Մահափորձ է տեղի ունեցել ԱՄՆ-ի նախկին նախագահ և նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփի դեմ՝ Փենսիլվանիայի Բաթլեր քաղաքում նրա նախընտրական հանրահավաքի ժամանակ։ Թրամփի ականջն է վիրվորվել։ Երկու մարդ սպանվել է, այդ թվում՝ կրակողը՝ Փենսիլվանիայի 20-ամյա բնակիչ Թոմաս Մեթյու Քրուքսը։ Ըստ ԶԼՄ-ների, ոճրագործին գնդակահարել է Գաղտնի ծառայության դիպուկահարը։               
 

Մոտիկը թողած` ընկել ենք չոլերը

Մոտիկը թողած` ընկել ենք չոլերը
10.04.2009 | 00:00

ԷՍ Ո՜ՆՑ Է ԼԻՆՈՒՄ, ՈՐ ԷՍՊԵՍ Է ԼԻՆՈՒՄ
Ո՞ր դար-հազարամյակում է մեր մի իմաստասերի ազնիվ հայացքից մեր լեզվամտածողության ծլունակ բոստանն ընկել մի ընտրանի, մի խրատական խոսք, թե` մոտիկ հարևանը հեռու բարեկամից լավն է, չեմ կարող ասել։ Ասողը մնացել է իր ապրած օր-դար-հազարամյակում, իսկ մենք` իմաստասերի անարժան ժառանգներս, շարունակում ենք նրա պատգամած միտքը ծամել ու օրհնել։ Ասում ենք` հին խոսք է, մեր պապերն են ասել` մոտիկ հարևանը հեռու բարեկամից լավն է։ Լավին ո՞վ կարող է պոզ ու պոչ կպցնել. որ լավն է, ուրեմն լավն է։ Էնքան ենք լավը ցանկացել, որ ճառային-ճակատային ազնիվ գիծ ենք բացել` մեր լավը ոչ մեկը չի կարող մեր ձեռքից խլել, ով փորձի` տեղնուտեղը մայրիկը կլացացնենք։
Էսպես հասել ենք մեր օրերը, մինչև... հարսի դնչկալը հանելը։ Հարսի դնչկալը հենց հանվեց, երբ չխոսկանությունը դարձավ կանչ ու խոսք` էնքան ես խոսում, որ տան դռան շան հացը կտրում ես, մինչև... հարսս լավը չի, որ ասում եմ, վայն եկել ինձ տարել է, հավատացեք։ Մինչև՜... սկեսուրս անտանելի պտուղ է, դրա հետ էն դռան շունն էլ յոլա չի գնա... Մինչև՜... դրա հարևանությունը կտրի, դրանից ի՞նչ հարևան։ Մինչև՜... Աստված բեթարից ազատի։ Մինչև՜... ազատությունս ո՞րն է, անկախությունս ո՞րն է։ Ազատությունը պաշտոն է։ Անկախությունը պաշտոն է։ Իսկ պաշտոնը հուշում է ընտրատուփ, նշանակում է` նշանակում։ Կուսակցություններն են թշնամանում, ամբիոնային կրակահերթեր են ճարճատում, ամեն մեկն իր կուսակցության իր ղեկավարին է սազանդարում. «Ես... մեր նախագահ Արթուր Բաղդասարյանը»։ Եվ մի օր լսվելու է` եղունգ ունես, գլուխդ քորիր, մոտիկ հարևանն էլ թող կորչի, հեռու բարեկամն էլ հետը։ Քո մոտիկն ու լավը, հարազատը քո շահն է, շահած-պահածը։
Էսպես անուն կպցնելով, փնովելով հասանք մեր հարևան երկրներին։ Հասանք էնտեղ, որ ասացինք` Թուրքիան մեր հարևանը չէ, հարևան է, բարեկամ է, վստահելի ռազմական գործընկեր է, կա` Ռուսաստանն է, չկա` Ռուսաստանն է։ Մեկ էլ պարզվում է, որ մեր մի խելոքի համար Ռուսաստանն է, որը Հայաստանում ունի ընդամենը կլոր հ-ա-զ-ա-ր օբյեկտ, իսկ մյուսի համար, ավելի ճիշտ, մյուս խելոքի համար` Եվրոպան է, օ՜, Եվրոպային, նրա կառույցներին ինտեգրացվելը մեզ կփրկի... Կփրկի, կփրկի, բայց ինչի՞ց կփրկի, հա, առայժմ` մեզանից...
Մի ուրիշ ջրատար խելոքն էլ, որ եթե նախարար չլինի կամ մեծաստղ իշխանավոր, գոնե գիրկապ անող մի պատգամավորի պես բան կլինի, հազիվ հարևան դարձած մեր ախպեր, ի՜նչ երեք հարյուր, գոնե մեր հազար տարվա մեծ ախպեր ու մեր բախտակից, մեր դարդն ու ցավը, մեր գրած-ջնջածներն իրարից ջոկող Եվրոպային էստեղ թողնում, չափարի վրայով, օխտը փշալար սահմանը մի թռչելով էս կողմ է թողնում, օվկիանոսն էլ էնպես է կտրում, որ թվում է` անապատով է անցել` չո՜ր-չոր, հարևանով է ճանաչում Ամերիկային, մանավանդ հայերի շնորհիվ նախագահ դարձած Օբաման ասելու է «ցեղասպանություն»։
