Մահափորձ է տեղի ունեցել ԱՄՆ-ի նախկին նախագահ և նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփի դեմ՝ Փենսիլվանիայի Բաթլեր քաղաքում նրա նախընտրական հանրահավաքի ժամանակ։ Թրամփի ականջն է վիրվորվել։ Երկու մարդ սպանվել է, այդ թվում՝ կրակողը՝ Փենսիլվանիայի 20-ամյա բնակիչ Թոմաս Մեթյու Քրուքսը։ Ըստ ԶԼՄ-ների, ոճրագործին գնդակահարել է Գաղտնի ծառայության դիպուկահարը։               
 

ՏԱՃԱՐԻՑ ՇԵՂՎՈՂ ՃԱՆԱՊԱՐՀՆԵՐ

ՏԱՃԱՐԻՑ ՇԵՂՎՈՂ ՃԱՆԱՊԱՐՀՆԵՐ
19.11.2010 | 00:00

Զարմանալիորեն ինքնատիպ են մեր վերջին ազատամարտի աջթևայինների ազգանունները` Կրպեյան, Աչիկգյոզյան, Գորգիսյան, Ազգալդյան։ Հրեղեն հնչողություն, հրեղեն հետագծեր։ Եվ մի խիստ ավանդական, գուցե քիչ էլ ծեծված ազգանուն` Մկրտչյան։ Եվ մի տոհմիկ արցախյան տոհմանուն` Բալայան։ ՈՒ դարձյալ հրեղեն հետագծեր այս հողեղեն աշխարհում։
ԼԵՈՆԻԴ ԱԶԳԱԼԴՅԱՆ։ Այս անվան շուրջ դաժան ու մթագին սարդոստայն է հյուսվել, մոռացության սարդոստայնը։ Ինչո՞ւ։ Ո՞Ւմ ջրաղացի ջուրը դադար կառնի, ում աշունը բուռ-բուռ կմարի նրա գործի հանրահռչակմամբ։
Հանրությանն Ազգալդյան ազգանունը գրեթե ոչինչ չի ասում։ Մի համեստ հուշակոթող է Մաշտոցի ու Խորենացու փողոցների խաչմերուկում տարին երկու անգամ թարմ ծաղիկներով պատվում նրա ծննդյան և եղերական վախճանի օրերին` նոյեմբերի 22-ին և հունիսի 21-ին։
«Եթե հայը կորցրած չլիներ գեղեցկության զգացողությունը, այս չքնաղ երկիրն այսքան ժամանակ թուրքի ձեռքում չէր թողնի»։ Սա ասվել է Արցախ մուտք գործելիս։
1992-ի հունիսի 21-ին Տոնիշենը խոր թիկունքում էր, հեռու պատերազմական թոհուբոհից, սակայն այդ օրը չքնաղ այս շենը պատերազմի շուրջ հյուսվող դաժան դիվախաղի խառնարանն էր։ ՈՒ դավադիր գնդակը խոյահարեց նրան, հրոսակն անհայտ կորավ, իր հետևից թողնելով բազում հարցականներ։ Հարցականներ, որոնք օրգանական շարունակությունն են ազգային հոգեմաշ մտատանջանքի` սկիզբ առած Գորգիսյանի անկմամբ և Մկրտչյանի «ինքնասպանությամբ»։
Արցախի անկախ Հանրապետության ազգընտիր խորհրդարանի առաջին նախագահը Հայաստան ժամանեց հանդիպելու երրորդ հանրապետության ազգընտիր նախագահին։ Չորս օր շարունակ նախագահական նստավայրի դարպասները նրա առջև գոց մնացին։ Հինգերորդ օրը հանդիպումը կայացավ։ Հեռանալիս Արթուրը հայտարարեց` այսուհետև ոտքս այստեղ չի լինի։
«Արցախի դոֆինը» խորապես էր գիտակցում. ազատագրական պայքարը մեկ հենարան ունի` համապետական շահի գերակայությունը։ Ի տարբերություն Հայաստանի, Արցախում քաղաքականությունը, առավել ևս քաղաքական շահարկումները քիչ թե շատ լուրջ գործոն չէին։
Արթուր Մկրտչյանի համոզմունքներից էր` երբեք և որևէ նախապայմանով չմիջամտել Հայաստանի ներքին գործերին։ Միաժամանակ թույլ չտալ, որ Արցախը ներքաշվի օր օրի թափ առնող հայաստանյան ներքաղաքական խմորումների շրջապտույտի մեջ։
