ԱՄՆ-ի ներկայիս վարչակազմի կողմից նախկին նախագահ Դոնալդ Թրամփի շուրջ ստեղծված մթնոլորտն է հրահրել նրա դեմ մահափորձը՝ հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: «Ռուսաստանի Դաշնությունը չի կարծում, որ մահափորձը կազմակերպվել է ԱՄՆ-ի գործող իշխանության կողմից, սակայն թեկնածու Թրամփի շուրջ մթնոլորտը դրդել է նրան, ինչին այսօր բախվել է Ամերիկան»,- շեշտել է նա:               
 

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԱՌԵՎՏՈՒՐԸ ՊԵՏՔ Է ԿԱՆՈՆԱԿԱՐԳՎԻ

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԱՌԵՎՏՈՒՐԸ ՊԵՏՔ Է ԿԱՆՈՆԱԿԱՐԳՎԻ
25.11.2011 | 00:00

Աշխարհի շատ երկրներում տեխնոլոգիական զարգացմանը զուգընթաց սկսվել է սահուն անցումը սովորական առօրյա առևտրից դեպի էլեկտրոնային առևտուր: ՌԴ-ում կատարված ուսումնասիրությունների համաձայն` 2010 թ. իրականացվել է շուրջ 240 միլիարդ ռուբլու էլեկտրոնային առևտուր: Միևնույն ժամանակ էլեկտրոնային առևտրի զարգացման տեմպերը 6-8 անգամ գերազանցում են ավանդական առևտրի տեմպերը: Համաձայն կատարված ուսումնասիրության` այդ ցուցանիշը առաջիկա 5 տարիներին շուրջ 2,5 անգամ կմեծանա: ՀՀ-ում էլեկտրոնային առևտրի բնագավառում ցուցանիշները նույնպես աճի տեմպեր են արձանագրում, ինչը համեմատական է համացանցի հասանելիության մակարդակին: Նման աճի տեմպերը, ինչպես նաև էլեկտրոնային հասարակության ձևավորումը, վաղ թե ուշ շուկայում կառաջացնեն մի իրավիճակ, երբ էլեկտրոնային առևտուրը լուրջ ազդեցություն կունենա երկրի տնտեսական զարգացման մակարդակի վրա: Չնայած զարգացման միտումներին՝ էլեկտրոնային առևտրի որոշակի խնդիրներ մնում են անփոփոխ:
Էլեկտրոնային առևտուրը Հայաստանում զարգացնելու նպատակով Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը (ԻՏՁՄ) ձեռնամուխ է եղել իրավական դաշտի կարգավորման խնդիրների լուծմանը։ Այս տարվա հոկտեմբերից միությունը «Քաունթերփարթ ինթերնեյշնլ» հայաստանյան ներկայացուցչության աջակցությամբ իրականացնում է էլեկտրոնային առևտրի բնագավառում պետական քաղաքականության և իրավական դաշտի բարեփոխումների ծրագիրը, որի շրջանակներում ԻՏՁՄ-ի կատարած էլեկտրոնային առևտրի իրավական կարգավորման խնդիրների վերաբերյալ վերլուծությունները ներկայացվել են տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման աջակցման խորհրդում։ Հետևանքը եղավ այն, որ ՀՀ վարչապետի հանձնարարականով ստեղծվեց միջգերատեսչական խումբ, որը պետք է ուսումնասիրի խնդիրները և փորձի լուծումներ տալ։
ԻՏՁՄ իրավաբան ԱՐԿԱԴԻ ՍԱՀԱԿՅԱՆԸ մեզ հետ զրույցում նշում է, որ ներկայումս էլեկտրոնային առևտուրն ամբողջ աշխարհում ամենաարագ զարգացող ոլորտներից է։ Մենք պետք է կարողանանք հետ չմնալ զարգացումներից և պահպանել օրենսդրական, իրավական կարգավորումները։
Արկադի Սահակյանը նշում է, որ ինտերնետ միջավայրում գործարքները կատարվում են առցանց և որևէ փաստաթղթային տեսք չեն ստանում. «ՈՒղղակի տեսնում ես առաջարկ, վճարում ես գումարը, և ապրանքը գալիս է։ Դրա հետ մեկտեղ գալիս է հաստատող նամակ, որտեղ երևում են ապրանքի գինը, հարկերը, քաշը, ճանապարհի ծախսի գումարը, այսինքն, մի վերջնական գին է երևում, որը դու վճարել ես, որ ապրանքդ տեղ հասնի: Մեր առաջարկն է, որ վճարումը հաստատող նամակը համարվի տվյալ գործարքի հետ կապված ծախս հաստատող փաստաթուղթ»:
Մյուս խնդիրը հայկական վճարահաշվարկային համակարգի կողմից միջազգային վիզա պլաստիկ քարտով վճարումներ ընդունելու հնարավորությունն է, որը պայմանավորված է visa international e-commerce license-ի ձեռքբերմամբ։ Անհրաժեշտ է, որ տեղական բանկերից գոնե մեկը ձեռք բերի այդ լիցենզիան։ ԻՏՁՄ իրավաբանն էլեկտրոնային առևտրի զարգացման համար կարևորում է նաև գործընթացների պարզեցումը։ Խոսքը ոչ միայն ներմուծման, այլև արտահանման մասին է։ Հայաստանը միացել է մի շարք միջազգային պայմանագրերի և ստանձնել որոշակի ձևաչափով փաստաթղթեր օգտագործելու պարտավորություն։ Այդ փաստաթղթերի ցանկում կա CN22 մաքսային հայտարարագրի ձև, որի վավերապայմաններն այնպիսին են, որ հնարավորություն են տալիս ստանալու իրականացված գործարքի մասին ողջ տեղեկությունը։ Արկադի Սահակյանն առաջարկում է էլեկտրոնային առևտրի իրականացման ժամանակ ապրանքների արտահանման ընթացակարգը պարզեցնելու նպատակով կիրառել միջազգայնորեն ընդունված CN22 մաքսային հայտարարագիրը՝ հիմք ընդունելով այդ հայտարարագրում նշված վավերապայմանները։ Հայաստանի մաքսային ծառայության կողմից կիրառվում է TWM համակարգը, որի միջոցով հնարավոր է հայտարարագրերն առցանց և էլեկտրոնային տարբերակով լրացնել։ Արկադի Սահակյանն առաջարկում է CN22 մաքսային հայտարարագիրն ինտեգրել TWM համակարգի մեջ, որը կհեշտացնի ոչ մեծ ծավալով ապրանքների հայտարարագրումն ու թափանցիկությունը։ Առաջարկվում է նաև, որ մաքսային հայտարարագրման և ձևակերպումների ամբողջ գործընթացը, փաստաթղթաշրջանառությունը լինեն էլեկտրոնային։
Մասնագետները նշում են, որ էլեկտրոնային առևտուրը կարող է հսկայական ռեսուրսներ բերել տնտեսությանը։ Հայաստանն այդ առումով մեծ ներուժ ունի։ Մարդիկ կարող են ոչ միայն իրենց ապրանքները, այլև ծառայություններն ու գիտելիքները վաճառել էլեկտրոնային տարբերակով, ինչը կարող է հանգեցնել լուրջ փոփոխությունների տնտեսության մեջ։
Լիլիթ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Դիտվել է՝ 2758

Մեկնաբանություններ