Մահափորձ է տեղի ունեցել ԱՄՆ-ի նախկին նախագահ և նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփի դեմ՝ Փենսիլվանիայի Բաթլեր քաղաքում նրա նախընտրական հանրահավաքի ժամանակ։ Թրամփի ականջն է վիրվորվել։ Երկու մարդ սպանվել է, այդ թվում՝ կրակողը՝ Փենսիլվանիայի 20-ամյա բնակիչ Թոմաս Մեթյու Քրուքսը։ Ըստ ԶԼՄ-ների, ոճրագործին գնդակահարել է Գաղտնի ծառայության դիպուկահարը։               
 

ՕՏԱՐԱԼԵԶՈՒ ԴՊՐՈՑՆԵՐԸ՝ ԳՈՐԾԱԿԱԼԱԿԱՆ ՑԱ՞ՆՑ

ՕՏԱՐԱԼԵԶՈՒ ԴՊՐՈՑՆԵՐԸ՝ ԳՈՐԾԱԿԱԼԱԿԱՆ ՑԱ՞ՆՑ
21.05.2010 | 00:00

Վերջին շրջանում օտարալեզու դպրոցների բացման առնչությամբ բավականին սուր բանավեճեր են ծավալվում հասարակական-քաղաքական տարբեր մակարդակներում: Երեկ «Իրավունք de facto» ակումբում թեմայի շուրջ իրենց մտահոգությունները ներկայացրին հասարակական-քաղաքական գործիչ ԽԱՉԻԿ ՍՏԱՄԲՈԼՑՅԱՆԸ, բնապահպան ԿԱՐԻՆԵ ԴԱՆԻԵԼՅԱՆԸ, լրագրող-պատմաբան ԳԵՎՈՐԳ ՅԱԶԸՃՅԱՆԸ, կառավարման մասնագետ, տնտեսագիտության թեկնածու ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ՄԵՍՐՈԲՅԱՆԸ: «Այնպիսի փոքրաթիվ ազգի համար, ինչպիսին մենք ենք, սա իրենից լուրջ վտանգ է ներկայացնում: Այն ոչ միայն մշակութային, լեզվամտածողության, այլև ազգային խնդիր է»,- ասաց Կարինե Դանիելյանը՝ անձնական օրինակով վկայակոչելով. «Ես ունեմ ռուսական կրթություն, որի թերությունները, դժվարությունները ճաշակել եմ ու չեմ ուզում, որ նոր սերունդն այն ճաշակի»: Խաչիկ Ստամբոլցյանն էլ իրավիճակը պատկերավոր ներկայացրեց. «Եթե վարդն ամենահոտավետ ծաղիկն է, չի նշանակում, որ բոլոր ծաղկի տեսակները պիտի ոչնչացնենք ու միայն վարդ աճեցնենք: Այս նախաձեռնությունը ոչ թե առաջընթաց է, այլ հետադիմական ընթացք: Մեզ փողով փորձում են գնել, ինչպես մի բուռ ալյուրով մեր երկիրը աղանդավորներով լցրեցին: Գնացեք Եռաբլուր, տեսեք՝ քանի՞ ռուսական ու քանի՞ հայկական կրթությամբ նահատակ կա: Սա ազգային անվտանգությանը սպառնացող խնդիր է: Մենք եզակի պետություններից ենք, որի բնակչության 90 տոկոսից ավելին նույն ազգի զավակ է` հայ, ուստի մեզ պառակտելու համար պետք է այսպիսի բաժանումներ մտցնեն»:
Հարություն Մեսրոբյանը, խնդիրը տեղափոխելով քաղաքական դաշտ, հեգնանքով ընդգծեց. «Հիշո՞ւմ եք, հաճախ նշում էին, թե մեր իշխանությունները Գարեգին Նժդեհ չեն կարդում: Վերջին մի քանի տարիներին համոզվեցի, որ լավ էլ կարդացել են, քանի որ բոլոր քայլերն անում են Նժդեհին ճիշտ հակառակը: Եթե կարդացած չլինեին, մեկումեջ մի քայլ կանեին, որ Նժդեհի առաջարկածին համահունչ լիներ»:
Լրագրող-պատմաբան Գևորգ Յազըճյանն էլ նախաձեռնության հետևում տեսնում է օտար ուժերի. «Այս նախաձեռնությունը կձախողվի: Եթե նախորդ «նախաձեռնողները» ջրից չոր են դուրս եկել, այս անգամ մեկնումեկը պիտի պատժվի: Վախենում եմ, որ մեր այսօրվա կրթության ու գիտության խելոք նախարարը դառնա այս ամենում քավության նոխազ, այնինչ նա այս շախմատային խաղում միայն զինվոր է»,- վստահեցրեց լրագրող-պատմաբանը:
