ԱՄՆ-ի ներկայիս վարչակազմի կողմից նախկին նախագահ Դոնալդ Թրամփի շուրջ ստեղծված մթնոլորտն է հրահրել նրա դեմ մահափորձը՝ հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: «Ռուսաստանի Դաշնությունը չի կարծում, որ մահափորձը կազմակերպվել է ԱՄՆ-ի գործող իշխանության կողմից, սակայն թեկնածու Թրամփի շուրջ մթնոլորտը դրդել է նրան, ինչին այսօր բախվել է Ամերիկան»,- շեշտել է նա:               
 

ԳՆԱՃՈՎ, ԳՈՐԾԱԶՐԿՈՒԹՅԱՄԲ ԴԵՊԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԳՆԱՃՈՎ, ԳՈՐԾԱԶՐԿՈՒԹՅԱՄԲ ԴԵՊԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
09.09.2011 | 00:00

Սեպտեմբերի առաջին շաբաթն առատ էր ոչ միայն բերք ու բարիքով, այլև գնաճով։ Այն, որ առաջին անհրաժեշտության պարենային ապրանքների գները կբարձրանան, կանխատեսել էինք դեռևս օգոստոսի սկզբին։
Ըստ էության, առանձնակի հմտություններ պետք չեն նման կանխատեսումների համար։ Բավական է դիտարկել վերջին երկու տարվա դինամիկան. յուրաքանչյուր տարի երկու անգամ` գարնանը և աշնանը, տեղի է ունենում գնաճ, չհաշված, որ որոշ ապրանքների գներ եռամսյակը մեկ բարձրանում են 5-10 դրամով։ Սա արդեն դարձել է օրինաչափություն։ Այս պահին 1 կգ շաքարավազի գինը տատանվում է 430-460 դրամի, տավարի ոսկրոտ միսը` 2500-2600 դրամի սահմաններում (իսկ ֆիլեն` 3000-3500 դրամի)։ Առաջիկայում հնարավոր է կաթնամթերքի գնի բարձրացում, քանի որ շուկայում «Աշտարակկաթը» բարձրացրել է իր ապրանքների գները, հիմնավորելով, որ հումքը թանկացել է։
Այն, որ Երևանը շատ թանկ քաղաք է, փաստում են նաև զբոսաշրջիկները: «Գները, կարելի է ասել, Մոսկվայի գներին շատ քիչ են զիջում»,- մեզ հետ զրույցում ասաց Մոսկվայից Երևան գործուղման ժամանած Վալենտինան, իսկ իրանցի զբոսաշրջիկների խումբն ընդգծեց. «Անցած տարի հանգստացել ենք Վրաստանում, պարենային ապրանքների գներն անհամեմատ ավելի էժան են, նույնն էլ բոլոր ծառայությունների և հյուրանոցի գները»։ Այն, որ Հայաստանը թանկ երկիր է, վկայում են նաև տաքսու վարորդները. «Արտասահմանցի հայերին հաճախ ենք սպասարկում, հատկապես Ֆրանսիայից ժամանած։ Նրանք շատ դժգոհ են Հայաստանի գներից»։ Պետք է նկատենք, որ գնաճի մասին հատուկ չենք խոսեցրել տեղի բնակիչներին, որպեսզի հեռու լինենք այն մեղադրանքներից, թե ժողովուրդը միշտ էլ դժգոհ է։ Իսկ երբ առկա գնաճի հետ մեծանում է գործազրկության թիվը, ապա հատկապես նախընտրական տարում սա դառնում է ոչ միայն ժողովրդի, այլև իշխանությունների անձնական խնդիրը։
Բայց, ինչպես ասում են, դժվարությունը միայնակ չի գալիս։ Առկա գնաճին զուգահեռ երևանցիները մի նոր խնդրի առջև են հայտնվել։ Մասնավորապես, մայրաքաղաքում իրականացվում է քաղաքը մաքրելու գործընթաց` ամեն տեսակի տաղավարներից, որոնք անկանոն կերպով կառուցվել են վերջին քսան տարում։ Այն, որ Երևանը պետք է տեսքի բերվեր, այլ կարծիք լինել չի կարող։ Եվ այս առումով շատ կարևոր են բացօթյա առևտրի վերացումը և սնկի պես աճած տաղավարների ապամոնտաժումը։ Սակայն այս գործընթացը հիշեցնում է «հոնքը շինելու փոխարեն աչքն էլ հանեցին» ասացվածքը։ Երբ երկրում գործազրկությունը չի նվազում, մարդուն զրկել իր աշխատանքից, այսինքն` ընտանիքն օրահացով կերակրելու հնարավորությունից, կարծում ենք, ճիշտ չէ։ Ավելին, առկա սոցիալական լարվածությանը սա մի նոր ալիք է ավելացնում։
Այս իրավիճակում հարց է առաջանում. ինչո՞ւ սկզբում չի կարելի լուծել այդ նույն մարդկանց (բացօթյա առևտրով զբաղվողների, տաղավարատերերի) աշխատանքի ապահովման հարցը և նոր միայն գնալ կտրուկ քայլերի։ Հետաքրքիր է, քաղաքապետարանը վնասը փոխհատուցո՞ւմ է տաղավարատերերին։ Չէ՞ որ տիպային տաղավարներ ձեռք բերելու պահանջը նրանց առջև դրվեց մոտ տասը տարի առաջ, և մարդիկ տաղավարները ձեռք բերեցին բավականին բարձր գներով։ Բացի այդ, հիշեցնենք, որ հաճախ ոչ թե տաղավարատերն է աշխատում, այլ առևտուրն իրականացնում են օրավարձով աշխատողները, որոնց թիվը մեծ է մի պարզ պատճառով` աշխատատեղերի բացակայության։ Արդյոք այն մարդիկ, ովքեր առկա գնաճի և գործազրկության պայմաններում մնացել են մի կտոր հացի կարոտ, կարո՞ղ են վստահել իշխանություններին և հույս ունենալ, որ վաղվա օրն ավելի լավ է լինելու։ Չենք ուզում մտածել, որ նշված խնդիրն ուղղակի արհամարհում են քաղաքային իշխանությունները։ Կարծում ենք, ավելի շատ մտահոգված լինելով քաղաքի բարեկարգման հարցով, խորամուխ չեն եղել մարդկանց հացի խնդրում։ Եթե այդպես է, ապա երբեք էլ ուշ չէ այդ կարևոր հարցը լուծել, նոր միայն շարունակել քաղաքի մաքրման գործընթացը։
Ժասմեն ՎԻԼՅԱՆ

Դիտվել է՝ 1154

Մեկնաբանություններ