Արթուր Մկրտչյանի «ինքնասպանությունից» երկու ամիս անց ընկավ Լեոնիդ Ազգալդյանը։ Մեր նորանկախ պատմության զառիվեր մի արահետը շեղվել էր նշանակետից և ոմանց խոտորնակի ուղին էր հարթում։ ՈՒղի, որը Տաճար չէր տանելու։
Լեոնիդը շտապում էր դեպի Տոնիշենում տեղակայված ռազմակայանը։ Շտապում էր` սիրտը լի կսկիծով և հոգին ալեկոծ։ Օրեր առաջ կատաղի մարտում ընկավ «Ազատագրական բանակի» «Ազատ Արցախ» միավորման հռչակավոր հրամանատարը` մերձավորագույն զինակից Վլադիմիր Բալայանը։
«Հարյուր տարին մեկ է աշխարհ գալիս Վլադիմիրի պես մարտիկը», հավատացած էր Ազգալդյանը։ ՈՒ նա կյանքում առաջին անգամ արտասվեց, արտասվեց հրամանատարի անամոք ու ծանր արցունքներով` Վլադիմիրի շիրմի առջև։
Վերջին այցի ժամանակը սպառվեց անսպասելի, հասավ Վլադիմիրի վախճանի բոթը։ Արցախի ճանապարհը բռնելուց առաջ Ազգալդյանը հանրապետական կուսակցության խորհրդի անդամներից մեկին խոստովանում է. «Գիտե՞ս, ես բնավ վախկոտ չեմ, բայց վերջին երկու ամիսներին մեջքիս ստվոլ եմ զգում»։
Գալինա Ստարովոյտովան առաջին անգամ Արցախ ժամանեց Արթուր Մկրտչյանի թեկնածուական ատենախոսության տպավորության ներքո. «ՈՒզում եմ տեսնել այն երկիրն ու այն հողը, որը ծնել է այնպիսի մարդու, գիտական աշխատողի, ինչպիսին Արթուր Մկրտչյանն է»։
Օտարերկրացի թղթակցի հարցին, թե, այնուամենայնիվ, ո՞րն է քո գույնը (նկատի առնելով «քաղաքական գույնը»), Ազգալդյանը մի բուռ հող է վերցնում և ասում` սա է իմ գույնը։ Սա Արցախում էր։
Եվ Արցախում էր, որ նրա անունն առասպելներով էր պսակվում։ Ազերբայջանական քարոզչամեքենան խոհեմաբար ականապատում էր իր զինվորի ու հրամանատարի մարտական ոգին, պարբերաբար հաղորդելով, որ Լեոնիդն ընկել է։
Մեծ հայրենականի քրոնիկոններից մեկը ներկայացնում է Նելսոն Ստեփանյանի մարտական թռիչքները, որոնց ժամանակ գերմանական քարոզչամեքենան ոռնում էր հևասպառ. «Ախտունգ, ախտունգ, Նելսոն լյուֆթ, Նելսոն լյուֆթ»։ Ասել է թե` օդում Նելսոնն է։
Արցախը, իսկապես, լեգենդների աշխարհ է։
Իր խոսքում չափազանց դիպուկ, կառուցիկ ու ժլատ Լեոնիդը, ի պատասխան ազերբայջանական վայնասունի, ասում էր. «Երբ ձեզ հայտնեն, թե Լեոնիդն ընկավ, չհավատաք, ինձ մահ չկա, ես պիտի ընկնեմ Իսթամբուլի պատերի տակ»։
Անկախության արշալույսին ֆիզիկոս Ազգալդյանը խորապես վստահ էր` Հայաստանի անկախությունն ու Արցախի ազատագրումը հնարավոր են միայն զինված և համակարգված դիմակայության ճանապարհով։ Նրա ծրագրերը շատերի համար ֆանտաստիկայի ոլորտից էին։ Մասնավորապես, որ անհրաժեշտ է ինքնաշեն հրթիռային տեխնիկայի օգնությամբ ապահովել Հայաստան-Արցախ միասնության գլխավոր զարկերակը` Լաչինի միջանցքը։ Սա այն նույն օրերին էր, երբ ժողովրդական զանգվածները երթեր էին կազմակերպում «Լենին, պարտիա, Գորբաչով» կարգախոսի ներքո։
