Մահափորձ է տեղի ունեցել ԱՄՆ-ի նախկին նախագահ և նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփի դեմ՝ Փենսիլվանիայի Բաթլեր քաղաքում նրա նախընտրական հանրահավաքի ժամանակ։ Թրամփի ականջն է վիրվորվել։ Երկու մարդ սպանվել է, այդ թվում՝ կրակողը՝ Փենսիլվանիայի 20-ամյա բնակիչ Թոմաս Մեթյու Քրուքսը։ Ըստ ԶԼՄ-ների, ոճրագործին գնդակահարել է Գաղտնի ծառայության դիպուկահարը։               
 

ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԼԱՎԱԳՈՒՅՆ ԵՐԻՏԱՍԱՐԴ ՖԻԶԻԿՈՍԸ

ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԼԱՎԱԳՈՒՅՆ ԵՐԻՏԱՍԱՐԴ ՖԻԶԻԿՈՍԸ
15.02.2011 | 00:00

Հայաստանի զարգացման համար կարևորագույն խնդիրը, թերևս, ոչ այնքան շրջափակումն է կամ ղարաբաղյան թնջուկը, որքան բարձրակարգ կադրերի պակասը: Այսօր հարյուրավոր հայ երիտասարդներ սեփական միջոցներով, միջպետական փոխանակման ծրագրերով կամ տարբեր հիմնադրամների աջակցությամբ (օրինակ՝ «Լույս» հիմնադրամի կամ IREX-ի) ուսանում են արտասահմանյան հեղինակավոր բուհերում։ Նրանց թվում է ՀԱՅԿ ԻՇԽԱՆՅԱՆԸ, որը 2010 թվականի հունիսի սկզբին ավարտեց Մոսկվայի ֆիզիկատեխնիկական համալսարանի (սա այն համալսարանն է, որի շրջանավարտները 2010-ին ստացան Նոբելյան մրցանակ) ընդհանուր և կիրառական ֆիզիկայի ֆակուլտետի բակալավրիատը։ Գերազանցությամբ հանձնելով պետական քննությունները՝ նա սովորականից մեկ ամիս շուտ պաշտպանեց իր ավարտական որակավորման աշխատանքը՝ «Բոզե-Էյնշտեյնյան խտուցքների քվանտային վերարգելքային ռեզոնանսային անցումը» թեմայով։
Ֆիզիկայի ոլորտում միջազգային ճանաչում ունեցող հեղինակավոր ամսագրերում (Physical Review A, JETP, Laser Physics, Journal of Physics B և այլն), միջազգային գիտաժողովների աշխատանքների ժողովածուներում Հայկն ունի 12 տպագրված հոդված, մի քանիսն էլ պատրաստվում են տպագրության։ Հիմնվելով հայ երիտասարդի ուսումնական և գիտական արդյունքների վրա, ՌԴ պետական քննական հանձնաժողովը նրան երաշխավորեց ուսումը շարունակել միանգամից ասպիրանտուրայում՝ բաց թողնելով մագիստրոսական ուսման փուլը։ Նման նախադեպ ո՛չ Հայաստանում, ո՛չ Ռուսաստանի Դաշնությունում դեռևս չէր արձանագրվել։ Այդ էր պատճառը, որ բակալավրիատից միանգամից ասպիրանտուրա անցումն անմիջապես չհաջողվեց։
2010-ի օգոստոսին Հայկը հայտնվեց «Ռուսաստանի լավագույն երիտասարդ գիտնականները» վարկանիշային շարժական ցանկում։ Ցանկը կազմում է «ՀցրրՍՌռ տպՐպտսպՑ» ամսագիրը՝ հիմք ընդունելով գիտնականի՝ աշխարհի հեղինակավոր ամսագրերում տպագրված հոդվածների քանակը, այդ ամսագրերի վարկանիշը և համահեղինակների թիվը։ Գիտական ղեկավարը Մոսկվայի պետական համալսարանի պրոֆեսոր Վ. Ի. Լիպունովն է։ Մինչև քսանհինգ տարեկան ֆիզիկոսների մեջ Հայկն առաջին հորիզոնականում է։
