ԱՄՆ-ի ներկայիս վարչակազմի կողմից նախկին նախագահ Դոնալդ Թրամփի շուրջ ստեղծված մթնոլորտն է հրահրել նրա դեմ մահափորձը՝ հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: «Ռուսաստանի Դաշնությունը չի կարծում, որ մահափորձը կազմակերպվել է ԱՄՆ-ի գործող իշխանության կողմից, սակայն թեկնածու Թրամփի շուրջ մթնոլորտը դրդել է նրան, ինչին այսօր բախվել է Ամերիկան»,- շեշտել է նա:               
 

ՆՈՅԵՄԲԵՐԻ 22-Ը ՊԵՏՔ Է ՀՌՉԱԿՎԻ ՀԱՅՈՑ ՀԱՅՐԵՆԱՏԻՐՈՒԹՅԱՆ ՕՐ

ՆՈՅԵՄԲԵՐԻ 22-Ը ՊԵՏՔ Է ՀՌՉԱԿՎԻ ՀԱՅՈՑ ՀԱՅՐԵՆԱՏԻՐՈՒԹՅԱՆ ՕՐ
22.11.2011 | 00:00

Ցեղասպանության պատճառով հայրենազրկված հայ ժողովուրդը 96 տարի է` եվրոպական պետությունների դիվանագետների և քաղաքագետների աշխատասենյակների փակ դռներն է թակում` նրանց բարեհաճ վերաբերմունքը շահելու և Օսմանյան Թուրքիայում 1915-23 թթ. Հայոց ցեղասպանությունը ճանաչելու ակնկալիքով։ Եվրոպական պետությունները, որ այդ եղերական գործողություններին ականատես են եղել և մասամբ հանցակից, տասնամյակներ շարունակ, ղեկավարվելով իրենց քաղաքական և տնտեսական շահերով, քաղաքական և իրավական գնահատական չեն տվել դրանց` փաստարկելով, թե այդ ողբերգական դեպքերը` տեղահանություն, սպանություն, աքսորի ճանապարհին մահացություն, չեն կարող բնութագրվել որպես ցեղասպանություն, քանի որ ՄԱԿ-ի` ցեղասպանության մասին համաձայնագիրն ընդունվել է 1948-ին, ուժի մեջ է մտել 1951-ին, մինչդեռ Օսմանյան Թուրքիայում հայերի կոտորածները կատարվել են պաշտոնապես ընդունված համաձայնագրից առաջ։ Հայտնի է, որ օրենքը հետադարձ ուժ չունի։ Փաստ է նաև, որ հրեաների կոտորածը Գերմանիայում և եվրոպական երկրներում նույնպես կատարվել է ցեղասպանության համաձայնագրի ընդունումից առաջ։ Ըստ էության, կոնվենցիան ընդունվել էր հատուկ հրեաներին փոխհատուցում տալու համար, այդ պատճառով էլ օրենքի` հետադարձ ուժ չունենալը նրանց «հոլոքոստի» վրա չտարածվեց։
Ինչո՞ւ է աշխարհը երկար ժամանակ դիմադրում Հայոց ցեղասպանության ճանաչմանը։ Որովհետև ցեղասպանության ճանաչմանը հետևելու է հողային և նյութական փոխհատուցում։ Իրերի տրամաբանությունը դա է։
Մինչև անցյալ դարի 30-ական թվականները ցեղասպանության պատճառով աշխարհասփյուռ հայերը հետամուտ էին հողային և նյութական փոխհատուցման։ ԱՄՆ նախագահ Վուդրո Վիլսոնի իրավարար վճիռը ստորագրել է Առաջին համաշխարհային պատերազմի դաշնակից ուժերի (Անտանտի) Գերագույն խորհրդի Մեծ եռյակը Դաշնային բոլոր ուժերի անունից։ Սույն Իրավարար վճիռը կատարման պարտադիր իրավական փաստաթուղթ է նաև դաշնակից և նրանց իրավահաջորդ բոլոր պետությունների` ներկայումս ՄԱԿ-ի 192 անդամ պետություններից 142-ի` այդ թվում և ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի մշտական հինգ անդամներից չորսի` ԱՄՆ-ի, Ֆրանսիայի, Մ. Բ. Միացյալ Թագավորության և Չինաստանի համար։
Երջանկահիշատակ Վահան Քարտաշյանը` Հայ դատի նախանձախնդիր այդ գործիչը, մինչև իր կյանքի վերջը պայքարում էր ոչ միայն ցեղասպանության քաղաքական կամ իրավական ճանաչման համար, այլև հետևողականորեն հետամուտ էր Վուդրո Վիլսոնի իրավարար վճռի իրագործմանը։ Նա արդեն երեսնական թվականներին համոզվել էր, որ, հայությանն ուղղորդելով դեպի Հայոց ցեղասպանության` աշխարհի պետությունների կողմից ճանաչում, նրան շեղում են բուն նպատակից` հողային և նյութական պահանջատիրությունից։
