Մահափորձ է տեղի ունեցել ԱՄՆ-ի նախկին նախագահ և նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփի դեմ՝ Փենսիլվանիայի Բաթլեր քաղաքում նրա նախընտրական հանրահավաքի ժամանակ։ Թրամփի ականջն է վիրվորվել։ Երկու մարդ սպանվել է, այդ թվում՝ կրակողը՝ Փենսիլվանիայի 20-ամյա բնակիչ Թոմաս Մեթյու Քրուքսը։ Ըստ ԶԼՄ-ների, ոճրագործին գնդակահարել է Գաղտնի ծառայության դիպուկահարը։               
 

«ՋՐԻ ԳՈՂԵՐՆ» ՈՒ «ԵՐԵՎԱՆՋՈՒՐԸ»

«ՋՐԻ ԳՈՂԵՐՆ» ՈՒ «ԵՐԵՎԱՆՋՈՒՐԸ»
29.10.2010 | 00:00

«Վիոլա» ֆրանսիական ընկերությանը կառավարման հանձնված «Երևանջուր» ընկերությունը որոշել է սարիթաղցիների գլխին խաղ խաղալ։ Խաղ, որի արդյունքում կարգին կհարստանա ընկերության բյուջեն` անձնական գրպանի տեսքով։ Իսկ խաղի կանոնները թելադրում են նշված ընկերության աշխատակիցները։ Այն առանձնապես բարդ չէ, սակայն խիստ եկամտաբեր կարող է լինել։
Բոլորովին վերջերս «Երևանջուր» ընկերությունը, առանց բնակիչների ցանկությունը հաշվի առնելու, ջրաչափերը փոխեց 8000 դրամ արժողությամբ նոր ջրաչափերով։ Բնակիչների` «ինչո՞ւ» հարցին ի պատասխան ընկերության աշխատակիցները պարզաբանել են, որ այս նոր ջրաչափերը հակամագնիսական հատկություն ունեն։ Չենք բացառի, որ մեր բնակիչների շրջանում ջրագողության նպատակով մագնիսի կիրառումը որոշ չափով առկա է, սակայն տարօրինակն այն է, որ այս նոր ջրաչափերն էլ շատ ավելի արագ են պտտվում, քան նախկինները։ Այս մասին փաստում են բնակիչները. «Ոչ միայն արագ են պտտվում ջրաչափերը, այլև յուրաքանչյուրիցս 5000 դրամ են պահանջում` ջրաչափը պլոմբելու համար։ Բայց հանուն ինչի՞ պետք է վճարենք»,- այսպես գանգատվում և իրենց իրավունքը խնդրում էին պաշտպանել Սարի թաղի մի խումբ բնակիչներ։ Իսկապես, հանուն ինչի՞ պետք է սպառողը 5000 դրամ վճարի։ Եթե սպառողի ուսերին է դրված «Երևանջուր» ընկերության աշխատակիցների հավելյալ եկամտի ապահովումը, ապա 5000 դրամի պահանջն արդարացի պետք է համարենք, սակայն, քանի որ օրենքով «Երևանջուր» ընկերությունը պարտավոր է ջրաչափը կնքել անվճար, դա նրա ուղղակի պարտավորությունն է, ապա պետք է ենթադրել, որ ընկերության նշված գործունեությունն օրինազանցություն է։ Իհարկե, «Երևանջուր» ընկերությունը նման երևույթը կա՛մ պետք է հերքի, կա՛մ մեղքը բարդի շարքային աշխատողների ու սպառողների վրա` մեղադրելով վերջիններիս ջրակորուստների հարցում։ Բոլորովին չբացառելով ջրագողության դեպքերը, այնուհանդերձ, կարծում ենք, տեղին է հիշեցնել մեկ փաստ։ Երբ «Վիոլա» ֆրանսիական ընկերությունն իտալական «Էյ Յութիլիթի» ընկերության փոխարեն ստանձնեց «Երևանջուր» ընկերության կառավարումը, ջրակորուստներն այդ ժամանակ 79 տոկոս էին, իսկ այժմ` 85։ Իհարկե, այս հարցում ևս ինքնապաշտպանվելով, ընկերությունը պարբերաբար շեշտում է, որ մեղավորները սպառողներն են։ Ինչևէ։