Բանախոսները նաև անդրադարձան այն խնդրին, թե օտարալեզու դպրոցների բացումն ինչքանով ու ինչպես է ազգային անվտանգության հիմքերը խարխլում: «Հասարակության մեջ կլինի շերտավորում: Այսպես կոչված, էլիտար դպրոցներում կձևավորվի մի նոր` էլիտար խավ, բացարձակ ապազգային, արմատներից կտրված, որն էլ գալու է իշխանության»,- նկատեց Կարինե Դանիելյանը: Խաչիկ Ստամբոլցյանը, մեջբերելով հայ մտածողներից մեկին, ասաց. «Երեխան գորգ է, որ պիտի հյուսվի: Եթե նրա հենքը Թումանյան է, գորգը հայերեն է, եթե Նեկրասով, Պուշկին` ռուսերեն»: Բանախոսը նաև գիտականորեն փորձեց բացատրել այս նախաձեռնության բացասական կողմերը: Ճապոնացիները, օրինակ, պարզել են, որ մարդու ազգային լեզվամտածողությունն ուղեղի որոշակի հատվածում է տեղավորված, եթե նա սովորում է այլ լեզու, վերոհիշյալը «պարապ» է մնում, ու նոր կենտրոն է առաջանում: Ստեղծվում է նոր մատրիցա, որտեղ հավաքվում են օտար բառեր, ու ամեն ինչ այդ մատրիցայով է աշխատում:
«Վերջին տասնհինգ տարում մեր կրթական համակարգում կատարած ցանկացած քայլ բացատրում են կրթության վիճակը լավացնելու անհրաժեշտությամբ, հետո տեսնում ենք, որ վիճակն ավելի է վատանում, ու հերթական նորարարությունն են ձեռնարկում, որ վիճակը լավանա»,- հավաստիացրեց Հարություն Մեսրոբյանը, փաստելով, որ մեզ մոտ կառավարման օրենքները չեն գործում, քանի որ նրանք, ովքեր «գլխով պիտի պատասխան տան» իրենց ոլորտի համար, իրենք են «գանգատվում» ոլորտի խնդիրներից: «Այն իշխանություններին, որոնք պատասխանատու չեն նորարարության արդյունքների համար, պետք է արգելել ցանկացած նորարարություն»,- նշեց տնտեսագետը, որը հետաքրքիր դիտարկում արեց իշխանության նախաձեռնությունների առնչությամբ: «Կա դրանց հինգ բնութագրիչ ՝ իրականացվում են, երբ դրսից ֆինանսներ կան, երբ կա անձնական շահ, դրանք ներկայացվում են շատ գրավիչ, իրականացվում են փնթի, վերջում էլ ոչ մեկը դրանց տապալման համար պատասխան չի տալիս»:
«Օտարալեզու կրթությունը երկու բան է նշանակում. Հայաստանում պատրաստել քաղաքացի տվյալ լեզուն կրող պետության համար և մեր փողերով պատրաստել գործակալական ցանց մեր պետության մեջ: Այս օրենքը կանցնի միայն դիակների վրայով»,- սպառնաց Գևորգ Յազըճյանը՝ անընդունելի համարելով խնդրի առնչությամբ հայ եկեղեցու անտարբերությունը: «Զարմանում եմ՝ ինչո՞ւ հայ եկեղեցին ձայն չի հանում, ո՞ւր է Խրիմյան Հայրիկի ոգին, երբ այսօրվա կաթողիկոսն անցնում է նրա շիրմի կողքով»,- ցավով արձանագրում է լրագրող-պատմաբանը:
Ի դեպ, ակումբի հյուրերն այս նախաձեռնությունը դիտարկեցին սոցիալական քարտի, համասեռամոլների միջազգային համաձայնագրին Հայաստանի միանալու իրողության հարթությունում: Տնտեսագետ Հարություն Մեսրոբյանն էլ վերջում կատակեց. «Ինչո՞ւ, երբ տղամարդը հայտարարում է, թե ինքը Կեսարն է, տանում են գժանոց, հենց հայտարարում է, որ կին է, բոլորը սկսում են նրա իրավունքները պաշտպանել»:
Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 1793

Մեկնաբանություններ