Անցյալ դարի 50-60-ական թվականներից Հայոց ցեղասպանության ճանաչման համար ներդրված համահայկական բարոյական, մտավոր և նյութական միջոցները գերազանցել են այն արդյունքը, որը ձեռք կբերեինք, եթե դրանք ուղղորդվեին ճիշտ նշանակետին` հողային և նյութական պահանջատիրությանը։ Կես դարից ավելի է` հայկական փողերը փոշիանում են` փոխարենը ստանալով այս կամ այն երկրի` Հայոց ցեղասպանության դատապարտումն ու ճանաչումը, որոնք, ըստ էության, քաղաքական և իրավական ուժ չունեն։ Մինչդեռ մեր ձեռքին ունենք հզոր կռվաններ`
ա) Վուդրո Վիլսոնի իրավարար վճիռը,
բ) Օսմանյան Թուրքիայում ապրած հայերի անշարժ և շարժական գույքի կադաստրային փաստաթղթերը, որոնք ոչ միայն ապացուցում են դրանց տերերի` Թուրքիայի պետության քաղաքացի և հարկատու լինելը, այլև նրանց ժառանգների իրավահաջորդ լինելու իրավունքը։
2009-ի նոյեմբերի 11-ին մի խումբ նախաձեռնողներ և «Վասպուրական-նոր սերունդ» հայրենակցական միության համանախագահներ Մարինե և Վաչագան Վահրադյանները, հիմնվելով Կանադայում ՀՀ նախկին դեսպան, միջազգային իրավագետ Արա Պապյանի հետազոտական աշխատանքի շնորհիվ բացահայտված Իրավարար վճռի` առայսօր իրավական ուժը պահպանած լինելու փաստին, նախաձեռնեցին ժողովրդական շարժում` ի պաշտպանություն 1920-ի նոյեմբերի 22-ին ԱՄՆ նախագահ Վուդրո Վիլսոնի ընդունած Իրավարար վճռի։
Ժողովրդական շարժումը հանդես եկավ կոչով` ուղղված համայն հայության։ Կոչը նույնությամբ հրապարակում ենք` հիշեցնելով մեր ժողովրդին, որ մեր իրավունքները վերականգնելու պահանջն ուժի մեջ է մինչև արդարության վերահաստատումը։

ԿՈՉ
Մի քանի տասնամյակ է, ինչ Ապրիլի 24-ը հայ ժողովրդի նվիրական օրերից մեկը` հայոց միասնական քաղաքական վարքի թերևս ամենավառ դրսևորման օրն է։ Հայ իրականության մեջ այդ օրը դարձավ նախ հոգեհանգստի ու հիշատակի խնկարկման օր, ապա աստիճանաբար վերաճեց և դարձավ ոգեկոչման ու Հայոց ցեղասպանությունը ճանաչելու պահանջի օր։ Այսուհանդերձ, այդ օրը կորստի օր է, թերևս նաև կորուստը ճանաչել տալու օր։
Բայց մենք` որպես ազգ և որպես արդարությանը հետամուտ հանրություն, հաղթանակի ու հատուցման, արդարության կայացման և իրավունքի հաստատման օրվա կարիք ունենք, մինչդեռ կա այդ օրը. հաղթանակի անթեղված կրակը պահող այդ օրը նոյեմբերի 22-ն է` Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Վուդրո Վիլսոնի կողմից Հայաստանի և Թուրքիայի սահմանը որոշող Իրավարար վճռի (Arbitral Award) կայացման օրը։ Այդ օրն Իրավարար վճռով Հայաստանի Հանրապետությանը հատկացվեց մեր բնօրրան-հայրենիքի մի մասը` նրա հյուսիս-արևելյան հատվածը։ Այդ օրը միջազգային իրավունքի հիման վրա կայացվեց և մեկընդմիշտ ուժի մեջ մտավ մի վճիռ, որը կատարման համար պարտադիր է, իրավական տեսանկյունից անբեկանելի է և իրավունքների գոյության առումով անժամանցելի է։
