ԱՄՆ-ի ներկայիս վարչակազմի կողմից նախկին նախագահ Դոնալդ Թրամփի շուրջ ստեղծված մթնոլորտն է հրահրել նրա դեմ մահափորձը՝ հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: «Ռուսաստանի Դաշնությունը չի կարծում, որ մահափորձը կազմակերպվել է ԱՄՆ-ի գործող իշխանության կողմից, սակայն թեկնածու Թրամփի շուրջ մթնոլորտը դրդել է նրան, ինչին այսօր բախվել է Ամերիկան»,- շեշտել է նա:               
 

ԲԱՆԿԱՅԻՆ ԲՅՈՒՐՈԿՐԱՏԻԱՅԻ ԾԱՂԿՈՒՆՔԸ (ինչպես սպանել նախաձեռնությունը)

ԲԱՆԿԱՅԻՆ ԲՅՈՒՐՈԿՐԱՏԻԱՅԻ ԾԱՂԿՈՒՆՔԸ   (ինչպես սպանել նախաձեռնությունը)
02.12.2011 | 00:00

«Թող իր գրասեղանի առաջ նստած գրողը գրի իր գիրքը, նկարիչը նկարի իր կտավը, կոմպոզիտորը հորինի իր երաժշտությունը։ Այդ հատուկենտ մարդիկ իրենց գործն անում են` հաստատ իմանալով, որ կենդանության օրոք երբեք չեն գնահատվի։ Նրանք են իսկական մշակները, և մեր երեխաների համար են դա անում»։
Սամվել ՄԿՐՏՉՅԱՆ, «ՈՒլիսեսի» թարգմանիչ

ԴՂՐԴՈՒՄ ԵՆ ԴԴՄԱՇԵՆԻ ԴԴՈՒՄՆԵՐԸ
(դարի ոգին)

