ԱՄՆ-ի ներկայիս վարչակազմի կողմից նախկին նախագահ Դոնալդ Թրամփի շուրջ ստեղծված մթնոլորտն է հրահրել նրա դեմ մահափորձը՝ հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: «Ռուսաստանի Դաշնությունը չի կարծում, որ մահափորձը կազմակերպվել է ԱՄՆ-ի գործող իշխանության կողմից, սակայն թեկնածու Թրամփի շուրջ մթնոլորտը դրդել է նրան, ինչին այսօր բախվել է Ամերիկան»,- շեշտել է նա:               
 

ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՈՂՆԱՇԱՐԸ ՄԻՋԻՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՄԲ ԿԱԴՐԵՐՆ ԵՆ

ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՈՂՆԱՇԱՐԸ ՄԻՋԻՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՄԲ ԿԱԴՐԵՐՆ ԵՆ
18.11.2011 | 00:00

Հետխորհրդային տարիներին կրթական համակարգում նախնական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթական համակարգի դերը կտրուկ նվազել էր։ Ի տարբերություն հանրակրթական և բուհական ոլորտների, որտեղ կրթական բարեփոխումները մեծ ծավալներով էին ընթանում, նախնական և միջին մասնագիտական կրթությունը հետին պլան էր մղվել։ Եվ ստեղծվել է մի իրավիճակ, երբ 100 հազար ուսանողից երկու երրորդը սովորում է բուհերում, մեկ երրորդը՝ միջին մասնագիտական հաստատություններում: Մինչդեռ այլ երկրների աշխատաշուկան ուսումնասիրելիս հակառակ պատկերը կարելի է տեսնել. բուհական և միջին մասնագիտական համակարգերի հարաբերակցությունը 1/10 է՝ հօգուտ միջին մասնագիտական կրթության համակարգի։
Վերջին շրջանում, սակայն, աճել է հանրային ուշադրությունը միջին մասնագիտական կրթության նկատմամբ: Վերջին երկու տարիներին քոլեջներում և ուսումնարաններում թափուր տեղեր գրեթե չեն լինում:
Երևանի համար 1 արհեստագործական ուսումնարանի տնօրեն ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ նշում է, որ վերջին երեք տարիներին բավականին ավելացել է իրենց դիմորդների թիվը։ Գործատուների հետ կապը պահպանվում է։ Ըստ տիկին Գրիգորյանի՝ գործատուն անպայման պետք է ներգրավված լինի կրթական պրոցեսում, որովհետև այն վերջնական արդյունքը, որ տալիս է կրթական համակարգը, սպասարկում է գործատուին և պետք է բխի նրա պահանջներից։ «Արտադրական պրակտիկան ուսանողներն անցնում են գործատուների մոտ։ ՈՒսանողները, աշխատելով հմուտ մասնագետների հետ, կարողանում են մեծ փորձ ձեռք բերել, գիտելիքներ կուտակել։ Մեր շրջանավարտներն աշխատանք հիմնականում գտնում են»,- ասում է Սոնա Գրիգորյանը։ Թեև Երևանի համար 1 արհեստագործական ուսումնարանը տեխնիկապես հագեցած չէ, սակայն տնօրենը վստահեցնում է, որ աշխատանքներն այնպես են տարվում, որ բոլոր գիտելիքները հնարավոր լինի փոխանցել ուսանողներին։ Սոնա Գրիգորյանը նշում է, որ ուսումնարանը նյութատեխնիկական բազայի բարելավման կարիք ունի։ «Հասարակության մեջ ժամանակին արհեստավորները շատ էին գնահատվում։ Խորհրդային տարիների փլուզումից հետո խզում առաջացավ, արհեստագործական ուսումնարանները դուրս մնացին ուշադրությունից, սակայն այժմ արդեն վերականգնվել է արհեստավորների համբավը։ Այսօր մեզ զանգահարում են շինարարական կազմակերպություններից՝ պահանջելով զոդողներ, կռունկավարներ, կահույքի արտադրամասերում էլ փայտամշակողների կարիք ունեն։ Երիտասարդ մասնագետների պահանջն այսօր մեծ է։ Նախկինում մարդիկ «ուսումնարան» բառը լսել չէին ցանկանում։ Երիտասարդները, չգիտես ինչու, գերադասում էին սովորել բուհում։ Սակայն մեզ մոտ են գալիս բարձրագույն կրթություն ունեցող շատ երիտասարդներ (իրավաբաններ, տնտեսագետներ)՝ նոր մասնագիտություն ստանալու»,- նշում է ուսումնարանի տնօրենը։
Գյումրու համար 1 արհեստագործական ուսումնարանի տնօրեն ԳՐԻԳՈՐ ՄԿՐՏՉՅԱՆԸ մեզ հետ զրույցում նշում է, որ բոլոր ժամանակներում էլ արհեստագործների և արհեստավորների պահանջ եղել է, մանավանդ արհեստագործական ավանդույթներ ունեցող Գյումրիում։ Ըստ տնօրենի՝ մինչև այժմ իրենց շրջանավարտների 30-35 տոկոսն ավարտելուն պես անմիջապես մասնագիտությամբ աշխատանք է գտնում։ Քիչ տոկոս չէ` հաշվի առնելով աշխատաշուկայի ներկա վիճակը։ «Գյումրիում այդքանն էլ որ տեղավորվում են, մեծ բան է,- ասում է Գրիգոր Մկրտչյանը,- արհեստավորների պահանջը շատ շատ է։ Այսօր ամբողջ Հայաստանում կառուցապատման մեծ աշխատանքներ են տարվում, և այդ շուկան մասնագետներով ապահովելու խնդիր կա։ Ամեն տարի 100 տեղ է հատկացվում մեր կրթօջախին, բոլոր 100-ն էլ համալրվում են»։
Գյումրեցի պատանիները ձգտում ունեն դեպի ավանդական արհեստները։ Գյումրեցու սերը դարբնության նկատմամբ երևի թե գենետիկորեն է գալիս։ «Դարբնությունը մինչև այժմ էլ պահպանվում է, պարզապես եթե մեր պապերի ժամանակ դարբինները պատրաստել են մանգաղ, գերանդի, մուրճ, այսօր ստեղծում են այնպիսի գեղարվեստական աշխատանքներ, որ երբեք չես պատկերացնի, թե մարդը կարող է այդպիսի շունչ տալ երկաթին»։
Ոլորտի մասնագետները նշում են, որ տարիների ընթացքում կուտակվել են բազմաթիվ խնդիրներ, որոնք խոչընդոտում են միջին մասնագիտական համակարգի արդյունավետ զարգացմանը։ Մասնավորապես համակարգի առաջարկը չի բավարարում աշխատաշուկայի պահանջները և՛ քանակական, և՛ որակական ցուցանիշներով։ Առկա խնդիրներից է դասախոսների անհամապատասխանությունը ժամանակակից ուսումնական գործընթացին։ Որակապես հնացած դասավանդման ձևը, որը ժամանակակից գիտելիքների և դասավանդման մեթոդների բացակայության հետևանք է, բացասաբար է անդրադառնում մասնագիտական կրթության որակի վրա։ Լաբորատորիաներում, արհեստանոցներում ժամանակակից ուսումնական տեխնիկայի ու սարքավորումների, ինչպես նաև ժամանակակից դասագրքերի, ուսումնական ձեռնարկների և մեթոդական երաշխավորությունների բացակայությունը նույնպես անդրադառնում է մասնագիտական կրթության որակի վրա։
Լիլիթ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Դիտվել է՝ 1402

Մեկնաբանություններ