Արթուրը 32 տարեկան էր, երբ գլխավորեց ԼՂՀ Գերագույն խորհուրդը։ Նա երկրորդ հայկական պետությունը ղեկավարեց 98 օր։ Մեր նոր պատմության մեջ նա, երևի թե, Աղասի Խանջյանի հետնորդն էր։ Անշուշտ, չափազանց տարբեր վիճակներում են գործել այս երկու «դոֆինները Նաիրյան», սակայն նրանց միավորում էր մեկ հանգամանք. ճակատագրի ընտրյալը լինելու հանգամանքը։ Ընտրյալներ, ովքեր պատմական ասպարեզ են իջնում ամենաբախտորոշ պահերին։ Եվ, ըստ Սևակի ու քիչ վերափոխված, նրանք էլ ուշ-ուշ են գալիս, բայց ոչ ուշացած։
2009-ի փետրվարի 16-ին լրացավ Արթուր Մկրտչյանի 50-ամյակը։ Արցախում դա նշվեց համապետական մակարդակով։ Հայաստանում օլիմպիական անդորր էր։
Արթուրի «ինքնասպանության» պաշտոնական վարկածն այնքան ամոթալի էր, որ վերհիշելը մեղքի նման մի բան կլիներ։ Նրա հիշատակի հանդեպ։
Անդունդը խորանում էր, կամուրջներն այրվում էին։ Երկրի դիմակայությանն առնչվող շատ հարցերում Լեոնիդը սկզբունքային անհամաձայնություն ուներ հանրապետության պաշտպանության բարձրագույն ղեկավարության հետ։
Ականատեսների վկայությամբ` ռազմականացված «Էրեբունի» օդանավակայանում լուրջ ընդհարում է տեղի ունենում Լեոնիդի և Վազգեն Սարգսյանի միջև։ Բախումը, իհարկե, ռազմական չէր։ ՈՒղղակի Ազգալդյանի համար անընդունելի էին Վազգենի մերձավոր շրջապատի հուռռա՜ հայրենասիրական արշավները։ Լեոնիդն «Անկախության բանակ» հռչակավոր զորամիավորման մարտական ջոկատների հրամանատարն էր, երբ Նուբարաշենի մատույցներում զորամիավորումը կանխեց Ռյազանի պատժիչ գնդի մուտքը մայրաքաղաք։ Երևանը փրկվեց Վիլնյուսի և Թբիլիսիի վայրագ ջարդերից։ Այս քաղաքներում թմրամիջոցներից բանականությունը կորցրած սովետական բանակի հրոսակներին փորձեցին դիմակայել մայրաքաղաքների սրտում։ Եվ տանուլ տվեցին։
«Յուրաքանչյուր մեկը, ով կփորձի հանրապետության սահմանները խախտել, հրոսակ է` ենթակա անհապաղ ոչնչացման։ Անկախ համազգեստից ու ազգությունից»։ Սա էր «Անկախության բանակի» նշանաբանը։
Սակայն Ազգալդյանի կյանքի գործը «Ազատագրական բանակ» զորամիավորումն էր։ Այստեղ նրա` զորավարի և պետական այրի մտահղացումները լիուլի կյանքի կոչվեցին։ Զորամիավորումը բարձր կարգապահության, անմնացորդ նվիրումի և աննկուն ոգու կայանն էր։ Այստեղ անդամագրվում էին ընտրյալները։
Աննախադեպ էին զորամիավորման ռազմական հզորությունն ու հարվածային թափը։ Գրեթե կորուստներ չունենալով` այն 25 շեն ազատագրեց պատերազմի օրհասական օրերին։
«Ազատագրական բանակի» գաղափարական խարիսխը ևս աննախադեպ էր։ Այստեղ միավորվել էին Հայաստանի, Սփյուռքի և Արցախի լավագույն ուժերը, այստեղ էին մարտնչում հռչակավոր «ԱՍԱԼԱ»-ի մարտիկները։ Դեռ հանրապետության սահմանների անվտանգության ապահովման օրերին ի հայտ եկան Լեոնիդի զորավարական բացառիկ ունակություններն ու աշխարհաքաղաքական դիվախաղի ընկալման հմտությունները։
Արցախում «Ազատագրական բանակը» հայկական մարտունակ, պրոֆեսիոնալ բանակի շավիղներն էր ուրվագծում։ Այստեղ կտրականապես արգելված էին ծխելն ու ոգելից խմիչքի գործածումը։ Այստեղ, մարտական փորձ կուտակելով, զինվորները գործուղվում էին այլ ջոկատներ, իսկական բանակի ոգին ու պատրաստվածությունը ներդնելու։
