ԱՄՆ-ի ներկայիս վարչակազմի կողմից նախկին նախագահ Դոնալդ Թրամփի շուրջ ստեղծված մթնոլորտն է հրահրել նրա դեմ մահափորձը՝ հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: «Ռուսաստանի Դաշնությունը չի կարծում, որ մահափորձը կազմակերպվել է ԱՄՆ-ի գործող իշխանության կողմից, սակայն թեկնածու Թրամփի շուրջ մթնոլորտը դրդել է նրան, ինչին այսօր բախվել է Ամերիկան»,- շեշտել է նա:               
 

ԱԽՈՐԺԱԿՆԵՐԻԴ ՔԱՑԱԽ

ԱԽՈՐԺԱԿՆԵՐԻԴ ՔԱՑԱԽ
02.03.2012 | 00:00

Մի որոշմամբ ՀՀ կառավարությունը, խիստ մտահոգ ամենուր թափանցած կաշառակերության (նաև կաշառատվության) բազմադեմությամբ, բարեկրթում է որոշակի (ի միջի այլոց ասած` չափ ու սահմանի բոլոր չափերն ու սահմանները կորցրած) պետական մարմինների քրեածին ախորժակն ու հավակնությունները: Մեր բարեգործական խրատներն անտեսեցի՞ք: Դե, տեսե՛ք հիմա: Չլսեցի՞ք հորդորները մեր` առ վայելուչ-չինովնիկական ապրուստ, մեղքը ձեր վիզը:
Սակայն ո՞րն է բանը, զայրանում է նախընտրական նախավարժանքներից հոռետեսության գիրկն ընկած մեր քաղաքակիրթ ընթերցողը: Պարզաբանում ենք: Հենց ձեզ հետ կատարված դեպքի օրինակի վրա: Հիշո՞ւմ եք, երբ երկհարկանի առանձնատուն կառուցեցիք, կոյուղագիծը քաշեցիք, թաղային հեղինակությունների հետ մի երկու թաս գլորեցիք և որոշեցիք օրինականացնել ձեր կացարանը: ՈՒ դիմեցիք կադաստրի պետական կոմիտեի տեղական բաժանմունք։ Դիմեցիք հաշվառման և չափագրման նպատակով, վերջնարդյունքում էլ` սեփականության բաղձալի վկայականի տերը դառնալու երազանքով: Մի խոսքով, եկավ չափագրման բաղձալի պահը: Ձեզ այցելեց համապատասխան մասնագետը, չափեց-չափագրեց երկհարկանին և ուրախ-զվարթ տեղեկացրեց` ընդհանուր մակերեսը 550 քմ է, բազմապատկած 20 դրամով` 11 հազար դրամ: Սա` պետության հաստատած սանդղակի համաձայն: Բնականաբար, ուրախ-զվարթ կատարում եք պետվճարումը: Բայց եթե չափագրողի վիզը չափագրման վերջում քիչ ու միչ ձախ էր թեքվում, նշանակում է, մարդը գլխի էր գցում, որ անտեր պետական աշխատավարձով ընտանիք չես պահի, և պետք է քաղաքացիական բարձր գիտակցություն հանդես բերել ու մի երկու կոպեկ, մաղարիչի կարգով, խոթել գրպանը: Այսինքն` նպաստել պետծառայողի ընտանիքի բարգավաճմանը: Սովորաբար մենք նրանց` չափագրողներին, ընդառաջ էինք գնում: ՈՒ նպաստում էինք նրանց ընտանեկան անդորրի պահպանմանը, ապահարզանների նվազմանը, արտագաղթի տեմպերի թուլացմանը և այլն: Այսպես` տարիներ շարունակ:
Ախորժակներիդ քացախ` գեղեցիկ մի օր որոտացին Կառավարական տնից: Որոտացին և որոշեցին իսպառ ու վերջնականապես արմատախիլ անել կաշառք ասվածը` կադաստր կոչվածից: Եվ հանրահռչակեցին սույն ձեռնարկը հեռուստագովազդով` դիմեք կադաստրին, այնտեղ չափագրում այլևս չի՛ք։
