ԱՄՆ-ի ներկայիս վարչակազմի կողմից նախկին նախագահ Դոնալդ Թրամփի շուրջ ստեղծված մթնոլորտն է հրահրել նրա դեմ մահափորձը՝ հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: «Ռուսաստանի Դաշնությունը չի կարծում, որ մահափորձը կազմակերպվել է ԱՄՆ-ի գործող իշխանության կողմից, սակայն թեկնածու Թրամփի շուրջ մթնոլորտը դրդել է նրան, ինչին այսօր բախվել է Ամերիկան»,- շեշտել է նա:               
 

«ԱՆԿԱԽՈՒԹՅՈՒՆԸ ԽՈՍՔԻ, ԽՂՃԻ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ Է, ՆԱԵՎ՝ ՄԵԾ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ»

«ԱՆԿԱԽՈՒԹՅՈՒՆԸ ԽՈՍՔԻ, ԽՂՃԻ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ Է, ՆԱԵՎ՝ ՄԵԾ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ»
06.09.2011 | 00:00

1991-ի սեպտեմբերի 21-ին հանրապետությունում անցկացվեց համաժողովրդական հանրաքվե՝ քվեարկության դնելով հետևյալ հարցը. «Համաձա՞յն եք, որ Հայաստանի Հանրապետությունը լինի անկախ ժողովրդավարական պետություն՝ ԽՍՀՄ կազմից դուրս»։ Բնակչության ճնշող մեծամասնությունը՝ քվեարկության իրավունք ունեցողների 94,39 տոկոսը, ընտրեց անկախությունը։
Այս օրերին հանրապետության ողջ տարածքում ընթանում են անկախության 20-րդ տարեդարձին նվիրված միջոցառումների նախապատրաստական աշխատանքները։ Միջոցառումներն անցկացվելու են հանրապետության բոլոր մարզերում և ընթանալու են ողջ աշուն՝ սեպտեմբերի 21-ի տոնական հանդիսություններից հետո շարունակվելով պետական կառույցների, տարբեր կազմակերպությունների, արտասահմանում ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունների և սփյուռքի համայնքների կողմից կազմակերպվող տոնակատարություններով։
Անկախության 20-րդ տարեդարձին նվիրված միջոցառումներն ընթանալու են «Հայաստանը դու ես» կարգախոսի ներքո։ Սեպտեմբերի 21-ին ընդառաջ կազմակերպվելու են ցուցահանդեսներ, համերգներ և համաժողովներ։ Իսկ Անկախության տոնը՝ սեպտեմբերի 21-ը, կնշանավորվի Հանրապետության հրապարակում անցկացվող զորահանդեսով, կշարունակվի Երևանի Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում մատուցվելիք «Հանրապետական մաղթանքով», իսկ երեկոյան Հանրապետության հրապարակում կկազմակերպվեն աննախադեպ ձայնալուսային ներկայացում և հրավառություն։
ՈՒնենք 20-ամյա անկախություն, հասարակությունը կարևորո՞ւմ է բացարձակ այս արժեքի խորհուրդը։ ՀՀ անկախության 20-րդ տարեդարձի միջոցառումների պրոդյուսեր ԱՐՄԱՆ ԾԱՏՈՒՐՅԱՆԸ կարծում է, որ հանրության մեծ մասը հասկանում և ընկալում է անկախության խորհուրդը։ «Գարեգին Նժդեհի խոսքերն են՝ որպեսզի սիրես հայրենիքդ, պետք է ճանաչես այն։ Վստահ եմ, որ մեր հասարակության մեծ մասը հասկանում է՝ ինչ է անկախությունը։ Բայց անկախության զգացումը պետք է եփվի մարդկանց մեջ։ Ինձ թվում է` 20 տարին կարճ ժամանակահատված է պետության կայացման, պետականաշինության և անկախությունը լիարժեք գիտակցելու համար։ Մարդիկ պետք է հասկանան՝ ինչ տվեց անկախությունն իրենց։ Անկախության սերունդը՝ 1990-ականներին ծնված երիտասարդները, այսօր տեղյակ չէ, թե Խորհրդային Միության ժամանակ ինչ արգելքներ են եղել։ Ստանալով անկախությունը՝ մենք ունեցանք պետականության բոլոր խորհրդանշանները։ Հայաստանի Հանրապետությունը հայի համար այն վայրն է, որտեղ նրան չեն կարող մատով ցույց տալ և ասել՝ նա հայ է։ Սա այն հողն