ԱՄՆ-ի ներկայիս վարչակազմի կողմից նախկին նախագահ Դոնալդ Թրամփի շուրջ ստեղծված մթնոլորտն է հրահրել նրա դեմ մահափորձը՝ հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: «Ռուսաստանի Դաշնությունը չի կարծում, որ մահափորձը կազմակերպվել է ԱՄՆ-ի գործող իշխանության կողմից, սակայն թեկնածու Թրամփի շուրջ մթնոլորտը դրդել է նրան, ինչին այսօր բախվել է Ամերիկան»,- շեշտել է նա:               
 

ՎԱՐԴԱԳՈՒՅՆ ՔԱՂԱՔ, ԵՐԿՆԱԳՈՒՅՆ ԿՐՔԵՐ

ՎԱՐԴԱԳՈՒՅՆ ՔԱՂԱՔ, ԵՐԿՆԱԳՈՒՅՆ ԿՐՔԵՐ
16.03.2012 | 00:00

«Ի՞նչ է մարդկային հիշողությունը.
ՈՒղեղի թատրո՞ն, հոգու թանգարա՞ն...
Պահպանում ես քո՞, թե՞ հեռացողի
Սրբությունները... քո՛ հիշողությամբ...»։

«Կեռմանին», Գոհար ԳԱԼՍՏՅԱՆ

ՆԱԽԱՎԱՐԺԱՆՔ-ԿԱՐԿՏԱՀԱՐՈՒՄ
«Հայոց հարցը»։ «Հ1»-յան ցնորական ցրտահարություն։
«Անկենդան պատյան»։ Հոգեբանը «հոգեկա՞ն է», թե՞ հոգնան է հոգեբան։
«Բանակում» ֆիլմաշար։ Բանակն ո՞ւր է այս շարունակ շնկշնկոցում։

Նախավերջին կիրակնօրյա ցրտահարության սրթսրթոցին, ի սարսափ «ԼԼ» դոդոշաց և կարմրախայտաց, հայոց կանանց չարն ու բարին էին տեսակավորում հանրածանոթ կնիկը` պոետ և ազգագրագետը` կնիկ։ Այծամորուս-բախտախնդրի ժպիտը գունաթափվում էր հարցերի բորբոսին համընթաց։
«Կենդանի մատյան»։ Հանրային հոգու բուժումն «Արմենիայում» բուսաբանական բարդույթ ունի։ Հոգեբանը ջրցանում է յուր աթարը և արդար սրտով աթարից ծլած ձնծաղիկները հնձում։

ՔԱՂԱՔԱՄՈՐ ՈԴԻՍԱԿԱՆԸ
(ուղեղի թատրոն)

Քաղա՜ք, ի՜մ մայրաքաղաք։ Մայրագյուղից քաղաքամայր դարձած Երևանը վարդագունեց։ Քաղաքն այսօր վարդաքուն է մտել։
Եվ մտորում ես ակամա. անկախությունը մեր կամա արդյոք Երևանը «բարոյակրտելու» խնդիրնե՞ր ուներ։ Հասկանալի է, որ փոխվեց դարը, ու քարը քարին չմնաց Սովետմիության հռչակավոր քաղաքներից մեկում։ Սակայն ինչո՞ւ սովետական Երևանի նկարագիրը ազգային քաղաքամայրի ոգին էր կրում, հոգիդ պարուրում։ Եվ Երևան մայր-ոստանի որմերին Տիգրանակերտի ու Վանի, Անիի ու Դվինի փառահեղ քաղաքաշինական մշակույթն էր արձագանքում։ Այո՜... Երևա՜ն, իմ բարի քաղաք, երկնաքերներ այլասուն և փողոցներ լայնահուն։
ՈՒղեղի թատրոն Երևանս։ Ջիպակիր-ասպետի հավակնությունները զինադադարի ռեժիմը խախտում են դիպուկահար-որսագողի հմտությամբ։ Ներկայացման արարները մարտեր են առանց կանոնների։
Զինադադար է մայրաքաղաքում։ Թամանյանի Երևանը փորձեց մի պահ շունչ քաշել, մոռացվող հիշողությունը թարմացնել` հրադադար կնքելով Ջիպակրի հետ։ Զո՛ւր։ Ջ.-ն ջրբաժաններ է սիրում։
Հայ մտավորական դասում դասալիքները երկու դասակ ձևավորեցին։ Կամ շուլալվում ես շալվարներին իշխանախանական, կամ ճարտարապետական ճարտարությունդ ճիճվի ճկունությամբ գալարում նրանց քիմքին հարիր։

