Մահափորձ է տեղի ունեցել ԱՄՆ-ի նախկին նախագահ և նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփի դեմ՝ Փենսիլվանիայի Բաթլեր քաղաքում նրա նախընտրական հանրահավաքի ժամանակ։ Թրամփի ականջն է վիրվորվել։ Երկու մարդ սպանվել է, այդ թվում՝ կրակողը՝ Փենսիլվանիայի 20-ամյա բնակիչ Թոմաս Մեթյու Քրուքսը։ Ըստ ԶԼՄ-ների, ոճրագործին գնդակահարել է Գաղտնի ծառայության դիպուկահարը։               
 

ՃԳՆԱԺԱՄԻ ԺԱՄԵՐԳՈՒԹՅՈՒՆ` ՍՏԵՂԾԱԳՈՐԾԱԿԱՆ ԹՄԲԿԱՀԱՐՈՒԹՅԱՄԲ

ՃԳՆԱԺԱՄԻ ԺԱՄԵՐԳՈՒԹՅՈՒՆ` ՍՏԵՂԾԱԳՈՐԾԱԿԱՆ ԹՄԲԿԱՀԱՐՈՒԹՅԱՄԲ
11.02.2011 | 00:00

«Այս պահին ներկա տասնյակ գրողների, մշակույթի գործիչների, ինչպես և ինձ համար, ընթացիկ դատավարության հիմքում սոսկ ՀԳՄ համաբուժարանի առք ու վաճառքի խայտառակ գործարքը չէ, քանի որ այն, ասես, ջրի կաթիլի մեջ, խտացնում է մեր դառն ու խառնակ իրականության պատկերը և մեզ մղում է հերթական անգամ հնչեցնելու ճակատագրական հարցը` ո՞վ է, ի վերջո, այս անշքացող երկրի իրական տերը` նրա՞նք, թե՞ մենք»։
Լևոն ԱՆԱՆՅԱՆ
ՀՀ վերաքննիչ դատարանում արտասանած ճառից

ԲՐՅՈՒՍԵԼ-ՍՈՄԱԼԻ-ՔՐՋԻ ԲԱԶԱՐ
(պամֆլետ-նամե)
Հայի վերջին խելքի մասին հեքիաթը մոգոնել են հերետիկոսները։ Կամ` բոշաները, բանսարկուները, բաշիբոզուկները։ Կամ էլ, գուցե թե առաջին և վերջին խելքերի միջև շախմատային փոխատեղություն կատարվեց` կարճ թևի վրա։ Հենց էն պահին, երբ օպերայի տանիքից խորհրդանշան-մանչուկը շեփորեց Շարժման կանչը (այսինքն` Աթանես Ղամբարյանի գետանցման դոպինգը)։ Ի դեպ, ինչո՞ւ չի սահմանվում «Աթանեսի անվան սահմանախախտի» հուշամեդալ։ Եռագույն, պլատինակոփ, մարգարտաշար։ Անհրաժեշտ է, զի ժամանակի ոգին է, շունչը, խիղճը։ ՈՒրեմն ահա թե ինչ, խոշոր եղջերավորների (ցուլ, կով, երինջ, մոզի, հորթ ու չոբան) և մանր կճղակավորների (ուլ, այծ, ոչխար, խոյ ու հովիվ) ամենամեծ խմբաքանակներն Արազն անցկացնող բիզնես-վումնն արժանանում է հուշամեդալին։ Բա՜յց... էստեղ, սակայն, մի խելամիտ բայց կա։ Նախիրների և հոտերի աշխույժ անցումը հայրենակարոտ բառաչի, թառանչի, մայունի ու մկկոցի ուղեկցությամբ գործի կեսն է։ ՈՒ դրանով շքանշան չես վաստակի։ Հուշամեդալ` «Աթանես Ղ.», շքանշան` «Բագրատյան Հ.»։ Զի մաքու ու երինջի միսը համաշխարհային գնով պիտի սահեցնել Առաջավոր Ասիայի և Արևմտյան Եվրոպայի շուկաներում։ Այսինքն` ճշգրտել գինը և նույն գնով սաղացնել հայրենի շուկաներում։ Թե չէ ուղղակի խայտառակություն է, մեր խնկամեղր պանիրը, օրինակ, Բրյուսելի մարկետներում արժե, դիցուք, 10 եվրո։ Սոմալի ընչաքաղց երկրի դուքանում` 1,5 ֆրանկ։ Երևանի քրջի բազարի մշտարթուն-արհեստավարժ հարբեցողները յաթրջին գանգատուփը քաշելուց հետո մի դուռում լավաշ-պանրով են պատմամշակութային սույն գործընթացը արժևորում։ Պանրի գինը` 7 դոլար։ Այսպիսով ի՞նչ ու ինչպե՞ս, Սոմալի՞, թե՞ Բրյուսել։ Եթե հայրենական պանրի գինը սահմանում ենք 1,5 ֆրանկ (ինչը ժողովրդավարների, գործազուրկների և կուսակցական ներքնախավի երազանքն է), հավասարվում ենք Սոմալի երկրին։ Այսինքն, գարուն թե ամառ ման ենք գալիս կիսամերկ, լոգանք ենք ընդունում ջրհորդանի տակ պպզած, սնվում ենք բացառապես հումանիտար բրնձով, լոբով, սիսեռով։
