքով)։ Մինչ այդ հայերեն Պ, Ն տառերով պետհամարանիշներ սկսեցին գործածել պաշտպանության նախարարության ներգերատեսչական ավտոտրանսպորտային միջոցների վրա։ Այսպիսով, այս չորս տառերի հնարավոր համադրություններով (16 տարբերակ)
ՍՍ
ՏՏ ՍՏ
ԼԼ ԼՏ ԼՍ ՏԼ ՍԼ
ՕՕ ՕԼ ՕՏ ՕՍ ԼՕ ՏՕ ՍՕ և 5-անիշ թվային (00001-99999) հարյուր հազարական համարների համադրությամբ կարելի է հաշվառել 1,6 մլն տրանսպորտային միջոց։ Ինչը Հայաստանի Հանրապետությանը հանգիստ կբավարարեր ևս 50-60, եթե ոչ ավելի տարիներ։ Համեմատության համար նշենք, որ երկրում ներկայումս հաշվառված ողջ տրանսպորտային միջոցները կազմում են մոտ 400 հազար կամ չորս անգամ ավելի պակաս այն հնարավորից, որ թույլ են տալիս չորս տառերով` 16 կոմբինացիաներով հնարավորությունները։ Այդ ժամանակ նույնիսկ որոշակի դասակարգումներ և խմբավորումներ եղան։ Օրինակ, ՕՕ-ների առաջապահ թվերը տրվեցին ԱԺ-ին, ԼԼ-ները` կառավարությանը, ՍՍ-ները` ՀՀ նախագահի աշխատակազմին, ՏՏ-ները` ոստիկանությանը (Օ1) և ԱԱԾ-ին` (02)։ ՏՕ-երը` դատախազությանը, ՕՏ-ները` ՍԴ-ին, ՏԼ-ները` կենտրոնական բանկին և այլն։
Ավելի ուշ, այսպես կոչված, «գոլդ» համարների նկատմամբ գոյություն ունեցող շատերի (իմ պատկերացումով` քաղքենիական) նկրտումները հաշվի առնելով, որոշվեց դրանք տրամադրել աճուրդով, մանավանդ որ մեծ քանակությամբ ցանկացողներ եղան ու կան։ Այդպիսի համարանիշները վաճառվում են մի քանի հարյուր հազարից մինչև մի քանի միլիոն դրամով։ Համարանիշների սահմանափակ քանակությունը և մեծաթիվ ցանկացողների պարագան բերեցին է՛լ ավելի բարձր աճուրդային գների։ Որոշ ժամանակ անց (ԱԱ և ՆԳՆ կառույցների բաժանումով և ՆԳՆ-ն «ոստիկանություն» վերանվանելուց հետո) ոստիկաններն իրենց համակարգի մեքենաների պետհամարանիշների սերիաները ՊՆ-ի նման «հայկականացրին» և դարձրին «ՈՍ»։ Հետո «գոլդ» համարների սիրահարների թվի աճի հետ հայտնված նոր գյուտարարները իրենց համար պարզեցին, թե հայերեն «ո» և «ր» փոքրատառերը նույնպես նման են լատիներեն N և P տառերին։ Սկսեցին ՈՈ-ներով (001 ՈՈ01-ը ԱԱԽ-ին), PP-ներով (001 PP01-ը` ՎՊ-ին) և դրանց ու արդեն առկա չորս տառերի հետ ևս 18 կոմբինացիաներով «գոլդ» համարների աճուրդային «գրդոնը»։ Շատ շուտով, պայմանավորված Վրաստանի Հանրապետություն մեկնողներին առաջադրվող պահանջներով` թե լատիներենում ո-ի նման տառեր չկան, մերոնք, հայոց լեզվի մասին վերևում բերված սկզբունքներն անտեսելով, պետհամարանիշների մեջ ներմուծեցին N-ը, որը, իբր, ո-ի փոխարեն է։ Ստեղծվեց նոր լատինատառի ներմուծման նախադեպ։ Դժգոհողներ չեղան։ Իրար հետևից շրջանառության մեջ դրվեցին հաջորդաբար D-երը, V-երը և T-երը։ Համապատասխանաբար 15, 17 և 19 նոր կոմբինացիաներով։ Այսպիսով, շրջանառության մեջ դրվող արդեն 10 տառերի համադրությամբ կարելի է ունենալ, ասենք, 77 777 թվերով 100 հատ «գոլդ» համար։ Բայց չէ՞ որ նախորդ չորս տառերի պարագայում 77 777 համարանիշները չէին կարող գերազանցել 16 հատը, և սրանց աճուրդային այն ժամանակվա գները ձևավորվել էին հենց այս սահմանափակ քանակից ելնելով։ Փաստորեն, ստացվում է, որ 16-ի տերերը խաբվել են...
Այս ոլորտն էլ դարձրել են անվերահսկելի, չկանոնակարգված, հայոց լեզվի ոտնահարման հաշվին նոր բիզնես ոլորտ։ Իսկ գուցե տառանշաններն անկանոն ավելացնելուց առաջ պետք էր մտածել թվային մասը 5 նիշից 4 նիշ դարձնելո՞ւ մասին։
Բարձրացնելով այս հարցը, ակնկալում ենք լսել պատկան մարմինների արձագանքը, ինչպես նաև տեղեկանալ` որքա՞ն գումար է գանձվում նման աճուրդներում, և դրանք ո՞ւր են «նպատակամղվում»։
Աղասի ԱՐՇԱԿՅԱՆ
ՀՀ ԳԽ և ՀՀ 2-րդ ու 3-րդ գումարումների ԱԺ պատգամավոր

Դիտվել է՝ 6151

Մեկնաբանություններ