Մահափորձ է տեղի ունեցել ԱՄՆ-ի նախկին նախագահ և նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփի դեմ՝ Փենսիլվանիայի Բաթլեր քաղաքում նրա նախընտրական հանրահավաքի ժամանակ։ Թրամփի ականջն է վիրվորվել։ Երկու մարդ սպանվել է, այդ թվում՝ կրակողը՝ Փենսիլվանիայի 20-ամյա բնակիչ Թոմաս Մեթյու Քրուքսը։ Ըստ ԶԼՄ-ների, ոճրագործին գնդակահարել է Գաղտնի ծառայության դիպուկահարը։               
 

«ՄԵՐ ԵՐԵԽԱՆԵՐԻ ԻՆՆՍՈՒՆ ՏՈԿՈՍՆ ՈՒՆԻ ՔԱՅԼՎԱԾՔԻ ՇԵՂՈՒՄՆԵՐ»

«ՄԵՐ ԵՐԵԽԱՆԵՐԻ ԻՆՆՍՈՒՆ ՏՈԿՈՍՆ ՈՒՆԻ ՔԱՅԼՎԱԾՔԻ ՇԵՂՈՒՄՆԵՐ»
30.07.2010 | 00:00

Գրասենյակային աշխատանքը թվում է առավել հարմարավետ, նախընտրելի և ժամանակակից, սակայն նստակյաց աշխատանքը, ըստ մասնագետների, ամենևին էլ զերծ չէ վտանգներից: Այսօր շատերն օրվա զգալի մասն անցկացնում են համակարգչի առաջ, մինչդեռ հարկ է իմանալ, որ նստակյաց աշխատանքը, առհասարակ, անշարժ վիճակները վնասակար են առողջությանը, հանգեցնում են հենաշարժողական ապարատի տարբեր խախտումների: Ժամանակակից կահույքն այնպես է պատրաստվում, որ նվազագույնի հասցվի նման խնդիրների առաջացման վտանգը, բայց ոչ բոլոր ֆիրմաները կարող են թույլ տալ իրենց` հասնել էրգոմետրիկ վերջին ձեռքբերումներին: Ստիպված ենք բավարարվել եղածով և գոնե հետևել մասնագետների խորհուրդներին: Թեմայի շուրջ ներկայացնում ենք ֆիզիոթերապևտ, մանուալիստ, ակադեմիկոս ԳԱԳԻԿ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻ պարզաբանումները:
«Ողնաշարային հիվանդություններն ավելի հաճախ հանդիպում են նստակյա՞ց մարդկանց մոտ, թե՞ նրանց, ովքեր ֆիզիկական ծանր աշխատանքով են զբաղվում: Այս հարցի շուրջ տարբեր երկրներում անցկացված վիճակագրական տվյալները ցուց են տալիս, որ երկու վիճակներն էլ վտանգավոր են առողջության համար,- ասում է ակադեմիկոսը։- Տարբեր տարիքի և կազմվածքի մարդկանց համար կան կահույքի պատրաստման էրգոմետրիկ նորմատիվներ, որոնց պահպանումը կարևոր է ոչ միայն տվյալ մարդու առողջության, այլև ազգի գենոֆոնդի համար։ Բավականին բարդ է ձեռքերն առաջ պարզած աշխատելը, և ովքեր իրենց աշխատանքային պրակտիկայում շատ են կիրառում այդ դիրքը, հիմնականում տառապում են պարանոցակրծքային հատվածի օստեոխոնդրոզով: Պարանոցի, մեջքի, ձեռքերի մկանային երկարատև լարվածությունը բերում է մկանային և արյան շրջանառության խանգարման: Մկանն առողջ է այն ժամանակ, երբ կծկվելու և թուլանալու հատկությունը հավասարաչափ է: Ինձ դիմում են այն ժամանակ, երբ կծկված մկանը չի թուլանում, այնպիսի լճացում (կայուն կոնտրակտուրա) է առաջանում, որ հարողնաշարային մկանը ձգելով` դուրս է քաշում ողը տեղից` առաջացնելով մասնակի հոդախախտեր և ցավ: Պարանոցային օստեոխոնդրոզի ժամանակ հիվանդն զգում է ճնշող, սեղմող, երբեմն այրող ցավեր ծոծրակի հետին և կողմնային հատվածներում, ի հայտ են գալիս շարժունակության սահմանափակում, գլխացավ, լսողական և