ԱՄՆ-ի ներկայիս վարչակազմի կողմից նախկին նախագահ Դոնալդ Թրամփի շուրջ ստեղծված մթնոլորտն է հրահրել նրա դեմ մահափորձը՝ հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: «Ռուսաստանի Դաշնությունը չի կարծում, որ մահափորձը կազմակերպվել է ԱՄՆ-ի գործող իշխանության կողմից, սակայն թեկնածու Թրամփի շուրջ մթնոլորտը դրդել է նրան, ինչին այսօր բախվել է Ամերիկան»,- շեշտել է նա:               
 

ԱՄԲՈՂՋ ՖԻԶԻԿԱՆ, ԱՍՏՂԱԳԻՏՈՒԹՅՈՒՆԸ, ՀԱՎԱՆԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆԸ ԼՑՎԱԾ ԵՆ ՍԽԱԼ ԲԱՆԱՁևԵՐՈՎ, ՈՐՈՆՔ ԽԱՆԳԱՐՈՒՄ ԵՆ ԳԻՏՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԸՆԹԱՑԻՆ

ԱՄԲՈՂՋ ՖԻԶԻԿԱՆ, ԱՍՏՂԱԳԻՏՈՒԹՅՈՒՆԸ, ՀԱՎԱՆԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆԸ ԼՑՎԱԾ ԵՆ ՍԽԱԼ ԲԱՆԱՁևԵՐՈՎ, ՈՐՈՆՔ ԽԱՆԳԱՐՈՒՄ ԵՆ ԳԻՏՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԸՆԹԱՑԻՆ
18.11.2011 | 00:00

ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՏԱՐԻՆԵՐԻՆ ՀԱՅ ԳՅՈՒՏԱՐԱՐՆԵՐԻ ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏՈՒԹՅՈՒՆԸ ՆՎԱԶԵՑ ՈՉ ԹԵ ԿՐԿՆԱԿԻ ԿԱՄ ԵՌԱԿԻ, ԱՅԼ ՄԻ ՔԱՆԻ ՏԱՍՆՅԱԿ ԱՆԳԱՄ
Խորհրդային Միության միայն վերջին 10 տարիներին հայ գյուտարարները ներկայացրել ու գրանցել են տարբեր ոլորտներին վերաբերող 5 808 գյուտ: Ի դեպ, այդ ցուցանիշով ԽՍՀՄ պետությունների շարքում մեր երկիրը զբաղեցնում էր պատվավոր վեցերորդ տեղը: Սակայն անկախության տարիներին հայ գյուտարարների արդյունավետությունը նվազեց ոչ թե կրկնակի կամ եռակի, այլ մի քանի տասնյակ անգամ:
Հայտնի է, որ զարգացած երկրներում արտադրությանը զուգահեռ գործում են գիտական բաժիններ, որոնց կողմից իրականացվող գիտական հետազոտությունների նպատակը առավել շահութաբեր արտադրության կազմակերպումն է, հետևաբար, առաջարկվող գյուտերն անմիջապես ներդրվում են արտադրության մեջ: Մի բան, ինչի մասին կերազեր հայ գիտնականը: Բայց քանի որ մեր երկրում վաղուց է կտրվել կապը արտադրության ու գիտության միջև, հայ գիտնականները հայտնվել են բավականին տխուր վիճակում: Սեփական գյուտը հայտնագործելուց հետո հայ գյուտարարի համար սկսվում է ամենադաժան փուլը` թղթապանակը թևի տակ այս ու այն կողմ վազվզել, «վերևներին» խնդրել, համոզել, որ բարեհաճեն իրենց թանկարժեք ժամանակից մի քանի րոպե տրամադրել ու ծանոթանալ գիտնականի առաջարկություններին:
Մեր կյանքն այնքա՜ն միօրինակ ու անհետաքրքիր կլիներ, եթե հանկարծ մեկ օր որոշեին մեզ լքել «նորին մեծություն» անտարբերությունն ու բյուրոկրատական քաշքշուկը. հայ գյուտարարների մեծ մասն այս համատարած ախտի զոհն է:
Շատերն անկարող լինելով պայքարելու, ստիպված հեռացան հայրենիքից։ ՈՒ դեռ շարունակվում է նրանց արտահոսքը: Իսկ Հայաստանում մնացածները, սոցիալական ծանր պայմաններով պարտադրված, խցանել են իրենց ստեղծագործական միտքն ու մեկընդմիշտ հրաժարվել գիտությամբ զբաղվելուց:
Բայց, պարզվում է, կան և այնպիսիք, ովքեր շարունակում են իրենց պայքարը «հողմաղացների» դեմ:
Նրանցից մեկն էլ մասնագիտությամբ կիբեռնետիկ, բազմաթիվ գյուտերի հեղինակ ՀԵՆՐԻԿ ՄԽԻԹԱՐՅԱՆՆ է:

«ԱՌԱՋԱՐԿՈՒՄ ԵՄ ԱՆՍՊԱՌ ԷՆԵՐԳԻԱ ՍՏԱՆԱԼՈՒ ԱՅԼԸՆՏՐԱՆՔ»
Մինչ ՀՀ իշխանությունները հայտարարում են, թե «Ֆուկուսիմա» ատոմակայանում տեղի ունեցած վթարը չի ազդել Հայաստանի էներգետիկ քաղաքականության վրա, և որ նոր ԱԷԿ-ը պետք է կառուցվի, գյուտարար Հենրիկ Մխիթարյանը դիմում է վերջիններիս` հրաժարվել նոր ատոմակայանի կառուցման գաղափարից. «Աշխարհում փակվում են ատոմակայանները, իսկ մենք նո՞րն ենք ուզում կառուցել: Հարգելիներս, մեր լեռնային արագահոս գետերի ջուրն օգտագործելով` մենք կարող ենք մեկընդմիշտ լուծել մեր էներգետիկայի հարցը: Առաջարկում եմ անսպառ էներգիա ստանալու այլընտրանք` հիդրոէլեկտրակայանի ստեղծման նոր ու արդյունավետ տարբերակ, ինչը մեր երկիրը կապահովի ավելի շատ ու էժան էլեկտրաէներգիայով, քան դա կարող է տալ ատոմակայանը»:
Գյուտարարը բացատրում է` կօգտագործվի մեր վարար գետերի ջրի մի մասը միայն, խողովակաշարը կձգվի ողջ երկրի լայնությամբ, 100, 1000 մ հեռավորության վրա կկառուցվեն նոր հիդրոէլեկտրակայաններ` թվով 100-200: «Եթե իմ առաջարկած նոր հիդրոէլեկտրակայանի գաղափարը իրականացվի, մեր երկիրը կարտադրի էժան և ամենակարևորը` անվտանգ էլեկտրաէներգիա: Այն նույնիսկ կարող ենք վաճառել մեր հարևաններին»: Գյուտարարի հաշվարկով` կառուցվելիք ատոմակայանի վրա ծախսվելիք գումարի միայն 1/10-ը բավարար է իր գիտական հայտնագործությունը կյանքի կոչելու համար: Իսկ գյուտն այնպես է նախատեսված, որ ջուրն աննպատակ չի կորչի. «Այն կուղղվի Հայաստանի չոռոգվող շրջաններ, ու մեր երկիրը կդառնա դրախտավայր»:
ԻՏԱԼԱՑԻՆԵՐԻՆ 240 ՄԼՆ ԴՈԼԱՐ ՄԻ՛ ՏՎԵՔ, ԸՆԴԱՄԵՆԸ 40-Ը ՏՎԵՔ ՀԱՅ ԳՅՈՒՏԱՐԱՐԻՆ
Գյուտարար Հենրիկ Մխիթարյանի մյուս գիտական հայտնագործությունը վերաբերում է քամու էլեկտրակայանի ստեղծմանը. «Քամին Էներգիայի հրաշալի աղբյուր է, մինչդեռ մենք մեզ տրված Աստծո բարիքից չենք օգտվում: Իսկ ես գյուտ ունեմ, որն ապացուցում է, որ քամու էլեկտրակայանից կարելի է մի քանի անգամ ավելի էներգիա ստանալ, քան տալիս է միջուկային էներգիան»:
Գիտնականը բողոքում է` մեր պետությունն իտալացիներին 240 միլիոն դոլար է վճարում, որ քամու էլեկտրակայան կառուցեն, բայց նրանց տեղադրած սարքերի թևերն այնքան բարակ են, որ քամու հարվածից շատ փոքր էներգիա կկարողանան հաղորդել, ինչը մի գյուղի հոսանք էլ չի կարող ապահովել: «Իտալացիներին 240 միլիոն դոլար են տալիս 50 հատ քամու էլեկտրակայան տեղադրելու համար, ես առաջարկում եմ 40 միլիոնով կառուցել ընդամենը 4-ն ու արդյունավետը, որոնք կաշխատեն ատոմակայանի հզորությամբ»:
10 տարի է` ինչ գիտնականը բարձրաձայնում է իր գյուտերի մասին, բայց տեր կանգնող չկա: Գրել է նաև հանրապետության նախագահին: «Բայց ի՞նչ անի նախագահը, նա ուղարկում է էներգետիկայի նախարարություն, սրանք էլ դնում են դարակն ու փակում», որովհետև այստեղ իտալացիներով են հիացած, ո՞նց կլինի, որ հայ գյուտարարին ֆինանսավորեն, օտարի անունն ավելի լա՜վ է հնչում: Պակաս գայթակղիչ չէ նաև 240 միլիոնը, մեջը քանի՜ քանիսն իրենց ձեռքերը կտաքացնեն։