«Ազատագրական բանակն» ուղենիշ էր առհասարակ ազատագրական պայքարում։ Լեոնիդը` նոր հրամանատարի տիպար։ Այս բացառիկ անհատին ճանաչել եմ թռուցիկ։ Մերժելով կուսակցականությունն առհասարակ և պատերազմի թատերաբեմում` մասնավորապես, նա իր հանգրվանը գտել էր հանրապետական կուսակցությունում։ Նրա, Աշոտ Նավասարդյանի և Մովսես Գորգիսյանի հանդիպումը ևս ճակատագրի կամոք էր։ Ռազմաքաղաքական այս միավորումը, առհասարակ, երրորդ հանրապետության կայացման ամենափայլուն դրսևորումն էր։ ՈՒշ երեկոյան Ազգալդյանն այցելեց հանրապետականի շտաբ։ Վրդովված էր։ Նրա մտնելուն պես շտաբում գտնվող մարտիկները, ես էլ նրանց հետ, ոտքի ելանք։ Մի պահ դադար առավ ու ասաց. «Ասել եմ ու կրկնում եմ` թուրքն է մեզ կռվել սովորեցնում, մեր ամորձիներին հարվածելով։ Միայն այդ դեպքում ենք մեջքներս շտկում»։
2002-ի հունիսի 21-ը սովորական, շատ սովորական օր էր։ «Մոսկվա» կինոթատրոնի ամառային դահլիճում հիշատակի երեկո էր։ Լրացել էր Ազգալդյանի եղերական մահվան տասը տարին։ Հավուր պատշաճի արժանավորվեց Լեոնիդի անունն ու գործը։ Սակայն ոչ մի լրատվամիջոց չարձագանքեց մեր նորագույն պատմության հիշարժան իրադարձությանը։ Հասկանալի է, նրա անունն ու գործը տասը տարի անց էլ շրջափակված էին։ Այնինչ միջոցառմանը, մարտական և համախոհ գործընկերներից զատ, մասնակցում էին հանրապետական պատգամավորներ Գալուստ Սահակյանը, Աշոտ Աղաբաբյանը, Տիգրան Թորոսյանը։
Տողերիս հեղինակին հաջողվեց միայն ԱԼՄ հեռուստաընկերության լրատվականով հեռարձակել իրադարձությունը` Տիգրան Կարապետյանի սիրալիր համաձայնությամբ։
ՀՀ ՊՆ «Զինուժ» ծրագրում էլ քար լռություն էր։
Մեկ տարի անց գրողների տանը հրատարակվող «Հորիզոն» շաբաթաթերթում տպագրվեց հոդվածս Ազգալդյանի մասին։ Ծանոթանալով հոդվածին` կինոռեժիսոր Իրինա Օհանյանը նկարահանեց «Հողի գույնը» ֆիլմը։ Ֆիլմը, որը քնարական մի պատում էր լեգենդար այս մարդու մասին, վերջապես հեռարձակվեց Հանրային հեռուստատեսությամբ։
Ժամանակ անց, խմբագրելով «Կիզակետ» շաբաթաթերթը, հերթական հրապարակումը նվիրեցի Ազգալդյանին` նրա համախոհների ստորագրությամբ բաց նամակ հղելով նախագահ Ռոբերտ Քոչարյանին։ Նպատակը` Ազգային հերոսի կոչում շնորհել Լեոնիդ Ազգալդյանին։ Պատասխանը դարձյալ քար լռությունն էր։
Ի՞նչ կարող ես անել։ Նաիրյան երկրի տեսիլքները դեռ միս ու արյուն չեն առել Արարատյան հանրապետությունում։ Բայց դեռ կգա օրը, երբ Նաիրյան պարմանին ու դեռափթիթ կույսը կյանքի երդումը կառնեն Արթուր Մկրտչյանի և Լեոնիդ Ազգալդյանի հուշակոթողների առջև։ Իսկ առայժմ թող այս համեստ հուշապատումը որպես մոմ վառվի նրանց սուրբ շիրիմներին։
Վրեժ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Դիտվել է՝ 1629

Մեկնաբանություններ