Քանի որ Իրավարար վճիռը կայացվել է Թուրքիայի և Հայաստանի, ինչպես նաև Բրիտանական կայսրության, Ֆրանսիայի, Իտալիայի, Ճապոնիայի, Լեհաստանի, Պորտուգալիայի, Բելգիայի, Հունաստանի, Կանադայի, Հնդկաստանի, Հարավային Աֆրիկայի, Ավստրալիայի, Նոր Զելանդիայի, Չեխոսլովակիայի, Հարավսլավիայի, Ռումինիայի անվերապահ հայցադիմումի (compromis) հիման վրա և ուժի մեջ է մտել ստորագրման պահից, ուստի այն պարտադիր, անբեկանելի ու անժամանցելի է բոլոր վերոհիշյալ երկրների և նրանց իրավահաջորդների համար։ Այն պարտադիր, անբեկանելի ու անժամանցելի է նաև Ամերիկայի Միացյալ Նահանգների համար, քանի որ Իրավարար վճիռը կրում է ԱՄՆ-ի մեծ կնիքը, ստորագրված է ԱՄՆ-ի նախագահի և ենթաստորագրված` ԱՄՆ-ի պետքարտուղարի կողմից։
Ըստ միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքի, որն ամրագրված է միջազգային բազմաթիվ փաստաթղթերում, Իրավարար վճռի ի կատար ածելն այդ փաստաթղթին կողմ հանդիսացող, այսինքն` հայցադիմումը ստորագրած բոլոր երկրների անսակարկ պարտավորությունն է, նրանց անօտարելի հանձնառությունը։ Ըստ այդմ, մեր համազգային խնդիրը պետք է լինի յուրաքանչյուր տարի նոյեմբերի 22-ին այդ երկրներից պահանջել, որ նրանք տեր կանգնեն միջազգային իրավունքից բխող իրենց պարտավորությանը և դա անեն ոչ թե որպես բարեհաճություն, այլ որպես մոռացված և մասամբ ուրացված, սակայն անխաթար ու անբեկանելի միջազգային պարտավորություն։
Շարժումը նախաձեռնվեց նաև ի հակակշիռ հայ-թուրքական արձանագրության և հետագայում դրա վավերացման։ Արձանագրությունը լի է հակահայ դրույթներով։ Դրանցից ամենաաղաղակողը ՀՀ և Թուրքիայի միջև եղած այսօրվա սահմանի ճանաչումն էր` որպես երկու պետությունների միջև պաշտոնապես և իրավաբանորեն հաստատված սահման։ Մինչդեռ «հայ-թուրքական սահմանը» ԽՍՀՄ-Թուրքիա բաժանարար գիծ է եղել ընդամենը, և ԽՍՀՄ-ի փլուզումից հետո այն, ինքնաբերաբար, կորցրել է իր քաղաքական և իրավական ուժը։
1991-ին անկախություն հռչակած Հայաստանի Հանրապետությունն իրավասու էր պաշտոնապես հայտարարելու, որ Վուդրո Վիլսոնի իրավարար վճռի շահառուն` Հայաստանի Հանրապետություն անկախ պետությունը, պատրաստ է և պարտավորված պահանջելու և տեր կանգնելու Առաջին համաշխարհային պատերազմի դաշնակից ուժերի (Անտանտի` հաղթող երկրների) Գերագույն խորհրդի Մեծ եռյակի դաշնակից բոլոր ուժերի կողմից Հայաստանի Հանրապետությանն Իրավարար վճռով հատկացված իր պատմական հայրենիքի մի հատվածին։
Անկախության հռչակման առաջին տարիներին որոշ հայ պատմաբաններ և քաղաքական գործիչներ անդրադարձան այս խնդրին, սակայն առաջին նախագահը կա՛մ համարձակություն չունեցավ մտնելու միջազգային խաղերի մեջ (հավանաբար նյութին էլ բավարար չէր տիրապետում), կա՛մ դրսի ինչ-ինչ ուժեր չեն արտոնել նրան։ (1991-ին ՀՀ-ն դեռևս չէր ներքաշվել լայնածավալ պատերազմական գործողությունների մեջ)։
Այսօր Հայաստանը հայտնվել է բախտորոշ ճամփաբաժանի առաջ. հայ-թուրքական արձանագրությունը մեզ պարտադրում է ուղիներ, որոնք ենթադրյալ հաջողություն և բարեկեցություն են խոստանում` սահմանի բացում, առևտրի աշխուժացում, ելք դեպի ծով։ Սակայն այդ «խոստումները» չեն երաշխավորում մեր երկրի ժողովրդագրական և տնտեսական անվտանգությունը։ Ստորագրված հայ-թուրքական արձանագրությունների վավերացումը վտանգում է ՀՀ-ի քաղաքական և իրավական անկախությունը։
