Մահափորձ է տեղի ունեցել ԱՄՆ-ի նախկին նախագահ և նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփի դեմ՝ Փենսիլվանիայի Բաթլեր քաղաքում նրա նախընտրական հանրահավաքի ժամանակ։ Թրամփի ականջն է վիրվորվել։ Երկու մարդ սպանվել է, այդ թվում՝ կրակողը՝ Փենսիլվանիայի 20-ամյա բնակիչ Թոմաս Մեթյու Քրուքսը։ Ըստ ԶԼՄ-ների, ոճրագործին գնդակահարել է Գաղտնի ծառայության դիպուկահարը։               
 

Ի՞ՆՉ «ՉԳԻՏԻ» ԴԵՐԵՆԻԿ ԴԵՄԻՐՃՅԱՆԻ ՏՈՒՆ-ԹԱՆԳԱՐԱՆԻ ՎԱՐԻՉԸ

Ի՞ՆՉ «ՉԳԻՏԻ» ԴԵՐԵՆԻԿ ԴԵՄԻՐՃՅԱՆԻ ՏՈՒՆ-ԹԱՆԳԱՐԱՆԻ ՎԱՐԻՉԸ
26.10.2010 | 00:00

Երևանի «Կենտրոնական գերեզմանատան» քաղաքային պանթեոնից Դերենիկ Դեմիրճյանի տապանաքարի մաս կազմող բրոնզե կիսանդրու անհետացման մասին լուրը Դերենիկ Դեմիրճյանի տուն-թանգարանում իմացվել է հոկտեմբերի 6-ին: Միակ մարդը, որ կատարվածի մասին իմացել է ավելի շուտ, քան Դեմիրճյանի տուն-թանգարանի աշխատակիցները, եղել է արձակագիր Անժելա Ստեփանյանի որդին` Էմիլ Ստեփանյանը, որը, քաջատեղյակ լինելով թանգարանի գործունեությանը և նրա աշխատակազմի սրտացավությանը, գիտակցել է, որ այս հարցն առաջին հերթին վերաբերում է նրանց, ու այն լուսաբանելու առաքելությունն իր վրա պետք է վերցնի տուն-թանգարանը: Այդ իսկ պատճառով նա հենց տուն-թանգարանի աշխատակիցներին է իրազեկել միջադեպի մասին: Հաջորդ օրն իսկ մենք արել ենք համապատասխան հայտարարություն նախ` ՀՀ ոստիկանության Երևանի վարչության հերթապահ բաժանմունքում, ապա Էրեբունու տարածաշրջանային բաժանմունքում: Նույն օրը կատարվածի մասին տեղեկացվել են գրականության և արվեստի թանգարանի տնօրեն Հենրիկ Բախչինյանը, ՀԳՄ նախագահ Լևոն Անանյանը, գրող, հրապարակախոս Հրաչյա Մաթևոսյանը, քանդակագործ Խաչատուր Իսկանդարյանը, Դեմիրճյանի ժառանգները: Փաստի հնարավոր խեղաթյուրումները կանխելու, կատարվածը պատշաճորեն լուսաբանելու նպատակով տուն-թանգարանի վարիչի նախաձեռնությամբ հոկտեմբերի 8-ին հրավիրվել է ասուլիս «Հայելի» մամուլի ակումբում, (օգտվելով առիթից` ցանկանում եմ հրապարակավ հայտնել երախտագիտությունս ակումբի ղեկավար Անժելա Թովմասյանին` սրտացավ և բարեխիղճ աշխատանքի համար), որին մասնակցել են նաև Լևոն Անանյանն ու Հրաչյա Մաթևոսյանը: Մենք չէինք ցանկանում, որ դեպքի առնչությամբ տարածվեին անհիմն ասեկոսեներ, այն մեկնաբանվեր փողոցային բամբասանքի մակարդակում, դառնար էժանագին շահարկումների առարկա կամ մատնվեր լռության, ինչպես պատահել է դիակապտության նախորդ դեպքերում (որոնց մասին առաջին անգամ հրապարակավ բարձրաձայնվեց հենց Դեմիրճյանի տապանաքարի շուրջ սկսված աղմուկի շրջանակներում):
