Մահափորձ է տեղի ունեցել ԱՄՆ-ի նախկին նախագահ և նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփի դեմ՝ Փենսիլվանիայի Բաթլեր քաղաքում նրա նախընտրական հանրահավաքի ժամանակ։ Թրամփի ականջն է վիրվորվել։ Երկու մարդ սպանվել է, այդ թվում՝ կրակողը՝ Փենսիլվանիայի 20-ամյա բնակիչ Թոմաս Մեթյու Քրուքսը։ Ըստ ԶԼՄ-ների, ոճրագործին գնդակահարել է Գաղտնի ծառայության դիպուկահարը։               
 

ԺԱՄԱՆԱԿԸ ԹԵԼԱԴՐՈՒՄ Է ՆՈՐ ՊԱՅՄԱՆՆԵՐ

ԺԱՄԱՆԱԿԸ ԹԵԼԱԴՐՈՒՄ Է ՆՈՐ ՊԱՅՄԱՆՆԵՐ
12.11.2010 | 00:00

Ազգագրագետ ՍՎԵՏԼԱՆԱ ՊՈՂՈՍՅԱՆԸ շուրջ 15 տարի հետաքրքրվում է կնոջ կարգավիճակում տեղի ունեցող նոր միտումներով և փոփոխություններով։ ՈՒսումնասիրելով հայ ավանդական և ժամանակակից կանանց դերակատարումը, նա կարծում է, որ ժամանակները, անշուշտ, իրենց շտկումները կատարել են։ Որոշակի ազատականացում է նկատվում կանանց մեջ։
Ի տարբերություն ավանդական հայ կնոջ, այժմ կանանց մի ենթախումբ ուղղակիորեն ձգտում է կայանալ որպես քաղաքական գործիչ, լիարժեք գործարար։ Իսկ հետո, ըստ ազգագրագետի, ելնելով տնտեսական իրավիճակից, դերերի զգալի փոփոխություններ կատարվեցին որոշ ընտանիքներում։ Ավանդաբար միշտ տղամարդն է ապահովել ընտանիքի նյութական բարեկեցությունը, լուծել խնդիրները։ Այժմ իրավիճակն այլ է։ Կինը ստիպված է ծանր բեռը վերցնել իր վրա, աշխատել և հոգալ ընտանիքի անդամների կարիքները։ Սա կնոջ ալտրուիստ, այսինքն` ընտանիքին, հարազատներին նվիրված լինելու ապացույցն է։ Բնույթի առումով էլ հոգեբանական կերտվածքի դրսևորումն անպայման իր կնիքը թողել է։ Եվ, իսկապես, կանանց մեջ տեսնում ենք բարձրագույն կրթություն ունեցողների, որոնք ոչ համապատասխան աշխատանքով են զբաղվում, երբեմն նույնիսկ տեխնիկական աշխատողներ են։ 40-ն անց կանանց մասին է խոսքը։ Հայտնի է, որ գործազուրկների մեծ մասը կանայք են։ Վիճակագրական տվյալներով` 60 տոկոսից ավելին։ Փաստորեն, կարևորն այն է, որ կինը կարողանա իր մեջ հաղթահարել այն պատնեշը, որը, իր կարծիքով, հարիր չէ իր կերպարին, կրթությանը, անցյալին։ Համենայն դեպս, մարդը չպետք է դատապարտված լինի անգործության։ Ամեն ժամանակ թելադրում է իր պայմանները։ Ինչպես տեսնում ենք, կանայք հարմարվում են նոր պայմաններին։ Խնդիրը որոշ տղամարդկանց մեջ է։ Նրանք դժվարությամբ են հարմարվում այս ժամանակներին և ակամա բեռ են դառնում կանանց համար։
Հայ կանայք, ավանդաբար, առաջին հերթին, նախընտրում են ամուսնությունը, ցանկանում են ընտանիք, երեխաներ ունենալ, ասում է տիկին Պողոսյանը։ Դա գլխավոր գործառույթն է նրանց համար։ Գուցե պատճառն այն է, որ մեր հասարակությունը չի ընդունում արտամուսնական կապերը։ Այլ բան է, որ իրականում նման շեղումներ լինում են։ Դրա համար էլ բոլորը նախանձախնդրորեն անպայման ցանկանում են ամուսնանալ, ինչը կայացած լինելու գործոններից մեկն է։ Բոլոր ժամանակներում էլ հասարակությունը լիարժեք աչքով չի նայում չամուսնացածներին։ ՈՒսումնասիրությունները