Հայկն այժմ ուսանում է ֆիզտեխի ընդհանուր և կիրառական ֆիզիկայի ֆակուլտետի մագիստրատուրայում: Միաժամանակ ՀՀ ԳԱԱ ֆիզիկական հետազոտությունների ինստիտուտի կրտսեր գիտաշխատող է. հետազոտում է Բոզե-Էյնշտեյնյան խտուցքների քվանտային վերարգելքային ռեզոնանսային անդրադարձն ու անցումը տարբեր արգելքների դեպքում։ Բացի այդ, Հայկն արժանացել է Մոսկվայի ֆիզիկական ընկերության «Լավագույն գիտական աշխատանք» մրցույթի գլխավոր մրցանակին՝ «Ֆունդամենտալ ֆիզիկա» անվանակարգում։ Սովորելուն զուգահեռ այժմ նա ֆիզիկա և մաթեմատիկա է դասավանդում դպրոցականներին ու համալսարանականներին։ Բացի այդ, արդեն 4 տարի անցկացնում է ֆիզտեխի ավանդական արտագնա օլիմպիադան։ Այս տարի նրա 5 աշակերտներից 4-ն ընդունվել են ֆիզտեխ։ Հայկն իր աշխատանքները ներկայացրել է մեկ տասնյակից ավելի միջազգային գիտաժողովներում։ 2010-ի օգոստոսին նա մասնակցեց Գերմանիայում երկու տարին մեկ անցկացվող «Յո՞ երթաս, Բոզե-էյնշտեյնյան խտուցք» միջազգային գիտաժողովին, իսկ սեպտեմբերին իր աշխատանքը ներկայացրեց Քեմբրիջում՝ Նյուտոնի ինստիտուտում կայացած «Խիստ տատանողական պրոցեսներ. տեսությունից մինչև կիրառություն» աշխատանքային հանդիպմանը: Գիտաժողովների շրջանակներում ոլորտի առաջատարները ներկայացրել են իրենց ծրագրերն ու առաջարկներն առավելագույն հեռանկարային հետազոտական ուղղությունների և խնդիրների վերաբերյալ։ Միջազգային նման գիտաժողովներին մասնակցելը, ըստ Հայկի, հնարավորություն է տալիս շփվելու ոլորտի՝ աշխարհում ամենահայտնի գիտնականների հետ, ստանալու գործնական և տեսական գիտելիքներ, որոնք չես գտնի ոչ մի դասագրքում։
Համախմբելով մի քանի հայ երիտասարդների՝ Հայկ Իշխանյանն այժմ մտադիր է կազմել գիտական փոքր խումբ։ Անդամները, գտնվելով տարբեր երկրներում, միմյանց հետ էլեկտրոնային շփման մեջ են՝ կազմավորելով ցանցային, առանց պատերի մասնագիտական լաբորատորիա։ Խմբի անդամներն արդեն տպագրված համատեղ հոդվածներ ունեն, և այդ իմաստով կարելի է ասել, որ համագործակցությունը կայացել է։ Այժմ Հայկն իրենց էլեկտրոնային «կառույցի» համար լաբորատորիայի կարգավիճակ ձեռք բերելու ուղիներ է փնտրում։
Մոսկվայի ֆիզիկատեխնիկական համալսարան ընդունվելուց առաջ Հայկ Իշխանյանը մեկ տարի սովորել է Երևանի պետական համալսարանում։ Համեմատելով ԵՊՀ-ում և Մոսկվայի ֆիզիկատեխնիկական համալսարանում ուսանած տարիները, նա նշում է, որ ֆիզտեխում ծանրաբեռնվածությունն ավելի մեծ է։ Մասնագիտական աճի տեսակետից շատ կարևոր են փորձերը և լաբորատոր աշխատանքները։ Մոսկովյան բուհում ֆիզիկայի յուրաքանչյուր դասախոսություն զուգորդվում է փորձով, ինչը մեզ մոտ հաճախ բացակայում է։ Եվ ընդհանրապես, միջավայրը Մոսկվայի ֆիզիկատեխնիկական համալսարանում, ըստ Հայկի, խիստ տրամադրում է ուսման։ «Երբ բոլորը շուրջդ սովորում են, ավելին, չսովորողներին մի քիչ էլ ծուռ են նայում, այլընտրանք չունես, ինքդ էլ պետք է անընդհատ կարդաս ու պարապես։ Ռուս ուսանողների շրջանում շատ են սպորտով զբաղվողները։ Խիստ զարմացա, երբ պարզվեց, որ մեր կուրսում սպորտի վարպետներ կան»,- ասում է Հայկն ու ավելացնում, որ ինչքան էլ դրսում ամեն ինչ տրամադրող լինի, միևնույն է, հայրենիքում ավելի խաղաղ, հանգիստ ու հարազատ է։
