Մահափորձ է տեղի ունեցել ԱՄՆ-ի նախկին նախագահ և նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփի դեմ՝ Փենսիլվանիայի Բաթլեր քաղաքում նրա նախընտրական հանրահավաքի ժամանակ։ Թրամփի ականջն է վիրվորվել։ Երկու մարդ սպանվել է, այդ թվում՝ կրակողը՝ Փենսիլվանիայի 20-ամյա բնակիչ Թոմաս Մեթյու Քրուքսը։ Ըստ ԶԼՄ-ների, ոճրագործին գնդակահարել է Գաղտնի ծառայության դիպուկահարը։               
 

Կանաչ գորգեր երևանյան բակերի համար

Կանաչ գորգեր երևանյան բակերի համար
05.05.2009 | 00:00

ԿՊԱՀՊԱՆՎԵՆ ՈՒ ԿԸՆԴԼԱՅՆՎԵՆ ՔԱՂԱՔԻ «ԹՈՔԵՐԸ»
Երևանի բնապահպանական իրավիճակը միշտ է մտահոգիչ եղել, այնպես որ, միայն արմատական քայլեր ձեռնարկելով էր հնարավոր խնդիրը լուծել: Քաղաքապետ Գագիկ Բեգլարյանն անցած մեկ ամսվա ընթացքում արդեն որոշակի միջոցներ է ձեռնարկել քաղաքի «թոքերը»` կանաչ տարածքները և ծառածածկույթը, պահպանելու և ավելացնելու, դրանց նկատմամբ բնակիչների վերաբերմունքը փոխելու ուղղությամբ: Նրա հանձնարարությամբ` գարնան գալուն պես Երևանում սկսված կանաչապատումն ու բարեկարգումը նոր և հետաքրքիր դրսևորումներ են ստացել:

Քաղաքապետարանի բնապահպանության վարչության պետ Ավետ Մարտիրոսյանը տեղեկացրեց, որ գարնանային միջոցառումների մեկնարկը տրվել է ժամանակի ընթացքում տեսքը և կենսունակությունը կորցրած ծառերը ձևավորելով: Հին ճյուղերը կտրվել են, ծառերը երիտասարդացել, թարմացել են: «Աշխատանքներ են տարվել բոլոր 12 համայնքներում, սկսել ենք Նոր Նորքից և ավարտել Էրեբունի համայնքով: Ընդհանուր առմամբ` ձևավորվել է 4500 ծառ: Բացի այդ, որոշ ծառատեսակներ, հիմնականում բարդի, որոնք վթարային էին և շրջակայքի համար վտանգ էին ներկայացնում, հատել ենք: Արմատից հատված այդպիսի 20-23 ծառերի տեղում նոր թեղիներ, հացենիներ, թխկիներ ենք տնկել»,- ասաց նա: Ծառերի խնամքն արդյունավետ դարձնելու նպատակով համայնքներին որպես օգնություն 25 տ կիր է բաժանվել. կրապատումն արդեն ավարտված է:
Քաղաքապետ Գագիկ Բեգլարյանի հանձնարարությամբ` Կոտայքի մարզից 1800 խմ բուսահող է տեղափոխվել և տրամադրվել Երևանի համայնքներին, որոնք այն օգտագործում են կանաչապատելուց ու ծաղկապատելուց առաջ բակային տարածքների հողը պարարտացնելու, նոր պուրակներ, զբոսայգիներ ստեղծելու նպատակով: Օրինակ, Ավանում արդեն հասցրել են երկու պուրակ հիմնել:
Նկատի ունենալով, որ տարածքների կանաչապատումն առանց ոռոգման համակարգի հնարավոր չէ, քաղաքապետարանը գործելակերպ է դարձրել միայն հասցեագրված, այսինքն` ոռոգման համակարգով ապահովված տարածքներում ծառեր տնկելը: Այժմ էլ, նախքան բուսահողը կտարածվի, խոտերի ու ծաղիկների սերմերը կցանվեն, սիզամարգեր կստեղծվեն, համայնքային բակերում ոռոգման ցանցեր են անցկացվում, իսկ եթե արդեն եղածները շարքից դուրս են եկել, ապա դրանք էլ վերականգնվում, նորոգվում են: Նշենք, որ քաղաքապետի նախաձեռնությամբ Հոլանդիայից ներմուծվել է բավարար քանակությամբ կանաչ խոտի սերմ, որը երևանյան բակերին նոր տեսք ու բնույթ կհաղորդի: Այս խոտի կարևոր հատկությունն այն է, որ անցուդարձից չի վնասվում, տարածքում կանաչ գորգ է ստեղծում, և մարդիկ կարող են այնտեղ իրենց հանգիստը կազմակերպել: Այդ տեսակի խոտ է ցանվում, օրինակ, ֆուտբոլի դաշտերում (այդ պատճառով էլ «սպորտային» է կոչվում): Վարչության պետի խոսքերով` առկա սերմը բավարար է մայրաքաղաքի բոլոր համայնքների բակային տարածքներում ցանելու համար, սակայն տրամադրվում է նաև դպրոցներին ու մանկապարտեզներին: Բացի այդ, Հոլանդիայից նաև 100 000 ծաղկասածիլ է ներկրվել. 10-15 օր անց տնկարանի ջերմատնից դրանք կտեղափոխվեն համապատասխան տարածքներ, և քաղաքը կծաղկապատվի:
Քանի որ մայրաքաղաքի կենտրոնական մասում կանաչապատելու հնարավորությունը նվազագույնի է հասել, քաղաքապետը հանձնարարել է ավելի շատ սիզամարգեր ստեղծել ու թփեր տնկել: Այժմ իրականացվում է Սայաթ-Նովայի պողոտան ամբողջովին վարդապատելու ծրագիրը. նախատեսված 30000 վարդի թփերից ավելի քան 8000-ն արդեն զարդարում են պողոտան, աշխատանքները կտևեն մինչև մայիսի կեսերը: Նոր տեսք է ստանում նաև Աբովյան պուրակը: «Այնտեղ սիզամարգեր կային, որոնք ժամանակի ընթացքում շարքից դուրս էին եկել կամ ուղղակի փչացվել, հիմա դրանք վերականգնել ենք, ցանքսն ավարտել: Վերակառուցում կամ, անհրաժեշտության դեպքում, անցկացնում ենք ոռոգման ցանց: Նույնը կատարվում է նաև Մաշտոցի պողոտայում»,- նշեց Ավետ Մարտիրոսյանը: Ասվեց, որ կանաչապատվում են նաև բոլոր համայնքների կենտրոնական փողոցները, չեն անտեսվում նաև մյուս փողոցները: Վարչության պետը շեշտեց, որ այս աշխատանքները շարունակական են լինելու: Ստեղծված կանաչ տարածքների խնամքն արդեն կանաչապատման ձեռնարկությունների, համատիրությունների գործունեությանն է առնչվում:
Իհարկե, այս գործում շատ կարևոր է հատկապես այս ամենի իրական հասցեատերերի` բնակիչների վերաբերմունքը: «Մեր հիմնական խնդիրը բնակչի վերաբերմունքն իր միջավայրի, իր բակի նկատմամբ փոխելն է: Երբ մարդ տեսնում է, որ բակն ասֆալտապատ է, լուսավոր, ոռոգման ցանցով ապահովված ու ծաղկապատ, սկսում է սիրել ու պահպանել այն: Այս մշակույթն արդեն արմատավորվում է, որը, իմ համոզմամբ, մեր երազած կանաչ քաղաքը իրականություն դարձնելու հիմնական նախապայմանն է», -աշխատանքային խորհրդակցության ժամանակ նշել է Գագիկ Բեգլարյանը:
Քաղաքապետ Բեգլարյանի` ծաղկազարդելու մեկ այլ ծրագրով` մայիսի 6-ից Երևանի 8 կամուրջներ հանրությանը կներկայանան նոր ու զարդարուն: Երևանի քաղաքապետարանի շինարարության և բարեկարգման վարչության պետ Ֆրունզ Բասենցյանը հայտնեց, որ աշխատանքներն արդեն ընթացքում են: Մի քանի ընկերություններ ուղղանկյուն գեղեցիկ ծաղկամաններում ծաղիկներ են աճեցնում և ձևավորում, որպեսզի տեղադրեն կամուրջների եզրերին: Հաղթանակի կամուրջը ծաղկապատ տեսք կստանա «Բրաբիոն» ընկերության ջանքերով, Կիևյան կամուրջը` «Կանաչ դրախտի»: Մյասնիկյան պողոտայի երկու կամուրջների ծաղկապատման պատասխանատվությունն ստանձնել է «Մարմարի աշխարհ» ընկերությունը: Խանջյան-Չարենցի-Կորյունի փողոցները կապող նորակառույց զույգ ուղետարներն «Էգա» ընկերությունն է ծաղկապատում, Իսակովի պողոտայի երկու կամուրջները` «Նուշիկյան» ընկերությունը: Իսկ ծաղկամաններում աճեցրած ու ձևավորած ծաղիկների հետագա խնամքը կստանձնի Երևանի քաղաքապետարանը` հատուկ հրավիրված մասնագետների միջոցով:
Երևանի բնապահպանական միջավայրի բնականոն զարգացումն ապահովելու համար քաղաքապետ Գագիկ Բեգլարյանն առաջ է քաշել մի շարք ծրագրեր: Դրանցից մեկը քաղաքի ուղղահայաց կանաչապատումն է, ինչի նախադրյալները Երևանում առկա են: Առաջնահերթ է համարվել ծառահատման և պարտադիր կանաչապատման կանոնների մշակումը, առավել կարևոր կանաչ տարածքների` բուսաբանական այգու, Հրազդանի կիրճի, «Հաղթանակ» զբոսայգու խնամքը, քաղաքի բնակիչների, նրա վաղվա տերերի` երեխաների շրջանում բնապահպանական խնդիրների նկատմամբ սրտացավ վերաբերմունք դաստիարակելը:
Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 2988

Մեկնաբանություններ