Մահափորձ է տեղի ունեցել ԱՄՆ-ի նախկին նախագահ և նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփի դեմ՝ Փենսիլվանիայի Բաթլեր քաղաքում նրա նախընտրական հանրահավաքի ժամանակ։ Թրամփի ականջն է վիրվորվել։ Երկու մարդ սպանվել է, այդ թվում՝ կրակողը՝ Փենսիլվանիայի 20-ամյա բնակիչ Թոմաս Մեթյու Քրուքսը։ Ըստ ԶԼՄ-ների, ոճրագործին գնդակահարել է Գաղտնի ծառայության դիպուկահարը։               
 

Գազի ուժեղ հոտը մոտեցող վտանգի նախանշան է

Գազի ուժեղ հոտը մոտեցող վտանգի նախանշան է
24.04.2009 | 00:00

ԳՈՆԵ ՎԹԱՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ ԶԱՆԳԱՀԱՐԵԼՈՒ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆԸ ՊԱՀՊԱՆԵՆ
Ելնելով հայտնի սկզբունքից, որ գարնան մի օրը ձմռանը շաբաթ է կերակրում, ծերուկ Եվրոպան չի հոգնում էներգետիկ պրոբլեմների քննարկումներից, դրանց ուղեծրում ընդգրկելով նորանոր երկրների և առաջ քաշելով գազամուղների կառուցման նորանոր նախագծեր։ Այս շաբաթ կանցկացվի միանգամից երկու կոնֆերանս դեպի Եվրոպա գազի տրանզիտն ապահովելու վերաբերյալ։
Դրանցից առաջինը տեղի է ունենալու Աշգաբադում` ՄԱԿ-ի հովանու ներքո, մյուսը` Սոֆիայում, մեկ օր անց։ Երկու կոնֆերանսների թեմաներն էլ առնչվում են Կասպից ծովի տարածաշրջանի գազային պաշարները եվրոպացիների կողմից հնարավորինս շահագործելուն և նոր խողովակաշարեր անցկացնելուն։ Սա կարելի է համարել ևս մեկ քայլ ռուս-ուկրաինական շանտաժի դեմ, որին բախվեց Եվրոպան այս տարվա հունվարին, ուստի էներգակիրների բազմազանեցման խնդիրը հին աշխարհամասի համար առավել սրությամբ է կանգնած։ Հետաքրքիր է նաև այն, որ նոր խողովակաշարերի անցկացման պրոցեսը հրատապություն է ձեռք բերել հատկապես էներգակիրների գների անկման այս շրջանում, երբ արտահանող պետություններն իրենց բյուջեների ապահովման նկատառումներից ելնելով, ավելի զիջող են դարձել։ Պակաս կարևոր չէ նաև այն, որ երկու կոնֆերանսներին էլ մասնակցում են ինչպես մասնագետներ, այնպես էլ քաղաքական գործիչներ ու գործարարներ։ Ռուս-թուրքմենական հարաբերություններում ստեղծված բարդ իրավիճակը հանգուցալուծելու համար Աշգաբադ է ժամանել փոխվարչապետ Իգոր Սեչինը, որին Ռուսաստանի վարչապետը հանձնարարել է «վերահսկել» Թուրքմենստանը։ Էներգետիկ ծրագրերում միշտ էլ ակտիվ ամերիկացիները գործուղել են բիզնեսմենների մի ամբողջ խումբ` պետքարտուղարի տեղակալ Ջորջ Կրոլլի գլխավորությամբ։ Իսկ Սոֆիայում կայանալիք համանման միջոցառմանը մասնակցելու են Եվրահանձնաժողովի նախագահը, Կատարի էմիրը, մի շարք երկրների նախագահներ։ Ստացվում է, որ Բուլղարիա կժամանի նաև Ռուսաստանի վարչապետ Վլադիմիր Պուտինը, որի այցը չեղյալ համարելու փաստն արդեն կարելի է դիտարկել իբրև արտակարգ երևույթ, ինչն իր հերթին ենթադրում է, որ հավանաբար ընդունվելու են Ռուսաստանի համար աննպաստ որոշումներ։ Ըստ այդմ, վարչապետին փոխարինելու է ՌԴ էներգետիկայի նախարարը։