Հայկն այն երիտասարդներից է, որ ուսանողների փոխանակման միջպետական պայմանագրի շնորհիվ կրթություն է ստացել Հայաստանի սահմաններից դուրս և, բնականաբար, մեծ հեռանկարներ կարող է ունենալ արտասահմանում։ Որտե՞ղ է նա իր ապագան պատկերացնում։ «Քանի որ ես տեսաբան ֆիզիկոս եմ, այնքան էլ կարևոր չէ, թե ֆիզիկապես որտեղ եմ գտնվում։ Իհարկե, մասնագիտական աճի համար ցանկալի է մոտ գտնվել փորձարարական խմբերի, որոնք Հայաստանում, ցավոք, չկան, հավանաբար առաջիկայում էլ չեն լինի, որովհետև այն գումարները, որոնք անհրաժեշտ են բոզե-կոնդենսատորներ ստանալու համար, իրատեսական չեն։ Կարծում եմ՝ հետագայում տարվա մի մասը կաշխատեմ Հայաստանում, մյուս մասն էլ՝ արտասահմանյան կենտրոններում՝ ձգտելով կյանքի կոչել տեսական մշակումները»,- նշում է Հայկը։
2010-ի դեկտեմբերի վերջին Հայկն ընդունվեց ՀՀ ԳԱԱ ֆիզիկական հետազոտությունների ինստիտուտի ասպիրանտուրան (հեռակա)։ Երկու շաբաթ անց ստացավ Գիտությունների միջազգային ակադեմիայի՝ Պավլովյան բրոնզե շքանշանն ու խրախուսական հետազոտական դրամաշնորհը։ Ամեն տարի տրվում է այսպիսի մեկ մրցանակ՝ ֆիզիկատեխնիկական ոլորտի մինչև 35 տարեկան գիտնականի։
Եվս երկու շաբաթ անց Հայկ Իշխանյանը ստացավ Գիտության և կրթության հայկական ազգային հիմնադրամի (ԳԿՀԱՀ, ANSEF) գիտահետազոտական դրամաշնորհը։ «Ներկայացված ծրագիրը նույն` առանց պատերի լաբորատորիայի ընդհանուր նախագծի հինգ ենթածրագրերից մեկն էր,- այսպես է կոչում Հայկն իրենց ցանցային հետազոտական խումբը։- Մեր սփռվածության պարագայում սա միջազգային խիստ թանկարժեք գիտությունից հետ չմնալու իրատեսական հնարավորություն է»։
Նախագիծը հետագայում է՛լ ավելի կընդլայնվի։ Այն ձևակերպված է բոլոր մանրամասներով։ Որպես հայտ, կազմված է միջազգային չափաձևերով, մանրամասնորեն քննարկված է համապատասխան մասնագետների հետ։ Ավելին, ենթամասերից երեքն արդեն անցել են միջազգային փորձաքննություն՝ հավաքելով առավելագույն միավորներ բոլոր չափանիշներով (մասնագիտական որակավորում, նորարարական նշանակություն, գիտական նորույթ, մասնագիտական և կազմակերպչական քայլերի մտածվածության աստիճան, բյուջե)։ Հատկանշական է, որ վերջերս դրանցից երկուսն արժանացան ԳԿՀԱՀ-ի աջակցությանը։ Ծրագրի երրորդ գիտական մասի համար էլ Հայկն ստացավ Պավլովյան մրցանակ։ Ծրագիրը ներկայացվել է նաև «Լույս» հիմնադրամին։ Արձագանք չկա, բայց Հայկը հույս է փայփայում, որ դեռ կլինի։
Հայկը կամենում է խոսել ֆիզիկայից, ոգևորված ուզում է բացատրել նյութի նոր վիճակի հատկությունները, հրապուրիչ է համարում Բոզե-Էյնշտեյնյան խտուցքների և Ֆերմի-այլասերված գազերի հետ առնչվելը ցանկացած երիտասարդ ֆիզիկոսի համար։ Ասում է, որ խտուցքը տիեզերքի ամենասառը նյութն է՝ միլիարդ անգամ սառը մեզ շրջապատող իրերից, նաև` սարսափելի փխրուն։
Առաջիկայում ոլորտը կընդարձակվի դեպի տեխնոլոգիական տիրույթ (ինչու ոչ, նաև՝ առևտրայնացում)։ Հնարավոր են արմատական մշակումներ, տեխնոլոգիական լրջագույն առաջխաղացում։ «Այս ամենից գլուխս ինչ-որ տեղ պտտվում է,- ասում է Հայկը ժպտալով ու խմբի անդամների անունից ասում.- Մենք ցանկանում ենք անել մեր աշխատանքը»։
Մաղթենք Հայկին և նրա ընկերներին հաջողություն իրենց գիտական պրպտումներում։
Լիլիթ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Դիտվել է՝ 2134

Մեկնաբանություններ