ցույց են տալիս, որ նրանք, ովքեր ապավենի, պատսպարողի կարիք ունեն, ավելի շուտ են ամուսնանում, քան նրանք, ովքեր հակված են ինքնուրույնության։ Հիմնականում բոլոր հայուհիները ցանկանում են ընտանիք ստեղծել, ինչը հատուկ չէ եվրոպական մշակույթին։ Նրանց հասարակությունը հանգիստ է վերաբերվում այդ փաստին, համարելով, որ յուրաքանչյուրն ազատ է իր ընտրության մեջ։ Ինչ վերաբերում է կանանց վարքագծի մեջ կատարվող փոփոխություններին, ըստ ազգագրագետի, հատկապես երիտասարդ աղջիկների որոշ շրջանակներում նկատվում է կարիերա անելու ձգտումը։ Դրան զուգահեռ անպայման մտածում են ընտանիք ստեղծելու մասին։ Այդ պարագայում էլ աշխատում են համապատասխանել իրենց էթնոսի իդեալներին։ Հաճախ թե՛ կին քաղաքական գործիչները, թե՛ գործարարները շեշտադրում են, որ չնայած իրենք շատ զբաղված են, բայց կայացած կանայք են, մայրեր։ Իրենց տանն ամեն ինչ տեղը տեղին է, և համով էլ պատրաստում են։ Գուցե ոմանք տանը ծառայող ունեն, բայց ցանկանում են համապատասխանել ընդհանուր իդեալին։
Կանանց հաջողակ տեսակ կա, որոնց տղամարդիկ համարում են հավասար ընկեր, գործընկեր և տղամարդ-կին անվանումն են տալիս։ Մեր հասարակությունն այն, ինչ լավ է, համարում է տղամարդկային։ Այս տեսակի կանայք կարող են գրավել իշխանության միջին կամ ցածր օղակները։ Մեկ-երկու պաշտոն տալիս են։ Օրինակ, առողջապահության կին նախարար չեմ հիշում, ասում է ազգագրագետը և շարունակում` թերևս մշակույթի ոլորտը երբեմն-երբեմն զիջում են։ Փոխնախարարի կարգավիճակ կարող ենք ունենալ։ ԵԽ-ին անդամակցելու համար կանայք 30 տոկոսով պետք է ներգրավված լինեն օրենսդիր և գործադիր աշխատանքներում։ Ճիշտ մոտեցումն է, որ ելնեն մարդու արժանիքներից, այլ ոչ թե սեռից։ Բայց մեր հասարակությունում այդպես չէ, նույնիսկ կանայք առաջին հերթին ձայնը կտան տղամարդուն, քան կնոջը։ Դաշտը տղամարդկանցն է։ Նման կանանց համարում են ավելորդ ակտիվությամբ աչքի ընկնող կանայք։ Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը կայացած քաղաքական գործիչ է։ Լյուդմիլա Հարությունյանը խելացի կին է։ Կան կիրթ, ուսյալ կանայք։ Կին ղեկավարը կողմնակից է բազմակարծությանը, խորհրդակցում է մյուսների հետ, կոլեկտիվ մոտեցմանն ավելի տրամադրված է։ Կայացած ղեկավար կանայք կարողանում են առողջ մթնոլորտ ստեղծել իրենց կոլեկտիվում։ Տղամարդ ղեկավարներն այս հարցում ավելի ավտորիտար են։ Նրանք հասկանում են կարիերայից։ Նույն հնարավորությունը պետք է կինն ունենա։ Մեր հասարակությունում քիչ են այդ կանայք։ Նրանք ավելի շուտ ցանկանում են ամուսնանալ, որ ապավեն, նեցուկ ունենան։ Եվ վերջում Սվետլանա Պողոսյանը ցանկացավ, որ հայ կանայք իրենց ավելի արժևորված զգան, գնահատեն իրենք իրենց և իրենց կողքինին ու աջակցեն միմյանց։ Հիմնախնդրի, դժվարությունների հիմքը որոնեն իրենց մեջ, ոչ թե բարդեն ուրիշի վրա։ Փորձե՛նք միմյանց գնահատել։
Աիդա ԱՐՇԱԿՅԱՆ

Դիտվել է՝ 1484

Մեկնաբանություններ