ՈՒղեղի թատրոն Երևանս։ Անկախ պետականության առաջին տասնամյակն ազդարարեց իր փառավոր հետընթացը։ Թատրոնի գլխավոր դերակատարն ու խմբավարը, դերաբաշխն ու դասացույցն այսուհետ նա է` ջիպակիր-ելուզակ-բանսարկու-կակղամորթ-իրավունքատերը` հապավումը` ՋԵԲԿԻՐ։ ՈՒղեղագալարներում հասունացող վտանգը 1991-ին պարտադրեց նրանց լքել քաղաքն ու երկիրը։ Աշխարհում քեզ թև ու թիկունք են տեղական համբավավոր համբակներն ու հայրենական նորաթուխ գաղութատերերը։ Հետո հաղթական դարձդ դեպի նախնիներիդ բնօրրանը։ Դարձ` հաղթական կապիտալով։ Դե, եկեք պատկերացնենք, ուր պիտի հոսեին Ջեբկիրի շահած-դատածը։ Անշուշտ, նորանկախ հայրենիք։ Զի հայրենիքը, պատերազմի հաղթական ավարտից հետո, հայտավորվեց որպես Հայոց գերագույն սակարան։ Դիր ստակդ և շահիր բազմապատիկ։ Եվ ի՜նչ փույթ, թե թամանյանական քաղաքամայրը վերածվում է քաղաքաշինական սարդոստայնի։ Երևա՜ն, իմ բարի քաղաք։ Իմ բարի ու հեքիաթային ոստան։ ՈՒ անկեղծ լինենք, եղե՞լ է արդյոք մեր պատմության միջօրեներում, երբ մի տասը տարում երկրում մի 100-150 ֆինանսական հսկաներ հառնեին։ Թեկուզ և ի հաշիվ մայրաքաղաքի կերպի, նկարագրի, բնույթի և հեռանկարի այլակերպման։ Այո՜...

Ստահակի օտար ստակը մեր սրբագրված փողոցներում պորտապար է բռնել։ Նոր մայրուղիների կառուցումը ուղիղ համեմատական է քաղաքաշինական այլակերպումների քանակին, որակին, բոյ-բուսաթին։ Ջեբկիրը լայնահուն մայրուղիների սիրահար է։ Դե եկ ու հովազաթռիչք մեքենադ տանջահարիր ամլիկ գառան համար ստեղծված սայլուղիներով։ Այո՜...
Մասնավոր կապիտալի գրկախառնությունը պետական միջոցների հետ գերարդյունավետ հանգրվաններ գտավ։
ՈՒշագրավ, դարակազմիկ հնարագիտություն։ Պետականաշինության հուժկու շեփորականչ։ Ամլիկ-գառների արյուն-քրտինքով ձևավորվում են պետական միջոցները։ Եվ նպատակաուղղվում մայրուղիների կառուցման վեհ գործին։ Ի տնօրինում և ի վայելում ջեբկիրյան դասի։ Այո՜...

ՄԱՅՐԱՔԱՂԱՔԻ «ՄԱԿԻԱԺԸ»»
(հոգու թանգարան)

«Թամանյանը չհիշեց այն անձի անունը, որի տողերը մեջբերեց գրողը. «ղՏՊՌՑՖ տՏ ՎՌՐց Ռ չՏՐՏՊՈ չՏՐՏՊՌՑՖ»։ Եվ մի՞թե Հայաստանն այս աշխարհի մասը չէ։ Եվ ինչո՞ւ այս սրահի լույսը չի լուսավորում ամայացած Անին, ինչո՞ւ այս սերը չի տարածվում խավարի քողի տակ սսկված Կարսի և Կարինի վրա... «Քայլել աշխարհով և քաղաքներ քանդակել»...
«Պոեմ վասն
շենքի և շինության»,
Աղասի ԱՅՎԱԶՅԱՆ