Նախօրեին հրապարակված տեղեկատվության մեջ առանձնակի տեղ էր զբաղեցնում ԱՄՆ-ի նախագահի հայտարարությունն այն մասին, որ Բուլղարիային վերապահված է կարևոր դեր եվրոպական էներգետիկ անվտանգության ապահովման համատեքստում, իսկ «Նաբուկո» նախագծի գործադիր տնօրեն Ռեյնհարդ Միտշեկը կարծիք էր հայտնել, որ ծրագրի իրագործման անհրաժեշտությունն այլևս ակնհայտ է ու անհետաձգելի։ Այս խորապատկերի վրա պարզ է, որ այնպիսի քաղաքական գործչի համար, ինչպիսին Պուտինն է, Սոֆիա ժամանելն ու մեկուսացման մեջ հայտնվելը բոլորովին ձեռնտու չէր։ Ռուսական կողմի դիրքորոշումը, տվյալ պարագայում, կարելի է գնահատել իբրև յուրօրինակ դեմարշ ու հաստատում այն իրողության, որ Կրեմլն իր համար հստակեցրել է գլխավոր նպատակակետը` մնալ Եվրամիության համար մոնոպոլիստ-մատակարարող և Արևմուտքի հետ աշխարհաքաղաքական հարցերը լուծել ռուսական գազից Եվրոպայի կախվածության փաստից ելնելով։ Ինչը գնալով ավելի ու ավելի դժվար է դառնում։
Իսկ աշգաբադյան կոնֆերանսից առաջ տեղի ունեցավ ռուսական կողմի համար քիչ մխիթարական մի իրադարձություն։ Թուրքմենական գազամուղի կառուցման շուրջ հայտարարված մրցույթի «դետեկտիվ» պատմությունից և ռուս-թուրքմենական գազամուղի պայթելուց հետո Թուրքմենստանի իշխանությունները ոչ միայն ռուսական կողմին մեղադրեցին այն դիտավորյալ կազմակերպելու համար, այլև հրաժարվեցին վերանորոգման աշխատանքներում նրանց օժանդակությունից։ Թուրքմենստանի նոր ու «կամակոր» նախագահ Ղուրբանղուլի Բերդիմուհամեդովն արդեն հուշագիր է ստորագրել գերմանական RWE կոնցեռնի հետ համագործակցելու մասին և, պատահական չէ, որ հենց այս կոնցեռնն էլ «Նաբուկո» նախագծի մասնակիցներից մեկն է։ Գերմանացիներն առաջին արտասահմանցիներն են, որ սկսում են Կասպից ծովի գազի հանքերի շահագործումը, և RWE կոնցեռնի վարչության նախագահ Յուրգեն Գրոսսմանը ենթադրում է, որ թուրքմենական գազի մատակարարումը եվրոպական շուկա ավելի նպատակահարմար է Ռուսաստանը շրջանցող ճանապարհով Տրանսկասպյան գազամուղը կառուցելով։
Մինչ օրս ռուսական «Գազպրոմը» փաստացի մենատիրական դիրքեր ուներ կենտրոնասիական երկրների գազի շահագործման ու արտահանման շուկայում, ինչը թույլ էր տալիս Մոսկվային պահպանելու դեմպինգը Եվրոպային գազ մատակարարելիս և լուրջ գաղափարախոսական խաղաքարտ էր հետխորհրդային տարածքում ռուսական քաղաքականության համար, քանզի թույլ էր տալիս Կրեմլին պնդելու, թե Ռուսաստանը շարունակում է դոտացիա տրամադրել հարևան պետությունների տնտեսությանը։ Հիմա մեծ է հավանականությունը, որ թուրքմենական գազը, ռուսական ուղղությունից բացի, առնվազն երեք այլ ուղղություններով հոսելու հեռանկար ունի` դեպի Եվրոպա, Չինաստան և Իրան։ Ընդ որում, մասնագետների գնահատմամբ, իրանական ուղղությամբ գազամուղն արդեն իսկ գործում է և արտահանման ծավալների մեծացման պարագայում հնարավոր է Իրանի և Թուրքիայի տարածքով արդեն այսօր գազ արտահանել դեպի Եվրոպա, հեռանկարում նաև Հարավային Ասիա։ Թուրքմենստանի նախագահը չի հոգնում կրկնելուց, որ իր երկիրը մտադիր է ձևավորել ածխաջրածինների մատակարարման բազմավեկտոր համակարգ և չի փորձելու բացառապես տնտեսական բնույթ կրող նախագծերը քաղաքականացնել։ Սա նշանակում է, որ Մոսկվայի ներկայացուցիչներին Աշգաբադում շատ դժվար է լինելու վերահսկել իրավիճակը, չի բացառվում, որ Թուրքմենստանի դիրքորոշումն իր արտահայտությունը գտնի նաև Սոֆիայում անցկացվող կոնֆերանսի վերջնական որոշումներում։