Թվում էր, թե մեր ձեռնարկած քայլերը տվել են ցանկալի արդյունք. միջադեպը լայնորեն և անաչառորեն լուսաբանել են բազմաթիվ ԶԼՄ-ներ, ոստիկանությունն էլ աչալրջորեն լծվել է հանցագործության բացահայտման գործընթացին: Սակայն որքան ծանրակշիռ ու մտահոգիչ են խնդիրները, այնքան սաստկանում է դրանց շուրջ բարձրացած անպտուղ աղմուկը, և սրվում են անառողջ բնազդները: Ասվածի պերճախոս վկայությունն է «Մեր մեծերի շիրիմներին այցելող չկա» վերնագրով հրապարակումը (հեղինակ` Սևակ Հակոբյան) «Հայաստանի զրուցակից» թերթում (թիվ 35 (153), 15-22 հոկտեմբերի, 2010 թ.):
Հրապարակման հեղինակն ակնհայտորեն տարված է «հեծանիվ հայտնաբերելու» չար-չրկված մարմաջով. մարդը մի ամբողջ շաբաթ ուշ է արձագանքում կատարվածին (իհարկե, սա պայմանավորված է «Հայաստանի զրուցակից» թերթի տպագրման հաճախականությամբ), հետևաբար պիտի ճգնի ինքնօրինակ ռեկորդ սահմանել, գյուտանման մի բան հորինել` վաղուց արդեն պատահածին տեղյակ հասարակությանը զարմացնելու համար: Եվ ի՞նչ եք կարծում` ո՞վ է դառնում նրա թիրախը: Ոչ ավելի, ոչ պակաս` Դերենիկ Դեմիրճյանի տուն-թանգարանի վարիչ Կարինե Ռաֆայելյանը, որին հոդվածագիրը թյուրիմացաբար «պատվում» է տնօրեն տիտղոսով, այն դեպքում, երբ «Հայելի» ակումբում առնվազն երեք անգամ հայտարարվել է, որ Կարինե Ռաֆայելյանը Դերենիկ Դեմիրճյանի տուն-թանգարանի վարիչն է, ոչ թե տնօրենը:
Եվ ի՞նչ է գրում նույն ինքը` Ս. Հակոբյանը: Փորձենք հետևել նրա դիտարկումներին:
Նախ նրան տարօրինակ է թվում, որ ես` Կարինե Ռաֆայելյանս, կատարվածի համար մեղադրում եմ քաղաքային իշխանություններին: Թույլ տվեք հարցնել, պարո՛ն, իսկ ո՞վ է մեղավոր, որ կողոպտվել են Վաղարշ Վաղարշյանի, Սիփան Շիրազի, Հրաչյա Քոչարի, Հրաչյա Աճառյանի տապանաքարերը: Չէ՞ որ նրանք, ի տարբերություն Երվանդ Քոչարի և Դերենիկ Դեմիրճյանի, չունեն տուն-թանգարաններ, հետևաբար, ըստ Ձեր տրամաբանության, կատարվածում մեղքի իրենց բաժինն ունեցող վարիչներ: Դուք զարմանում (թե՞ վրդովվում) եք, երբ ես մեղադրում եմ քաղաքային իշխանությունների՞ն: Իսկ ո՞ւմ կառաջարկեիք մեղադրել, եթե Երևանի «Կենտրոնական գերեզմանատան» քաղաքային պանթեոնը պաշտոնապես հանձնված է Երևանի քաղաքապետարանի հսկողությանը և հոգածությանը: Ինչպե՞ս բացատրել այն հանգամանքը, որ այդ տարածքը որևէ մեկի կողմից չի հսկվում երեկոյան և գիշերային ժամերին, ու չորս մուտքերից ոչ մեկը չի կողպվում` այդպիսով դառնալով միանգամայն ձեռնմխելի ցանկացած տականքի համար: Նույնքան անհասկանալի է Ձեր արձագանքը Լևոն Անանյանի կողմից «մեզ բոլորիս» մեղադրելու մտայնությանը: Անձամբ ես ինձ մեղավոր եմ զգում ոչ միայն այս, այլև