Այս տարվա գարնան վերջերին, ջրակորուստների հարցում ապօրինությունները բացահայտելու նպատակով, ընկերությունում ստեղծվեց տնօրենություն։ Մենք փորձեցինք ճշտել` այս ընթացքում որքա՞ն ապօրինություն է հայտնաբերվել և ի՞նչ տիպի։ Սակայն պարզվեց, որ այստեղ նման հարցերի վերաբերյալ օրենքը գործում է. «Ձեր հարցերը պետք է ներկայացնեք հասարակայնության և լրատվության հետ կապերի վարչություն»,- մեզ հետ հեռախոսազրույցում ասաց ընկերության վերահսկողության բաժնի տնօրեն Միքայել Դավթյանը։ Դիմեցինք նշված վարչության պետ Ռոբերտ Նազարյանին, սակայն նա մեզ տեղեկացրեց, որ մի քանի օր է, ինչ ինքն այդ պաշտոնից տեղափոխվել է մեկ այլ պաշտոնի։ Ցավոք, ամբողջ օրվա ընթացքում մեզ այդպես էլ չհաջողվեց կապ հաստատել վարչության նորանշանակ պետ Գագիկ Մարգարյանի հետ. մեր զանգերին նա չէր պատասխանում։ Այլ կերպ ասած` իրար «պաս» տալու գործում ընկերությունը հմտացած է։
Մինչ «Երևանջուր» ընկերությունը կբարեհաճի թվեր ներկայացնել, նշենք, որ, ըստ տարբեր աղբյուրների, կազմվել է 6500-7000 ակտ, որից 2000-2300-ն ապօրինի ջրագծերին են առնչվում։ Սակայն դրանցից որքա՞նն է օրինական ճանապարհ անցնում։ Ըստ կարգի, հայտնաբերված խախտումների մեղավորները տուգանվում են, իսկ տուգանքի չափը որոշում է առևտրային տնօրենությունը։ Այլ կերպ ասած, այստեղ օրինականացվում են տուգանքները։ Սակայն, ըստ որոշ խոսակցությունների, օրինականացման գործընթացը դանդաղում է։ Ինքնին հարց է առաջանում` ինչո՞ւ։ Գուցե դա հարմար ձև՞ է` հասույթները թաքցնելու համար։ Եթե ոչ, ապա պետք է կարծել, որ աշխատակազմը պրոֆեսիոնալ չէ։
Ամեն դեպքում, այս ընկերությունում միայն սպառողներին ճնշելու գործն է բարձր պրոֆեսիոնալիզմով իրականացվում։ Գուցե դրանո՞վ է պայմանավորված ընկերությունում նորանոր տնօրենություններ ձևավորելու քաղաքականությունը։ Ի դեպ, քաղաքում շրջանառվող խոսակցությունների համաձայն, նորաբաց տնօրենություններից մեկում ղեկավար է նշանակվել նախկին տնօրեններից մեկը, որի պաշտոնավարման ընթացքում բազմաթիվ թերություններ են հայտնաբերվել։ Մի խոսքով, փաստը մնում է փաստ, որ ապօրինություններից զերծ չէ նաև «Երևանջուր» ընկերությունը։ Կարծում ենք` պատկան կառույցները նշված խնդիրներին պետք է ուշադրություն դարձնեն, որպեսզի մեր սպառողների առանց այդ էլ անտեսվող իրավունքներն ավելորդ անգամ չոտնահարվեն։
Ժասմեն ՎԻԼՅԱՆ

Դիտվել է՝ 2344

Մեկնաբանություններ