ԱՄՆ-ի ներկայիս վարչակազմի կողմից նախկին նախագահ Դոնալդ Թրամփի շուրջ ստեղծված մթնոլորտն է հրահրել նրա դեմ մահափորձը՝ հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: «Ռուսաստանի Դաշնությունը չի կարծում, որ մահափորձը կազմակերպվել է ԱՄՆ-ի գործող իշխանության կողմից, սակայն թեկնածու Թրամփի շուրջ մթնոլորտը դրդել է նրան, ինչին այսօր բախվել է Ամերիկան»,- շեշտել է նա:               
 

ՄԵՐ ԺՈՂՈՎՐԴԻ ԴԺԲԱԽՏՈՒԹՅՈՒՆՆ ԱՅՆ Է, ՈՐ ՆՐԱ ՃԱԿԱՏԱԳԻՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՍՊԱՐԵԶՈՒՄ ՎՃՌԵԼ ԵՆ ԳՈՐԾԻՑ ՈՉ ՄԻ ԲԱՆ ՉՀԱՍԿԱՑՈՂ ՀՈԳԵՎՈՐԱԿԱՆՆԵՐԸ

ՄԵՐ ԺՈՂՈՎՐԴԻ ԴԺԲԱԽՏՈՒԹՅՈՒՆՆ ԱՅՆ Է, ՈՐ ՆՐԱ ՃԱԿԱՏԱԳԻՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՍՊԱՐԵԶՈՒՄ ՎՃՌԵԼ ԵՆ ԳՈՐԾԻՑ ՈՉ ՄԻ ԲԱՆ ՉՀԱՍԿԱՑՈՂ ՀՈԳԵՎՈՐԱԿԱՆՆԵՐԸ
12.07.2011 | 00:00