տեսողական ապարատի խախտումներ, հավանական է` արյան ճնշման բարձրացում, վերին շնչառական ուղիների խանգարումներ` հայմորիտ, ֆրոնտիտ, անգամ ատամի կարիես, մազաթափություն: Կա ախտորոշման մոտ վաթսուն ցուցանիշ, որոնք առաջանում են ստատիկ վիճակներից, իրանի սահմանափակ շարժումներից. դրանք երբեմն կրում են մասնագիտական բնույթ, օրինակ, ողնաշարային տարբեր խնդիրներ են առաջանում ջութակահարների, վարսահարդարների, ատամնաբույժների, մերսողների, խոհարարների, համակարգչով աշխատողների մոտ: Հաճախ օստեոխոնդրոզն ընթանում է սպոնդիլոզի, ռադիկուլիտի և աղային կուտակումների հետ համատեղ: Այս հիվանդությունն առաջանում է նաև կենցաղային վնասվածքներից, սխալ և կտրուկ շարժումներից, վարակիչ հիվանդություններից, ոչ ճիշտ սնվելուց, մրսելուց, դիսթրեսներից, ըստ չինացիների` սխալ ապրելակերպից:
Ինձ մոտ գալիս են մարդիկ, որ, համակարգչի մոտ աշխատելիս, ստիպված դեմքով թեքվում են դեպի համակարգչի էկրանը: Շատ կարևոր է նստել գլուխը և պարանոցն ուսերին ուղղահայաց պահած: Համակարգչով աշխատելիս չպետք է թեքվել դեմքով առաջ: Համակարգչի մկնիկը պետք է պահել ստեղնաշարին մոտ` ուղիղ կեցվածքը չխախտելու համար: Նստատեղի բարձրությունն այնքան պետք է լինի, որ ծնկի հատվածում ոտքերը ծալվեն իննսուն աստիճանի անկյան տակ, ոտնաթաթերն ամբողջությամբ և ուղիղ հենվեն հատակին: Հարկ է ընտրել այնպիսի աթոռ, որի հենարանն ունենա թեթև թեքույթ դեպի հետ և թույլ տա գոտկատեղը պահել հանգիստ վիճակում, «գրկած»: Ողնաշարը բեռնաթափելու համար մեջքը, ձեռքերը պետք է անպայման հենման տեղ ունենան: Իրանը պետք է պահել մոնիտորից ձեռքի երկարությանը հավասար հեռավորության վրա: Հարկ է խուսափել ոտքը ոտքին գցելուց, դա առաջացնում է ավելորդ լարում և դժվարացնում է արյան հոսքը: Աշխատանքի ընթացքում առնվազն 30-40 րոպեն մեկ պետք է տեղից բարձրանալ, քայլել, ձեռքով մերսել լարված մկանները, կատարել մեջքի ուղղման, պարանոցի ձգման վարժություններ: Օրինակ, դեմքով դեպի պատը, ձեռքերը վեր պարզած բարձրանալ` ոտնաթաթերը ձգելով վեր կամ մեջքով հենվել պատին, մարմնի բոլոր հատվածները պատին կպցնելով, և մեկ րոպե կեցվածքը ֆիքսելուց հետո, դուրս գալ:
Մարդը մի գործով անընդհատ ու երկար չի կարող զբաղվել: Մկանը պահանջում է ոչ թե միօրինակ, այլ բազմաբնույթ աշխատանք:
Հաճախ ինձ մոտ գալիս են մարդիկ, որ հողագործությամբ են զբաղվում, քաղհան են անում, կամ առավոտից երեկո տան գործ են անում ու հարցնում են` դա մարմնամարզությո՞ւն է, թե՞ ոչ: Միանշանակ` ոչ, որովհետև առօրյա կյանքում միօրինակ, կրկնվող աշխատանք են կատարում: Օրինակ, մարմնամարզության, լողի ժամանակ մկանային շատ խմբեր են ընդգրկվում աշխատանքի մեջ, կարևոր է նաև հոգեբանությունը. դու կենտրոնանում ես, գիտակցում, որ վարժությունները քեզ շատ օգտակար են:
Գոյություն ունի «հեռախոսայի սինդրոմ» այն մարդկանց մոտ, ովքեր սովորություն ունեն հեռախոսով խոսելիս ձեռքերով զբաղվել ուրիշ գործով, իսկ լսափողը պահել ուսի վրա` սեղմելով այն ականջին. դա չափազանց վնասակար է, առաջացնում է ծուռվզություն և հետագայում լուրջ բուժում է պահանջում: Մեծ մասամբ նման խնդիրները լուծվում են բուժական մերսման, մանուալ թերապիայի միջոցով:
Ճապոնիայում, աշխատանքի արդյունավետությունը բարձրացնելու, քաղաքացիների առողջությունը պահպանելու համար, մասնագետները ստեղծեցին «Ամմա» կոչվող մերսման ձև, որը տարածեցին ստատիկ վիճակով աշխատող բոլոր հիմնարկներում: Դա հեծանվի նման սարքավորում է, ճակատը հենման տեղ ունի, մարմինը թույլ վիճակում է, մերսումը տևում է հինգից յոթ րոպե (կազմված է ուշուի և շիացուի հնարքներից) և մկանային համակարգը բերում է օպտիմալ վիճակի:
Ճապոնական առողջապահական համակարգը Հայաստանում տեղայնացնել, ավաղ, առաջիկա հարյուր տարում մեզ չի հաջողվի: Խոսքը հսկայական ծախսերի և ժողովրդի բարոյահոգեբանական «անպիտանիության» մասին է:
Մեր երկրում ճիշտ կեցվածք, առողջ ապրելակերպ, առողջ գենոֆոնդ ունենալու համար աշխատանքներ գրեթե չեն տարվում: Չենք կարողանում նախ` գիտակցությունը բարձրացնել, որ պահանջներ դնեն, փորձեն նմանվել քաղաքակիրթ երկրների մարդկանց: Կանգնեք ցանկացած բուհի կամ դպրոցի մոտ և կտեսնեք, որ երեխաների իննսուն տոկոսն ունի կեցվածքի կամ հենաշարժողական ապարատի այս կամ այն տեսակի շեղումներ, կարծես մոդայիկ է դարձել կիֆուտիկ քայլվածքը, խղճահարություն ես զգում, երբ տեսնում ես, ինչպես են քայլում մեր երեխաները, ժողովուրդը, ընդհանրապես: Մարզասրահներ մեր քաղաքում, իհարկե, կան, բայց չպետք է մոռանալ, որ վարժությունների համակարգը յուրաքանչյուր անձի համար անհատական է, կապված է մարդու տարիքի, առողջության և ֆիզիկական հնարավորություների հետ: Այսօր ունենք սնկի պես աճող սպորտային վայրեր, ուր բոլորին նույն տեղը լցնելով նույն վարժությունների համակարգն են առաջարկում` միևնույն ֆիզիկական ծանրաբեռնվածությամբ: Այնտեղից մարդիկ հեռանում են տարբեր առողջական խնդիրներով, ու նրանց հաջորդում են «մոլորյալ» մարդկանց այլ խմբեր:
Մարդն իր բնույթով ծույլ է, և երբ ես հանձնարարություն եմ տալիս հիվանդներին, ակնկալում եմ, որ այն կկատարվի, լավագույն դեպքում, 20-30 տոկոսով: Ի դեպ, իմ անձնական ուսումնասիրությունների համաձայն` տասը-տասնհինգ տոկոսով կանանց պատասխանատվությունն ավելի բարձր է: Յուրաքանչյուր մարդ պետք է իմանա մարմինը կառավարելու արվեստը, ճանաչի իր օրգանիզմը: Ժողովուրդն ասում է` «առաջ մորթուս, հետո` որդուս», այսինքն, մարդը պետք է պահպանի իր առողջությունը, որ կարողանա օգտակար լինել նախ` ինքն իրեն, մերձավորներին, ապա նաև` հասարակությանը: Տեղին է ասված` առողջությունը դեռ ամեն ինչ չէ, բայց ամեն ինչը ոչինչ է, երբ չկա առողջությունը»:
Պատրաստեց Արմինե ՍԱՐԳՍՅԱՆԸ

Դիտվել է՝ 3743

Մեկնաբանություններ