Լավ հարևան ունենալը, մանավանդ եթե «չագուչ», սղոց է պետք, շատ լավ բան է։ Եվ ավելի լավ է, երբ մենք ուժեղ հարևաններ ենք որոնում եվրոպաներում, ասիաներում, ամերիկաներում։ Լավ ենք անում, մեր սահմանադրական իրավունքը մեզ թույլ է տալիս։
Ճիշտ է, հիմա համաշխարհային ճգնաժամ է, ամեն ինչ սակավ է, բայց անհիշելի ժամանակներից եկած խմորն անհաշվիչ ջուր է վերցնելու։ Ի՞նչ եմ առաջարկում մեր «եթիմ» պատգամավորներին, նրանց, ում զրկես պաշտոնից, աթոռից, կդառնան օխտը կորածի մինը։ Առաջարկում եմ Երևան-պետության իշխանավորներին` մոտիկը թողած, էլ չընկնել հեռուները, ջունգլիները, թե` վստահելի հարևաններ, գործընկերներ ենք փնտրում։ Քանի որ համաշխարհային ճգնաժամին խառնվել ու հունցվում է մեր ազգային ճգնաժամը, պետք է մտածել ՀԱՅԵՐԵՆ, զուտ ազգային շահի հետապնդումը մեզ կփրկի վերահաս վտանգից։
Իսկ ինչո՞ւ քաղաք-Երևան-պետությունը, ուր նստում են նստելու արժան շատ արժանավորներ, հարևանություն չունի Սյունիքի մարզի հետ։ Արարատյան դաշտի օդային տարածքներն անցնելուց հետո նրանց ինքնաթիռը իշայծյամի նման կթռչի Վայքի վրայով, Սյունյաց օդային դարպասները գուսան Աշոտի հոգեպարար երգով կբացվեն նրանց առջև, և պատվիրակությունը շուտ գլխի կընկնի, թե ինչ ցավ է կորցրել եվրոպաներում, ջունգլիներում, ամերիկաներում։
Կարճ կապեմ։
Մեր նախնիները բազում արվեստների են տիրապետել, մեր արվեստ է համարվել նաև խնայողությունը։ Քաղաք-Երևան-պետությունը նախ պիտի ճանաչի Գեղարքունիքի ինքնատիպությունը, օժտի Սևանին նախնադարյան կարգավիճակով, թույլ տա, որ տեսակ-տեսակ ձկները լճում ապրեն ազատ ու անկախ, շատանան, բազմանան ու թե ուզում են ճամփորդել, թող մոտենան Հրազդան գետի ակունքին, մտնեն գետը, ապա... Մինչև Երևան հասնելը ոչ մի գյուղի ու քաղաքի բնակիչ իրավունք չունի ձուկ կուլ տալու։ Երևանում կորսան, կմշակեն, մնացորդ եթե լինի, կուղարկեն հասցեատեր Սևանի բնակիչներին։ Թե չէ, ի՞նչ է հիմա. դողդողալով գողանում են, դողդողալով ծախում են հենց լճափում, խեղճ կնանիք անգամ իրենց փեշերի տակ թաքցրած ձուկը հասցնում են Երևանի շուկաներն ու քուչեքը... Մնացածը գիտեք։
Ինչո՞ւ թումանյանական կապ չհաստատել, չհարևանանալ Թումանյանի, Մաթևոսյանի ժողովրդի հետ, ինչո՞ւ մի ոչխարի ոտ էլ, հանուն դարավոր բարեկամության երաշխիքի, չբռնի Ազգային ժողովի ջոջը։
Ինչո՞ւ հարևանություն չանել Շիրակի ժողովրդի հետ, չճաշակել Գյումրվա ընտիր հումորը, քանի որ գլխավոր գլխարկակիրները քյալլա չեն թողել, պատվիրակության անդամներին փայ կհասնի երկրաշարժային դոմիկներում աճած անխառն, ինքնաբուխ սունկը։ Վստահելի անձանց հետ կուղարկեն խոստումնակեր ՌՔ-ի իշխանական բաժինը։
Այո՛, մոտիկը թողած` ինչո՞ւ ենք չոլերն ընկնում։ Պետք է հիշել ու հիշեցնել երևանանիստ իշխանավորներին, որ և՛ լոռեցիները, և՛ տաշիրցիները, և՛ վայքեցիները, և՛ սյունիքցիները, և՛ արարատցիները, և՛ տավուշցիները, և՛ մեր շրջապատում ապրող (մաքառող) ժողովուրդները էթնիկական կապ ունեն Երևանում ապրողների հետ, որը կնպաստի ազնիվ համագործակցելուն։
Մնում է գործի անցնել։ Էստեղ մեծ անելիքներ ունի սփյուռքի նախարարությունը։
Մեր շրջակայքում ապրող ժողովուրդները նույնպես մշակութասեր են, բայց թող պատվիրակություններն իրենց հետ չտանեն ջուխտուկենտ աստղերի։
Ամեն մի մարզ, ամեն մի քաղաք, շրջան ու գյուղ, ամեն մի մարդ իր աստղն ունի, և ամեն մեկն իր աստղի բախտն է լալիս, մտածելով` էս ո՜նց է լինում, որ էսպես է լինում։
Հրաչյա ՄԱԹԵՎՈՍՅԱՆ

Դիտվել է՝ 3045

Մեկնաբանություններ