Հարգելի խմբագրություն։ «Առավոտ» օրաթերթի ապրիլի 22-ի համարում իմ «Մեծ եղեռնի դասերը» հոդվածի դեմ Ձեր թերթի մայիսի 6-ին զետեղված արձագանքը համարում եմ ուրախալի երևույթ: Դա նշանակում է, որ մեր ողբերգական անցյալի խնդիրները շատ լուրջ քննարկման կարիք ունեն: Վատն այն է, որ դա հաճախ փոխարինվում է զգացմունքային ռեակցիաներով: Խնդիրները չափազանց կարևոր են, որպեսզի արհամարհական պիտակներ կպցնելով` կարողանանք լուծել: Այլապես ինչի է նման: Ինձ՝ երկրի բուհերում 54 տարի աշխատած, որից պետհամալսարանում՝ 40 տարվա ստաժ ունեցող, առաջին մասնագիտությամբ միջազգայնագետ, ցեղասպանության ժամանակ 100-ից ավելի հարազատներ կորցրած մարդուն ձեր լրագրող Սոկրատ Հովսեփյանը հանցագործ է անվանում: Ես կաշառք չեմ վերցրել, հրաժարվել եմ մեկ լրացուցիչ միավորի դիմաց քաղաքի կենտրոնում ինձ խոստացված 3-սենյականոց բնակարանից և ահա 81 տարեկան հասակում իմանում եմ, որ ես հանցագործ եմ:
Ինձ իրավունք չեմ վերապահում նույն կերպ պատասխանելու նրան: Ես դիմում եմ Լեոյին, որը եղել է մեր ողբերգական պայքարի ակտիվ մասնակիցը, խոշոր գաղափարախոսը և մեր լավագույն պատմաբանը: Ըստ Ավ. Իսահակյանի` Լեոն բառեր չէր գտնում իր զայրույթն արտահայտելու: Նա ասում էր. «Մեղավորը մենք ենք, պարծենկոտներս ու պոռոտախոսներս: Քանի-քանի տարի ես հանցագործ կերպով պայքարել եմ մեր պահպանողականների դեմ… Նրանք ռեալիստներ էին…Նրանք գիտեին, որ մեծ տերությունները սկզբում մեզ կօգտագործեն, հետո կծախեն և կթքեն մեր երեսին»: Եթե Լեոն իր գործունեությունը հանցագործ է համարել, ապա դրա այժմյան շարունակողներն ինչպե՞ս պետք է գնահատվեն:
Տգիտության մեջ իմ մեղադրանքից Խրիմյանին պաշտպանելու նպատակով Սոկրատ Հովսեփյանը վկայակոչում է Ավ. Իսահակյանին, որն ապշել է Եվրոպայի, Հեգելի մասին նրա գիտելիքներից: Այստեղ նա թույլ է տվել տրամաբանական սխալ՝ թեզի նենգափոխում, քանզի խոսքն այստեղ այդ գիտելիքների մասին չէ: Խրիմյանը և մյուսները գաղափար չեն ունեցել միջազգային իրադրությունից և դիվանագիտությունից: Երբ օտար լեզու չիմացող Խրիմյանին հարցրել են՝ ո՞ր լեզվով է Բեռլինում խոսելու, նա ասել է՝ լացելու եմ, իմ արտասուքների լեզուն նրանք լավ կհասկանան: Մեր գործիչները կարծել են, թե լացելով, խնդրելով ու մուրալով կշարժեն Եվրոպայի մեծ շնագայլերի գութը: Ի՞նչ կարելի է անվանել այդ ամոթալի փաստը: Ես չէ, դարձյալ Լեոն է գրել՝ մեր ժողովրդի դժբախտությունն այն է, որ նրա ճակատագիրը միջազգային ասպարեզում վճռել են գործից ոչ մի բան չհասկացող հոգևորականները:
Այնուհետև Սոկրատ Հովսեփյանը գրում է. թող որ Խրիմյանը և մյուսները սխալվել են, ազգը չկարողացա՞վ ուժ գտնել գնահատելու այն: Ցավոք, չկարողացավ, որովհետև դա ընդհանուր կրթության, փորձի և մշակույթի մակարդակի հարց է: Օրինակ, 1919-22 թթ. հույն-թուրքական պատերազմում դաժան պարտություն կրելու համար հույներն իրենց թագավորին երկրից վռնդեցին և 5 «հայրենասեր» նախարարների և զորքերի գլխավոր հրամանատարին մահապատժի ենթարկեցին: Նույն ձևով էլ «Միացում, միացում» գոռացող Կիպրոսի աղետի հեղինակ կառավարությունը տապալեցին և լրիվ կազմով կոխեցին բանտերը: Իսկ մեզ մոտ բոլոր աղետաբեր գործիչները հերոսներ են համարվում:
Միջազգային քաղաքականության մեջ ահավոր տգետ, պարծենկոտ ու պոռոտախոս, ագահ ու խարդախ գործիչները ժողովրդի գլխին աղետ են բերում, զոհերի արյունը միլիոնների են վերածում ու իրենց գրպանները լցնում և շարունակում են նույն ոգով գործել: Պատահական չէ, որ Հովսեփյանի ասած այդ ստահակները մեզ մոտ շատ շատ են: Լև Տոլստոյն ասել է՝ հայրենասիրությունը սրիկաների վերջին ապաստանն է: Միջազգային ասպարեզում մեր ժողովուրդը, ցավոք, դեռ ծծկեր է, որից և օգտվում են մեր ազգակործան սրիկաները:
Սոկրատ Հովսեփյանն իր էպիգրամով ինձ մեղադրում է թափած արյունը մոռանալու և պարտվողականություն քարոզելու մեջ: Նախ, դա մոռանալ, մոռացնել հնարավոր չէ, սովետները 50 տարի չկարողացան: Երկրորդ, հարցը մոռանալ-չմոռանալը չէ, ուժերի հարաբերակցությունն է: Ի՞նչ պարտվողականության մասին կարող է խոսք լինել, եթե վաղուց ջախջախվել ենք, ժողովրդի կեսը կոտորել են, մյուս կեսը ցաք ու ցրիվ արել, երկրի 90 %-ը հափշտակել են: Խոսքը պետք է լինի ոտքի կանգնելու երկարուն ու դժվարին ուղու մասին: Սոկրատ Հովսեփյանը համաձայն է ինձ հետ, որ մենք շատ թույլ ենք, բայց դրա աստիճանը չի պատկերացնում, չգիտի թե ինչ է նշանակում Քուվեյթի օրը գցել: Դա նշանակում է՝ Թուրքիան մեկ գիշերվա ընթացքում կարող է զավթել մեր երկիրը: Միայն երրորդ համաշխարհային պատերազմի ռուսական սպառնալիքն է Թուրքիային 1992-1993 թթ. հետ պահել այդ քայլից: Նման անասելի բարդ խնդիրներն ունեն իրենց լուծման փուլերը և ենթափուլերը: Աստվածաշունչն ասում է՝ կա քարեր հավաքելու և քարեր նետելու ժամանակը: Մենք դեռ առաջին փուլը պետք է անցնենք: Ես նշել եմ՝ մենք պետք է առնվազն 50 անգամ ուժեղանանք: Կարո՞ղ ենք անել դա: Իսկ Թուրքիան պետք է քայքայվի և իր ներկայիս աշխարհաքաղաքական դերը կորցնի: Մեր ուժեղացման համար Հովսեփյանը 5 պայման, «եթե»-ներ է առաջադրում, գերազանցելով գալլերի առաջնորդին, որը Հռոմի միջնաբերդի պաշտպաններին միայն մեկ «եթե»-ով է սպառնացել, իսկ նրանք էլ սոսկ մեկ բառով են պատասխանել` «եթե»:
Մինչդեռ մեր «եթե»-ները շատ ավելի են: Օրինակ, մենք պետք է նորագույն հզոր ռազմարդյունաբերական համալիր ստեղծենք՝ մի բան, որ 74-միլիոնանոց Թուրքիան 60 տարում չի կարողացել ստեղծել: Նրա 650-հազարանոց բանակը զինել ու վարժեցրել է ՆԱՏՕ-ն: Դրանից բացի, Հովսեփյանը չի ասում, թե այդ «եթե»-ներն ո՞վ է կատարելու, քանի՞ տարվա ընթացքում՝ 10, 20, 50, ավելի՞: Պատմության մեջ միայն իսպանացիներին է հաջողվել ուժեղանալ և վերադարձնել իրենց երկիրը: Դա ռեկոնքիստան է, որը, սակայն, տևել է 700 տարի: Այն էլ գերտերություններն արաբների օգտին չեն միջամտել:
Վերջապես, շատ դժվար է բանավիճել մի մարդու հետ, որը չի ուզում հաշվի նստել ազատագրական պայքարի ականատես և մասնակից մեր մեծերի հետ, մեր պատմության հանրահայտ փաստերի, մեծ տերությունների լիդերների դիրքորոշման և մեզնից շատ ավելի ուժեղ ժողովուրդների քաղաքականության հետ: Ալիշանը, Լեոն, Ավ. Իսահակյանը նշում են, որ հայոց բնա-ջնջման գաղափարը Թուրքիայում ծագել և ապա ծրագիր է դարձել Բեռլինի կոնգրեսից հետո: Թեև թուրքերի արյունը կամ էությունը նույնն է եղել, 19 դ. 3 ռուս-թուրքական պատերազմների ժամանակ հայերի բնաջնջման ծրագիր չի եղել: Ոչ թե այն պատճառով, որ թուրքն անցյալում աստծու գառ է եղել, այլ ավելի շահավետ է համարել իր հպատակներին կեղեքել ու թալանել, որովհետև Հայաստանը կորցնելու վտանգ չի տեսել: իսկ Բեռլինի կոնգրեսից հետո տեսել է ու որոշել ցեղասպանության միջոցով հայկական հարցը լուծել իր օգտին: Այնպես որ Ալիշանը ճիշտ էր: Հարցը թուրքի մոնղոլական արյունը պղտորելն է կամ, որ նույնն է, նրա էությունը գրգռելն է:
Սոկրատ Հովսեփյանը լիովին կորցնում է ռեալության զգացողությունը, հայտարարելով թե «հայ ժողովրդին չի վերաբերում», թե ինչ կասեն Օբաման, Սարկոզին, Մեդվեդևը, Էրդողանը: Այստեղ նա նմանվում է առակի հարբած նապաստակին, որն ասում է, թե առյուծն ինձ ի՞նչ, հանկարծ ես նրան չուտեմ: Միայն հաշվի չի առնում, որ տվյալ դեպքում առյուծները երեքն են և մի հատ էլ երախը բացած գայլ կա: Գերտերությունների քաղաքականության նկատմամբ այդպիսի արհամարհական վերաբերմունք նույնիսկ խոշոր պետությունները թույլ չեն տալիս, իսկ մենք՝ փոքրերս, պե՞տք է թույլ տանք: Բա դա լո՞ւրջ է:
Վերջապես, եթե, ես, ըստ Սոկրատ Հովսեփյանի, պարտվողականություն եմ քարոզում, ապա մեզնից շատ ավելի ուժեղ ազգերը՝ հույները, բուլղարացիները, նույնիսկ գերմանացիները վաղուց պարտվողականության են մատնված, որովհետև ո՛չ պահանջատեր են, ո՛չ էլ ցեղասպանության ճանաչում են պահանջում: Մինչդեռ դա լիովին մակերեսային և սխալ կլիներ: Ոչինչ չի մոռացվել, այդ երկրներն ուժ են կուտակում և հարմար պահի են սպասում: Նրանք մեզ խրատում են, իսկ մենք, ի դեմս հովսեփյանների, համառորեն չենք ընդունում այն: Մենք ևս այդպես պետք է վարվենք:
Դրա համար էլ ես դիմել եմ մեր վայ-գործիչներին. հանգստացեք, այլ ոչ թե մոռացեք մեր թափած արյունը: Մենք գտնվում ենք մեր ուժերը կուտակելու փուլում և պետք է մտածենք, թե ինչպես կուտակենք, որ դրանք բավական լինեն մեր ազգային խնդիրները լուծելու համար: ՈՒստի մենք պետք է ընդմիշտ հրաժարվենք նրանցից, ովքեր հայրենասիրական կարթով ձուկ, այսինքն՝ միլիոններ են որսում պղտոր ջրում, նորանոր վտանգների ենթարկելով մեր ժողովրդին:
Մամիկոն ԱՍԱՏՐՅԱՆ
Փիլիսոփայական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր

Դիտվել է՝ 1391

Մեկնաբանություններ