Հայրենի վերնախավը` քաղաքատնտեսական, տնտեսամենաշնորհային և մենաշնորհա-բազարային շրջադարձ է ապահովում մեր ենթագիտակցության, այնուհետև վարքականոնի և վերջապես հուզախռով հույսերի մեջ։ Այսինքն, մեզնից կրթում-կերտում է եվրոպեոիդներ։ Պանիրը` բրյուսելյան, ձկնեղենը` մոսկովյան, ծիրանը` նյույորքյան գնային սանդղակով։ Վերջերս, հոգին բերանը հասած, հայրենի կառավարության ղեկավարն էր ստիպված լիկբեզի ենթարկում հանրության օպորտունիստ ու միտինգասեր հատվածին։ Ի դեպ, լիկբեզն անգրագիտության վերացումն է, սՌՍՉՌՊՈՓՌ ոպջչՐՈՎՏՑվՏրՑՌ։ Այս ուշագրավ հնարքը կիրառում էին կարմիր բոլշևիկները գյուղերի ու աուլների անգրագետ ընդդիմախոսներին դարձի բերելու պետականաշահ մղումով։ Օրինակ, կթվորուհին նվազագույնը պիտի տիրապետեր կիբեռնետիկայի այբուբենին, հնձվորը` բնագիտության հիմունքներին, կալվորը` կենսաբանության օրինաչափություններին։ Մի խոսքով, հայրենի կառավարությունից հրովարտակներ հղվեցին ի լուր հայության. ձկան (իշխան-կարմրախայտի, սիգ-կողակի և յաբանի-պնդաճակատի) հայկական գնին ավելանում են տրանսպորտային ծախսերը և ռուսական շուկայում ձևավորվում է բարձր գին... որը և թելադրում է գնագոյացումը ՀՀ-ում։ Միևնույնը` մրգի, նույնը` պահածոյի պարագայում։ Բա՜ս։

Հայի վերջին խելքը, էսպես ու էնպես, վազանցել ու դմբզահարել է առաջինին։ Եվս մի երկու նախընտրական-շուկայական փոխանցումավազք, և աշխարհի պորտալարը կկտրեն Ապարանի կամ Սիսիանի, Յուվայի կամ Խաշթառակի ծննդատներում։ Քանզի Բրյուսելում, Պրահայում, Բոտսվանայում և Բիրոբիջանում տեղական արտադրանքը վաճառում են համաշխարհայինից ահագին ցածր։ Կեղծ ժողովրդավարական պորտապար են բռնում։ Ներկա սերնդին հաճոյանում են ապագա սերնդակիցների հեռանկարների հաշվին։ Չէ, մեր վերջին խելքը փրկություն էր։ Թե չէ առաջինը համոզում-հուզվում էր, թե հա՜յ-հավար, էս ինչ եք անում, Համաշխարհային բանկի լակեյներ, էդ ո՞նց եք տեղում արտադրվող էլեկտրաէներգիայի գինը նույնացնում արտահանվողի հետ։ Էս ախմախ դարդիմաններին թվում է, թե քո հայրենի գետերի ու առուների շնորհիվ լի ու բոլ ստացած էներգիան ջրի գնով պիտի վաճառվի գետերում և առուներում մանկությունը վայելած հայաստանաբնակ «քաղբանտարկյալներին» (հազար ու մի քանի ներողամտություն քաղաքացիներին)։ Ինչպես անում է Թուրքմենբաշին։ Կամ Իլհամիկը։ Նաև Միշիկոն, Բատկան, Չինաստանի գենսեկը...