է, որը համայն հայության հայրենիքն է, որտեղ հայ լինելը շատ լավ բան է։ Անկախությունը նաև հասարակության մեջ պետք է արմատավորվի իր բերած արժեքներով։ Անկախությունը պայմանավորված է նաև տնտեսական պայմաններով։ Որքան պետությունը տնտեսապես հզորանա, այնքան կարժևորվի այդ գաղափարը։ Անկախությունը նաև խոսքի, խղճի ազատություն է, նաև՝ մեծ պարտականություն։ Անկախությունն ազգային ինքնորոշում է. մենք ենք որոշում ինչ ուղղությամբ տանել մեր պետությունը, իհարկե համաշխարհային քաղաքականության համատեքստում։ Դպրոցից սկսած պետք է քարոզել մեր անկախությունն ու պետական խորհրդանշանները»,- նշում է Արման Ծատուրյանը։
Նա նաև մի քանի մանրամասներ ներկայացրեց սեպտեմբերի 21-ի երեկոյան Հանրապետության հրապարակում նախատեսված ներկայացումից։ Կազմակերպիչները խոստանում են աննախադեպ ծրագիր. «Լինելու է 3D շոու։ Գեղարվեստական մասն ամբողջությամբ հենված է մեր պատմության վրա։ Ներկայացվելու են մեր անցած ուղին, նվաճումները, ինչու ոչ, բացթողումները և այն ամենը, ինչ վերապրել ենք անկախության 20 տարիների ընթացքում»։ Շքեղ տոնը կազմակերպվում է բացառապես հայ մասնագետների ուժերով, թերևս, միայն տեխնիկական ապահովումը կիրականացնի ֆրանսիական ընկերությունը։ ՀՀ անկախության 20-րդ տարեդարձի միջոցառումների պրոդյուսերը նշեց նաև, որ տոնախմբությունները չեն սահմանափակվելու միայն մայրաքաղաքում։ Մարզերում ևս տեղի կունենան տոնական համերգներ ու միջոցառումներ։ Ի դեպ, շոու բիզնեսի աստղերը համաձայնել են անվճար հանդես գալ մարզերում։
Անկախության 20-րդ տարեդարձի առթիվ գրված «Հայաստանը դու ես», «Իմ անունը Հայաստան է» և «Արմենիա» երգերի հիման վրա նկարահանվել են տեսահոլովակներ, ինը հոլովակ և պատրաստվել պաստառներ։ Երգերի տեսահոլովակները մի քանի օրում հասցրին լայն ճանաչում ձեռք բերել. հազարավոր մարդիկ դրանք դիտել ու տարածել են սոցիալական ցանցերում։ Արձագանքները տարաբնույթ են. ոմանք կարծում են՝ գունավոր, պայծառ, տրամադրող այդ հոլովակներն ապագա Հայաստանի տեսլականն են, ոմանք էլ՝ թե այդտեղ ներկայացված է ոչ թե իրական, այլ մտացածին մի Հայաստան։ Արման Ծատուրյանը կարծում է, որ գեղեցիկին նայելիս մեկը դա գեղեցիկ է ընկալում, մյուսը՝ տգեղ։ «Այս հոլովակներում հայտնի դերասաններ, երգիչներ շատ քիչ են նկարահանվել, հիմնականում երիտասարդներ, անհայտ մարդիկ են։ Տեսահոլովակների սկզբունքն էր ցույց տալ, որ Հայաստանն այդ երիտասարդներն են, անկախության 20-ամյա սերունդը, վաղվա ապագան։ Ամեն ինչի մեջ կարելի է և՛ լավը տեսնել, և՛ վատը։ Ցանկացած բան, որ ուրախ է և դրական լիցքեր է հաղորդում, պիտակավորելը սխալ է։ Բացի այդ, մենք ինչ-որ բան ստեղծելիս ցանկանում ենք ապագա Հայաստանը տեսնել։ Այն, ինչ կա, մենք գիտենք։ Ֆրանկոյին երբ հարցնում էին, թե ինչի համար է կռվում, պատասխանում էր՝ վաղվա Իսպանիայի համար։ Մենք ապրում ենք վաղվա Հայաստանի համար, և հոլովակների մեջ վաղվա օրվան ուղղված «մեսիջ» է դրված, ինչը նաև պետք է հասկանալի ու ըմբռնելի լինի 20-ամյա սերնդի համար»,- նշեց Արման Ծատուրյանը։ Նա բոլոր երևանցիներին խորհուրդ տվեց սեպտեմբերի 21-ին անպայման գալ Հանրապետության հրապարակ՝ խոստանալով, որ միջոցառումները հաճելիորեն կզարմացնեն բոլորին։
Լիլիթ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Դիտվել է՝ 1423

Մեկնաբանություններ