ԱՄՆ-ի ներկայիս վարչակազմի կողմից նախկին նախագահ Դոնալդ Թրամփի շուրջ ստեղծված մթնոլորտն է հրահրել նրա դեմ մահափորձը՝ հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: «Ռուսաստանի Դաշնությունը չի կարծում, որ մահափորձը կազմակերպվել է ԱՄՆ-ի գործող իշխանության կողմից, սակայն թեկնածու Թրամփի շուրջ մթնոլորտը դրդել է նրան, ինչին այսօր բախվել է Ամերիկան»,- շեշտել է նա:               
 

«ԲՈԼՈՐՆ ԷԼ Ի ՎԻՃԱԿԻ ԵՆ ՀԱՍՆԵԼՈՒ ԲԱՐՁՈՒՆՔՆԵՐԻ»

«ԲՈԼՈՐՆ ԷԼ Ի ՎԻՃԱԿԻ ԵՆ ՀԱՍՆԵԼՈՒ ԲԱՐՁՈՒՆՔՆԵՐԻ»
16.03.2012 | 00:00

Մարտի 15-ին «Բարեպաշտ սերունդ» հիմնադրամի նախագահ ԲԱՐՍԵՂ ԲԵԳԼԱՐՅԱՆԸ և ՀՀ կրթության և գիտության նախարար ԱՐՄԵՆ ԱՇՈՏՅԱՆՆ այցելեցին Ավետիք Իսահակյանի անվան թիվ 16 ավագ դպրոց՝ ծանոթանալու «Բարեպաշտ սերունդ» հիմնադրամի հովանավորությամբ այստեղ կատարվող շինարարական աշխատանքներին։
Նշենք, որ հիմնադրամի և ՀՀ ԿԳՆ-ի միջև 2011-ին ստորագրվել է հուշագիր, ըստ որի, հիմնադրամը մշտական հոգածության ներքո է վերցնում թիվ 16 ավագ դպրոցը և յուրաքանչյուր տարի 20 միլիոն դրամի չափով դրամական, նյութատեխնիկական և մեթոդական աջակցություն ցուցաբերում կրթօջախին։ Ինչպես նշեց հիմնադրամի տնօրեն ՎԱՀՐԱՄ ՄԿՐՏՉՅԱՆԸ, մեկ տարվա ընթացքում դպրոցում արդեն հիմնովին վերանորոգվել և կահավորվել է հանդիսությունների դահլիճը, վերանորոգվել են սանհանգույցները, փոխվել են մուտքի դռները, ջրհորդանները։ Այժմ ընթանում են բուֆետի և բուժկետի վերանորոգման աշխատանքները։ Բացի այդ, ամանորի տոների առթիվ ուսուցիչները մեկ միլիոն դրամի չափով պարգևատրում են ստացել։
Բարսեղ Բեգլարյանը և Արմեն Աշոտյանը շրջեցին դպրոցում, ծանոթացան կատարված աշխատանքներին, այնուհետև վերանորոգված դահլիճում հանդիպում ունեցան ուսուցիչների և աշակերտների հետ:
«Բարեպաշտ սերունդ» հիմնադրամի նախագահ Բարսեղ Բեգլարյանը նշեց, որ դպրոցն իր և հիմնադրամի համար հարազատ օջախ է. «Դպրոցը, կրթությունը մեր ապագան են, և կարծում եմ՝ բոլոր օգնությունները պետք է ուղղված լինեն մեր երիտասարդ սերնդին և կրթական համակարգին։ Արդեն երկրորդ տարին է, ինչ «Բարեպաշտ սերունդը» աջակցում է թիվ 16 դպրոցին։ Ծրագիրը լինելու է շարունակական։ Այստեղ ոչ միայն շինարարական աշխատանքներ են տարվում, այլև բովանդակային աջակցություն է ցուցաբերվում։ Խոսքը թե՛ ուսուցիչների վերապատրաստման, թե՛ մեթոդական օգնության մասին է»։
Դիմելով աշակերտներին` Բարսեղ Բեգլարյանը հորդորեց նրանց լավ սովորել, վստահություն հայտնելով, որ կյանքում բոլորն ի վիճակի են հասնելու բարձունքների ամենօրյա քրտնաջան աշխատանքով. «Դուք պետք է հավատաք ձեր ուժերին։ Մենք ունենք մի շատ վտանգավոր թերություն` բոլորս մեր հաջողությունները վերագրում ենք մեզ, իսկ անհաջողությունների պատճառը փնտրում ենք շրջապատող աշխարհում։ Խորհուրդ կտամ՝ ձեր անհաջողությունները ձեր մեջ փնտրեք, իսկ հաջողությունների մասին մտածեք, թե դրանք որտեղից եկան՝ ի վերուստ տրվել են Աստծո՞ւց, թե՞ հարևանը, ընկերը, բարեկամը կամ ծնողներն են օգնել։ Եթե այս մոտեցումով շարժվեք և ինքնաքննադատաբար մոտենաք ինքներդ ձեզ, վստահաբար կարող եմ ասել` կհասնեք ավելի մեծ բարձունքների»։
Անդրադառնալով հանրակրթության ոլորտի բարեփոխումներին՝ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը նշեց, որ ավագ դպրոցների կայացումը կրթական համակարգի գերակա խնդիրներից է. «12-ամյա կրթության բարեփոխումը սկզբնական շրջանում դժվարություններով էր ընթանում, բայց այսօր կարող ենք արձանագրել, որ այդ բարեփոխման մի քանի կարևոր փուլերը մենք արդեն անցել ենք. ունենք ձևավորված 12-ամյա կրթության համակարգ, ունենք ավագ դասարանների դասագրքեր և ծրագրեր: Միաժամանակ շարունակվում են ուսուցիչների վերապատրաստումները: Մեր նպատակն է պահպանել ազգային դպրոցի ավանդույթները՝ համադրելով դրանք համաշխարհային կրթական մակարդակի հետ»։ Ընդգծելով, որ ավագ դպրոց դառնալուց հետո թիվ 16 դպրոցում աշակերտների թիվը եռապատկվել է, նախարարը շնորհակալություն հայտնեց «Բարեպաշտ սերունդ» հիմնադրամին՝ դպրոցին աջակցելու համար:
Նշենք, որ «Բարեպաշտ սերունդ» հիմնադրամն իր հոգածության ներքո է վերցրել նաև «Բյուրակն» կրթահամալիրը։ Հիմնադրամի շահառուներն են նաև պետական բուհերի բարձր առաջադիմություն ունեցող ուսանողները, որոնց մրցութային կարգով հատկացվում են կրթաթոշակներ, վճարվում են ուսման վարձերը։ Գիտության ոլորտը նույնպես հիմնադրամի ուշադրության կենտրոնում է. 2011-ին ստորագրվել է հուշագիր գիտության պետական կոմիտեի հետ, որի շրջանակներում դրամաշնորհներ են հատկացվում երիտասարդ գիտնականներին։
Լիլիթ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Դիտվել է՝ 1210

Մեկնաբանություններ