«ԹՈՂ ԱՄԲՈՂՋ ԱՇԽԱՐՀԸ ԳԱ ՈՒ ՀԱՄՈԶՎԻ. ԵՍ ՍՏԵՂԾԵԼ ԵՄ ՀԱՎԵՐԺԱԿԱՆ ՇԱՐԺԻՉԸ»
Գյուտարար Համլետ Մխիթարյանի գյուտերն այսքանով չեն ավարտվում. «Ավտոմեքենայի խլացուցիչ» գյուտը վերացնում է մեքենաների խլացուցիչներից արտանետվող թափոնները, «Աղբի այրում առանց վնասակար թափոնների արտանետման» գյուտը թույլ է տալիս այրելուց հետո ծուխ չարտամղել մթնոլորտ, «Կաթսայատուն» գյուտը ենթադրում է կաթսայի գործունեություն առանց ծխնելույզի և վնասակար թափոնների արտանետման, և այլն: Եվ վերջապես, աշխարհացունց հայտնագործություն. հայ գիտնականը հայտարարում է. «Ես ստեղծել եմ հավերժական շարժիչը»: Գիտնականը նկատում է, որ առանց երկնչելու իրերը պետք է կոչել իրենց անուններով, անկախ այն բանից, որ գիտական աշխարհում կա այն կարծրացած համոզմունքը, թե հավերժական շարժիչ չի կարող ստեղծվել:
ՀՀ մտավոր սեփականության գործակալությունում ասել են` իսկապես հավերժական շարժիչ եք հայտնագործել, սակայն նաև զգուշացրել` սա շատ վտանգավոր գյուտ է, իրավունք չկա գյուտն այդ անունով անվանելու, որովհետև աշխարհը դեմ է դրան, ու խորհուրդ են տվել փոխել գյուտի անունը:
Համախոհները ևս Մխիթարյանին խորհուրդ են տվել հրաժարվել «հավերժական շարժիչ» սենսացիոն անվանումից, թող սարքը չկոչվի հավերժական շարժիչ, բայց օգտակար լինի այլընտրանքային ճանապարհով էներգիա ստանալուն: Գյուտարարն այդպես էլ վարվել է. «Մեծ դժվարությամբ տվեցին արտոնագիր` պայմանով, որ անունը պետք է փոխել։ Ես ստիպված իմ գյուտն անվանեցի` «Օդի հոսքը էներգիայի վերափոխող համալիր կայան»»:
Գիտնականը վստահ է, որ հավերժական շարժիչի շահագործումը հնարավորություն կտա առանց էներգիայի ծախսման ստանալու էլեկտրաէներգիա: Մխիթարյանի խոսքով` նման միջոցով էլեկտրաէներգիա ստանալու համար օգտագործվում է միայն մթնոլորտի էներգիան, որը պտտեցնում է տուրբինում եղած ջուրը, արդյունքում ստացվում է տաք ջուր ու անջատվում էներգիա։ «Սա հնարավորություն կտա կատարելու խնայողություն և, ի տարբերություն միջուկային կամ ատոմային էներգիայի, մթնոլորտի աղտոտում տեղի չի ունենա: Այսպիսով, շարժիչը նաև կլուծի աշխարհի առջև ծառացած այնպիսի մարտահրավեր, ինչպիսին է գլոբալ տաքացումը»: Շարժիչը մարդկությանը կապահովի ոչ միայն էժան էներգիայով, այլև տաք ջրով։ Գյուտարարը հաշվարկել է, որ առանց էներգիա ծախսելու կարելի է սառը օդով ապահովել շոգ երկրները, և տաք ջրով` ողջ երկրագնդի մարդկությանը: «Պիտի ճապոնացինե՞րը դա ստեղծեն, որ մարդիկ հավատան,- վրդովված հարցնում է նա և հավելում,- ի լուր ամբողջ աշխարհի առաջադեմ մարդկության ասում եմ` թող գան տեսնեն, ստեղծածս հավերժական շարժիչ է»:
Իսկ բոլոր նրանց, ովքեր ասում են, թե անհնար է հավերժական շարժիչ հայտնագործել, քանի որ դա հակասում է ֆիզիկայի հիմնարար կանոններին, մաթեմատիկոս Մխիթարյանը համարձակորեն հակադարձում է` ամբողջ ֆիզիկան, աստղագիտությունը, հավանականությունների տեսությունը լցված են սխալ բանաձևերով, որոնք խանգարում են գիտության առաջընթացին: «Ես փորձով ու հստակ հաշվարկներով ապացուցում եմ դա, ու նման բանաձևերը համարում եմ գիտության խայտառակություններ: Դիմում եմ գիտնականներին, թող հավաքվեն մի սեղանի շուրջը, ես նրանց կներկայացնեմ ճշմարտությունը»: Ի դեպ, գիտական «խայտառակություններից» մեկն էլ էներգիայի պահպանման ու փոխակերպման մասին օրենքն է: Ֆիզիկայի շատ բանաձևեր կասկածի տակ դնող գյուտարարը նկատում է. «Աշխարհը սահմանել է, որ օգտակար գործողության գործակիցը` ՕԳԳ-ն, 100-ից մեծ չի կարող լինել, սահմանել է ու ձեռքը կրակն ընկել: Իսկ ես ապացուցում եմ, որ ՕԳԳ-ն կարո՛ղ է լինել հազարներ ու միլիոններ: Գյուտը կա, ապացուցված է: Ստեղծածս «հավերժական շարժիչի» օգտակար գործողության գործակիցը 100 տոկոսից ավելի է, իսկ դա հակասում է էներգիայի պահպանման և փոխակերպման օրենքին»:
Իհարկե, գյուտարարի նման համարձակ հայտարարությունները հեշտությամբ չեն կարող ընդունել գիտության մեջ հեղաշրջումներ չսիրող գիտնականները: Եվ չնայած Մխիթարյանի գյուտերն արժանացել են հանրապետության բազմաթիվ գիտնականների բարձր գնահատականին, 2002-ին իր դրական կարծիքն է հայտնել ԳԱԱ-ն, երկու անգամ էլ` ՀՀ պետական ճարտարագիտական համալսարանի գիտական խորհուրդը, որոնցում ասված է, որ մաթեմատիկոս Հենրիկ Մխիթարյանի գիտական առաջարկը պետք է ներկայացնել ՀՀ նախագահի մրցանակի, սակայն գործն առաջ չի գնում: Գյուտարարի խոսքով, իր գյուտերը քննարկման չեն դրվում ո՛չ նախագահի մրցանակ շնորհող հանձնաժողովում, ո՛չ էլ ՀՀ ԳԱԱ-ում, քանի որ դրանք ապացուցում են ֆիզիկայի որոշ օրենքների անճշտությունները։ Հենրիկ Մխիթարյանը հիշում է. «Երբ ԳԱԱ նախագահը Ֆադեյ Տաճատիչն էր, ինձ հրավիրում էր, հետաքրքրությամբ լսում, բայց երբ եկավ Ռադիկ Մարտիրոսյանը, նույնիսկ վախենում է ինձ հետ հանդիպելուց, իսկ դիմումներիս պատասխանում է. «Մենք նման մասնագետներ չունենք, որ ներկայացրածդ առաջարկությունը քննարկենք»: Ծիծաղելի է, իմ ասածը կարող է ընկալել անգամ 7-րդ դասարանցին»,- հեգնում է գյուտարարը:
Իսկ հայ գյուտարարի գյուտերը դեռ շարունակում են մնալ դարակում` անտեսված, ու եթե նույն կերպ շարունակվի, ապա մի գեղեցիկ օր կհայտնվի օտարերկրացին ու կասի. «Ես այն գնում եմ, փաթեթավորեք»` սեփականելով գյուտն էլ, նրա հեղինակային իրավունքն էլ:
Արմինե ՍԻՄՈՆՅԱՆ
Հ. Գ. -Մաթեմատիկոս Հենրիկ Մխիթարյանը հայտարարում է, որ եթե իր պայքարը մնա անհետևանք, ապա կդիմի օտարերկրյա դեսպանատներին։ Հատկապես Գերմանիայի դեսպանատուն, որովհետև այդ երկրում լավ են գիտակցում միջուկային էներգիայի վտանգավորությունը և արդեն 4 ատոմակայան են փակել։

Դիտվել է՝ 1861

Մեկնաբանություններ