Մեղադրելու առիթ` չիք։ Կարեկցել է պետք։ Զի նրանք հայի վերջին խելք ո՛չ ունեցել են, ո՛չ էլ, մեր մեջ ասած, Տերը խնայի, թե որ ունենան։
Հ. Գ. -Պամֆլետիկ-խայթոց։ Գրողը տանի ու հետ չբերի։ Եթե մետրոպոլիտենի հերթական կայարանն այսպես էլ չի կառուցվելու, եկեք ազգովին երթուղային մեկ-երկու-երեք գիծ գծանցենք Չարբախ-Բաղրամյան հետագծով։ Իսկ ազատված վագոնները տրամադրենք մայր ոստանին ի ծառայություն որպես բարեկիրթ շուկաներ, քաղաքակիրթ արտաքնոցներ, եվրակրթված հրաձգարաններ և, վերջապես, համազգային ծխարաններ։

ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՄԱՔՍԱԶԵՐԾՈՒՄՆԵՐ` Ի ՊԱՏԻՎ «ԿՈՈՊԵՐԱՏՈՐՆԵՐԻ»
(լրջախոհ ֆելիետոն)
Երրորդ հանրապետությունում գործում է կամ գործունեության պատրանք է ծնում` «Մշակութային օրենսդրության հիմունքների մասին» օրենքը։ Օրենք է, ի հայտ է եկել, բազում վսեմ ճակատներ են տառապանքի զիգզագներով ակոսվել, բազմաբնույթ բանավեճեր են բռնկվել, շուրջպար բռնել ու շորշոփահարվել։ Ի վերջո, երկար սպասված զավակը հատուկ գուրգուրանք է պահանջում։ Նաև յուրահատուկ «պրոտեկցիոնիզմ»։ Զի ահա ինչ է պատգամում երկրին ու ազգին պետական մշակութային քաղաքականությունն իր չորս առաքելություններով.
ա) Հասարակության կողմից մշակույթի` որպես զարգացման միջոցի գիտակցումը։
բ) Նոր արժեքների և նոր գաղափարների որոնումը։
գ) Հասարակության ստեղծագործական ներուժի վերարտադրման և զարգացման համար պայմանների ստեղծումը։
դ) Քաղաքացիական հասարակության ձևավորումը։
Հուզվեցի՞ք։ Դիմանալ է պետք, սպասվում են նոր հուզումներ, հիացումներ և հիասթափություններ։
Նախ` վերստին հուզվենք։ (Ասում են` հույժ առողջարար է գալիք հիասթափությունից առաջ)։
Այսպես, օրենքը ենթադրում է, որ մինչև իր լույս աշխարհ գալը հասարակությունը ոչ մի կերպ չէր գիտակցում (գլխի չէր ընկնում), որ մշակույթը զարգացման միջոց է։ Եվ ճիշտ է ենթադրում, ազնվորեն հավաստում։ Զի մեր կյանքում մշակույթը եղել է, կա (և Աստված մի արասցե, եթե մնա) որպես ամենապատվաբեր, պատասխանատվությունից անասելի հեռու, նաև նվազագույն ռիսկայնությամբ գերապահովված բիզնես-ոլորտը։ Եկեք հիշենք, թե քանի օպերային ներկայացում է տրվում Ազգային օպերային թատրոնի բեմում։ Մե՞կը, երկո՞ւսը։ Գուցե թե երեք-չո՞րսը։ Այնինչ համապատասխան գումարի շրջանառման պարագայում, ըստ էության, հնարավոր է կազմակերպել և իրականացնել թե՛ նորելուկ «աստղիկների» հերթական բանակումը, թե՛ ռաբիս երգահանի հոբելյանը նշել, թե՛ ոմն մեկի ծննդյան տոնը, ոմն մյուսի արծաթյա հարսանիքը կամ էլ գուցե թե հանրապետական փառատոն` «Տարվա անմոռանալի խաշկերույթը» անվանակարգում։ Նույն իրավիճակն է գրեթե ամենուր։ Գրեթե յուրաքանչյուր բեմում։ Գրեթե առանց սահմանափակման, արժեքային սանդղակի պահպանման, առհասարակ, տարրական պարկեշտության։