Անժխտելի է, որ Հայաստանին, Վրաստանից բացի, ծով դուրս գալու այլընտրանքային ճանապարհ է պետք։ Այո՛, մեր բարի դրացի Իրանի տարանցիկ ճանապարհով կարող ենք դուրս գալ Պարսից ծոց և հաղորդակցվել աշխարհի ոչ պակաս մեծ հատվածի` Մերձավոր Արևելքի, Միջին և բուն Արևելքի պետությունների հետ։ Բայց քանի որ մենք «կողմնորոշված» ենք դեպի Եվրոպա, հետևաբար ելքը դեպի Սև ծով մեզ առավել նպատակահարմար և կարճ է թվում։ Գուցե, մանավանդ որ Հայաստանի առաջին Հանրապետությանը դեռևս 1920-ի նոյեմբերի 22-ին ԱՄՆ նախագահ Վուդրո Վիլսոնի` միջազգային բոլոր օրենքներով հավաստագրված Իրավարար վճռով ոչ միայն վերադարձվել է մեր պատմական հայրենիքի մի հատվածը և ընդարձակվել են ՀՀ սահմաններն Արևմտյան Հայաստանի, Արցախի (Լեռնային և Դաշտային), Կարսի մարզի, Արդվինի, Ջավախքի և Նախիջևանի ընդգրկումով, այլև հեռատեսորեն տրամադրվել է ելք դեպի Սև ծով` ներառելով իր մեջ Տրապիզոնի նահանգից մի հատված` մինչև Աճարայի սահմանը։
Այսօր իրողությունն այն է, որ ՀՀ-ն հարևան չորս պետություններից երկուսի կողմից շրջափակված է ամբողջապես, իսկ երրորդի` Վրաստանի կողմից` մասնակի։
Դեպի ծով ելք չունեցող պետության համար այս իրավիճակն ավելի քան տագնապալի է, եթե ոչ կործանարար։ Հայաստանը շրջափակման պատճառով, մեծ հաշվով, դուրս է մնում տարածաշրջանային տնտեսական հաղորդակցության ցանցից և դառնում է ապատնտեսական գոտի, որը կա՛մ պետք է ներգրավել հավասարի իրավունքով, կա՛մ չեզոքացնել որպես գործոն։ Այսօր կարծես հզոր տերություններն ընտրել են երկրորդ տարբերակը։ Մենք կօգնենք նրանց այդ գործում, եթե անտեղյակ լինենք միջազգային քաղաքական պատմությանը, որը մեզ կգցի միջազգային քաղաքական հզոր ուժերի մամլիչի տակ։ Արձանագրությունների ստորագրումը, հետագայում նաև դրանց վավերացումը կդառնա ճակատագրական այն սխալը, որը կարելի է բնորոշել որպես հանցագործություն սեփական ազգի և պետության հանդեպ, որն արդարացում չունի։
Մեզ խոստանում են «սահմանի բացում»։ Մենք այդ սահմանը բացելու անհրաժեշտությունը չունենք, քանի որ այդ տարածքի, հետևաբար այն մեզնից բաժանող սահմանի վրա իրավաբանորեն (դեյուրե) ունենք մեր սեփականության իրավունքը հաստատող վավերագրերը` տիտղոսը։ Մինչդեռ մենք ողորմություն ենք խնդրում այդ իրավունքը ոտնահարած պետությունից` նրա «բարի կամքի դրսևորման» համար զոհաբերելով մեր անքակտելի և անբեկանելի իրավունքները մեր պատմական հայրենիքի մի մասի վրա։
ՆՈՅԵՄԲԵՐԻ 22-ը հայկական հողերի միավորման հռչակագիրն է։
Զանգերը հնչեցնելու ժամանակն է։
ՆՈՅԵՄԲԵՐԻ 22-ը պետք է դառնա ոտնահարված արդարության վերականգնման, ազգային պահանջատիրության և մեզնից խլած իրավունքների վերահաստատման օր։ Մեծ հայորդի Գարեգին Նժդեհի մեկ բառով` ՀԱՅՐԵՆԱՏԻՐՈՒԹՅԱՆ ՕՐ։
«ՀԱՅՐԵՆԱՏԻՐՈՒԹՅՈՒՆ» ժողովրդական շարժումը կոչ է անում համայն հայությանը` միանալ մեր նախաձեռնությանը և ամեն տարի ըստ արժանվույն` գիտաժողովներով, երթերով և հավաքներով նշել ՀԱՅՐԵՆԱՏԻՐՈՒԹՅԱՆ ՕՐԸ։
Մարի ԲԱՐՍԵՂՅԱՆ-ԽԱՆՋՅԱՆ

Դիտվել է՝ 1368

Մեկնաբանություններ