Մահափորձ է տեղի ունեցել ԱՄՆ-ի նախկին նախագահ և նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփի դեմ՝ Փենսիլվանիայի Բաթլեր քաղաքում նրա նախընտրական հանրահավաքի ժամանակ։ Թրամփի ականջն է վիրվորվել։ Երկու մարդ սպանվել է, այդ թվում՝ կրակողը՝ Փենսիլվանիայի 20-ամյա բնակիչ Թոմաս Մեթյու Քրուքսը։ Ըստ ԶԼՄ-ների, ոճրագործին գնդակահարել է Գաղտնի ծառայության դիպուկահարը։               
 

ԺՈՂՈՎՐԴԻ ԱՉՔԸ ԿՇԵՌՔ Է

ԺՈՂՈՎՐԴԻ ԱՉՔԸ ԿՇԵՌՔ Է
11.02.2011 | 00:00

Հրաչյա ՄԱԹԵՎՈՍՅԱՆ

Իմ սիրելի որդի Գիքոր ջան։
Լավ լեզու ունեցող ժողովուրդը լավ-լավ էլ խոսքեր է ունենում։ Մենք էդ լավ լեզու-բերան ունեցող ժողովուրդներից ենք։ Լսած ու մտահանած պիտի չլինես։ Երկու մարդ կամ կնիկ-մարդ, որ կռիվ են անում, պարզ է, որ հենց խոսքով են իրար վիրավորում։ Վիրավորական խոսքը պիտի չափ ու սահմանի մեջ լինի։ Եվ խոսքի սահմանախախտին դիմացինը զգուշացնում է. «Հլա մի ուշքի արի, սահմանքդ ճանաչիր, խոսքդ չափուձևիր, նոր ռեխդ բացուխուփ արա»։
Ռեխը երախն է, գիտես, բերանը։ Այո, էն թունդ կռվի ժամանակ էլ պիտի մարդ իր խոսքերը կշռի ու նոր բաց թողնի։ Դրա համար են ասում` կռվի ժամանակ վերջին խոսքը չեն ասի, տեղ ու սահման կթողնեն։ Սա ինչի՞ համար եմ ասում, իմ որդի Գիքոր ջան։ Ասում եմ նրա համար, որ օտար աշխարհում ես, կարող է հանկարծ կռվի մեջ ընկնես, էն օտարի, էն անծանոթի, էն թշնամու հետ էլ կռվելիս վերջին խոսքը չասես։ Վերջին խոսքը նամարդի խոսք է, իրար կապող կամուրջն այրելու խոսք։
Էն գիշերը էլի աչքս չէր կպչում։ Մեր էսօրվա գողերին էի հիշում ու մեր Թումանյանի Նեսոյին, որին գողության համար հաչիցը կապել ու գյուղամիջում հավաքված ժողովրդի աչքի առաջ ծեծում էին։ Հիմիկվա մեր գողերին որ հաչիցը կապելու ու ծեծելու լինեն, հաչան չի հերիքի։ Եթե մեծ գողերին էնպես պատահի, որ հաչիցը կապելու լինեն, ապա նրանց համար հատուկ հաչաներ պիտի պատրաստեն, որ ասեն` եվրոպական չափանիշին համապատասխանում է։ Նրանց ինքնասիրությունը թույլ չի տա, որ համընդհանուր հաչիցը կապեն։ Նրանցը ոչ թե փայտից, այլ ոսկուց ու արծաթից պիտի լինի։ Ինչի՞ հետևից եմ ընկել։ Պարզ է, որ նման բան չի լինի։ Մի տող հիշեմ. «Դու գնա, պապի, միամիտ քնիր, Ես աչքի լուսը կհանեմ գողի»։ Որ հիմա գոնե էդպես անեն, իշխանավորները պիտի քոռեքոռ ման գան։
Հիմա դառնամ իմ նամակի վերնագրին։ Մինչև վերնագրին հասնելը նորից ցանկանում եմ հիշեցնել մեզ կյանքում միշտ ուղեկից «կշեռք» բառը։ Այ, որ լավ ուսում ու ուսուցում ստացած լինեի, կստուգաբանեի նաև երկնքի կշեռքը։ Երկնքի կշեռքը թող երկնքում էլ մնա։ Ասում են, չէ՞, խոփդ սուր է, համա հանդը բաժանովի է։ Աչքաչափն էլ ճիշտ բան է, բայց ամենից ճիշտը չափի միավորն է։ Ժողովրդական երգն ասում է` կոտ ու կես ցորեն ունեմ` ցանելու համար։ Հա, նաև մեր էպոսի Դավթին հիշենք, որ ասում է` իմ հոր ոսկին է, ես եմ չափելու։ Մեր գյուղերում շատ բաների համար կշեռք կար, բայց հացի համար կշեռք գոյություն չուներ։ Հացը կշեռքին դնեիր, համոզված էին, որ տան «բարաքյաթը» կկորչի։ Շատ օրինակներ կարող եմ բերել։ Բայց խիստ կարևորն այսօր հանկարծ հիշածս խոսքն է` ժողովրդի աչքը կշեռք է։ Եվ ավելի ճիշտ կշեռք է, քան երկնքի, Աստծո կշեռքն է։ Ինչո՞ւ եմ էսպես ասում։ Ժողովուրդը տեսնում է, պատահում է` աչքի տեսածին չի հավատում, նորից է չափուկշռում ու... Աշխարհը խառնվել է իրար։ Իր աչքի տեսածին մեկ չհավատաց ժողովուրդը, երկու չհավատաց։ Պատահում է, տեսնում է, բայց չի հավատում։ Հետո՞... Օրինակ, մտածում էինք, Եգիպտոսը երկիր է, էլի, եգիպտացիներից միայն երկրի անունն է մնացել։ Աշխարհի տարբեր երկրներից ամառ-ձմեռ կգնան, կտեսնեն, կհիանան հնություններով, ուղտ կնստեն, կզարմանան ժամանակներին հաղթած բուրգերով, երկիրը կապրի... բայց... Էս ինչե՞ր են կատարվում աշխարհում, Գիքոր ջան, իմացիր, որ հավերժական ոչինչ չկա, ու էսօրվա լավը էգուց կդառնա վատ, զրո։
