Մահափորձ է տեղի ունեցել ԱՄՆ-ի նախկին նախագահ և նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփի դեմ՝ Փենսիլվանիայի Բաթլեր քաղաքում նրա նախընտրական հանրահավաքի ժամանակ։ Թրամփի ականջն է վիրվորվել։ Երկու մարդ սպանվել է, այդ թվում՝ կրակողը՝ Փենսիլվանիայի 20-ամյա բնակիչ Թոմաս Մեթյու Քրուքսը։ Ըստ ԶԼՄ-ների, ոճրագործին գնդակահարել է Գաղտնի ծառայության դիպուկահարը։               
 

ԴԻՄՈՐԴՆԵՐԸ ՄԻԱՎՈՐՆԵՐԻ ԲԱՐՁՐԱՑՄԱՆ ԱԿՆԿԱԼԻՔ ՈՒՆԵՆ

ԴԻՄՈՐԴՆԵՐԸ ՄԻԱՎՈՐՆԵՐԻ ԲԱՐՁՐԱՑՄԱՆ ԱԿՆԿԱԼԻՔ ՈՒՆԵՆ
11.06.2010 | 00:00

Երեկ՝ ժամը 9.00-18.00, տեղի ունեցավ «Հայոց լեզու և հայ գրականություն» միասնական քննության արդյունքների բողոքարկումը։ Առավոտյան ժամը 9.00-ից Երևանի պետհամալսարանում և Ջոն Կիրակոսյանի անվան դպրոցում տեղակայված քննական կենտրոններում մեծաթիվ դիմորդներ բողոքարկում էին քննությունների արդյունքները։
Ըստ ընդունելության կարգի՝ դիմում-բողոքները գնահատման և թեստավորման կենտրոն են տեղափոխվում բողոքարկման ժամկետի ավարտից հետո 24 ժամվա ընթացքում։ Բողոքարկման արդյունքները հրապարակվում են եռօրյա ժամկետում։
Նշենք, որ «Հայոց լեզու և հայ գրականություն» միասնական քննության թեստերի բովանդակությունն ու արդյունքները հանրային լայն քննարկման առարկա դարձան։ Այս քննությանը մասնակցել է 10754 դիմորդ, գրանցվել է 409 բացակա։ Միջին միավորն այս առարկայից 10,98 է։ Համեմատության համար ասենք, որ նախորդ տարի միջին միավորը 11,4 էր։ Բացասական միավորներ է ստացել քննություն հանձնածների 10,89 տոկոսը, նախորդ տարի դրական միավորի շեմը չէր հաղթահարել 9,78 տոկոսը։ Այս տարի 17,5-20 միավոր է ստացել դիմորդների 3,38 տոկոսը (բարձրագույն 20 միավոր վաստակել է երկու դիմորդ)։ 13,5-17,25 միավոր հավաքել է 17,48 տոկոսը և 7,5-13,25 միավոր՝ 68,27 տոկոսը։
Գնահատման և թեստավորման կենտրոնի լրատվության պատասխանատու Գայանե Մանուկյանը մեզ հետ զրույցում նշեց, որ եթե բողոքարկման արդյունքում վիճարկելի հարցեր լինեն, դրանք կլուծվեն հօգուտ դիմորդի. «2007 թվականից, երբ թեստերում հայտնաբերվել են զուգաձևություններ, տեխնիկական վրիպակներ, ծրագրից դուրս հարցեր, այդ հարցերը լուծվել են դիմորդի օգտին»։
Հիշեցնենք, որ նախորդ տարի գնահատման և թեստավորման կենտրոնում բողոքարկման հանձնաժողովը «Հայոց լեզու և հայ գրականություն» առարկայից կազմակերպել էր մասնագիտական քննարկում, որի արդյունքում պարզվել էր, որ թեստերը բովանդակային և կառուցվածքային առումով համապատասխանում էին ուղեցույցին ու դպրոցական ծրագրին։ Բողոքարկման հանձնաժողովի որոշմամբ` նախորդ տարի մեկ առաջադրանքի գնահատականը բարձրացվեց 0,25 միավորով։ Այս տարի, ըստ մասնագետների, վիճելի հարցերն ավելի շատ են, և ծնողներն ու դիմորդները միավորները բարձրացնելու ակնկալիք ունեն։
Փորձը ցույց է տալիս, որ բողոքի մեծ ալիք բարձրանում է հիմնականում «Հայոց լեզու և հայ գրականություն» առարկայից, մյուս քննություններն անցնում են հարթ ու առանց լուրջ միջադեպերի։ Ո՞րն է պատճառը։ Գ. Մանուկյանը մեր այս հարցադրմանը պատասխանեց. «Հայոց լեզու և հայ գրականություն» առարկայից անցկացվում է ամենածավալուն քննությունը, որի համար հայտագրվել են 17655 դիմորդներից 11162-ը։ Ենթադրվում է, որ հարյուրավոր կրկնուսույցներ են առնչվում հարցին, ովքեր արդարանալու խնդիր ունեն։ Եվ բացի այդ, բոլորս, չգիտես ինչու, մեզ թույլ ենք տալիս մասնագիտական ենթադրություններ անել մեր մայրենի լեզվից։ Ես մի բան կարող եմ ասել՝ անցած տարվա փորձից ելնելով. եթե հիշում եք, նախորդ տարի «Մաթեմատիկա» առարկայից 4 խնդիր վերանայվեց նախքան բողոքարկման գործընթացը, որովհետև մասնագետներն իրենց վիճելի հարցերով ներկայացան գնահատման և թեստավորման կենտրոն, և վեճը հարթվեց նախքան շրջանավարտ-դիմորդների բողոքարկումը։ Նրանք շատ լավ հասկացել էին, որ ոչ թե պետք է մամուլով նման հարց բարձրացնել, այլ հարկավոր է ավելի նպատակային ու մասնագիտական մոտեցում դրսևորել։ Մանավանդ, որ քննաշրջանի ընթացքում երեխաներին այս ամբողջ աղմուկը գրգռում և շեղում է հիմնական նպատակից։ Գնահատման և թեստավորման կենտրոնի դռները բաց են, և մենք պատրաստ ենք ցանկացած մասնագիտական քննարկման։ Բայց մասնագետները, ցավոք, ավելի շատ կարևորում են քննությունները, քան նախաքննական գործընթացները։ Աշնանն ուղեցույցների մշակման ժամանակ տեղի ունեցավ խորհրդակցություն, հրավիրվեցին հայոց լեզվի և գրականության բոլոր մասնագետները, նույնիսկ նրանք, ովքեր այսօր բողոքում են, սակայն մասնակցություն չեղավ։ Եվ եթե քաղաքականացվում է հարցը, տրվում է հասարակական հնչեղություն, եկեք այնպես անենք, որ դիմորդները դրանից չտուժեն»։
Գ. Մանուկյանը նկատեց նաև, որ եթե թեստը բարդ է, այն բարդ է բոլորի համար, և իջնում են բոլորի մրցութային միավորները։
Լիլիթ ԳՐԻԳՈՐՅԱՆ
Հ. Գ.- Այսօր տեղի կունենան «Օտար լեզու» առարկայի միասնական քննությունները։ Սա նույնպես ամենածավալուն քննություններից մեկն է։ Միայն անգլերենից քննություն կհանձնի 7787 դիմորդ։

Դիտվել է՝ 1984

Մեկնաբանություններ