Թիկնապահ, թիկնազոր, թիապարտ։ ՈՒ թե թիկունքդ պինդ է, բնականաբար, փայծաղդ ու ամորձիներդ մշտական ապահովություն կզգան։ Զի գործում է ոսկե կանոնը, որի համաձայն դպրոցական բարձր տարիքում նախ կոփում ես թիկունքիդ կաշին։ Սակայն սա բարի ու անվերադարձ խորհրդային անցյալում էր։ Երբ թիկնազորն ու թիկնապահը հայտնի-անհայտ էին արևմտյան մարտաֆիլմերից։ Այն օրերին թիկունքի կաշին կոփվում էր երկու նպատակով։ Նախ, եթե կամենում էին թիկնալողով զբաղվել, այնուհետև, երբ կարիք կար թիկունքդ տրամադրելու ոջիլների ազգամիջյան բախումներին` որպես մարզական բանակում և մարտական ասպարեզ։ Վերջինը, անշուշտ, վերաբերում էր նրանց, ովքեր կրթօջախն ավարտելուն պես խորհրդային բանակ-պրոֆտեխուսումնարան-աշխատանքային ուղղիչ տուն եռանկյան վերջին անկյանն էին նախապատվություն տալիս։ Նախասիրության հարց էր, որը ոչ տարվա եղանակի հետ էր հաշտվում, ոչ էլ շան տեղ դնում Վովա փղի փախուստը Երևանի կենդանաբանական այգուց։ Չի բացառվում, որ Վովան էլ թիկունք չուներ, ու սա շատ էր ազդում նրա նյարդային համակարգի վրա։ Ի դեպ, Վովայի պոչի տակ դաջված էր հետևյալ հոգեցունց միտքը. «Անբախտ արու»։
(Չերկարացնենք, ««Լճիցլճերում» ալեբախություն է, դոդոշները հանրահավաքի են պատրաստվում, ուր հրավիրված են արդի հայ քաղաքական մտքի մի քանի կարկառուններ)։
Վերջերս քննարկման առաջաբեմում սափրագլուխ գվարդիան է։ Մեր կեցության գլխավոր խորհրդապատկերը։ Առանց որոնց, հավատացեք, շատ դժվար է հավատալ, որ իսկապես անկախ ենք, որ իրապես անվախ ենք։ Բայց միթե դույզն-ինչ կասկած կա սույնի շուրջ։ Այսինքն, որ նրանք են մեր գոյության երաշխիքը, անվտանգության ապահովիչը, ապագայի լուսարձակը։ Ինչո՞ւ։ Շատ պարզ ու հասարակ։ Պատկերացնենք, որ շուրջբոլորը բազմահարկ շոգեբաղնիքներ են, բազմանիստ դղյակներ և ոչ մի սափրագլուխ։ ՈՒ չկան սափրագլուխ շարասյուներ, կանաչ լույսի տակ էլ շարժակազմերը կառանվում են ամլիկ գառան մեղմաբառաչ հայացքով։ Բայց մենք չէ՞ որ երկիր ենք կերտում ու հանուն դրա քիչ էլ քերթվել է պետք։ Ասել է թե` հավուր պատշաճի ըմբռնումով ընդունել, որ այսուհանդերձ վարդն առանց փշի չի լինում, իսկ սիրուհուդ մարտիության նվերը պետք է եռապատիկ գերազանցի այն հիբրիդը, որ մատուցում ես սեփական կնոջդ և զարմանում, որ վերջինս գլխի չի ընկնում, որ երիցս խաբված է։ Ինչպես Սոմալիի իշխանությունները։ Կամ ինչպես սուլիգուլի պանիրը հայկական սեղանին։ Ի դեպ, բախտի մատն է խառը։ ՈՒ թե Սոմալի երկրի յուրաքանչյուր ծառ ու թուփ բերքից կռանան գետնատարած, միևնույն է, տվյալ բնօրրանում սով է ու քաղց։ Կշտություն Սոմալիի սովյալներին։ Իսկ մեզ էլ` աչալրջություն, աչքաբացություն, աչքակապություն։ Զի միայն այսպես է հնարավոր դիմակայել գալիք պատմամշակութային արհավիրքներին։ Պատկերացնենք միայն, տնտեսաքաղաքական, վարչատնտեսական կամ ռազմաօլիգոպոլիկ դյուցազունները քաղաքում և գյուղերում երևում են (շրջագայում են, կոխ են բռնում, շուրջպար են բռնում ու քացի տալիս) մեն-մենակ։ Ընդամենը մեկ թիկնազորական բուլդոգ-ամենագնացի ուղեկցությամբ անհամ է։ Նաև ծիծաղելի։ Զի դյուցազունը դիցուք յուր ավագ քարտուղարուհուն հրավիրում է նախաճաշի։ (Անշուշտ, ոչ հետին մտքով։ Մեր դյուցազունները հետին մտքեր չեն ունենում։ Միտքը պահելու տեղն է քիչ)։ Դիցուք, նախաճաշն սկսվում է երեկոյան 20.00-ին և ավարտվում է առավոտ ծեգին։ Շրջակա գյուղի բնակչությունը գյուղապետի գլխավորությամբ (ով դյուցազնի համակուսակիցն է) օրորոցային է երգել (Թաթայի ռիթմերով)։ Նախաճաշը, ի դեպ, տեղի է ունեում յոթնահարկ (չորս հարկը գետնի տակն է) շոգեբաղնիք-սրճարանում։ Այստեղ սանիտարական օրեր են հայտարարվում։ Մեկ օր թանկագին հյուրերին դիմավորելուց առաջ, երկու օր հեռանալուց ետքը։ Չմոռանանք, որ սափրագլուխ գվարդիան հասցնում է էականորեն թեթևացնել գյուղաբնակների հոգսը` մի քանի մանրկճղակավոր և խոշորեղջերավոր զոհաբերելով։ Ի փառաբանումն նշանավոր նախաճաշի։ Եվ ի՞նչ, նման լայնք-երկայնքի տեր երևույթը մեր աչքում պիտի համահավասարվի, օրինակ, մանրակաշառակեր չինովնիկի՞ն կամ խոշորտնատեր ձկնագողի՞ն։ (Սևանի ճակատագիրը ստիպում է նոր մոտեցում ցուցաբերել հանդեպ նրանց, ովքեր այսօր էլ բորենու ընչաքաղցությամբ կորզում են ուժասպառ գեղեցկուհու վերջին կենսահյութերը` որսաբոզեր, ներողագրեր)։
Բայց ավելի լուրջ եթե լինենք, պիտի փաստենք, առհասարակ ինչ թիկնազորի մասին է խոսքը. սափրագլո՞ւխ է նա, թե՞ երկարապոչ մազափնջով պճնված-գաղտնագրված, չէ՞ որ եթե մարդն արդար է Երկնավորի երկնքում և պետության հանդեպ` երկրում, ապա նրան ոչ մեկն էլ չի սպառնա։ Ո՛չ գիշերը, ո՛չ ցերեկը։ Ո՛չ ընտանիքի գրկում, ո՛չ էլ աշխարհի ծայրում։
Այսպիսով, պարզվում է, օրինականացնում-օրհնում ենք սագագողերին և գանձագողերին։ ՈՒ զարկ տալիս նրանց և այլոց սրիկայական գործունեությանը։ Դե, ձեզ տեսնենք, թալանչիներ ու մանկապիղծներ, բռնացողներ և բռնադատողներ, արեք, ինչ անցնում է ձեր մտագար հոգով։ Միայն մեկ պայման։ Թե բռնվեցիք, ստիպված եք պատասխան տալու օրենքի առաջ։ Ողջ զորավոր խստությամբ։ Իսկ մինչ այդ պահպանեք ձեր հանցագործ «ջանդակը» այլ «ջանդակավորների» ոտնձգություններից։ Օրենքով ամրագրված ժպտադեմ սափրագլուխների սատարմամբ։ Որոնց գլխին քիչ ու միչ սածիլներ են բուսել։

ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԾՐԱԳՐԻ ՀԻՊՈԹԵՔԱՅԻՆ ՀԱԿԱՍՈՑԻԱԼԻԶՄԸ
(ճողվածք)

Իսկապես որ հովանի։ ՈՒ իրոք որ բարձր։ Պարույր Սևակի-8 հասցեում նոյեմբերյան պայծառ մի օր սկսվեց բազմաֆունկցիոնալ-բազմաբնակարան շենքի շինարարությունը։ Մասիսներու շուքին տակ։ Արագածի շնչով լեցուն։ Ցնծացին նկարիչ ու գրող, գիտնական ու մրող։ Ցնծացին և թևավորված անցան գործի։ Սա միայն նրանց է վերաբերում, ովքեր հիպոթեք-դիվահարի հետ չեն գործ բռնել։
Հիպոթեք-դիվահարին (այս պարագայում ի դեմս «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ-ի) դիմում են առավել ընչազուրկները, ովքեր ի զորու են 10, 15 կամ 20 տարում մարելու հիպոթեքային վարկավորումը և լիիրավ տերը դառնալու բաղձալի բնակարանների։ Ախորժակներիդ քացախ, կասեր նախորդ դարի երևանյան հայտնի բրենդ, մաքսանենգ ծխախոտի մենաշնորհատեր նշանավոր Փուրթուլը, երբ նրանից փորձում էին ամերիկյան ծխախոտը գնել սովետական գնով։
Եվ այսպես, բնակարանային ապահովության սոցիալական ծրագրի հիպոթեքային հատվածը խիստ վտանգված է։ Ստեղծագործական երկու միության և երիտասարդ գիտնականների բազմաթիվ հիպոթեքավորվող անցումներ կամա-ակամա դուրս են մղվում ծրագրից։ Շահառուներից պահանջվող փաստաթղթային փաթեթի պարունակությունը ենթադրել է տալիս, որ «էն գլխեմեն» գործը հուսալի հորձանքի մեջ է ներառվել։ Բանկային նման պահանջատիրությունը տեղին կլիներ, եթե շահառուն միանգամայն ապահով խավից է, և կամենում է Շրի Լանկայից ազնվացեղ փղերի նախիրներ ներկրել կամ էլ, գուցե թե, գնել Քըրքի բաժնետոմսերի մի հինգ տոկոսը։
Այս ֆինանսական վայրագությանը (ամենևին նպատակ չունեմ վիրավորելու բանկին, որին ցանկանում եմ լայնաթափ գործունեություն ամենուր, բացի նշյալ ծրագրից) հաջորդում է բյուրոկրատական վակխանալիան։ Ահա շահառուն դիմում է, սրտատրոփ լրացնում պահանջվող փաստաթղթերի լեռները և դրանք ներկայացնում համապատասխան ծառայության։ Խիստ հազվադեպ է լինում, որ մեկը անցնի նշված ժամկետներում և թեթևացած շունչ քաշի։ Բազմաթիվ դեպքերում բյուրոկրատական մեքենան գործում է ողջ թափով և քմայքով։ Ընդ որում, կարծես ներքին հրճվանք են ապրում «բանկային դիպուկահարները»` շահառուների նյարդերն ու առողջությունը քայքայելուց։ Բայց ահա մի հատված բանկային սիրալիր առաջարկից. «Նախնական դրական որոշման և նվազագույնը շենքի կառուցապատման 20 % ավարտվածության աստիճանով բնակարանի սեփականության վկայականի առկայության դեպքում անհրաժեշտ է երկրորդ անգամ դիմել բանկ և նախապես ներկայացված փաստաթղթերի անփոփոխության դեպքում 1 (մեկ) աշխատանքային օրվա ընթացքում կստանաք վերջնական որոշում` վարկի տրամադրման վերաբերյալ»։
«Նախապես ներկայացված փաստաթղթերի անփոփոխությունը» ճշտվում է, շատ չէ, մի երկու-երեք ամսում։ Եվ եթե որոշ շահառուներ այնքան համառ են գտնվում, որ հաղթահարում են այս քմահաճ փուլը, ապա նրանց նկատմամբ մերժման որոշում է կայացվում։ Ընդ որում, միանգամայն օրինական։ Ինչ-որ բան (շեղում, թերացում կամ զլացում) փաստաթղթային խառնարանում, բնականաբար, գտնվում է։ Այսպես էին վարվում խորհրդային (նաև ոչ խորհրդային) ինսպեկտոր-ահաբեկիչները, երբ անհրաժեշտ էր անգամ ամենակարգապահ վարորդից գումար հետ բարով անել։
Մի խոսքով, ընդունենք, որ շահառուները, այնուամենայնիվ, բավարարում են բանկային անբավարարվածությունը։ Ահա այստեղ հրապարակ է իջնում հետևյալ շշմեցուցիչ երկտողը. «...վարկի տրամադրման վերաբերյալ նախնական հավանությունը դեռևս չի վկայում հետագա վարկի պարտադիր տրամադրում»։
Անշուշտ, «Լճիցլճերում» վերջին ամռանը լիասիրտ ընդունելություն չգտած բանկային յուրաքանչյուր գործիչ, ով նաև իմ ընթերցողն է, ցնծագին աղաղակներ կարձակի իր գործընկերների արհեստավարժ հմտության վերաբերյալ։ Եվ ճիշտ կլինի։ Զի բանկը իր շահերն է պաշտպանում։ Եվ այստեղ կարևոր մի խնդիր է առաջ գալիս, բանկը յուր շահերի պաշտպանության անխորտակելի դիրքերում է, շահառուների իրական նպատակն էլ ավելի ու ավելի վերացական է դառնում։ Բայց չէ՞ որ ծրագիրը սոցիալական է։ Այսինքն, նպատակաուղղված է հասարակական թերևս ամենից անպաշտպան, միաժամանակ ծանրակշիռ խավի շահերի պաշտպանությանը։ Ծանրակշիռ` զուտ հոգևոր-մշակութային տեսանկյունից։ Բանկային մեր համակարգում (թերևս նաև այլ համակարգերում) կշիռը խիստ գործնական երևույթ է։
Ի դեպ, մերժված որոշ շահառուներ տարիներով վաստակած, այսպես ասած, «հետ գցած» անշարժ գույք են պատրաստ բանկի համար շահավետ պայմաններով առաջադրելու գրավագումարի մի մասի դիմաց, ասենք, ամառանոց, արվեստանոց կամ այլ մի բան։ Չի անցել։ Այստեղ պնդակուռ դիրքեր են կառուցված։ Համենայն դեպս, մտավորական խավի հանդեպ։ Սակայն կրկնում ենք, չէ՞ որ սա բնակարանային ապահովության սոցիալական ծրագիր է և գտնվում է անմիջապես երկրի նախագահի հովանու ներքո։
Ինչ կցուցանե առակս։ Կարծես թե շատ պարզ մի բան. աջ ձեռքով շռայլորեն նվիրածի ճանապարհը գծուծորեն չփակվի ձախով։
Վրեժ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Դիտվել է՝ 1422

Մեկնաբանություններ