Մահափորձ է տեղի ունեցել ԱՄՆ-ի նախկին նախագահ և նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփի դեմ՝ Փենսիլվանիայի Բաթլեր քաղաքում նրա նախընտրական հանրահավաքի ժամանակ։ Թրամփի ականջն է վիրվորվել։ Երկու մարդ սպանվել է, այդ թվում՝ կրակողը՝ Փենսիլվանիայի 20-ամյա բնակիչ Թոմաս Մեթյու Քրուքսը։ Ըստ ԶԼՄ-ների, ոճրագործին գնդակահարել է Գաղտնի ծառայության դիպուկահարը։               
 

«Ինչո՞ւ զուր կառչենք մահվան ճամփեքին, Երբ Աբովյանը... ողջ է մնացել...»

«Ինչո՞ւ զուր կառչենք մահվան ճամփեքին, Երբ Աբովյանը... ողջ է մնացել...»
08.05.2009 | 00:00

ԱԲՈՎՅԱՆ-200
«Երևանիցը հինգ վերստ հեռու մեկ գեղ` հյուսիսային կողմն ընկած, տեղը բարձր, ջուրը քաղցր, օդը գեղեցիկ, չորս կողմը բաղերով լիքը։ Մեջը երկու հրաշալի եկեղեցի, հազար քյալլավա ու այժմ հիսուն տուն կա։ Ամառվա տեղը Երևանու խաների»։ Այսպես է նկարագրում հայրենի գյուղը Խաչատուր Աբովյանը։ Այսօր Քանաքեռի նկարագրին ավելանում է նաև Մեծ քանաքեռցու տուն-թանգարանը։ Մինչ թանգարան դառնալը, այս տունն արդեն ուխտատեղի էր շատերի համար։ Այցելուները գալիս էին անվերջ... 1934 թ. ամռանը Քանաքեռ է գալիս Աղասի Խանջյանը` հետևելու շրջանում բերքահավաքի ընթացքին։ Ասում են` նա այցելում է Ապոյենց տուն։ Չգտնելով այնտեղ ոչ ոքի` հանում է գլխարկը, նստում մուտքի մոտ, մնում 5-10 րոպե, ապա վերադառնում Երևան։
Նույն թվականին Աբովյան փողոցում տեղադրվում է Մեծ լուսավորչի բրոնզե արձանը։
Այս տարի լրանում է Խ. Աբովյանի 200-ամյակը։ Ստեղծվել է կառավարական հանձնաժողով` վարչապետի գլխավորությամբ, մշակվել են հոբելյանական միջոցառումներ (շրջիկ ցուցահանդեսներ, Աբովյանի անվան դպրոցների հետ համատեղ ծրագրեր...): Տուն-թանգարանը, որ պահպանվել էր գրեթե այն տեսքով, ինչպիսին էր 200 տարի առաջ, դեռևս 2005-ին այցելուներին ավելի շատ տխրություն, քան հիացմունք էր պատճառում։ Այն, ինչ հիշում եմ թանգարանի մի ձմեռային այցելությունից, տեղ-տեղ պոլիէթիլենային տոպրակներով ծածկված ցուցասրահն է, թասերը, ուր կաթ-կաթ լցվում էր տանիքից ծորացող ջուրը, թանգարանի անօգնական, շփոթ տեսքը, տեղի բնակիչների անսրտացավ, գրեթե չարակամ վերաբերմունքն իրենց «հարստության» նկատմամբ։
2005-ի օգոստոսից թանգարանի տնօրեն Հովհաննես Զատիկյանի նախաձեռնությամբ սկսվում են վերանորոգման աշխատանքները։ Տեղադրվում են պարիսպներն ու դարպասը։ Տարածքը կանաչապատվում է։ Թանգարանն արդեն ունի վեց համալիր. վերանորոգված է հիմնական մասնաշենքը, նոր են կառուցվել կաթսայատունը, կաթսայատան կողքի կառույցը, պահակատունը, մինչև հոկտեմբեր (Աբովյանի ծննդյան ամիսը) կվերանորոգվեն հին շենքերն ու տոհմատունը։ Ծրագրեր կան նաև ոչ հեռու ապագայի համար` սրճարանի կառուցում, հուշարձանների տեղադրում (Աբովյանի ժամանակակիցների` Աղասի, Աշտարակեցի, Ալամդարյան...), աբովյանագիտական կենտրոնի բացում։ Հ. Զատիկյանը կարևորում է Ծարավ աղբյուրի տեղադրումը, ինչը Քանաքեռի խորհրդանիշն է (ի դեպ, Ծարավ աղբյուրի մոտ հյուրասիրության ժամանակ է Պարրոտը հրավիրել Աբովյանին Դորպատում սովորելու)։
Ամեն բան արվում է եվրոպական ոճով, միևնույն ժամանակ նկատելի է աբովյանական շունչն ու նրա ապրած ժամանակաշրջանը։ Կարգի են բերվում թոնրատունը, մառանը, անգամ ննջարանի հատակը ծածկելու համար Հ. Զատիկյանը փնտրում է խսիր և քեչա գործողների։
