ԱՄՆ-ի ներկայիս վարչակազմի կողմից նախկին նախագահ Դոնալդ Թրամփի շուրջ ստեղծված մթնոլորտն է հրահրել նրա դեմ մահափորձը՝ հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: «Ռուսաստանի Դաշնությունը չի կարծում, որ մահափորձը կազմակերպվել է ԱՄՆ-ի գործող իշխանության կողմից, սակայն թեկնածու Թրամփի շուրջ մթնոլորտը դրդել է նրան, ինչին այսօր բախվել է Ամերիկան»,- շեշտել է նա:               
 

«Facebook-ՅԱՆ ՔՎԵԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՎԵՐԱԾՎԵԼ ԵՆ ՍԱՐՔԱԾ ԷՋԵՐԻ ՄԻՋև ՊԱՅՔԱՐԻ»

«Facebook-ՅԱՆ ՔՎԵԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՎԵՐԱԾՎԵԼ ԵՆ ՍԱՐՔԱԾ ԷՋԵՐԻ ՄԻՋև ՊԱՅՔԱՐԻ»
13.03.2012 | 00:00

Ինտերնետը մի իսկական տեղեկատվական հեղափոխություն էր մեր կյանքում։ Համացանցի շնորհիվ այլևս փակ թեմաներ, փակ դարպասներ գոյություն չունեն. բոլորը գիտեն ամեն ինչ բոլորի մասին։ Համացանցը նույնիսկ անվանեցին 21-րդ դարի Չե Գևարա։ Մեկ այլ հեղափոխություն էլ իրականացրին տարաբնույթ սոցիալական ցանցերը։ Ընդ որում, տարեցտարի մեծանում է սոցիալական ցանցերի կշիռը մեր կյանքում։
«Մարքեթինգի (շուկայագիտության) հայկական ակումբ» հասարակական կազմակերպության նախագահ ՏԱՐՈՆ ՊԱՐՍԱՄՅԱՆԸ մեզ հետ զրույցում նշեց, որ Հայաստանում կիրառվող սոցիալական ցանցերից, թերևս, Facebook-ն է, որ կարևոր խնդիրներ է լուծում։ Այն մեր երկրում բուռն զարգացում ապրեց վերջին երկու տարում։ «Տարիներ առաջ կային սոցիալական ցանցեր, որոնք, սակայն, որևէ լուրջ հասարակական-քաղաքական արձագանք չէին տալիս։ Վերջին երկու տարում մի փոքր զարգացում ապրեց թվիթեր միկրոբլոգը, սակայն այդ զարգացումը շարունակական բնույթ չունեցավ։ Այլ է պատկերը Facebook-ի պարագայում։ Ըստ պաշտոնական տվյալների, Facebook-ի հայաստանյան օգտատերերի թիվը, որքան ես հիշում եմ, 250 հազար է։ Բայց ոչ ոք վստահորեն չի կարող ասել, թե դրա քանի տոկոսն է իրական և քանիսը` ոչ իրական։ Մինչդեռ փորձը ցույց է տալիս, որ ոչ իրական օգտատերերը բավականին շատ են, որոնք նախատեսված են այս կամ այն կառույցի քարոզման, PR-ի համար»,- նշում է Տարոն Պարսամյանը։
Ըստ մասնագետի, Facebook-ն ամբողջ աշխարհում իրական քարոզչական գործիք է քաղաքական, կոմերցիոն, հասարակական դաշտերում։ Սակայն Հայաստանում քանի որ շուկան փոքր է, այն ավելի շատ կիրառվում է միմյանց վրա ցեխ շպրտելու, հակասական կարծիք արտահայտելու և շատ հաճախ գովազդ և ոչ թե PR անելու համար։ «PR-ը ենթադրում է, որ ակնհայտորեն չպետք է երևան այս կամ այն նախաձեռնության հովանավորը, իրական նպատակը։ Մինչդեռ Facebook-ում թվացյալ PR-ը կացնային մեթոդներով և շատ ցածր մակարդակով է արվում, և ընդամենը մի քանի օր հետո արդեն բոլորս հասկանում ենք, որ այսինչ օգտատերն այսինչ ուժի կամ անհատի կերպարի առաջմղմամբ է զբաղվում։ Ինչ խոսք, կան նաև պրոֆեսիոնալներ, բայց ինքս Facebook-ը հայաստանյան շուկայում չեմ համարում լուրջ PR գործիք հատկապես քաղաքական դաշտում օգտագործելու համար։ Այն ավելի շատ կարելի է դիտել որպես ինֆորմացիայի տարածման լավ միջոց, բայց ոչ երբեք PR գործիք»,- ասում է Տարոն Պարսամյանը։ Facebook-ը նաև օգնում է` հասկանալու մարդկանց վերաբերմունքը երկրում կատարվող տարբեր փոփոխությունների հանդեպ, հասկանալու, թե հանրությունն ինչից է գոհ, ինչից` դժգոհ։
