Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ Իսրայել ներխուժելու վերջին սպառնալիքին չպետք է անլուրջ վերաբերվել, դա վկայում է Անկարայի մշտատև տարածաշրջանային հավակնությունների մասին՝ Fox News Digital-ի հետ զրույցում հայտարարել է Կիպրոսի կառավարության խոսնակ Կոնստանտինոս Լետիմբիոտիսը: «Մենք հիանալի գիտենք անօրինական ներխուժման հետևանքների մասին և բոլոր սպառնալիքներին չափազանց լուրջ ենք վերաբերվում», - հավելել է Լետիմբիոտիսը:               
 

«ԱՆՑՅԱԼԻ ԼԱՎԸ ՊԵՏՔ Է ՎԵՐՑՆԵԼ ՈՒ ՆՈՐԻ ՀԵՏ ԱՊԱՀՈՎԵԼ ԴՐԱ ՇԱՐՈՒՆԱԿԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ»

«ԱՆՑՅԱԼԻ ԼԱՎԸ ՊԵՏՔ Է ՎԵՐՑՆԵԼ ՈՒ ՆՈՐԻ ՀԵՏ ԱՊԱՀՈՎԵԼ ԴՐԱ ՇԱՐՈՒՆԱԿԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ»
25.11.2011 | 00:00

«ԿԼՈՐ ՍԵՂԱՆ». Ի՞ՆՉ Է ՆՇԱՆԱԿՈՒՄ ՊԱՐԵՆԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆ

«Յուրաքանչյուր երկրի ազգային անվտանգության կարևորագույն բաղադրիչներից մեկը պարենային անվտանգությունն է». այս միտքն արծարծվում է գրեթե բոլոր պաշտոնյաների ելույթներում, բայց գործը հայտարարություններից այն կողմ չի անցնում: Երբ խնդիրը տեղափոխվում է գործնական հարթություն, ոլորտի պատասխանատուներն առաջնորդվում են «ինչքան հեռու, այնքան լավ» սկզբունքով, ինչն էլ դրսևորվեց հարցի վերաբերյալ «Կլոր սեղան»-ի քննարկման ժամանակ:
«Կլոր սեղան»-ի մասնակիցներն են ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր ԼԵՌՆԻԿ ԱԼԵՔՍԱՆՅԱՆԸ, գյուղնախարարության սննդի անվտանգության ծառայության ներկայացուցիչ ԲԱԳՐԱՏ ՊԻՊՈՅԱՆԸ, ԱԱԽ աշխատակազմի ներկայացուցիչ ՍՈՒՐԵՆ ԴԱՎԹՅԱՆԸ և ԽԱՉԻԿ ՍՏԱՄԲՈԼՑՅԱՆԸ։

ԼՐԱԳՐՈՂ- 20 տարի շարունակ մեր երկիր է ներկրվում կասկածելի փաթեթավորմամբ վտանգավոր սննդամթերք, ու միայն այս տարի կառավարությունը սեղանին դրեց ՀՀ պարենային անվտանգության ապահովման հայեցակարգը: Գոնե այսօր մեզ հայտնի՞ է, թե որոնք են Հայաստանում պարենային անվտանգությանն սպառնացող գործոնները:
ՍՈՒՐԵՆ ԴԱՎԹՅԱՆ- Իհարկե: Ձեր նշած փաստաթուղթը հստակ սահմանում է երկրի ՀՀ պարենային անվտանգության մարտահրավերներն ու սպառնալիքները: Ռազմավարական տեսանկյունից պարենային անվտանգության ապահովումը մի քանի գործոններով է պայմանավորված, առկա է և՛ տնտեսական, և՛ սոցիալական գործոնը:
ԲԱԲԿԵՆ ՊԻՊՈՅԱՆ- Սննդամթերքի անվտանգությունը պետք է դիտարկել երկու տեսանկյունից` որակի և անվտանգության: Ցավոք, այսօր հնարավորություններ չունենք միաժամանակ երկու խնդիրն էլ լուծելու: Դա է պատճառը, որ այսօր առաջնային ենք համարում սննդի անվտանգության հետ առնչվող խնդիրների լուծումը: Օրինակ, եթե 1000 և 4000-դրամանոց սննդամթերքը տարբերվում է որակական ցուցանիշներով, ապա գոնե պետք է հասնել նրան, որ 1000 դրամանոցը մեր քաղաքացու համար լինի անվտանգ` չպարունակի օրենքով արգելված սննդային հավելումներ: Օրինակ, կաթի մեջ չլինեն ստաֆիլոկոկ, անտիբիոտիկներ, աղիքային ցուպիկ, իսկ թե տվյալ կաթը 3,2, թե՞ 1,9 % յուղայնություն ունի, սա այլ հարց է, սրա լուծումն էլ կտրվի հաջորդ փուլում:
ԽԱՉԻԿ ՍՏԱՄԲՈԼՑՅԱՆ- Երկրի բնակչության աճով պայմանավորված` 20-րդ դարի 2-րդ կեսից գիտնականները սկսեցին «նվաճումներ» ներդնել սննդամթերքի ոլորտում: Օրինակ, սկսեցին հորմոնային կերով խթանել մսատու կենդանիների աճը: Հետո պարզվեց, որ հորմոնները, փոխանցվելով մարդուն, առաջացնում են հիվանդագին երևույթներ: Սակայն հորմոնների միջոցով սննդի աճի ավելացումը շահագրգռեց բիզնեսմեններին, գերշահույթների ստացումը դարձավ առաջնային` ինչ անել, որ շատ արտադրվի ու շատ վաճառվի: Եվ հորմոնային սնունդն ավելի տարածում ստացավ: Օրինակ, նախկինում հացը Երևանում թխվում էր երկու անգամ` առավոտյան և երեկոյան: Մնացած 8 ժամերին այն հասունացվում էր: Սակայն մշակվեցին քիմիական նյութեր, բարելավիչներ, որոնք, խառնելով խմորին, շաղախել-թխելու տևողությունը կրճատեցին 8 ժամից հասավ մեկ ժամի: Այսինքն, մեկ հերթափոխի ընթացքում կարելի է 6-7 անգամ հաց թխել: Բայց իրականում «բարելավիչ» կոչվածը քիմիական նյութ է, որը օրգանիզմի վրա ծանր հետևանքներ է թողնում: Այսօր ինչ է կատարվում մեզ մոտ. միսը մշակում են տարբեր նյութերով, որ երկար պահպանվի, գույնն ու երանգը թարմ երևալու համար էլ օգտագործում են հատուկ ներկանյութեր:
ՍՈՒՐԵՆ ԴԱՎԹՅԱՆ- Ազգային անվտանգության ռազմավարությունը պատասխանում է Ձեր բարձրացրած բոլոր հարցերին` սկսած հորմոններից մինչև գենետիկորեն վերափոխված բուսական ու կենդանական սննդամթերքի նկատմամբ պետական վերահսկողության սահմանումը:
ԼՐԱԳՐՈՂ- Փաստաթղթում այն սահմանված է, բայց արդյո՞ք գործնականում լիարժեք հսկողություն է իրականացվում:
ԼԵՌՆԻԿ ԱԼԵՔՍԱՆՅԱՆ- Ցավոք, այսօր մենք կանգնած ենք շատ լուրջ վտանգի առաջ: Նախ առկա է դրսից ներկրվող հորմոնային սննդի վտանգը: Հարկային, մաքսային ծառայությունների կողմից ներկրվող ապրանքների նկատմամբ չկա անհրաժեշտ վերահսկողություն: Ոչ այնքան գնային, որքան սննդի պարունակության վերահսկողություն պետք է սահմանվի: Այսինքն, առանց սերտիֆիկատի, առանց դրա պարունակության մասին անհրաժեշտ իրազեկման որևէ սննդամթերք չպետք է մտնի Հայաստան: Չնայած Արևմուտքում շատ ավելի տարածված են հորմոնային սննդատեսակները, բայց դրականն այն է, որ մարդը գիտի ինչ է գնում, քանի որ վրան գրված է: Կա էժանագին ու թանկ սնունդ, ամերիկացին ունի հնարավորություն ընտրելու, ու գիտի, թե, օրինակ, 10-դոլարանոց էժան միսն ինչ է պարունակում: Իսկ մեզ մոտ չկա հասարակությանը նման իրազեկում:
Մյուս խնդրին անդրադառնամ: Եթե տարիներ առաջ վտանգավոր սնունդը գալիս էր միայն դրսից, ապա այսօր ոչ միայն դրսից, այլև արտադրվում է հենց երկրի ներսում: Ազատ շուկան հանգեցրել է նրան, որ նույնիսկ մեզ մոտ արտադրվում են սննդամթերքի այնպիսի տեսակներ, որոնք շատ ավելի վտանգավոր են, քան դրսից ներկրվածները: Ինչո՞ւ, որովհետև եթե դրսից եկած սնունդը սերտիֆիկացվում է, պարունակությունը քիչ թե շատ հայտնի է, և մեզ ընդամենը մնում է վերահսկել, ապա ներսինի պարագայում մենք պետք է վերահսկենք ամբողջ ներքին արտադրական տեխնոլոգիան, ինչը շատ ավելի դժվար է: Պարոն Ստամբոլցյանի ասած խմորիչներն ու ներկերն այսօր հենց ՀՀ-ում են արտադրվում: Մեր արտադրողը ևս օգտագործում է այնպիսի վտանգավոր նյութեր, որոնք օգտագործվում են դրսում` ներկանյութեր, համային հավելումներ: Օրինակ, ինչ է պարունակում մեր պահածոների գործարանների արտադրած տոմատի մածուկը։ Հաշվարկենք. 7 կգ պոմիդորից ստացվում է 1 կգ տոմատ, իսկ 0,5 կգ տոմատը խանութում վաճառվում է ինքնարժեքից ցածր գնով, ուրեմն, այդ տոմատն ունի այլ պարունակություն, այլ խյուս է օգտագործված, որին ավելացված են պոմիդորի համային, գունային հավելումներ. դրանք լավ համ ու տեսք են տալիս տոմատին, բայց իրականում այնտեղ պոմիդորն ընդամենը 30 % է: Նույնն է վիճակը երշիկեղենի հարցում: Ո՞նց կարող է մսի գինը լինել 2500 դրամ, իսկ երշիկինը` 900-1800: Մեր երշիկներն ունեն համային, հոտային բոլոր հատկանիշները, բայց իրականում դրանց մեջ միսը շա՜տ քիչ մաս է:
ԽԱՉԻԿ ՍՏԱՄԲՈԼՑՅԱՆ - Ալյուրի 1 կգ-ն արժե 220 դրամ, որից ստացվում է 1-1,2 կգ հաց: Խանութում կա 100-դրամանոց մատնաքաշ, որը 300 գրամ է կշռում: Հիմա հաշվեք` որքա՞ն էներգիա, ալյուր, ջուր է ծախսվել այդ հացի վրա, և այն ինչպե՞ս կարող է վաճառվել 100 դրամով, ուրեմն, այստեղ այլ խնդիր կա, կամ ինչ-որ նյութեր են օգտագործվում, որոնք ալյուր չեն, կամ էլ…
ԲԱԳՐԱՏ ՊԻՊՈՅԱՆ- Մենք անիմաստ ահաբեկում ենք մեր ժողովրդին: Առանց լաբորատոր ուսումնասիրության ո՞նց կարելի է նման հայտարարություն անել, թե հացի մեջ ալյուր չկա: Հայերս հաց ուտող ժողովուրդ ենք, ու եթե շուկա մտնի, ասենք, վատ թթվասեր, այդքան մեծ աղմուկ չի բարձրանա, որքան կարող է լինել վատ հացի դեպքում:
ԼՐԱԳՐՈՂ- Բայց ինչպե՞ս կարող է գնորդը հասկանալ, թե ինչ կա տվյալ հացի բաղադրության մեջ, երբ քիմիական նյութեր օգտագործելով` համն էլ է տեղը, հոտն էլ:
ԽԱՉԻԿ ՍՏԱՄԲՈԼՑՅԱՆ- Այո: Այսօր մենք կազմակերպել ենք հացի արտադրություն` փոքր ծավալներով: Ձեռքիս տակ է մեր արտադրած հացի` պետստանդարտի կողմից տրված փաստաթուղթը, ուր գրված է` օգտագործված է ալյուր, ջուր և թթխմոր: Այսինքն, մեր հացի արտադրման համար մենք բարելավիչ, փխրեցուցիչ չենք օգտագործում: Իսկ այսօր Հայաստանում արտադրվող հացի մեջ և՛ մեկը կա, և՛ մյուսը:
ՍՈՒՐԵՆ ԴԱՎԹՅԱՆ- Հայեցակարգի ընդունումից հետո ստեղծվեց սննդի անվտանգության պետական ծառայությունը, որպեսզի հնարավորություն լինի ներկրումից մինչև իրացում հսկել սննդի անվտանգությունն ու որակը: Մաքսային մարմինները պարտավոր են վերոնշյալ ծառայությանը տրամադրել ՀՀ ներմուծվող սննդամթերքի սննդային հավելումների վերաբերյալ տեղեկություն, որպեսզի հնարավոր լինի վերահսկողություն իրականացնել: Փաստաթուղթը նախատեսում է, որ ամեն կիսամյակը մեկ պետք է նախագահին ներկայացվի ամփոփ տեղեկատվություն ծրագրի իրականացման արդյունավետության վերաբերյալ:
ԼՐԱԳՐՈՂ- Բայց սննդի շուկայում տիրող վիճակը փաստում է, որ այս հայեցակարգն ընդամենը հերթական լավ փաստաթուղթ է, որը ոչ մի առնչություն չունի իրականության հետ:
ԼԵՌՆԻԿ ԱԼԵՔՍԱՆՅԱՆ - Հայեցակարգը դեռ հում է, պետք է աշխատել, այն գործի մեջ պիտի հստակեցվի: Պարենային անվտանգության դաշտը դինամիկ է, անվերջ փոփոխվող: Դրա համար էլ մենք միշտ ունեցել ենք իրավիճակային վերահսկողություն և չենք ունեցել համապարփակ մեխանիզմներ, օրենսդրական դաշտ: 10 տարի առաջ չկար հորմոնային սննդի վտանգ, այսօր կա: ՈՒրեմն, պետք է պայքարի նոր մեխանիզմներ մշակել: Եվ կառավարությունը գնում է համակարգված մեխանիզմների ստեղծման ճանապարհով, որոնք կլինեն առավել ճկուն, պարտադրված չենք լինի ամեն անգամ իրավիճակից ելնելով նոր մեխանիզմներ մշակել: Մենք պետք է հասկանանք, թե որոնք են մեր խնդիրները, որ կարողանանք պայքարել: Մի բան է անորակ սնունդը, մեկ այլ բան է վտանգավորը: Եթե հացը պատրաստված է 3-4 տեսակի ալյուրից, մեջը մի քիչ թեփի խառնուրդ կա, սա այլ բան է, բայց եթե նրան ժավել է խառնվում, ու թվում է, թե որակով լավն է, սակայն պարունակությունը շատ վտանգավոր է։ ՈՒրեմն, մենք ներսում ունենք խնդիրներ: Սննդի սերտիֆիկացումը պարտադիր է, գնորդը պիտի իմանա, թե ինչ է գնում: Մյուս կողմից, քիչ չեն դեպքերը, երբ որևէ ֆիրմայի անվան տակ իրացվում է ինչ-որ անհայտ արտադրանք: Այստեղ էլ գործ ունենք խարդախության փաստի հետ:
ԼՐԱԳՐՈՂ- Եթե խանութ է մտնում անվտանգության տեսանկյունից վտանգավոր սնունդ, ուրեմն լուրջ անելիք ունի համապատասխան կառույցը: Պարոն Պիպոյան, ի՞նչ կասեք:
ԲԱԲԿԵՆ ՊԻՊՈՅԱՆ- Չեմ կարող թաքցնել, որ շատ անելիք ունենք: Դրա համար իրականացնում ենք հրապարակային ստուգումներ: Շատ կարևոր եմ համարում հանրային իրազեկումը: Մեր քաղաքացու մեջ անհրաժեշտ կուլտուրայի ձևավորման խնդիր ունենք, նա պետք է հետևի իր գնած ապրանքին: «ԳՈՒՄ»-ի շուկայում ստուգումներ էինք իրականացնում, իրացնողին հարցնում ենք` ինչո՞ւ սառնարանում չես պահում մթերքդ, պատասխանում է` մեր քաղաքացին սիրում է նայել, տեսնել, հետո գնել: Այսինքն, քաղաքացիները ևս պետք է նպաստեն, որ իրենց չմատուցվի վատ սնունդ: Բացի այդ, միայն Երևանում մեր հսկողության տակ կա 200 դպրոց, ՀՀ-ի տարածքում ավելի քան 100 000 խանութ, էլ չեմ հաշվում իրացնողներին, արտադրողներին ու ներմուծող ընկերություններին: Ամենօրյա վերահսկողություն իրականացնելու համար եկեք հաշվենք, թե քանի հոգանոց գերատեսչություն պետք է ունենալ: Այսինքն, կոնկրետ մեխանիզմներ է պետք կիրառել: Պատահական չէր, որ առանձնացվեց ռիսկերի գնահատման ինստիտուտը: Այս պահին ստուգումներ ենք իրականացնում կաթ-կաթնամթերքի տեղական շուկայում: Ընդ որում, ստուգում ենք թե՛ որակական, թե՛ անվտանգության ցուցանիշները:
ՍՈՒՐԵՆ ԴԱՎԹՅԱՆ- Հիմնական քաղաքականությունն իրականացվում է այն ուղղությամբ, որ կանխարգելվի անորակ սննդի արտադրությունը, որ նման սնունդ ընդհանրապես շուկա չմտնի:
ԼՐԱԳՐՈՂ- Դեռ 90-ականների սկզբից կար այն անհանգստությունը, թե Հայաստանը հեղեղվելու է մեր գենոֆոնդի վրա լուրջ ազդեցություն ունեցող հորմոնային սննդատեսակներով: Ասվում էր, թե դա արվելու է, մասնավորապես, ներկրվող սերմերի միջոցով: Շատերը չէին հավատում: Բայց այսօր դրա ականատեսն ենք. համատարած փոխվում են տեղական տեսակները:
ՍՈՒՐԵՆ ԴԱՎԹՅԱՆ- Հայեցակարգում նաև սերմերի ներկրման հետ կապված կոնկրետ միջոցառումներ ենք նախատեսել: Մեր նպատակն է, որ տեղում կարողանանք նպաստել տեղական սերմարտադրության զարգացմանը:
ԽԱՉԻԿ ՍՏԱՄԲՈԼՑՅԱՆ- Այո, այդ վտանգն առկա է: Ես մի քանի փաստեր բերեմ, թե ինչ է կատարվում աշխարհում: Մի կողմից` ՄԱԿ-ի համաշխարհային պարենային կառույցն ամբողջ աշխարհից իր պահեստարաններ է ներկրում մաքուր, ոչ գենախախտ բույսերից սերմեր ու պահում հավերժական սառույցների մեջ: Այսինքն, ապագա սերնդի համար պահպանում ոչ գենախախտ տեսակներ: Մյուս կողմից, ամբողջ աշխարհն այսօր ողողված է գենախախտ սննդով: Այսօր տարօրինակ բաներ են կատարվում, օրինակ, այծի գենի մեջ մտցրել են սարդի գենը և այծի կաթից թել են քաշում, որը պողպատից երկու անգամ ամուր է: Մի հետաքրքիր բան եղավ. ամերիկացիները Սոմալիի ժողովրդին երկու տարի սոյա մատակարարեցին: Հետո, երբ էպիդեմիա տարածվեց, տրված հակաբորբոքային դեղերը չազդեցին հիվանդների վրա, որովհետև նրանց օրգանիզմում փոփոխություններ էին տեղի ունեցել: Այսինքն, գենախախտ սնունդը շատ վտանգավոր հիվանդություններ է առաջացնում: Հետաքրքիր մեկ այլ փաստ ևս. երբ ԱՄՆ-ում եգիպտացորենի գենը խախտեցին, կառավարությունն արգելեց այն մտցնել սննդային բաժնի մեջ, բայց հանկարծ պահեստից 30 տոննա սերմացու կորավ: Ասվեց, թե պատահաբար այն խառնվել է մաքուր եգիպտացորենի սերմերին ու ցանվել դաշտերում: Այստեղ էլ կա մյուս վտանգը: Եթե ցանված է եգիպտացորեն, որը գենախախտ չէ, բայց հարևան դաշտում ցանված է գենախախտը, նրա ծաղկափոշին խախտում է մաքուր բույսի գենը: Այսինքն, վտանգը բավականին լուրջ է: 21-րդ դարում աշխարհը սկսել է խաղալ կրակի հետ: Հիմա ամեն ազգ պետք է գիտակցի ու պաշտպանի ինքն իրեն:
ԼԵՌՆԻԿ ԱԼԵՔՍԱՆՅԱՆ - Մեր տեղական տեսակները, թե՛ համային, թե՛ որակական առումով, շատ ավելի լավն են, քան ներկրվածները: Բայց շուկայում անհայտ սորտի պոմիդորը` գեղեցիկ տեսքով, շատ ավելի թանկ է: Պետք է իրազեկել մեր բնակչությանը, որ մեծ, լավ տեսք ունեցող բանջարեղենը շատ վտանգավոր է: Վերջերս Գերմանիայում էի, մարդիկ չէին գնում գեղեցիկ բանջարեղեն, այլ գնում էին որդնածը: Ի դեպ, դրանք ավելի թանկ էին, քանի որ էկոլոգիապես ավելի մաքուր են:
ԲԱԲԿԵՆ ՊԻՊՈՅԱՆ - Լուրջ անելիք կա իրազեկման հարցում: Մեզ պետք է օգնեն ՀԿ-ները, ԶԼՄ-ները:
ԼԵՌՆԻԿ ԱԼԵՔՍԱՆՅԱՆ- Միայն վերահսկողությամբ սննդի անվտանգության խնդիրը չի լուծվի: Եթե ազգի կեսը ստուգի մյուս կեսին, դարձյալ չի կարող լիարժեք վերահսկողություն իրականացնել: Վերահսկողությունը միայն մեկ օղակ է: Ոտքդ քաշեցիր, նույնն է լինելու: Ո՞ր մեկին պատժես: Եթե հրեշտակ էլ բերես ու կարգես երկրի նախագահ կամ վարչապետ, նա միայնակ ոչինչ անել չի կարող: ՈՒզում եմ ասել` անձերից քիչ բան է կախված: Լավ մշակված հայեցակարգն էլ կմնա թղթի վրա, եթե մեխանիզմները հստակ չգործեն, կամ էլ պետք է գործի ստալինյան ռեժիմը. մարդը պետք է կամ վախենա, կամ շահագրգռված լինի: Իմ կարծիքն է` հաջողության հասնելու համար պետք է աշխատեն բոլոր օղակները` մաքսայինը, լիցենզավորող կազմակերպությունը, արտադրողը, պատգամավորները, կուսակցությունները, ՀԿ-ները, բոլորը: Համակարգային փոփոխություներ են պետք: Այս կառավարությունը մշակել է ծրագիր ու գնում է այդ ուղղությամբ: Պետք է ստեղծվի այնպիսի համակարգ, որ ով էլ գա իշխանության, այդ օրենքները շարունակեն գործել, ինչպես ԱՄՆ-ում է: Կարևորն ամուր ու կուռ համակարգի ստեղծումն է: Իրավիճակային փոփոխությունների ժամանակն անցել է, և այսօր կառավարությունը զբաղված է հիմնավոր ծրագրերի մշակմամբ, որը պետք է ողջ համակարգն առաջ մղի:
ԽԱՉԻԿ ՍՏԱՄԲՈԼՑՅԱՆ - Միայն վարչահրամայական մեթոդներով խնդիրը հնարավոր չէ կարգավորել: Եթե հայ արտադրողը գիտակցի, որ տոմատի անվան տակ իր արտադրած ներկած «բանը» վնասում է ոչ միայն գնորդին, այլ իրեն, որովհետև եթե ինքը մաքուր տոմատ է ուտում, ապա վաղն իր տուն կգա հարս կամ փեսա, որը կերել է է՜ն վտանգավոր տոմատից, գենետիկական հիվանդությունն իրեն էլ է բաժին հասնելու: Այսինքն, մարդը պետք է գիտակցի, որ չի կարելի կյանքի հետ խաղալ փող կուտակելու համար:
ՍՈՒՐԵՆ ԴԱՎԹՅԱՆ- Խանութից գնեցի խտացրած կաթ, վրան կարդում եմ` բաղադրությունը բրնձի ալյուր: Երբևէ լսե՞լ եք: Հետ վերադարձրի, խնդրեցի փոխել այն: Արտադրողը գրել էր, մենք պետք է կարդանք ու իմանանք` մեզ ինչ է մատուցվում: Եթե արտադրում է տոմատի մածուկ, որի մեջ կան այլ հավելումներ, ապա պարտավոր է գրել այդ մասին:
ԼՐԱԳՐՈՂ -Իսկ մտավախություն չունե՞ք, որ վաղը կարող է մեր շուկան ամբողջությամբ լցվել վտանգավոր սննդով` չնայած դրանց վրա արտադրողը բարեխղճորեն գրած կլինի իր օգտագործած վտանգավոր նյութերի մասին:
ԼԵՌՆԻԿ ԱԼԵՔՍԱՆՅԱՆ- Դա կոչվում է շուկայական հարաբերություններ:
ՍՈՒՐԵՆ ԴԱՎԹՅԱՆ- Դուք ծայրահեղ օրինակը բերեցիք:
ԲԱԲԿԵՆ ՊԻՊՈՅԱՆ- Ես «Ջերմուկը» չեմ շփոթի կարագի հետ, կամ թթվասերի տեղ չեմ վաճառի: Եվ ոչ ոք այն որպես թթվասեր չի գնի:
ԼՐԱԳՐՈՂ- Բայց խնդիրն այն է, թե պարունակությո՞ւնն ինչ է` իսկական ջերմո՞ւկ է, թե՞ գազալցված ջուր:
ԲԱԲԿԵՆ ՊԻՊՈՅԱՆ- Դե… Հաճախ կարդում ենք, գրված է բնական հյութ, բայց վրան նաև նշված է, որ օգտագործվել են հավելումներ, ջուր: ՈՒրեմն էլ ի՞նչ բնական հյութ:
ԽԱՉԻԿ ՍՏԱՄԲՈԼՑՅԱՆ- Հացի բարելավիչների օգտագործումից աշխարհում 20 %-ով բարձրացել է չբերությունը, ավելացել են քաղցկեղածին հիվանդությունները: Այն, որ մեր շուկան լցված է արհեստական նյութերով պատրաստված սննդով, մեզ շատ է անհանգստացնում: Դրա համար ակադեմիկոս Ալեքսանդր Սելիմյանի հետ դեռ 8 տարի առաջ սկսեցինք զբաղվել հետևյալ հարցով` կա՞ հնարավորություն քիմիական բարելավիչը փոխարինելու բնական բարելավիչով: Մածունից առանձնացրինք որոշակի տեսակի բակտերիաներ, դրանցով մերված մածունի շիճուկը խառնեցինք թեփի, ծլեցրած ցորենի հետ, ստացանք մի նյութ, որն անվանեցինք հացաթան: Սա սովորական խմորի հետ խառնելով` ստանում ենք կաթնաթթվային թթխմոր: Սա ևս խմորի հասունացումն արագացնում է, այսինքն, քիմիական բարելավիչի մրցակից է: Եթե վերջինիս օգտագործման դեպքում շաղելն ու թխելը տևում է 1 ժամ, մեր թթխմորի դեպքում` 1 ժամ 20 րոպե: Մի փոքր գիտարտադրություն դրեցինք ու սկսեցինք հաց թխել այս տեխնոլոգիայով: Թխված հացը կոչվում է «Սելիմյան հաց»: Թխեցինք, որ ցույց տանք, թե ինչ որակ ունի մեր առաջարկածը: Մեր եղանակով պատրաստված հացը ենթարկվեց բժշկական քննության: 2008-ին գաստրիտ, կոլիտ, շաքարային դիաբետով 100 հիվանդի վրա փորձ արվեց: Արդյունքում գրանցվեց բիոհաց օգտագործած հիվանդների վիճակի բարելավում: Կան փորձի մասնակից բոլոր բժիշկների ստորագրությունները, ունենք նաև մի քանի ակադեմիկոսների կարծիքներն այս մեթոդի մասին: Այս հացը նպաստում է արագ մարսողությանը: Այն սերտիֆիկացված է ոչ միայն Հայաստանում, այլև Ռուսաստանում: Մեր մեթոդով արդեն Կրասնոդարի երկրամասի Գորյաչի Կլյուչում օրական թխում են 10 տոննա հաց: Նոր են սկսել շահագործումը: Հացը ճանաչվել է որպես օգտակար միջոց: Մենք այն նաև արտադրում ենք Երևանում:
ԲԱԲԿԵՆ ՊԻՊՈՅԱՆ- Պարոն Ստամբոլցյան, մեկ հարց տամ Ձեզ, միայն անկեղծ ասեք. կուրախանա՞ք, որ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունն այցելի Ձեր արտադրամաս` ստուգելու հացը:
ԽԱՉԻԿ ՍՏԱՄԲՈԼՑՅԱՆ- Իհարկե, շատ ուրախ կլինեմ: Մենք ոչ միայն Ձեզ ենք հրավիրում, այլև բոլորին, ոչ միայն հացի որակը, այլև հացաթանի արտադրությունը ստուգելու:
ԼԵՌՆԻԿ ԱԼԵՔՍԱՆՅԱՆ- Պարոն Ստամբոլցյան, ի՞նչ խնդիր կա, որ այդ հացը մտնի ներքին շուկա:
ԼՐԱԳՐՈՂ -Գուցե խանգարո՞ւմ են, ասենք, հացի բիզնեսով զբաղվողները:
ԽԱՉԻԿ ՍՏԱՄԲՈԼՑՅԱՆ- Բարեբախտաբար, ո՛չ, մեզ ոչ մի հացարտադրող չի խանգարում:
ԲԱԲԿԵՆ ՊԻՊՈՅԱՆ- Սփյուռքի մեր հայրենակիցներից շատերը հարցնում են` Հայաստանում մի լավ գործ չկա՞, գանք ներդրումներ անենք: Եթե դա գործող բիզնես ծրագիր լինի, ու Ձեր հացն էլ լինի որակով, Դուք կարող եք շուկան գրավել: Ի՞նչ խնդիր ունեք:
ԽԱՉԻԿ ՍՏԱՄԲՈԼՑՅԱՆ -Դուք լավ չհասկացաք, թե որն է մեր նպատակը: Մեր խնդիրը հաց թխելը չէ, ոչ էլ շուկա գրավելը, այլ մեր այս նոր մշակած տեխնոլոգիան ազգային հացարտադրության մեջ կիրառելի դարձնելն է: Մենք գիտության մարդ ենք ու մեր գյուտն ենք առաջարկում հացաթխմամբ զբաղվողներին: Մենք կառավարությանը ներկայացրինք ինովացիոն ծրագիր: Մեր արտադրանքն ուսումնասիրեցին, շատ հավանեցին, բայց մեր առաջարկը լիարժեք չկատարվեց: Մինչդեռ նույն ընթացքում մենք մեր հացաթխման տեխնոլոգիան առաջարկել ենք այլ երկրների, օրինակ, ՈՒկրաինային, ու կարողացել ենք ձեռք բերել չորաթանի շուկա, արդեն 150 կգ արտահանել ենք:
ԲԱԲԿԵՆ ՊԻՊՈՅԱՆ- Չորաթան եք արտահանում, պետությունն էլ ձեզ միայն օգնում է, տալիս է բոլոր փաստաթղթերը: Էդ նույն պետությունը տվել է անվտանգության ցուցանիշների հանդեպ կայունության վկայականը, հիմա էլ ի՞նչ եք ուզում:
ԽԱՉԻԿ ՍՏԱՄԲՈԼՑՅԱՆ - Բայց ես չեմ եկել բողոքելու: Եկել եմ այլ բան ասելու, որ Հայաստանում մշակվել է մի տեխնոլոգիա, որը մոնոպոլ է, ոչ մի այլ երկիր չունի: Մեր պետությունը կարող է ձեռքը դնել վրան ու սրանով և՛ հեղինակություն, և՛ մեծ եկամուտներ վաստակել:
ԲԱԲԿԵՆ ՊԻՊՈՅԱՆ- ՈՒզում եմ տրամաբանությունը հասկանալ. եթե պետությունը կարող է ներդրում անել ու, այս տեխնոլոգիան կիրառելով, ունենալ գերշահույթներ, ինչո՞ւ Դուք` որպես մասնավոր, դա չեք անում:
ԽԱՉԻԿ ՍՏԱՄԲՈԼՑՅԱՆ- Ես արել եմ գիտական հայտնագործություն, որը ստուգվել է ու իր դրական արդյունքը տվել, և այն առաջարկում եմ իմ պետությանը:
ԲԱԲԿԵՆ ՊԻՊՈՅԱՆ -Եկեք անձամբ Ձեզ ծանոթացնեմ 5-6 բիզնեսմեի հետ, որ նրանք այս տեխնոլոգիան կիրառեն իրենց բիզնեսում
ԽԱՉԻԿ ՍՏԱՄԲՈԼՑՅԱՆ-Թույլ տվեք խոսքս ավարտեմ, խնդրին ծանոթացնեմ, ու եթե, իրոք, օգտակար առաջարկ եք անում` կլսեմ: Մենք մշակեցինք նոր հացատեսակ, ցորենը ծլեցնում ենք, աղում, վերցնում ենք 30 % ծլեցրած ցորեն և շաղում, 70 %-ը երկրորդ տեսակի ալյուրով: Ստանում ենք ծլեցրած ալյուրով պատրաստված հացը, որը, ինչպես ասացի, շատ օգտակար հատկություններ ունի: Այս հացից, առանց ներկանյութեր օգտագործելու, ստանում ենք իսկական «սեռի» հաց: Թխում ենք նաև լավաշ: Հիմա, հացից բացի, ստանում ենք նոր տեսակի մածուն, որը մենք չորացնում ենք, աղում ու ստանում չորաթան: Մենք այդպես այն անվանեցիք: Չորաթանը շատ բարերար ազդեցություն ունի աղեստամոքսային համակարգի վրա: Այն օգտագործում են դիզբակտերիոզի, լուծերի ժամանակ: Մենք նաև փորձեր ունենք. թունավոր հղիության ժամանակ մայրն օգտագործել է ու ծննդաբերել առանց վտանգավոր հետևանքների: Չորաթանը մենք ներկայացրինք կառավարության գիտության և կրթության կոմիտեին, որպեսզի սրա բոլոր ազդեցություններն ավելի մանրամասնորեն ուսումնասիրվեն: Շահեցինք դրամաշնորհ, և այսօր այն պաշտոնապես ուսումնասիրվում է բոլոր հիվանդների վրա: Շուտով կունենանք վերջնական արդյունքները, թե չորաթանը այս կամ այն հիվանդության վրա ինչ ազդեցություն է ունենում: Չորաթանն ունի շատ հետաքրքիր հատկություն ևս` հակաալկոհոլային է: Լավ հարբած վիճակում օգտագործելիս, 15 րոպե անց բացարձակ սթափ վիճակում է լինում մարդը: Այն նպաստում է մարսողությանը: Եվ ահա «Արաքս» թռչնաֆաբրիկայի հետ փորձ կատարեցինք ինկուբատորից նոր դուրս եկած ճտերի վրա` մեկ տոկոս չորաթան խառնելով թռչնի կերին: Ստացանք հետաքրքիր արդյունք. իրենց տեխնոլոգիայով պահված 100 ճտերից ողջ մնաց 89,2-ը, իսկ մեր դեպքում` 99,2-ը: Իրենց մեթոդով պահելիս 1 կգ միս ստանալու համար թռչունն ուտում է 2 կգ 100 գրամ կեր, մեր մեթոդի դեպքում` 1 կգ 950 գրամ կեր: Բայց 40 գրամով մեր թռչունն ավելի ծանր է, քան իրենց պահած թռչունը: Նման փորձը կատարել ենք նաև խոզերի վրա: 32-րդ օրը չորաթանով խառնված սնունդն ուտելուց հետո գարշահոտությունը պակասում է, և առանց լրացուցիչ մշակման կարելի է այն վերածել բիոհումուսի: Փորձեցինք չորաթանով մածուն մերել, որն իր հատկություններով մոտ է խեժին ու «Նարինեին»: Ամեն ինչ սերտիֆիկացված է: Եվ ուրեմն, մեր նպատակը ոչ թե հաց թխելն ու բիզնես անելն է, այլ պետությանն առաջարկում ենք փակ ցիկլով արտադրություն: Այսպես, սահմանամերձ գյուղերում, ուր կա 100 կով, և ստացվում է օրական 1 տ կաթ, առաջարկում ենք այդ կաթից պատրաստել մեր արտադրանքները` կերաթանը, չորաթանն ու հացաթանը: Միաժամանակ, պատրաստվում է մեկ թռչնանոց, մեկ խոզանոց: ՈՒր հենց արտադրվող կերաթանով, չորաթանով կերակրվում են խոզերն ու հավերը: Հենց տեղում կկազմակերպվի գոմաղբի վերամշակում բիոհումուսի, որից ստացվում են մաքուր, առանց քիմիական ծագման պարարտանյութեր: Այս արտադրության արդյունքում կստանանք նաև բիոլոգիապես մաքուր ու համեղ խոզի միս, հավ, ձու, իսկ բիոհումուսով մշակված պարարտանյութն օգտագործելով գյուղական հողերի վրա` կստանանք որակով բանջարեղեն: Բիոհումուսից հողն այնքան է պարարտանում, որ կարող ենք ցանել ռապս կոչվող շատ յուղատու բույսը, որից կստանանք յուղ, դրանից էլ` գլիցերին ու դիզվառելիք, որը կօգտագործվի տվյալ համայնքում: Շարունակեմ. արտադրված հացաթանը, կերաթանը կարող են նաև արտահանվել: Այսօր արդեն և՛ Եվրոպայից, և՛ Ռուսաստանից շատ են հետաքրքրվում: Իսկ մենք տեխնոլոգիան տալիս ենք մեր պետությանը, ասում ենք` այս արտադրությունը զարգացրու մեր երկրում:
ԼԵՌՆԻԿ ԱԼԵՔՍԱՆՅԱՆ- Շատ հետաքրքիր առաջարկ է: Հիմա պետք է տեսնել, եթե այն մեր երկրում իրականացվի, ինչո՞վ պետք է օգնի պետությունը, ի՞նչ չի անում և ի՞նչ պետք է անի:
ԽԱՉԻԿ ՍՏԱՄԲՈԼՑՅԱՆ- Ֆինանսավորի կա՛մ պետությունը, կա՛մ որևէ գործարար:
ԲԱԲԿԵՆ ՊԻՊՈՅԱՆ- 10 տարի առաջ մարդիկ, ովքեր մի քանի մանղալ ունեին, իրենց ձեռքով խորոված արեցին, ու քանի որ համով էր, 2 սեղանը դարձավ 12, իսկ այսօր արդեն ռեստորանային ցանց ունեն: ՈՒզում եմ ասել, որ եթե ապրանքը որակով է և որպես բիզնես ծրագիր եկամտաբեր է, անպայման աշխատում է: Պարոն Ստամբոլցյան, եթե Ձեր առաջարկը` որպես բիզնես ծրագիր, ադարացված է, ուրեմն, մի վաճառեք, այլ ինքներդ զարգացրեք:
ԽԱՉԻԿ ՍՏԱՄԲՈԼՑՅԱՆ-Դուք այդպես էլ չհասկացաք իմ ասելիքը…
ԼԵՌՆԻԿ ԱԼԵՔՍԱՆՅԱՆ- Պետությունը ֆինանսական միջոցներ չի կարող ներդնել: Բայց կարող է տնտեսավարող սուբյեկտներին` դրսի, ներսի գործարարներին, առաջարկել հետաքրքիր ու արդյունավետ ծրագրեր: Կա նաև հետևյալ խնդիրը. ինչպես կարող է խորհրդարանը նպաստել, որ այս գիտական առաջարկությունը ներդրվի տնտեսության մեջ ու զարգանա: Նախ պետք է այն վերածեք բիզնես ծրագրի, ներկայացնեք ԱԺ, համապատասխան հանձնաժողովի միջոցով կուղարկենք գործարարներին, կտեղեկացնենք, որ կա նման առաջարկ, կուսումնասիրեն: Այն, ինչ ներկայացրիք, հոյակապ ծրագիր է ու շատ հրապուրիչ, բայց բիզնեսմենը պետք է համոզվի` մանրամասնորեն ուսումնասիրելով: Նրանց համապատասխան տեղեկություն տալուց հետո կհրավիրենք խորհրդարանական լսումներ:
ՍՈՒՐԵՆ ԴԱՎԹՅԱՆ- -3 միլիոն հայ կա Հայաստանում. բոլորը բիզնես ծրագիր ունեն: Պետությունը չի կարող բոլորին փող տալ: Պարոն Ստամբոլցյան, Ձեր արտադրած հացը, ասացիք, որ վաճառվում է, ուրեմն, ի՞նչ խնդիր կա:
ԽԱՉԻԿ ՍՏԱՄԲՈԼՑՅԱՆ- Զարմանում եմ, թե ինչու ասածս չի ընկալվում. կրկնում եմ` իմ նպատակը բիզնես անելը չէ, մեր ժողովուրդն ուտում է վտանգավոր, թունավոր հաց, մաքսատնով տարեկան 800 տոննա բարելավիչ է ներմուծվում Հայաստան, խառնվում ալյուրին: Մեր ցանկությունն է, որ իմ ժողովուրդը որակով հաց ուտի: Եվ կա՛, հայտնաբերել են այդ տեխնոլոգիաները: Բացի այդ, մեր թթխմորը գնային առումով ևս շահավետ է: Տեսեք, Հայաստան ներմուծվող բարելավիչի 1 կգ-ն արժե 2100 դրամ: Իրենք լցնում են 200 գ բարելավիչ և 250 գ չոր դրոժ` թթխմոր, այդ երկուսը միասին ավելի թանկ արժեն, քան մեր առաջարկածը, 300 գրամ լցնում ենք մեր թթխմորը, որից ստանում ենք 50 կգ խմոր: Այսինքն, սա ավելի էժան է ու տնտեսապես ձեռնտու: Իմ նպատակն է ստեղծել էկոլոգիապես մաքուր հաց, որն ավելի էժան է տեխնոլոգիայով, քան այն հացը, որն այսօր թխվում է, ու որի մեջ լցնում են արհեստական համ ու հոտ, ներկեր:
ԲԱԲԿԵՆ ՊԻՊՈՅԱՆ- Ես վաղը ևեթ կմիջնորդեմ, որ դուք հանդիպեք հացի արտադրամաս ունեցող բիզնեսմենի հետ` Ձեր այս մեթոդը ներդնելու համար: Եթե տնտեսապես այն ձեռնտու է, տվյալ գործարարն անպայման կհամաձայնվի: Ձեզնից էլ կգա ու պարբերաբար չորաթան, կաթնաթան կգնի: Ես դա Ձեզ երաշխավորում եմ:
ՍՈՒՐԵՆ ԴԱՎԹՅԱՆ- Պետք է գրագետ բիզնես իրականացվի:
ԽԱՉԻԿ ՍՏԱՄԲՈԼՑՅԱՆ- Կրկին չի հասկացվում, հարգելիներս, ես բիզնեսմեն չեմ: Ես ու իմ ընկերն Ալեքսանդր Սելիմյանը գիտական գործ ենք արել, մենք բիզնեսմեն չենք: Ի՞նչ գործ ունենք շուկայի հետ:
ԲԱԲԿԵՆ ՊԻՊՈՅԱՆ - Գյուտի համար մարդը ստանում է Նոբելյան մրցանակ: Ես կարող եմ շատ լավ գիտական աշխատանք ներկայացնել, բայց գիտությունը բիզնես ոլորտում ներդնելու համար պետք է կատարել բիզնես հաշվարկ: Որովհետև պետությունը փող տվող չէ: ՈՒրեմն, կամ Ձեր առաջարկը պետք է մասնավորին ձեռնտու լինի, կամ ոչ:
ԽԱՉԻԿ ՍՏԱՄԲՈԼՑՅԱՆ – Ինչպե՞ս է, որ Բելառուսում, ՌԴ-ում, ՈՒկրաինայում մեզ հասկացան ու առաջարկում են այս արտադրությունը դնել. որովհետև պետությունն ինքն է շահագրգռված, որ իր քաղաքացին անվտանգ հաց ուտի: Իմ նպատակը, կրկնում եմ, հացի բիզնես անելը չէ: Ասում եմ` եկեք հայ սպառողին անվտանգ սնունդ մատակարարենք:
ԼՐԱԳՐՈՂ- Փաստորեն, գործ ունենք հերթական մտահոգիչ իրողության հետ. գիտնականն առաջարկում է իր գիտական հայտնագործությունը, որը շահավետ է իր երկրի ու ժողովրդի համար, բայց բանի տեղ դնող չկա: Ասում եք. պետությունը չի կարող օգնել, որովհետև փող չունի, ուրեմն, գնա համոզիր մի բիզնեսմենի, որ քո գյուտը ներդնի արտադրության մեջ: Իսկ եթե չկարողացար, մյուսների պես բռնիր արտագաղթի ճամփան, որովհետև մեր երկրում քո գործը չեն գնահատում, իսկ դրսում անհամբեր սպասում են: Բա էլ ինչո՞ւ է պետությունը պարենային անվտանգության հայեցակարգ մշակել. ժողովրդին խոստանում ենք անվտանգ սննդով ապահովել, մինչդեռ առողջ սննդի գործնական առաջարկներին տեր չենք կանգնում:
ՍՈՒՐԵՆ ԴԱՎԹՅԱՆ- Ես պարոն Ստամբոլցյանին մեկ այլ առաջարկ կանեմ. կան ԾԻԳ-եր, որոնք, առանց գրավի, գյուղատնտեսական գրանտներ են տալիս: Կա պարենի համաշխարհային կազմակերպություն, դիմեք:
ԼՐԱԳՐՈՂ- Իսկ մեր պետությունն այդ հարցո՞ւմ էլ չի կարող միջնորդ լինել:
ԽԱՉԻԿ ՍՏԱՄԲՈԼՑՅԱՆ- Ախր մենք այս մեթոդը հայտնագործել ենք նախ մեր երկրի համար: Ասացի` Ռուսաստանը, ՈՒկրաինան, Բելառուսը արդեն հետաքրքրված են ու կանչում են մեզ: Այն ներկայացրինք վարչապետին: Հուշեցին. քանի որ պետությունը տնտեսապես չի կարող օգնել, դիմեք փոքր և միջին ձեռնարկությունների զագացման գրասենյակ: Իսկ սրա ղեկավարը մեր առաջ այսպիսի պայման դրեց, 2 %-ը` Ձեզ, 98 %-ը` ինձ: Ասաց, դե գիտնական եք, ձեզ 2 %-ն էլ բավական է: Հաշվել է, որ 800-900 000 դոլարի եկամուտ կարող է ստանալ: Մենք պատասխանեցինք` եթե ցանկանում եք, 2 %-ն էլ Ձեզ կթողնենք, ու դուրս եկանք:
ԲԱԲԿԵՆ ՊԻՊՈՅԱՆ- Ինչո՞ւ չհամաձայնվեցիք: Մարդը ցանկացել է ֆինանսավորել: 2 %-ը համարեցիք քի՞չ: Դուք Ձեզ հակասում եք. մեկ ասում եք, թե Ձեր նպատակը ազգաբնակչությանն առողջ սննդով ապահովելն է, մեկ էլ չեք համաձայնվում: ՈՒրեմն, կարևորում եք ֆինանսական կողմը:
ԽԱՉԻԿ ՍՏԱՄԲՈԼՑՅԱՆ -ՈՒզում եք ասել` նվե՞ր տանք մեր 8 տարվա գիտական աշխատանքը:
ԲԱԲԿԵՆ ՊԻՊՈՅԱՆ- Եթե նվեր չեք տալիս, ինչո՞ւ եք ասում, թե ուզում եք մեր ժողովրդի համար որակով հաց արտադրել: Կամ պիտի ասեք` այ մարդ, սա հրաշք է ու պետք է մեր ազգին, վերցրեք, կամ էլ, եթե սահմանում եք գին, ուրեմն, պիտի սկսեք առևտուր անել: Իսկ առևտուր անելու հարցում պետությունը ո՛չ օգնել է, ո՛չ էլ օգնելու է: Դա են թելադրում ազատ շուկայական հարաբերությունները:
ԽԱՉԻԿ ՍՏԱՄԲՈԼՑՅԱՆ- Բայց կներեք, ես չեմ հասկանում Ձեզ: Սա իմ տարիների գիտական աշխատանքն է, Դուք զրոյացնո՞ւմ եք:
ԼՐԱԳՐՈՂ- Աշխարհում ամենաթանկը մտավոր արտադրանքն է գնահատվում, ստացվում է` մեզ մոտ այն ոչ մի արժեք չունի:
ԲԱԲԿԵՆ ՊԻՊՈՅԱՆ- Կարող ենք միայն հետևյալ կերպ օգնել. արտադրվող հացի նմուշները մտցնել լաբորատորիա, դրական եզրակացության դեպքում ես անձամբ ասուլիս կկազմակերպեմ ու համայն հայությանը կասեմ. «Այս հասցեում վաճառվում է որակով, անվտանգ հաց»: Դա կլինի Ձեր հացի հրաշալի գովազդը: Մենք այլ բան չենք կարող անել:
ՍՈՒՐԵՆ ԴԱՎԹՅԱՆ- Ձեր առաջարկները թարգմանեք ու դիմեք միջազգային կազմակերպություններին:
ԽԱՉԻԿ ՍՏԱՄԲՈԼՑՅԱՆ- Արել ենք: Անմիջապես Հայաստան եկավ ԱՊՀ դպրոցական ծրագրերի ղեկավարը. առաջարկել է այս տեխնոլոգիան տանել Ռուսաստան, որպեսզի ներդրվի դպրոցական սննդի ոլորտում: Պարոնայք, ձեր մտածելակերպը ինձ զարմացնում է, դուք այն բոլոր ճանապարհներն եք ինձ ցույց տալիս, որոնք ես արդեն անցել եմ: Ես Ռուսաստանի ու ամերիկաների տեղն էլ լավ գիտեմ ու կտանեմ: ԱՄՆ-ի դեսպանատունը, որ արդեն օգտվում է մեր հացից, ուզում է գնել նաև մեր արտադրանքը: Բայց նպատակս, կրկնում եմ, Հայաստանում անվտանգության խնդիրը լուծելն է:
ԼԵՌՆԻԿ ԱԼԵՔՍԱՆՅԱՆ- Խորհրդային Միության ժամանակ պետությունն անմիջապես այս միտքը կվերցներ ու պետական մակարդակով հարցը կլուծվեր: Բայց այսօր, ճիշտ է, թե սխալ, շուկայական հարաբերություններ են, ու քննարկման մասնակից երկու` նոր ու հին սերունդների ներկայացուցիչներն իրար չեն կարողանում հասկանալ: Այսօր պետությունը չունի այդ ֆունկցիան, որ մարդուն փող տա ու ասի` գնա գործ արա, թեկուզ այդ առաջարկը լինի հրաշալի:
ԼՐԱԳՐՈՂ- Բայց պետությունը պետք է ստեղծի պամաններ, քանի որ ունի լծակներ:
ԼԵՌՆԻԿ ԱԼԵՔՍԱՆՅԱՆ - Պետությունը ոչ թե չի հասկանում, որ իր քաղաքացիներին պետք է ապահովել որակյալ, անվտանգ սննդով, այլ միջոցներ չունի այս արտադրությունը կազմակերպելու համար: Իսկ գործարարները միայն սեփական եկամուտների տրամաբանությամբ են առաջնորդվում: Չմոռանանք, որ մենք ապրում ենք ազատ շուկայական հարաբերություններում, որոնց ինքս համաձայն չեմ: Ես, պահպանողական լինելով, համոզված եմ, որ անցյալի լավը պետք է վերցնել ու նորի հետ ապահովել դրա շարունակականությունը: Պետք է մտածել` ի՞նչ անել նման դեպքերում: Բիզնեսմենին ոչ ոք չի կարող պարտադրել այս մեթոդով թխել իր հացը: Իսկ ի՞նչ կարող է անել պատգամավորը. միայն մասսայականացնել խնդիրը` հրավիրելով գործարարների ու լսումներ կազմակերպել, բացատրել, որ սա պետք է մեր ժողովրդին: Թե չէ մեղադրել, թե պետությունը չի անում, սխալ է: Դա պետության գործառույթների մեջ չի մտնում: Սա Խորհրդային Միությունը չէ, որ վերևից զանգեն ռայկոմի քարտուղարին ու ասեն` էս գործը պիտի անես: Այսօր այլ իրավիճակ է:
ԽԱՉԻԿ ՍՏԱՄԲՈԼՑՅԱՆ -Իմ խնդրանքը հետևյալն է, որ այսօր հացարտադրողներն իրենց արտադրանքի վրա բարեխղճորեն գրեն, թե ինչ է պարունակում իրենց արտադրած հացը, որ թխված է բարելավիչով: Եթե սա գրվում է, մարդիկ կկարողանան տարբերել վտանգավորն անվտանգից: Իմ ձեռքի տակ են հացաթխման մասին Պետստանդարտի մշակած չափորոշիչները, որտեղ գրված է, թե ինչ կարելի է օգտագործել հացաթխման ժամանակ: Այդ չափորոշիչներում չկա «բարելավիչ» բառը: Բայց ամբողջ Հայաստանում թխվում է բարելավիչով հաց, այսինքն, խախտվում է ՀՀ օրենքը: Մինչդեռ մեր մեթոդը հիմնված է միայն օրենքի չափորոշիչների վրա: Բայց արի ու տես, որ մեր օրինական առաջարկությունը չի ընդունվում։
ԼՐԱԳՐՈՂ-Ամփոփոնք: Նման իրավիճակները մեզանում համատարած բնույթ են կրում, քանի որ բացակայում է արդյունավետ գյուտի իրականացման մեխանիզմը, բացակայում է կապը արտադրության ու գիտության միջև: Եվ ուրեմն, ի՞նչ անել:
ԼԵՌՆԻԿ ԱԼԵՔՍԱՆՅԱՆ- Պետությունն ունի որոշակի հնարավորություններ օգնելու, խնդիրը վարկային ու հարկային քաղաքականությամբ լուծելու համար, տալու արտոնագրեր` կանխելով բյուրոկրատական քաշքշուկները: Պետք է կարողանալ կանաչ ճանպարհ բացել գիտական մտքի առաջ դեպի ազատ շուկա:
ՍՈՒՐԵՆ ԴԱՎԹՅԱՆ- Դրա համար էլ պետությունը մշակում է քաղաքականություն, միջոցառումների ծրագրեր:
ԲԱԲԿԵՆ ՊԻՊՈՅԱՆ- Սննդամթերքի անվտանգության ոլորտում կատարվում են աշխատանքներ, և կան դեռևս չլուծված խնդիրներ, բայց անվտանգության ցուցանիշների հանդեպ օր օրի կայունանում է վիճակը, դրական տեղաշարժն ակնառու է: Մեր ծառայությունը ինչո՞վ կարող է օգնել պարոն Ստամբոլցյանին. միայն հետազոտելով հացն ու գովազդելով այն: Չնայած պետությունը գովազդող չէ, բայց այս դեպքում, ելնելով քաղաքացու շահերից, դա կարվի:
ԽԱՉԻԿ ՍՏԱՄԲՈԼՑՅԱՆ - Այսօր ամբողջ աշխարհն անվտանգ սննդի խնդրի առաջ է կանգնած: Մեր արտադրանքը, որը մաքուր է, նաև քիչ աշխատատար ու մեծ եկամուտներ է խոստանում, ամբողջ աշխարհին է պետք: Եթե այսօր Ադրբեջանը գովում է իր նավթը, մեր առաջարկածը նավթից կարևոր է: Մեզնից չորաթանը 2000 դրամով գնում են ու 60 դոլարով վաճառում Վաշինգտոնում, Նյու Յորքում: Սա փաստում է այն մասին, որ աշխարհում մաքուր սննդի պահանջարկը շատ մեծ է: Այսպիսով, մեր առաջարկն է` հայ ժողովրդին ապահովել մաքուր հավի, խոզի մսով, հացով ու ձվով: Մենք` որպես գիտնականներ, լուծել ենք այդ խնդիրը, մնացած քայլերը պետք է անի պետությունը: Դիմել եմ ԱԺ-ին, ՀՀԿ-ին, ԲՀԿ-ին, ՀՅԴ-ին, որ ԱԺ լսումներ կազմակերպվեն, հրավիրվեն մասնագետներ: Դեռ ոչ մի արձագանք չկա: Իսկ ժամանակը չի սպասում: Ասեմ նաև հետևյալը. այսօր Ռուսաստանի Կրասնոդարի մարզից մեզ առաջարկել են 100 հեկտար հող` այդ գործն իրականացնելու համար: Ես իմ գիտնական ընկերոջը խնդրել եմ մի քիչ էլ սպասել, ու եթե մինչև մայիս չկարողանանք մեր երկրում ինչ-որ բան անել, գնում ենք: Որովհետև այնտեղ մեզ հասկացել են, մեր արտադրանքն էլ սերտիֆիկացրել: Բայց մենք ուզում ենք, որ այս արտադրությունը մեր երկրում կազմակերպվի, ու Հայաստանում կատարվի վաճառքը, և ոչ թե օտար երկրում արտադրվի: Սա է իմ նպատակը: Ինչ վերաբերում է պետությանը, ապա ամենախիստ կապիտալիստական երկրներում` Ֆրանսիայում, Գերմանիայում, արդյունաբերության 50 % -ը պետության ձեռքում է գտնվում: Բայց մենք այսօր գնում ենք վայրի մասնավորեցման ճանապարհով: Դա խիստ վտանգավոր է պետության համար:
«Կլոր սեղանը» վարեց Արմինե ՍԻՄՈՆՅԱՆԸ

Դիտվել է՝ 2969

Մեկնաբանություններ