Մինչև հոկտեմբեր կավարտվի նաև ցուցասրահի ձևավորումը։ Նորացվել են սեղանները, գրքակալները, լուսավորությունը։ Պատի երկայնքով` դիմացը, պատկերված է Արարատը, հակառակ կողմում Արագածն է` մակագրված Աբովյանի խոսքերով։ Պատերը զարդարող նկարները ներկայացնում են Աբովյանի կյանքն ու գործունեությունը` ծննդից մինչև հավերժացում։ ՈՒշագրավ է մերձբալթյան նկարիչ Վ. Ֆ. Մայդելի աշխատանքը` Խ. Աբովյանի միակ դիմանկարը, Իսաբեկյանի «Ֆ. Պարրոտը և Խ. Աբովյանը Արարատի բարձունքներում» կտավը, Երվանդ Քոչարի «Պարսիկների հարկահանությունը» գրաֆիկական աշխատանքը... Այստեղ են պահվում Աբովյանի ձեռագրերը, անձնական իրերը, հնատիպ հազվագյուտ գրքերը, որոնց հաղորդակից է եղել հայ մեծ լուսավորիչը։ Ցուցասրահին մի առանձին հնչեղություն են տալիս Տարտուից ստացված գրասեղանը, աթոռները, մոմակալները, էստոնական ազգային զգեստները... Իսկ ճանաչո՞ւմ ենք արդյոք Աբովյանին։ «Քիչ է ասել` լուսավորիչ, հայ նոր գրականության հիմնադիր, նա ազգային մտածողության հիմնադիրն էր,- ասում է Հովհաննես Զատիկյանը,- մեր ժողովուրդը հիմնականում Աբովյանին ճանաչում է «Վերք Հայաստանի» վեպով և «Օրհնվի՛ էն սհաթը, որ ռսի օրհնած ոտը հայոց լիս աշխարհը մտավ...» արտահայտությամբ։ Մինչդեռ նա իր կյանքով ապացուցեց, որ սխալվել է։ Դորպատում սովորելու տարիներին արդեն գաղափարական շրջադարձ էր տեղի ունեցել նրա մեջ։ Այդ մասին նա գրում է Ներսես Աշտարակեցուն ուղղված իր նամակում։ Հայտնի ճշմարտություն է` մեծ կայսրությունների ամենավտանգավոր թշնամիները ազգային մտածողություն ունեցող փոքր ժողովուրդներն են... Պետք է վերջ տալ նաև նրա անհետացման շուրջ հյուսված անհիմն առեղծվածներին` ինքնասպանություն, սպանություն` այն էլ թուրքի ձեռքով...»։
Նշված խնդրի շուրջ Հ. Զատիկյանը մամուլում հանդես է եկել հոդվածներով և զրույցի ընթացքում նշեց հետաքրքիր փաստեր, որոնցից մի քանիսը ներկայացնում եմ։
Ցարական օրենքի համաձայն` աքսորյալների, քաղաքական բանտարկյալների ունեցվածքը տնօրինում էր հանձնաժողովը, մահից հետո նոր միայն հանձնվում էր հարազատներին։ 1852-ին Աբովյանն իր ունեցվածքի տնօրինումը հանձնել է կնոջը` Էմիլիեին։ Պետք է ենթադրել, որ մինչև 1853-ը նա ողջ է եղել։
Չեռնիշևսկին Աստրախանում հայերի հետ հանդիպման ժամանակ ասել է, որ աքսորավայրում եղել է Աբովյանի հետ։
Վերջերս Հ. Զատիկյանին հայտնել են, որ Ղազախստանի Սեմիպալատինսկ քաղաքում կա Աբովյանի գերեզմանաքարը։
Սրանք փաստեր են, որոնց հետքերով գնալ է պետք։
Աբովյանի կյանքի, գործունեության, մահվան առեղծվածի վրա լույս են սփռում նաև չորս ժողովածուները, որոնց լույսընծայումը նախատեսված է հոբելյանական տարում («Աբովյան- 200», «Աբովյանը և ժողովրդական բանահյուսությունը», «Աշխարհի բանաստեղծները Աբովյանի մասին», «Աբովյանի անհայտ բացակայության առեղծվածը»)։
Հ. Զատիկյանը զրույցի ընթացքում հայտնեց նաև, որ «Օրհնվի էն սհաթը...» արտահայտության համար Տարտուում Աբովյանի լսարանը, արձանը և փողոցը փոխվել են։ Նրա հիշատակը վերականգնելու համար նախատեսված է միջոցառում Տարտուի համալսարանում։
Ինչպես պարզվել է «Օտար ամայի ճամփեքի վրա» հաղորդման նկարահանման ընթացքում, Հոլանդիայում Խ. Աբովյանի անվան գրական, մշակութային, կրթական ընկերություն է գործում, քայլեր են արվում նրա հետ կապ հաստատելու ուղղությամբ։
Հոբելյանական մեծ միջոցառում է նախատեսված հոկտեմբերին։ Աբովյանի կյանքը, որոնումներն այնքան բազմազան են, որ սրանով ամեն բան չի սահմանափակվում։ Նա մեկն է այն քչերից, որոնց կյանքն ավարտվելուց հետո էլ գնում է դեպի հավերժացում։
Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 8313

Մեկնաբանություններ