Մեզնից խոսենք, որդի։ Մեր լավը չենք կարողանում պահել, վատն էլ ելել ու մեզ ուտում է։ Ժողովուրդը տեսնում է, թե երեկվա թեփշի լիզողներն էսօր ինչ են դառել։ Այ, էդ թեփշի լիզողներն են մեր երկիրն ու մեր ժողովրդին էս օրը հասցրել։ Արդեն հասել են ժողովրդի ողնուղեղին, ուղնուծուծին ու երկրի կեղևին ու ընդերքին։ Համատարած թալան։ Ամեն ինչ իրենցով են անում։ Փորձես մտքումդ կամ հառաչանքով մի բան ասել, հերդ կանիծեն, վրադ ոչ թե տղա կբերեն, այլ ուրիշ երկրներ։ Դրա համար են տարբեր երկրներից վրա տված գալիս, իրենց «ոտնաքրեհը» առնում ու... սա եկավ, նա եկավ, սրանք եկան, նրանք եկան։ Տո, երկիր, հենց երկրի իշխանավոր ու գլխավոր, խելքդ ո՞ւր է, ինչո՞վ եք զբաղված, որ կասկածում եք ամեն ինչի վրա։ Միայն թե բռնեք, բանտարկեք, ոչնչացնեք, հալածեք, սովի մատնեք։ Ձեր բոլուկով արյուն խմեք։ Քանդեք երկիրը։ Ո՞Ւր է մեր գիտությունը, ո՞ւր են մեր ներուժը, մեր խելքը։ Էն օրը ցույց էին տալիս, թե ինչպես են մկները կրծում-կեղևահանում մրգատու ծառերը։ Խեղճ այգեգործները մնացել են շվար, անգամ հարցականում են` սա մի՞թե կենսաբանական պատերազմ չէ։ Խեղճ գյուղացին անգամ մի մկան հախից չի կարող գալ, ինչ մնաց մի մկնաբանակի։
Ժողովրդի աչքը, այո՛, կշեռք է։ Տեսնում է։ Բայց տեսնելով ի՞նչ դուրս կգա։ Կտան քո կշեռք-աչքն էլ կհանեն։ Աղքատություն։ Աղքատության շեմ։ Իբր միջոցառումներ, որ հաղթահարվի (անպայման առաջիկայում)... Ասել է` հույսի պոչից կապել։
Գիքոր ջան, ես իմ պառկած տեղն եմ տեսնում, դու քո հեռվից ուզում ես` տես, չես ուզում` մի՛ տես։ Բայց մեր ժողովուրդը տեսնում է, զգում, համոզվում, որ ինքը խաբված է, որ էսօրվա տերերը ոչնչով չեն տարբերվում օտար, ամայի ճամփեքի տերերից։ Չեմ ասում, թե անտեր ենք։ «Ամենքս, իմացիր, տասը տեր ունենք. Փորներն ողողած, փողքները թողած, կըռները կանթած` կըտերը կանգնած»։ Երնեկ չէ՞ր, որ էսպես լիներ։ Հիմա անտանելի է։ Գիքոր ջան, Աստված տա, որ ամեն ինչ լավ վերջանա։ Հարուստներին, բացի խղճից, ամեն ինչ տրված է, իսկ աղքատներին միայն խիղճ է տրված։ Ժողովրդի աչքը կշեռք է։ Սրանք խիղճ չունեն, կտան կշեռք-աչքդ էլ փուլ կածեն, աչքը լույսից կբաժանեն, մարդուն` իր տնից ու հողից։ Ես վախլուկ չեմ եղել, բայց հիմա շատ եմ վախենում։ Դու գնացել` գնացել ես, գոնե իմ թոռ Համբոներից մի կարգին Համբո ուղարկիր, թող կողքիս լինի, լավ-լավ բաներ կպատմեմ, կսովորեցնեմ, մարդու, անասունի, թռչունի լեզուն էլ կսովորեցնեմ, թող սովորի, մարդ դառնա, թե չէ էդ հեռու թիֆլիսներում ինչ պիտի սովորի։ Թոռը, կոռը, ծոռը նրա համար են, որ նախ իրենց պապի լեզուն սովորեն, նրա նստել-վերկենալու ձևն իմանան։
Իհարկե, քեզ պետք է հետաքրքրի, թե ինչ նորություններ կան։ Նորությունն էն է, որ թանկացումներ են սպասվում։ Աղքատներին ի՞նչ, աղքատը կապրի, իմ դարդը հարուստների համար է։ Խեղճերը ո՞նց են դիմանալու։
Պաչում եմ ամենքիդ։ Ամեն։
Քո հարգարժան հայր` Համբո

Դիտվել է՝ 1999

Մեկնաբանություններ