Երկրորդ դրույթը, առհասարակ, իմաստազուրկ է։ Ինչ նոր արժեքի ու նոր գաղափարի որոնման մասին է խոսքը, երբ ամեն բան վաղուց և վարպետորեն գտնված և փորձարկված է։ Ահա հերթական բարձր հովանին և բեմահարթակների ու հեռուստաեթերի հերթական ակոսումը մշակութային ակնհայտ գրագողության հերթական հեղեղով։
Արժեքները, այո, նորանկախ մեր իրականությունում ճշգրտվում-սահմանվում են ցուցքի (նույնն է թե` շոուի) տիրակալության գրավյալ տարածքներում։ Գաղափա՞րը։ Մարտնչող, գրոհային ու ինքնաբավ մշակութազերծումը։
Եվ, թողնելով «Քաղաքացիական հասարակության ձևավորում» ակնհայտ պոպուլիստական-թռուցիկային դրույթը, անդրադառնանք խնդրո առարկային` «Հասարակության ստեղծագործական ներուժի վերարտադրման և զարգացման համար պայմանների ստեղծմանը»։
Հանրապետության ստեղծագործական ներուժի հիմնական կրողը, հետևաբար և վերարտադրողն ու զարգացման համար պայմանների ստեղծողը Հայաստանի ստեղծագործական յոթ միություններն են։ 2010-ին վավերականություն ստացավ, հանրության համար թերևս անհասանելի, ստեղծագործական միություններ-պետություն չհայտարարված պատերազմի յոթ տարին։ Արժեր նշել և, ինչու չէ, հուշարձան-կոթող տեղակայել ԱԺ այգում։
Ընդ որում, պատերազմը հրահրել են իշխանությունները։ Ինչո՞ւ. հարցը պատասխան չունի։ Չունի տրամաբանության սահմաններում։
Հանուն ինչի՞. ենթադրությունները մեկը մյուսից ծանրակշիռ են։
Սակայն ենթադրությամբ առաջնորդվելը, հասկանալի է, փակուղի է տանում։ Փակուղում օրենքի հակադարձողներն են, չհայտարարված պատերազմի հրահրիչները։ ՈՒ թող նրանք էլ խորհեն ու մտատանջվեն ենթադրական մակարդակում։ Զի որևէ բանական պատասխան հետևողական մերժումներին չկա, սկսած 2003-ից։
Անկեղծ լինենք, անգամ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի օրոք օրենքը ելման կետից թիզ անգամ առաջ չգնաց։
Սակայն չէ՞ որ հանգուցյալ վարչապետն անվերապահորեն առաջինն էր (ակնհայտ է դառնում` նաև վերջինը), որն ազգային մշակույթը հովանու տակ էր առել գործով, նպատակային, հեռանկարային ներդրումներով։ Գրողների տան հիմնանորոգում, բազմաթիվ պատկերագրքերի լույսընծայում, ներկայացումների բեմականացում, չարքաշության մեջ դեգերող մշակույթի ու արվեստի մշակների սատարում` «Լճափին նստած սովյալին ձուկ մի տուր, նրան կարթ տուր ու սովորեցրու ձուկ բռնել» սկզբունքով։ ՈՒ այսօր ազգային մշակույթի ու արվեստի երախտագետ հիշողությունը վառ է պահում հիշատակը նրա։ Հիշատակն ազգային մշակույթին թիկունք դարձած վարչապետ Անդրանիկ Մարգարյանի։
Ցավոք, դա ընդամենը մեկ գործչի անձնական ներդրումն էր, ոչ պետական ռազմավարության դրսևորում։ Կամ` ՀՀԿ գաղափարահենք։
Ասվածի փայլուն վկայությունն է ներկա կառավարության բավականին կարծր դիրքորոշումը ստեղծագործական միությունների մասին օրենքի ընդունման պարագայում։