համանման բոլոր երևույթների համար, որոնք կատարվում են մեր իրականության մեջ: Եթե Դուք կարող եք մտածել, որ ոչ մի առնչություն չունեք մերօրյա աղաղակող խայտառակություններին և որևէ կերպ պատասխանատու չեք մեր հասարակության կողմից դրսևորած անառողջ վարքագծի համար, ապա հազար երանի Ձեզ. փաստորեն, Դուք լիովին ապահովագրված եք մեր հիվանդ իրականության պայմաններում գրեթե անխուսափելի դարձած նևրոզներից, կաթվածներից, ինֆարկտներից և այսօրինակ այլ դժբախտություններից:
Դժվարանում եմ ըմբռնել Ձեր հայտարարությունն այն մասին, թե ես չգիտեմ Դեմիրճյանի շիրմի տեղը, երբ հոկտեմբերի 8-ին հայկական բազմաթիվ հեռուստաալիքներով եթեր են հեռարձակվել տարբեր ռեպորտաժներ, որոնց ընթացքում ես պատմել եմ կատարվածի մասին հենց պանթեոնից` Դեմիրճյանի խոշտանգված շիրմաքարի դիմաց կանգնած: Իսկ հերթական անգամ պանթեոն գնալուս նպատակը հենց շիրմաքարի տեղը հեռուստալրագրողներին և օպերատորներին ցույց տալն էր, որովհետև առանց իմ օգնության որևէ մեկը չէր կարողանա գտնել այն, եթե անգամ նախկինում տեսել էր այդ շիրմաքարը, որը կիսանդրու անհետացումից հետո դարձել էր անճանաչելի: Ինչ վերաբերում է տապանաքարի` իմ «չճանաչած» հեղինակին, ապա նրա մասին ևս խոսվել է մամլո ասուլիսում, իսկ եթե Ձեզ համար դժվար է բացել «Հայելի» ակումբի կայքէջը և ծանոթանալ իմ խոսքին (մի բան, որ պարտավոր էիք անել Ձեր հրապարակումը պատրաստելուց առաջ), ապա կարող եք այցելել Դեմիրճյանի տուն-թանգարան և իմանալ մանրամասներ քանդակագործ, ՀԽՍՀ ժողովրդական նկարիչ Գ. Ահարոնյանի մասին: Այն, որ Ձեզ շատ է հուզել տապանաքարի տեղադրման տարեթվի իմ չիմացությունը, ասեմ, որ ես անգամ չգիտեմ իմ մերձավոր հարազատների տապանաքարերի տեղադրման կոնկրետ օրն ու ամիսը, որովհետև որևէ մարդու կենսագրության մեջ այդ տվյալը չի համարվում էական: Իսկ եթե կարծում եք, թե դիակապուտների վարքը պակաս գազանաբարո կլիներ, եթե ես իմանայի տապանաքարի տեղադրման ստույգ ժամանակը, ապա չարաչար սխալվում եք: Թեև կատարվածի հետ ուղղակի առնչություն չունեցող այդ հարցի պատասխանը ևս հնչել է «Հայելի» ակումբում, և հազիվ թե որևէ մեկը կարողանա ավելի ստույգ պատասխանել: Կրկնեմ ևս մեկ անգամ. Դերենիկ Դեմիրճյանը մահացել է 1956 թվականի դեկտեմբերի 6-ին: Ամենապարզունակ հաշվարկներն ու տրամաբանությունը հուշում են, որ տապանաքարը տեղադրվել է 1957-ին: Եթե Դուք հակված եք խորամուխ լինելու արդեն գոյություն չունեցող տապանաքարի ստեղծման պատմության նոր մանրամասների մեջ, Ձեզ հաջողություն եմ մաղթում այդ գործում:
Հրապարակմանը կցված լուսանկարները կփարատեն Դեմիրճյանի շիրմին «չայցելելու» հետ կապված Ձեր մտահոգությունները: Դրանք արվել են գրողի հոբելյանների ժամանակ տուն-թանգարանի կազմակերպած երթերի ընթացքում: Ինչպես տեսնում եք, լուսանկարում ոչ միայն դպրոցականներ և ուսուցիչներ են (Դ. Դեմիրճյանի անվան դպրոցից), այլև հանրապետության նշանավոր դեմքեր (գրողներ Լյուդվիգ Դուրյան, Հրաչյա Մաթևոսյան, Համլետ Կարճիկյան, Հովիկ Հովեյան, ՀՀ վաստակավոր նկարիչ Խաչատուր Իսկանդարյան, Հայկական հանրագիտարանի գլխավոր խմբագիր Հովհաննես Այվազյան, ՀՀ ԱԺ պատգամավոր, նախկինում` Դ. Դեմիրճյանի անվան դպրոցի տնօրեն Անահիտ Բախշյան, գրականագետ Սուրեն Դանիելյան, հեռուստալրագրող Արփեն Մովսիսյան, Դեմիրճյանի որդին` Վիգեն Դեմիրճյան, Դեմիրճյանի քրոջ դուստրը` Հրաչյա Շիրինյան ու նաև Դեմիրճյանի շիրմին «չայցելող», դրա տեղը «չիմացող», կիսանդրու հեղինակին «չճանաչող», տապանաքարի տեղադրման ստույգ տարեթվին անտեղյակ, պարբերական այս երթերի կազմակերպիչ, տուն-թանգարանի վարիչ Կարինե Ռաֆայելյան, այլք): Այս լուսանկարներից մեկը, ի դեպ, տարվել է «Հայելի» ակումբ, և Ձեր հրապարակմանը նախորդած շաբաթվա ընթացքում բազմիցս տպագրվել թերթերում, ցուցադրվել տարբեր հեռուստաընկերություններով, հայտնվել համացանցում:
Անդրադառնանք Դեմիրճյանի տուն-թանգարանի վերանորոգման` կիսանդրու անհետացման հետ որևէ կերպ չառնչվող խնդրին: Այն, որ Դուք նոր եք իմացել Դերենիկ Դեմիրճյանի տուն-թանգարանում վաղուց առկա հիմնանորոգման և նոր ցուցադրության անհրաժեշտության մասին, դեռ չի նշանակում, թե խնդիրը նոր է և արծարծվել է միայն դասականին պատուհասած նորօրյա դժբախտության առիթով: Այդ մասին տարիներ շարունակ ահազանգում ենք թե՛ մենք` տուն-թանգարանի աշխատակիցներս, թե՛ հանրապետության տարբեր լրատվամիջոցներ: Գուցե Դուք սկզբունքորե՞ն չեք ցանկանում տեղեկանալ այն ամենին, ինչ առնչվում է Դեմիրճյանի տուն-թանգարանի գործունեությանը: Սա արդեն այլ խնդիր է: Իսկ գուցե Ձեր հրապարակման մեջ առկա աղաղակող անճշտությունները ոչ թե սոսկ չիմացության արդյունք են, այլ ինչ-որ անհայտ պատվիրատուի թելադրանքով կատարված խեղաթյուրումնե՞ր: Ո՞վ իմանա, թե ում կարող է հետաքրքրել տուն-թանգարանը և նրա վարիչի համեստ անձը` իր բոլոր «չիմացություններով»: Ամեն դեպքում, եթե կան մարդիկ, որոնց այդքան հետաքրքրում է, թե ինչ «չգիտի» Դերենիկ Դեմիրճյանի տուն-թանգարանի վարիչը, ապա կարող են ներկա գտնվել հոկտեմբերի 29-ին Վանաձորի Ստեփան Զորյանի տուն-թանգարանում անցկացվող «Մեծահասակների կրթության շաբաթ» խորագիրը կրող ամենամյա գիտաժողովին (կազմակերպիչներ` գերմանական «dvv-international» կազմակերպություն, «Մեծահասակների