Եվ գտան ելքը: Ետքը չափագրումը կատարում են միայն մասնավոր ընկերությունները: Ետքը, այսինքն` 2012-ի հունվարի 1-ից: ՈՒ ահա սնկի արագությամբ երկու-երեք տասնյակ ընկերություն է ի հայտ գալիս: Բռա՛վո: Կաշառակերության վիզը ոլորված է: Այսուհետ բարեկրթությունն ու բարյացակամությունն են թևածում կադաստրի կամարների ներքո և սփոփվում մասնավոր ընկերությունների տանիքներին: Միայն թե մի փոքրիկ նորամուծությունն է քիչումիչ անհանգստացնում ՀՀ «կաշառատու» քաղաքացիներիս, ինչի արդյունքում արդեն մենք ենք վիզ ծռում չափագրողների առջև: Բանն այն է, որ չափագրողները, մեկը մյուսին ձայն տալով, 1 քմ չափագրվող կադաստրի գինը 20 դրամից հասցնում են 500 դրամի: Այսինքն` բազմապատկում բազմակի: Սակայն, եթե քաղաքացու պարանոցը բավականաչափ ճկուն է, և նա կարողանում է չափագրող-մասնավորի առջև բավարար սրտաճմլիկ հեզությամբ վիզ ծռել ու ելման դիրքում մնալ շուրջ 20 րոպե, չափագրողը գթաշարժվում է և նվազեցնում քմ չափագրելիքի գինը: Ասենք այսպես` եթե 550 քմ մակերես ունեցող չափագրման ենթակա տարածքի համար ՀՀ արժանապատիվ քաղաքացի (ապագա ընտրող) Գվիդոն Սպիրիդոնյանը կադաստրի պետական կոմիտեի պետական չափագրող Սանատրուկ Սանթրոսյանին պետականորեն վճարել էր 11 հազար դրամ և 5 հազար դրամ գրպանի «քրեհ», ապա այսօր նույն Սանթրոսյանին վճարում է նվազագույնը 10 անգամ ավելի` 110 հազար դրամ: Իսկ եթե Սանթրոսյանի փոխարեն լինի, օրինակ, Երանոսյանը, ով խղճմտանքից հեռու չափագրող է, ապա կշրխկացնի մի էնպիսի գումար, որ տնատերը արդեն կմտածի արտագաղթի տեմպերն իր մասնակցությամբ արագացնելու մասին:
Այսպիսով, կառավարությունը գտավ ելքը: Կաշառքն այս ոլորտում վերացավ: Քսանից երեսուն մասնավոր չափագրող կազմակերպություն տառացիորեն յոթ կաշի է մաշկում քաղաքացիներից:
Սա, համաձայն կառավարության, առաջընթաց է, բարեփոխում և բյուջեի լուրջ համալրում: Միայն թե, դարձյալ ու դարձյալ, ո՛չ ունևոր խավի հաշվին: Ի դեպ, չար լեզուները չարամտորեն շշնջում են ամենուր, որ այդ մասնավոր չափագրողները պարզապես կադաստրի պետական կոմիտեի ղեկավարության ձեռամբ կերտված սնուցող օբյեկտներ են:
Այսպիսով, մենք աննահանջ ընթանում ենք հանրապետության ամեն բանը, այսինքն, շարժական և անշարժ գույքն ու կայքը մասնավորին հանձնելու և այդ ճանապարհով երկիրը շենացնելու անշեղ ուղղությամբ: Եվ ի՞նչն է այսօր դեռևս պետական: Թերևս, թվարկենք: Գիտությունների ազգային ակադեմիան գիտնականների հավաքարարական աշխատավարձով: Տրոլեյբուսն ու մետրոպոլիտենը: Է՞լ։ Գուցե նաև Հանրապետության հրապարակի ցայտաղբյուրները: Գետառի ջուրը։ Հա՛, մեկ էլ` Կարաբալայի արձանի ստվերը:
Վրեժ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Դիտվել է՝ 1670

Մեկնաբանություններ