Մահափորձ է տեղի ունեցել ԱՄՆ-ի նախկին նախագահ և նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփի դեմ՝ Փենսիլվանիայի Բաթլեր քաղաքում նրա նախընտրական հանրահավաքի ժամանակ։ Թրամփի ականջն է վիրվորվել։ Երկու մարդ սպանվել է, այդ թվում՝ կրակողը՝ Փենսիլվանիայի 20-ամյա բնակիչ Թոմաս Մեթյու Քրուքսը։ Ըստ ԶԼՄ-ների, ոճրագործին գնդակահարել է Գաղտնի ծառայության դիպուկահարը։               
 

ՈՏՆԱՀԱՐՎԱԾ ԵՆ ՄԻԱՅՆԱԿ ՄԱՅՐԵՐԻ ՈՒ ՆՐԱՆՑ ՄԻԱԿ ԶԱՎԱԿՆԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ

ՈՏՆԱՀԱՐՎԱԾ ԵՆ ՄԻԱՅՆԱԿ ՄԱՅՐԵՐԻ ՈՒ ՆՐԱՆՑ ՄԻԱԿ ԶԱՎԱԿՆԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ
29.10.2010 | 00:00

ՄԻ ՀԱՏԻԿ «ԵՎ»-Ը ՃԱԿԱՏԱԳԻՐ Է ՈՐՈՇՈՒՄ
Հայտնի ճշմարտություն է` երկրները լավ են ղեկավարվում ոչ թե շատ, այլ լավ օրենքներով, ու հարկ է, որ դրանք գրված լինեն հստակ, պարզ շարադրանքով, հասկանալի լեզվով և զերծ լինեն ավելորդաբանություններից: Այս իմաստով առանձնանում են Արևմուտքից վերցրած, անհաջող, մեխանիկորեն թարգմանված օրենքները։ Սակայն սա առանձին քննարկման թեմա է։ Դիտարկենք «Զինապարտության մասին» ՀՀ օրենքը: Չնայած այն ընդունվել է 16.09.1998 թ. և 12 տարվա ընթացքում բազմաթիվ փոփոխությունների ու լրացումների ենթարկվել, այդուհանդերձ, անորոշություններ է պարունակում, եթե չասենք` անարդարության տարրեր: Փաստենք օրենքի 11-րդ հոդվածի 7-րդ կետը և ա) ենթակետը.
7. Պարտադիր զինվորական ծառայության զորակոչի ժամանակ բնակության վայրին մոտ գտնվող զորամասում ծառայելու արտոնությունից օգտվում են`
ա) միայնակ և տարիքային կենսաթոշակի անցած կամ երրորդ խմբի հաշմանդամ հոր կամ մոր միակ զավակը:
Ի դեպ, «բնակավայրին մոտ» հասկացությունը, ըստ նույն ենթակետի, սահմանվում է` մինչև 100 կմ հեռավորությամբ տեղակայված զորամասը: Կարծում ենք` լրիվ ավելորդ են «զորակոչի ժամանակ» և «բնակության վայրին մոտ գտնվող զորամասում» բառակապակցությունները:
Այս շարադրանքով հասկացվում է, որ լոկ զորակոչի ժամանակ, իսկ այն տևական ժամանակահատված է, որ դարձյալ սահմանված է օրենքով, ինչպես և զորացրումը, այն կատարվում է ՀՀ նախագահի հրամանով` տարին 2 անգամ` ապրիլ-հունիս և հոկտեմբեր- դեկտեմբեր ամիսներին, մինչդեռ խոսքը վերաբերում է ողջ ծառայության ժամկետին` 2 տարվան: Մեր համոզմամբ` առավել բարեհունչ ու հասկանալի կլիներ, եթե գրվեր`
Պարտադիր զինծառայությունը բնակավայրին մոտ կարող են անցնել… Հասկանալի է, որ զինծառայությունը պարտադիր չէ, որ զորամասում լինի, քանզի այլընտրանքային ծառայության մասին օրենք ունենք և զինվորը կարող է ծառայել նաև ծերանոցում կամ հիվանդանոցում, ուստի «մոտ գտնվող զորամասի» մասին չպետք է խոսվի, այլ ծառայության վայրի:
Դիտարկենք ա) ենթակետը: Եթե այս շարադրանքի հեղինակներն իմանային, թե «և» շաղկապի ներկայությունը որոշ չինովնիկներ ինչպես են վարժ ծառայեցնում ի նպաստ սեփական գրպանի, ապա միանշանակ կփոխեին այն: Այստեղ «և» շաղկապը երկիմաստ կարող է հասկացվել` որպես առանձին կատեգորիաներ միավորող` «միայնակ» ու «տարիքային կենսաթոշակառու» կամ երրորդ խմբի հաշմանդամ։ Որպեսզի կաշառակերությունը, կոռուպցիան մեր երկրում նվազեն, միանշանակ հարկ է «և»-ը փոխարինել «կամ»-ով, ինչի դեպքում կվերանա սոցիալական անարդարությունը միայնակ մայրերի միակ զավակների նկատմամբ, չէ՞ որ նրանք դատապարտված են մեկ ծնող ունենալուն, հակառակ պարագայում կարելի է 2 բառերը միացնել գծիկով` «միայնակ-կենսաթոշակառու» կամ անջատել «բութ» կետադրական նշանով` «միայնակ` կենսաթոշակառու»:
Դիտարկենք 7-րդ կետի դ) ենթակետը: Այն ասում է, որ արտոնությունից օգտվում են`
դ) երկկողմ և միակողմ ծնողազուրկ զորակոչիկները:
Այստեղ «և»-ն իր իրավունքների լիիրավ տերն է, չնայած, ըստ «Իրավական ակտերի մասին» օրենքի, նախապատվությունը տրվել է «կամ»-ին: Հրաշալի է, որ մեզանում այս աստիճանի հոգածություն է ցուցաբերվում ծնողազուրկներին, բայց ինչո՞վ են մեղավոր միայնակ մայրերն ու նրանց զավակները, որ վերջիններս կամա թե ակամա դատապարտված են մեկ ծնող ունենալուն: Ստացվում է` բախտի չար կատակներին կարող է գումարվել նաև մեր չգիտակցված վերաբերմունքը` սխալ օրենքներ ընդունելու ձևով, հետո էլ խոսում ենք եվրոպաներին ինտեգրվելու գործընթացներից, կանանց ու տղամարդկանց իրավահավասարությունից, մինչդեռ այստեղ է միայնակ կնոջ ու այրիացածի, ինչպես նաև նրանց երեխաների նկատմամբ հասարակության տարբերակված վերաբերմունքը` օրենքի մակարդակով։ ՈՒստի հարկ է, որ միայնակ մայրերի զավակներին, առավել ևս միակ զավակին տրվող այս արտոնությունն առանձին տողով ամրագրվի:
Ի դեպ, ոլորտի աշխատողները մտավախություն ունեին, թե միայնակ մայրերի զավակների համար արտոնություն նախատեսելով, բոլորը կանխավ միայնակ կգրվեն, մոռանալով, որ 100 կմ հեռավորության վրա ծառայելը մեծ առավելություն չէ, ոչ էլ` բանակից ազատվել:
ԽՏՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
Որպես նախորդ հրապարակման շարունակություն, դիտարկենք «Զինապարտության մասին» օրենքի 12-րդ հոդվածի (պարտադիր զինվորական ծառայությունից ազատվելը) բ) ենթակետը. այն ասում է, որ զինծառայությունից ազատվում Է`
բ) այն քաղաքացին, ում հայրը (մայրը) կամ հարազատ եղբայրը (քույրը) զոհվել (մահացել) է Հայաստանի Հանրապետության պաշտպանության կամ զինված ուժերում և այլ զորքերում ծառայողական պարտականություններ կատարելու ժամանակ, և նա այդ ընտանիքի միակ արու զավակն է։
Ընթերցողի ուշադրությունը հրավիրում եմ «հարազատ» բառի վրա: Համաձայն մեր օրենքի` տեսականորեն ստացվում է` եթե տղամարդը ամուսնացել ու բաժանվել է, ու դա կատարվել է մի քանի անգամ (ինչը չի բացառվում), ապա մեկ զավակին կորցնելուց հետո, իր մնացած ընտանիքների միակ արու զավակները կարող են ազատվել ծառայությունից, մինչդեռ կինը, եթե առաջին ամուսնուց ունեցած որդուն պահել է երկրորդ ամուսնու հետ, վերջինս հանգամանքների բերումով չի որդեգրել, ապա նրա զոհվելու պարագայում երկրորդ ամուսնուց ծնված միակ զավակը չի կարող օգտվել այս արտոնությունից, քանզի ազգանունն ու հայրանունը տարբեր են: Իհարկե, խելոքները ժամանակին որդեգրման հարցերը լուծած կլինեին: Սակայն ավելի հավանական է, որ երկրորդ ամուսինը չցանկանա որդեգրել, արդյունքում ընդգծվում է կնոջ ու տղամարդու օրենքով ամրագրված անհավասարությունը: Ո՞Ւր են նայում ֆեմինիստները… Ինչո՞ւ պետք է կինն այն աստիճանի իրավազուրկ լինի, որ մեկ զավակին կորցնելուց հետո երկրորդին` միակ արու զավակին չտեսնի ապահովագրված, մինչդեռ նույն խնդիրը այլ լուծում է ստանում տղամարդու պարագայում. տեսականորեն տարբեր կանանցից ունեցած նրա մի քանի արու զավակները կարող են հերթով ազատվել ծառայությունից: Փաստ է, որ ասիական երկիր ենք, թե ինչո՞ւ ենք աճապարում Եվրոպայի գիրկը, պարզ չէ: Բոլորս գիտենք, որ հրեաների ազգությունը որոշվում է մոր ազգությամբ, բայց չեմ կարծում, թե Իսրայելում (կամ այլուր) տղամարդու զավակների (տարբեր կանանցից ծնված) իրավունքները ստորադրված են կնոջ (տարբեր տղամարդկանցից ծնված) զավակների իրավունքներին:
Գոհար ԱՐՇԱԿՅԱՆ

Դիտվել է՝ 2962

Մեկնաբանություններ