Facebook-ն այսօր համարում են նաև հեղափոխություններ կազմակերպող սոցիալական ցանց, որոշ երկրներում այն նույնիսկ արգելված է օգտագործել։ Տարոն Պարսամյանը կարծում է, թե Հայաստանում Facebook-ն այդ ներուժը չունի. «Չեմ կարծում, թե արաբական երկրներում Facebook-ից սկսվեցին հեղափոխությունները։ Ինձ թվում է` այդ միտքն ուղղակի դիրքավորել են մարդկանց մտածելակերպի մեջ, ինչ-որ շոշափելի բան ունենալու համար, որպեսզի եթե մյուս երկրներում նման հեղափոխություններ անելու ցանկություն լինի, օգտագործեն այն։ Բայց միևնույն ժամանակ Հայաստանում շատ փոքր եմ համարում դրա հավանականությունը, քանի որ թե՛ իշխանական, թե՛ ընդդիմադիր, թե՛ չեզոք ուժերը շատ լավ դիրքավորված են Facebook-ում և միմյանց հավասարակշռում են»։
Մարքեթինգի մասնագետը համոզված է, որ Facebook-ում ակտիվությունն ավելի շատ վիրտուալ դաշտում է, ինչը հիմնականում չի վերաճում իրական ակտիվության։ Որպես կանոն, այս ցանցում որևէ միջոցառման հրավերն ընդունած օգտատերերի շատ փոքր տոկոսն է այցելում այդ միջոցառմանը։ «Facebook-ում հրավերներ ուղարկելով միջոցառում կազմակերպելու երկամյա փորձ ունենք։ Վերջերս կատարված մոնիթորինգի արդյունքում (ուսումնասիրվել են ավելի քան 100 միջոցառման արդյունքներ) պարզվել է, որ Facebook-ում հրավեր ընդունածների միայն 26,5 տոկոսն է գալիս միջոցառման։ Բայց, միևնույն ժամանակ, պետք է նշել, որ այդ հրավերներն այլ հարց են լուծում. տվյալ միջոցառման վերաբերյալ լայն զանգվածների տեղեկացվածության հարցը»։
Նախընտրական շրջանում տարբեր քաղաքական ուժեր տարբեր հարցումներ են իրականացնում Facebook-ում` կուսակցական պայքար մղելով վիրտուալ սահմաններում։ Ընդ որում, Facebook-յան այդ հարցումների արդյունքները խիստ կասկածելի են, և դրանց առանձնապես լուրջ վերաբերվել պետք չէ։ Ըստ մասնագետի, նույնիսկ շատ ծիծաղելի փաստեր են գրանցվում։ «Նախ` պետք է հստակ սահմանվի, թե ինչ թիրախային խմբի շրջանակներում պետք է անցկացվի այս կամ այն հարցումը, և կոնկրետ հստակեցվի հարցման անցկացման ժամանակահատվածը։ Facebook-ում հաճախ նկատում ենք, որ որոշ քաղաքական ուժեր որքան իրական, դրանից մի քանի անգամ ավելի շատ կեղծ օգտատերեր ունեն։ Այսօր Facebook-յան քվեարկությունները վերածվել են սարքած էջերի միջև պայքարի։ Այդ իսկ պատճառով ոչ մի մասնագետ դրանց լուրջ չի վերաբերվում։ Դրանք միայն կարող են թյուր կարծիք ստեղծել հասարակության շրջանում։ Նույնիսկ նկատել եմ, որ որոշ լրատվական կայքեր հրապարակում են այդ քվեարկությունների արդյունքները, ինչը շատ ցավալի է։ Իրականում խեղաթյուրված արդյունքներ են ներկայացվում հանրությանը։ Մենք նույնիսկ կատարեցինք ուսումնասիրություն քաղաքական ուժերից մեկի իրականացրած հարցումներում, և պարզվեց, որ առաջին տեղը զբաղեցրած քաղաքական ուժի համար 700 քվեարկածներից 300-ն ունեին ռուսական կամ արաբական անուններ, որոնք չկային կենտրոնական ընտրական հանձնաժողովի ընտրելու իրավունք ունեցող անձանց ռեգիստրում»,- նկատում է Տարոն Պարսամյանը և ավելացնում, որ վերջին տարիներին փոխվել են խաղի կանոնները. քաղաքական ուժերը գիտակցում և ներդրումներ են անում նոր տեխնոլոգիաների դաշտում` թե՛ YouTube-ում, թե՛ սոցցանցերում։
Լիլիթ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Դիտվել է՝ 1010

Մեկնաբանություններ