Առհասարակ մենք մեր լավը չգիտենք։ ՈՒ չենք գնահատում մեր երեկվա, ներկայի և երեկ չէ մեկել օրվա իշխանապետաց ջանքերը։ Գերզգացմունքային հասարակություն ենք։ Նաև անշնորհակալ։ Անշահախնդիր Ջեբկիր-դասը մայրաքաղաքը վերաշինելով ախտահանում է մեր հոգին ու մարմինը` մեր խորհրդային անցյալից։ Պատկերացնենք բանի բուրդ լինելը։ Մենք (այսինքն` հայ հանրույթի ամլիկագառային հատվածը) ապրում էինք խորհրդային բարվոք և կուշտ անցյալը խորհրդանշող մայրաքաղաքում։ Բայց մեր գրպաններն անբարվոք էին, մեր կեցությունը` անհաշտ ներկային։ ՈՒրեմն պետք էր բնաջնջել բարվոք-կուշտ անցյալի քաղաքաշինական քաոսափառը և նոր ատրուշաններ կերտել։
Մի փոքր ցավոտ է, քիչ էլ դաժան, սակայն առաքինի է և գործնական։ Այսօր երևանաբնակն անցնում է, դիցուք, քաղաքամոր էլիտար փողոցներով։ Շենքերը, խանութները, շարժակազմերն ու մնացյալը Ջեբկիրի պատկանելությունն են։ Ամլիկագառային խավը հոգեպես անդորր է ապրում։ Զի հավակնություններն անհետ կորել են, ու նա գտել է իր պատվավոր տեղն այս բորբ կյանքում։ Եվ հստակ գիտե, որ իրեն, ահավասիկ, կարելի է հետևյալը.
ա) հպանցիկ հետևել ոսկեծփուն մարկետից արծաթազօծ մեքենա սահող Ջեբկիրուհու սահուն ընթացքին.
բ) լիաթոք շնչել պատանի ջեբկիրիկների սիրած սննդային օազիսից արտավիժող վարազի լուլաքյաբաբի բուրմունքը,
գ) որսալ պահը, թե երբ է Ջեբկիրը (հեռու իրենից), հարգում օրենքն ու կառանվում կանաչ լույսի տակ։ Հետո զգո՜ւյշ պետք է մոտենալ նրան, և քանի կանաչ լույսն է, ներծծվել նրա սուլթանական օծանելիքի բույրով։
Այսպիսով, հասկացա՞ք, թե՞ ոչ, մեր իշխանաց դասը մեծ խոհեմությամբ է կերտում վաղվա քաղաքացուն։ Ով կգիտակցի, որ նորհայկական մայրաքաղաքը ապրում-շնչում-ապագային է նայում ճերմակ և սև հարթություններով։ Եվ հարկ է, որ այն լինի հակադրությունների մայրաքաղաք։ Ջեբկիրների ու Ամլիկ-գառների հարազատ ոստանը։