Մեկ-երկու քննարկում, թվում է, սայլը պիտի որ վերջապես շարժվեր, սառույցն էլ հալչեր։ Բայց այս խնդրում շաբաթն ուրբաթից անպատճառ շուտ է գալիս։ Բանը հասնում է դիվանբաշուն. հարցը լուծվում է գեղական կարգով։ Ստուգաբանենք։ Դիվանբաշին ՀՀ կառավարությունն է` արդարադատության փոխնախարարների դեմքով։ ՈՒ դեմքն այդ չափազանց խստաբարո է, անվրեպ հետևողական, անշեղ հաստատակամ։ Բայց հենց էնտեղ, որտեղ կարծես պետք է առավել լայնախոհ ու ոչ ոխակալ լինել։
Առհասարակ ինչ-որ քինոտ վրեժխնդրության գարշահոտ է բուրում ստեղծագործական միությունների հանդեպ որդեգրած գործընթացներում։ Ճիշտ հակառակ պատկերն է «կոոպերատիվ դաշնակցության» սկզբունքով ի հայտ եկած, ժամանակի ընթացքում ոտն ի գլուխ վարկաբեկված, դեղնացոլք մամուլի խնամառության տակ հանգրվանած, որպես հետևություն` նյութաֆինանսական միջոցների պակաս երբևէ չունեցած այլընտրանքային ստեղծագործական խմբավորումների պարագայում։
Եվ ահա հարց է առաջ գալիս, գուցե այլընտրանքային-արկածախնդրական միությունների մասի՞ն օրենք ընդունվի և դրանք ծաղկեն-բարգավաճե՞ն։
Գուցե։ Իսկ այժմ ստիպված ենք փաստել. երրորդ հանրապետությունում այլընտրանքը դավադիր գործընթաց է, ականապատ դաշտ, ուր քսան անկախ տարի որոտում են իշխանական այս ու այն ուժակենտրոնի տեղակայած ականները։
ՈՒ այստեղ պարզունակ կլիներ ենթադրել, թե մոլեմսխուն կապիտալի գերնպատակը միությունների խիստ ախորժաբեր շինությունների զավթումն է։ Ամենևին։ Շատ ավելի խորքային խնդիր կա. ազգային մշակույթը գլոբալիզացիայի ենթարկելով ճգնաժամի դուռը հասցնել։ Զի ազգային մշակույթը երկրի անկախության շրջափուլում զարգանալով կարող է իրական վտանգ ներկայացնել իշխանակառավարական և վարչատնտեսական օլիգարխիայի համար։ Քանզի զարգացած մշակութային դաշտում սեփական «ես»-ի անկախությունն ապահոված, սեփական արվեստով հանապազօր հացը վաստակող մշակույթի ու գիտության մշակներն ուղղակի չէին հանդուրժի օլիգարխիայի գոյությունը։ Ասենք, մշակութային հաղթարշավներում իշխանատնտեսական վերնակույտը պարզապես չէր էլ առաջանա։
Մոլախոտն անտերունչ այգում է խաղի կանոններ հաստատում։

Մտավորականի ամլացման դիվային ծրագիրը բավականին արդյունավետ է եղել աշխարհի շատ տիրակալություններում։ Սա հանրահայտ է։ Սակայն թերևս ոչ բոլորին է ծանոթ առաջին հայացքից արտառոց մի հանգամանք. ստալինյան բռնապետության հաստատմամբ լուծարվեցին կայսրության սրճարանները։ Ազատ մտքի ու անկախ ոգու կղզյակների գոյությունն անհամատեղելի էր բռնապետության արժեհամակարգում։
ՈՒ մի՞թե պատահական էր, որ 90-ականներին դադարեցրին գործունեությունը մայրաքաղաքի ու հանրապետության բարոյահոգևոր կրթարանները, «Միջանցահովիկը», «Կոզիրյոկը», «Պոպլավոկը», «Դերասան» և «Նկարիչ» սրճարանները։