կրթություն ասոցիացիա», «Թանգարանների աշխատողների և բարեկամների ասոցիացիա»), որի ընթացքում հանգամանորեն կներկայացվի տուն-թանգարանի գործունեության և նրա վարիչի իրականացրած թանգարանային ծրագրերի վերաբերյալ ընդարձակ զեկուցում: Իսկ առավել խոր պատկերացում կազմելու համար կարող են այցելել տուն-թանգարան և ծանոթանալ վարիչի պարտականությունների ստվար ցանկին (ՀՀ մշակույթի նախարարության հաստատած), որում որևէ հիշատակություն չկա Երևանի քաղաքային պանթեոնում շուրջօրյա հերթապահություն իրականացնելու և հանրապետության գերեզմանագողերին հանցանքի պահին դիմագրավելու մասին:
Նախանձելի լավատեսությամբ հավատում եք, թե կիսանդրին, հավանաբար, կգտնվի (պատկերացնում եմ` որքան կզվարճանան դիակապտությունն արհեստ դարձրած սրբապիղծները): Ըստ Ձեզ` գողացված կիսանդրիներն ու ցուցանակները ոչ թե անմիջապես ձուլվում են ու վերածվում ընդամենը համապատասխան քաշ և որակ ունեցող մետաղյա զանգվածի, այլ անխաթար վիճակում սպասում «բարի քեռիների» կողմից գտնվելու իրենց հերթի՞ն:
Ամեն դեպքում, եթե Ձեր լավատեսությունն արդարացվի, և երբևէ հայտնաբերվի Դերենիկ Դեմիրճյանի կիսանդրին, ապա, կանխելով հետագայում դրան վերաբերող խնդիրներն իմ անձի հետ առնչելու հնարավոր բոլոր մղումները, տեղեկացնեմ, որ կատարված միջադեպի հետաքննության շրջանակներում ոստիկանությունը տուժող կողմ է ճանաչել ոչ թե Դերենիկ Դեմիրճյանի տուն-թանգարանի վարիչին, այլ գրողի ժառանգներին, մի բան, որ շատ տրամաբանական է: Այնպես որ, Ձեր ապագա «բացահայտումների» մեջ շրջանցեք, խնդրեմ, տուն-թանգարանը և նրա աշխատակիցներին: Իսկ եթե Դեմիրճյանի աճյունը Կոմիտասի անվան պանթեոն տեղափոխելու հարցը իսկապես հնարավոր լինի լուծել, հավատացեք, որ ո՛չ Մինաս Ավետիսյանը, ո՛չ Ֆրունզե Դովլաթյանը, ո՛չ քաղաքային պանթեոնում հուղարկավորված մյուս մեծերը չեն «բողոքի» դրա դեմ, որովհետև իսկական մեծը զերծ է միջակություններին բնորոշ մաղձից, եսակենտրոնությունից ու այս կարգի մանր դրսևորումներից:
Օրեր առաջ մասնակցում էի Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում անցկացվող Լրագրողների համահայկական 5-րդ համաժողովին, որի ընթացքում շեշտադրվող թիվ մեկ խնդիրն ադրբեջանական ապատեղեկատվությունն էր և դրա դեմ արդյունավետ պայքարի կազմակերպումը: Վերադառնալով Երևան` կարդացի Ձեր հրապարակումը և հիմա ստիպված եմ խոստովանել, որ ապատեղեկատվության վտանգավոր բացիլով վարակված են նաև հայկական որոշ լրատվամիջոցներ, ինչից ձերբազատվելը բոլորիս խնդիրն է: Ձեզ նման լրագրողների պատճառով է, որ շատերի մեջ ձևավորվել է թյուր պատկերացում լրագրողի և լրագրողական էթիկայի մասին, և մարդիկ հակված են մտածելու, թե լրագրողն իրենց հետ հանդիպում ու զրուցում է միայն աղմկոտ սենսացիա անելու նպատակով:
Ի դեպ, ասեմ, որ Ղարաբաղում ինձ մոտեցել և Դեմիրճյանի պատուհասված տապանաքարի առնչությամբ իրենց վրդովմունքն են արտահայտել իմ հայաստանցի և սփյուռքահայ գործընկերներից շատերը, որոնք, ի տարբերություն Ձեզ, քաջատեղյակ էին կատարվածի մանրամասներին, քանի որ հետևել էին թե՛ իմ հրավիրած մամլո ասուլիսին, թե՛ մամուլի, հեռուստատեսության և ինտերնետային կայքերի տարածած տեղեկությանը: Ասեմ ավելին, հենց Ղարաբաղում, Ջավախքից ժամանած լրագրողներից ես իմացա Դեմիրճյանի հիշատակի հանդեպ կատարված ևս մի ոտնձգության մասին. գողացել են Ախալքալաքի Դ. Դեմիրճյանի անվան դպրոցի շքամուտքի մոտ փակցված մետաղյա ցուցանակը: Ի դեպ, այս լուրն արդեն հրապարակվել է «Իրատես de facto» թերթում (թիվ 17 (227), 15.10-18.10. 2010): Ասեմ, որ իմ տրամադրած տեղեկության հիման վրա նույն այդ թերթում հոկտեմբերի 8-ին է տպագրվել առաջին նյութը Դեմիրճյանի կիսանդրու անհետացման վերաբերյալ: Հետևաբար, «Հայաստանի զրուցակից» թերթի հոկտեմբերի 15-22-ի համարում Ձեր արած հրապարակման խորագիրը` «Շաբաթվա հարցը» (ռուսերեն թարգմանությամբ` «ԽՏվՒցջ վպՊպսՌ»), ժամանակավրեպ է, քանի որ հանրապետության գրեթե բոլոր ԶԼՄ-ներն այդ խնդրին անդրադարձել են Ձեր հրապարակմանը նախորդած շաբաթվա ընթացքում:
Նախապես հավաստիացնեմ, որ եթե Ձեր վառ երևակայությունը դրդի Ձեզ պեղելու նոր մանրամասներ իմ «մութ» կենսագրությունից և հանդես գալու պատասխան հրապարակումով, ապա չակնկալեք իմ կողմից համապատասխան արձագանք: Ես չափազանց զբաղված մարդ եմ փուչ կրակոցներին պատասխանելու համար:
Կարինե ՌԱՖԱՅԵԼՅԱՆ
Դերենիկ Դեմիրճյանի տուն-թանգարանի վարիչ
Հ.Գ. -Թեև այս նյութը շարադրված է առաջին դեմքով, սակայն դրա տակ ստորագրելու ցանկություն են հայտնել այն անձինք, ովքեր քաջածանոթ են Դեմիրճյանի տուն-թանգարանում տարվող աշխատանքներին և ուղղակի պահանջել են ինձնից չլռել ու անպայման հանդես գալ պատասխան հրապարակումով:
Լևոն ԱՆԱՆՅԱՆ ՀԳՄ նախագահ,
Հրաչյա ՄԱԹԵՎՈՍՅԱՆ գրող, հրապարակախոս,
Խաչատուր ԻՍԿԱՆԴԱՐՅԱՆ ՀՀ վաստակավոր նկարիչ,
Հովհաննես ԱՅՎԱԶՅԱՆ Հայկական հանրագիտարանի գլխավոր խմբագիր,
Մարգարիտ ԽԱՉԱՏՐՅԱՆ դեմիրճյանագետ, բանասիրական գիտությունների դոկտոր,
Մարինե ՀԱՐՈՅԱՆ ԻԿՕՄ-ի (ՅՈՒՆԵՍԿՕ-ին կից Թանգարանների միջազգային խորհրդի) Հայաստանի ազգային կոմիտեի տնօրեն,
Հռիփսիմե ՊԻԿԻՉՅԱՆ Թանգարանների աշխատողների և բարեկամների ասոցիացիայի նախագահ

Դիտվել է՝ 2627

Մեկնաբանություններ