Այս ամենը բարդվում է քաղաքապետարանի ուսերին։ Զի այստեղ փորձում են համատեղել անհամատեղելին, ներդաշնակել ջեբկիրական (Ջ) և ամլիկգառային (ԱԳ) դասերի հավակնությունները, ցանկությունները, հնարավորությունները։ Մի ձեռքով կանաչ լույս են վառում Ջ - արշավների առջև, մյուսով շոյում են ԱԳ-ների խոցված ինքնությունը։ Այսինքն` էսպես, կառուցեցին Հյուսիսային պողոտան և, խնդրեմ, վերգետնյա երեք անցում։ Շենացրին Հրազդանի կիրճը և քշեցին քաղաքից նյարդեր քայքայող տրամվայները։ Այսպիսով, քաղաքապետարանին գթալ պետք է, սիրել` ամենևին։ Զի գործը թողնում են կես ճանապարհին։ Հասկացեք, տիարք քաղաքապետեր, նրանց վերադասներ և ստորադասներ, ավագանիք և այլք, նստել ծիրանենու տակ և երազել, թե ուր որ է գլխիդ դամբուլ է կաթելու, անհեռանկար զբաղմունք է։ Եղեք սթափ, ուշիմ և թույլ տվեք Ջ դասին ավարտին հասցնել Երևանի խմբագրումը։ Զորօրինակ, էդ ի՞նչ խելքով եք Ծիծեռնակաբերդի հուշաբլրի լանջերին առանձնատներ կառուցելու որոշ Ջ-ականների մուրազը փորում թողնում։ Կամ` մի՞թե խելամիտ է կիրճում սկսված բարձրահարկի շինարարությունը կասեցնել հինգերորդ հարկում, ինչ է թե` փակելու է Փարաջանովի տուն-թանգարանի ճակատը։
Հասկացե՛ք վերջապես, մենք այսուհետ զվարթ ու աննկուն, ապրում ենք մեր հոգու թատրոնում։ Դուք ձերն արեք։ Ի վերջո, մայրաքաղաքը պետք է մի ընդհանուր, ջեբկիրական ներդաշնակության մեջ լինի։
Հոգու թատրոն։ Հրաշալի միտք է։ Կան, չէ՞, քաղաքում մի երկու հնաբույր շինություններ։ Կա, չէ՞, Երևանի պատմության թանգարան։ Սքանչելի է։ Այսպիսով բավարարվենք։ Եվ վերջ տանք ամլիկագառային մեր նվնվոցներին, թե հասեք ու փրկեք, քաղաքամայրում չկան արտաքնոցներ։ Իսկ ինչո՞ւ պիտի լինեն։ Մեր սնունդը եթերային է այնքան, որ մարսվում-անէանում է ինքնին։ Բա՜...
Քանի որ վերոնշյալի լուծումները չկան, «ԼԼ» կոալիցիան գտավ ելքը. մայրաքաղաքի փոքր և մեծ կենտրոններում կտրուկ արգելել ԱԳ որևէ ներկայացուցչի մուտքը։ Նրանց բնակության համար նպատակահարմար համարել խորհրդային Երևանի համն ու հոտը չկորցրած արվարձանները` Նուբարաշենը, Բանգլադեշը և Նոր Նորքի վերին հատվածները։ Այո՜...
Վրեժ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Հ. Գ. -Հեծանվահրապարակի փոխարեն վեր են խոյանալու ընձուղտակերպ յոթ երկնաքերներ։ Բացում ենք գաղտնիքը։ Ջ դաշնությունը 2001-ին հույժ գաղտնի որոշմամբ հոգու թատրոնի բնակիչներիս հոգեդարձման ծրագիր է մշակել։ Շաբաթ-կիրակի օրերին (շաբաթ` կանանց, կիրակի` տղամարդկանց) թույլատրվելու է ԱԳ ներկայացուցիչների մուտքը Երևանի փոքր-մեծ ու դրանց տնամերձ հատվածներ։ Էսպես ուրեմն, երկնաքերները, փակելով տեսադաշտը, պարտադրում են երկնքի փոխարեն գետնին նայել։ Ա՛ն-ը՛նդ-մե՛ջ։ Եվ ահա ռոմանտիկ ինքնախաբկանքի փոխարեն, մեր էությունը կհամալրվի գործնական-փնտրողական հատկանիշներով։ Բացի այն, որ կհասկանանք 21-րդ դարի խորհուրդը, նաև հնարավոր է, որ մի բան էլ ձեռք բերենք Ջ-երի կորցրածներից։ Զորօրինակ, սիգարի մնացորդը։ Կամ էլ գուցե, էդ օրը բախտներս հատկապես կբերի ու կճանկենք ոսկերիզ մի պահպանակ։
Ի դեպ, արդի Ջ-երի մեծ մասը մանկության տարիներին գլուխը գետնից չէր կտրում։ Իսկ նրանցից ոմանք աշխատել են դեռ մանկամսուրից։ Զորօրինակ, օլիգոպոլիկ Z-ն իր առաջին բիզնես-թոթովանքներն էր իրականացնում, գողանում էր խաղընկերների բուլկիների չամիչը, կտրում էր դայակի խալաթի կոճակները (էս ամենը քնի ժամին) և հաջորդ օրը գողոնը վաճառում նրանց վրա։

Դիտվել է՝ 2141

Մեկնաբանություններ