Մահափորձ է տեղի ունեցել ԱՄՆ-ի նախկին նախագահ և նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփի դեմ՝ Փենսիլվանիայի Բաթլեր քաղաքում նրա նախընտրական հանրահավաքի ժամանակ։ Թրամփի ականջն է վիրվորվել։ Երկու մարդ սպանվել է, այդ թվում՝ կրակողը՝ Փենսիլվանիայի 20-ամյա բնակիչ Թոմաս Մեթյու Քրուքսը։ Ըստ ԶԼՄ-ների, ոճրագործին գնդակահարել է Գաղտնի ծառայության դիպուկահարը։               
 

ԲԻԶՆԵՍ` ԿԱԼԱՆԱՎՈՐՆԵՐԻ ՀԱՇՎԻՆ

ԲԻԶՆԵՍ` ԿԱԼԱՆԱՎՈՐՆԵՐԻ ՀԱՇՎԻՆ
11.05.2010 | 00:00

Նուբարաշենի քրեակատարողական հիմնարկի կալանավորներից «Իրավունքը de facto»-ն ահազանգ էր ստացել, թե հիմնարկի առաջին հարկում գտնվող փոքր խանութում, որն ավելի շատ կոմիսիոն է հիշեցնում, ապրանքների գները «գրաժդանսկի» խանութների գներից շուրջ 30 տոկոսով բարձր են: Այս խանութից օգտվում են ոչ միայն կալանավորները, այլև նրանց տեսակցող հարազատները, հիմնարկի աշխատակիցները, որոնք ևս խիստ դժգոհ են առկա վիճակից, բայց այդ մասին բարձրաձայնելու համարձակություն չունեն: «Խանութպանի» ու նրան «կրիշ» կանգնած մարդկանց ցինիզմը երբեմն այն աստիճանի է հասնում, որ կալանավորներին այցելող հարազատների «տուլիկը» չեն ընդունում` պարտադրելով տեղի «ապրանքատեսականին»: Կալանավորները մտադիր են այս իրավիճակի մասին նամակով դիմել արդարադատության նախարարին` խնդրելով համապատասխան հսկողություն իրականացնել «գնային քաղաքականության» վրա։ «ՈՒզում ենք իմանալ` էս ի՞նչ խայտառակություն է, էս ի՞նչ գներ են»,- զայրացած հարցնում են դատապարտյալները։
Ինչպես մեզ փոխանցեցին կալանավորները, խանութում սահմանված գները զգալիորեն տարբերվում են «դրսի» գներից։ Օրինակ, եթե մեկ տուփ լուծվող սուրճի գինը 600-800 դրամ է, կալանավորների վրա նույն ապրանքը «սաղացնում» են 1300 դրամով, հացը, մասնավորապես լավաշը, արժե 550 դրամ, երբ նույնը մայրաքաղաքի խանութներում կարելի է գնել 350-450 դրամով։ Նույնիսկ բանտում մեծ պահանջարկ ունեցող 190-դրամանոց ծխախոտը վաճառվում է 210 դրամով և այսպես շարունակ։ «Ցեխի» մեջ «ցեխ» են դրել,- նեղսրտում են դատապարտյալները` շեշտելով.- հիմնադրամի խանութ է` իրենք են գները սահմանում։ Էլ չեն ասում` էստեղ խեղճ, անտեր ժողովուրդն է, որը փող չունի։ Իր տղու համար մի բուռ բրինձ, մի հատ հաց բերող մորը ստիպում են էստեղից սիգարետը «կրակի» գնով առնել։ Անգամ էստեղի աշխատողները, որ սիգարետ-միգարետից են օգտվում, դժգոհ են։ Բայց ո՞ւմ բողոքեն, բողոքեցին` պագոնները կպոկեն, ռադ կանեն, ո՞վ է իր գլխից ձեռ քաշել»։
Դիմեցինք արդարադատության նախարարություն` պարզելու, թե ի՞նչ հիմնադրամի մասին են կալանավորները նշում։ Պարզվեց, արդարադատության նախարարության ենթակայության տակ գործում է «Աջակցություն դատապարտյալին» հիմնադրամը, որի ղեկավարից փորձեցինք այս առնչությամբ որոշ հարցեր պարզաբանել։ Հիմնադրամի տնօրեն Կառլեն Թորոսյանը, նախ, ընդգծեց, որ իրենք միայն տարածքի տերն են, հետո հավելեց, թե չափազանցրած են ներկայացնում գների բարձր լինելը։ «Ես էնտեղ տարածք ունեմ, որը ռեմոնտ եմ արել, տվել եմ։ Ես չեմ հսկում։ Էդ գները-բաները սահմանում է քրեակատարողական հիմնարկը, որն աշխատեցնում է օբյեկտը։ Ինքն անհատ ձեռներեց է, ում հետ պայմանագիր ունենք` տրամադրել մեր տարածքը, մեր խալադելնիկները, մեր ինվենտարը, մեր դախլերը, իսկ գներն ինքն է սահմանում»,- ասաց հիմնադրամի տնօրենը` ներկայացնելով ձեռներեցի ով լինելը. Եղիսաբեթ Անդրեասյան, որը, ըստ նրա, «կարգին, պարյադշնի կնիկ ա» և իրավունք ունի սահմանելու այն գինը, որն ինքն է ուզում. չէ՞ որ Հայաստանը վաղուց շուկայական հարաբերությունների է անցել։ Մեր զանգը խիստ բարկացրել էր Թորոսյանին ու նա այլևս չդիմացավ. «Ես կապ չունեմ գների հետ, Դուք ինձ հեռախոսով հարցաքննո՞ւմ եք։ Առևտրի ազատ ձև կա, արդարադատության նախարարությունն ի՞նչ իրավունք ունի ասի` էս գնով ծախի։ Չի ուզում, թող չառնի»։ Երբ խնդրեցինք ձեռներեցի տվյալները, ասվեց, որ վերջինս ամիսը մեկ անգամ է գալիս հիմնադրամ, իրենք էլ ոչ մի տվյալ չունեն։ «Կբռնեմ, կփակեմ, հերն էլ անիծած»,- վերջում «կատաղեց» «օրգանում փորձ ունեցող» Կառլեն Թորոսյանը։
Նյութի շուրջ լրացուցիչ պարզաբանումներ կներկայացնենք հաջորդ համարում։
Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 1798

Մեկնաբանություններ