Կրեմլի համար լավատեսական կարելի է համարել, թերևս, միայն Ադրբեջանի նախագահի հետ վերջերս ձեռք բերված համաձայնությունները։ Սակայն այստեղ էլ կան խութեր, քանի որ Բաքվում գործող վերլուծաբաններն առանց հոգնելու կրկնում են, թե Ադրբեջանը Ռուսաստանի հետ լուրջ նախաձեռնություններ է հանդես բերում, ելնելով միայն այն տրամաբանությունից, թե Մոսկվան կպարտադրի դաշնակից Հայաստանից զիջումների գնալ ղարաբաղյան հարցում։ Ոչ շատ վաղուց Ադրբեջանի նախագահը հայտարարեց, թե Ռուսաստանին ադրբեջանական գազը վաճառելու հետ կապված ոչ մի սահմանափակում չկա։ Սա անհիմն էյֆորիա էր առաջացրել Բաքվի որոշ շրջանակներում, որոնք անթաքույց հայտարարում էին, թե այս գործարքից բոլորն էլ շահելու են։ Ռուսաստանը կստանա ադրբեջանական գազը, Ադրբեջանը` հայկական տարածքները, իսկ Հայաստանը կստանա հայ-թուրքական սահմանի բացումը։
Սակայն հետաքրքիր է, որ եվրոպական ուղղությամբ իրականացվելիք գազային ծրագրերի հետ կապված, Բաքվում նախընտրում են «խորիմաստ լռություն» պահպանել, որովհետև հեռանկարում մտադիր չեն դրանցից հրաժարվելու, սակայն այս պահին համարում են, որ ռուսների հետ նոր «բարեկամության» շնորհիվ իրական ձեռքբերումների կարելի է հասնել։
Մինչդեռ նոր խողովակաշարերը Եվրոպա հասցնելու ճանապարհին արդեն իսկ սկսվել են «տրանզիտային բանավեճերը»։ Մասնավորապես Թուրքիան, հետևելով Ռուսաստանի օրինակին, նույնպես չի ցանկանում լինել միայն տրանզիտային երկրի կարգավիճակում։ Նկատի ունենալով, որ Մոսկվան վաղուց արդեն կենտրոնասիական երկրներից իր սահմանի վրա գազը գնում է մի արժեքով, իսկ Եվրոպայում վաճառում մեկ այլ արժեքով, Թուրքիան էլ է որոշել հանդես գալ այսպիսի նախաձեռնությամբ։ Հանգամանք, որը չի կարող չմտահոգել գազ արդյունահանող երկրներին, այդ թվում` Ադրբեջանին։ Պատահական չէ, թերևս, որ Մոսկվա կատարած վերջին այցի ժամանակ Ադրբեջանի նախագահն ընդգծեց, թե Ռուսաստանի հետ ցանկանում է պայմանագրեր կնքել ոչ միայն ադրբեջանական գազը Մոսկվային վաճառելու, այլև դրա տրանզիտի վերաբերյալ։ Ավելին, մի շարք փորձագետներ համարում են, որ Ստամբուլի հայտնի գագաթաժողովին ադրբեջանական կողմի չմասնակցելը պայմանավորված էր ոչ այնքան հայ-թուրքական ներկայիս բանակցություններով, որքան Բաքվի ու Անկարայի միջև գազի տրանզիտի հետ կապված լուրջ բանավեճով։ Սպասվում է, որ այս հարցը Սոֆիայում կայանալիք կոնֆերանսում լինելու է հիմնականներից մեկը, քանի որ Ռուսաստանի ու Թուրքիայի տրանզիտային երկիր չլինելու քաղաքականությունն է ամենից շատ մտահոգում Եվրամիությանը։
Այսպիսով, «գազային պատերազմները» մտան իրենց հերթական, գուցեև վերջնական փուլը, որն իր մեջ պարունակում է ակնհայտ ֆորսմաժորային բաղադրիչներ։ Մոսկվան վստահ է, որ իր խաղաքարտերն այս դաշտում շատ ուժեղ են, սակայն հենց այդ վստահությունն է, որ կարող է հանգեցնել կտրուկ փոփոխությունների և անկայություն ստեղծել ողջ Կովկասում և Կենտրոնական Ասիայում, երբ աշխարհաքաղաքական այլ բևեռներ հարկադրված կլինեն իրենց էներգետիկ պահանջները բավարարելու համար այս տարածաշրջաններում նախաձեռնել նոր, գեոքաղաքական տեղաշարժեր։ Հայտնի խոսք է, որ գազի ուժեղ հոտը մոտեցող վտանգի նախանշան է` հղի անկանխատեսելի հետևանքներով։ Լավ կլինի, որ գոնե վթարային ծառայություն զանգահարելու հնարավորությունը պահպանվի։
Սոնա ՍԻՄՈՆՅԱՆ

Դիտվել է՝ 2502

Մեկնաբանություններ