ԱԺ-ում եթե հարցում անցկացվի` դե՞մ են, թե՞ կողմ ստեղծագործական միությունների մասին օրենքի ընդունմանը, թոզն ու դումանն օվալաձև դահլիճի երկնակամարում հուզախռով զեղումների ծիածաններ կկապեն։ ՈՒ ահա 131 պատգամավոր լիասիրտ կողմ է, բնավ դեմ չէ, նվազագույնն աննշան վերապահումներ ունի վերոնշյալ օրենքի ընդունման հարցում։ Սակայն բավ է կառավարության ներկայացուցիչը ներխուժի խորհրդարան ու սեփական տեսակետն ագուցի երեսփոխանների պարանոցին, և օրենքը հերթական անգամ հետնախորշում է հայտնվում։
ՈՒշագրավ մեջբերում։ 2011-ի հունվարի 11-ին կառավարությունում հրավիրվում է Գարեգին Նժդեհի 125-ամյակի տոնակատարությունը նախապատրաստող հոբելյանական հանձնաժողովի նիստը։ Հանձնաժողովը հավուր պատշաճի ձևավորում է առաջարկությունների փաթեթը, ուր շա՜տ ուշագրավ մի կետ կա։ Մեջբերենք. «Հայաստանի գրողների միությանը», «Հայաստանի երաժշտագետների և կոմպոզիտորների միությանը» և... «Աշխարհի հայ նկարիչների միավորմանը»` հայտարարել Գ. Նժդեհին նվիրված գրական, երաժշտական և նկարչական ստեղծագործությունների մրցույթ։
«Աշխարհի հայ նկարիչների միավորում» կոչվածն ի հայտ է եկել 2009-ին, ՀՆՄ նորելուկ անդամ Ղազար Միրզոյանի համանախագահությամբ։ Եվ մեկեն հայտնվել է կառավարության ու Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի հովանու տակ։ Վատ չէ։ Եվ ահա, անհայտ ծագման սույն կառույցը շրջանցում է ավանդական միությանը վերոնշյալ հովանավորների բացահայտ սատարմամբ։ Սակայն ի՞նչ է նշանակում «աշխարհի հայ նկարիչ», ո՞րն է նրա գործունեության առանցքը, ո՞վ կամ ե՞րբ է Ղազարին և մյուս համանախագահին ընտրել։
Եվ, առհասարակ, «կոոպերատիվ դաշնակցության» հիմունքներով գործող տվյալ միավորումն ո՞ւմ հրահանգով է ցուցահանդեսներ կազմակերպում Հայաստանի ազգային պատկերասրահում (ընդ որում, բավականին ցածրաճաշակ ցուցահանդեսներ) և այսօր էլ երկինք-գետին խառնում... Հայաստանի նկարիչների միությունում հերթական ցուցահանդեսը սաղացնելու նպատակով։

Հանրապետությունում գրանցված է 5500 հասարակական կազմակերպություն։ Դրանց ճնշող մասի բուն նպատակը գրանտաշորթմամբ հակահանրային և հակապետական արժեքների սերմանումն է։ Ոչինչ ավելի և ոչինչ նվազելի։ Եվ սա հիանալի հայտնի է թե՛ կառավարությանը, թե՛ խորհրդարանին։ Եվ ավանդական յոթ միություններին այս խառնամբոխը միակցելը, իհարկե, աննպատակ չէ։ Այնինչ խորհրդարանը պատրաստվում է կյանքի կոչել օրենք գրադարանների մասին։ Հերթում թանգարաններն են։ Ի դեպ, գրադարանների մասին, անշուշտ, անհրաժեշտ օրենսդրության նախաձեռնությունը մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանինն է, որը 2010-ի նոյեմբերի 3-ին արժանացավ ԱԺ նախագահի լուրջ աջակցությանը։
Այդպիսի բաներ...
Վրեժ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Դիտվել է՝ 1525

Մեկնաբանություններ