ԱՄՆ-ի ներկայիս վարչակազմի կողմից նախկին նախագահ Դոնալդ Թրամփի շուրջ ստեղծված մթնոլորտն է հրահրել նրա դեմ մահափորձը՝ հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: «Ռուսաստանի Դաշնությունը չի կարծում, որ մահափորձը կազմակերպվել է ԱՄՆ-ի գործող իշխանության կողմից, սակայն թեկնածու Թրամփի շուրջ մթնոլորտը դրդել է նրան, ինչին այսօր բախվել է Ամերիկան»,- շեշտել է նա:               
 

ՈՐՈՇՈՒՄԸ ԿԻՍԱՀՂԻ ԼԻՆԵԼ ՉԻ ԿԱՐՈՂ

ՈՐՈՇՈՒՄԸ ԿԻՍԱՀՂԻ ԼԻՆԵԼ ՉԻ ԿԱՐՈՂ
24.02.2012 | 00:00

Ոչ միայն երևանցիներն ուրախացան Աբովյան փողոցը մայթեզրերին «բազմած» առևտրի օբյեկտներից մաքրելու Երևանի երիտասարդ քաղաքապետի «հանդուգն» քայլով: Այո՛, հանդուգն, այն էլ չակերտավոր (չակերտները հետո կբացեմ): Սկզբում մտածեցի, թե ինչ առյուծի սիրտ է կերել արտաքինից համակրելի երիտասարդ Տարոն Մարգարյանը, որ գրչի մի հարվածով որոշեց մաքրել տարիներ շարունակ մայթերը զավթած շինություններից: Ախր այդ մայթերի յուրաքանչյուր մետրի համար կառուցապատողները գումարներ էին մուծել քաղաքապետարանի գանձարան (ճիշտ է` չնչին), իսկ թե նախկին քաղաքապետերի, ճարտարապետների, մեծ ու փոքր պաշտոնյաների բարեկեցությունը ինչ աճ է գրանցել դրա արդյունքում, ավելորդ է ասել, թեև մի բան հաստատ է. ոչ միայն Աբովյան փողոցում, այլև քաղաքի բոլոր կանաչապատ մասերում, մայթերում, բակերում տեղադրված ցանկացած շինության համար տերերը «մուծվել» են պաշտոնյաներին: Այսօր նայում ես Օղակաձև զբոսայգուն և սիրտդ խառնում է գունավոր ապակիների ու ծանր բետոնի մեջ կորած շինություններից: Փաստորեն, չկա Օղակաձև զբոսայգին, կա այդ այգու հաշվին (հասկանալ` երևանցիների առողջության հաշվին) հարստացած պաշտոնյաների մի հսկա բանակ: Եվ հանկարծ այդ հսկա բանակի դեմ դուրս է գալիս երիտասարդ Տարոնը: Ճիշտ է, պատմությունը մեզ ուսուցանում է, որ Քրիստոսը, չունենալով և ոչ մի լեգեոներ, նվաճեց աշխարհը, գուցե Տարոնն էլ, ի սեր իր քաղաքի և իր ժողովրդի, պատրաստ է նվաճելու (մանավանդ դրա նախադեպ Ավան համայնքը կար), ավելի ճիշտ, հետ բերելու խորհրդային Երևանի ազատ այգիներն ու մայթերը: Եվ Աբովյան փողոցի մայթերին կառուցված շինությունների ապամոնտաժումը, կարծես, հույս էր ներշնչում ժողովրդին: Թեպետ ես էլ ժողովրդի մի մասնիկն եմ, բայց մտածելու և վերլուծելու կարողությամբ օժտված անհատս չհավատացի: Եվ մի քանի օր հետո, երբ հեռուստատեսությամբ դիտում էի Մաշտոցի պողոտային հարող այգում Աբովյան փողոցից ապամոնտաժված խանութների վերատեղադրման և դրա դեմ բնապահպանների բողոքի ակցիան, հասկացա, որ, իրոք, մեր երկրում ցանկացած միջոցառում ուղղված է կոռուպցիայի նոր ձևերի արմատավորմանը: Հասկացա, որ յուրաքանչյուր պաշտոնյա իր «սազն է չալում»: Նոր ոստիկանապետի գործողությունները հիշեցնում էին հին նորանշանակ քաղաքապետերի խաղերը` կադրերի վերաբաշխման և այդ բաշխումից սպասված ակնկալիքների տեսքով: Մտածեցի, որ Աբովյան փողոցի մաքրումն ու Մաշտոցի պողոտային հարող այգում նոր կրպակների տեղադրումը հենց այնպես, հանուն Երևանի սիրո չեն արվում: Ասում են` կրպակները ժամանակավոր են։ Ի՞նչ է նշանակում ժամանակավոր: Մի՞թե մենք այնքան հարուստ ենք (ես ափսոսում եմ նաև հարուստների փողերը), որ կարող ենք միլիոններ ծախսել (ինչպես Աբովյան փողոցում ժամանակին մսխված միլիոնները), մի քանի տարի հետո ջուրը լցնել դրանք և նոր վայրում ամեն ինչ սկսել նորից: Այստեղ ինչ-որ բան այն չէ: Ցանկացած որոշում պետք է լինի հիմնավոր և վերջնական: Ցանկացած սխալ որոշման համար պետական պաշտոնյան չպիտի խուսափի պատասխանատվությունից: Ովքե՞ր էին Աբովյան փողոցն ապականողները: Այդ որոշում կայացնողները թող իրենց գրպանից «մուծեն» ժամանակին քաղաքացիներից շորթած գումարները:
Սոկրատ ՀՈՎՍԵՓՅԱՆ
Հ. Գ. -Պարոն քաղաքագլուխ, Մաշտոցի պողոտային հարող այգին ևս Երևան է: Աբովյանից սկսած գործը հասցրեք տրամաբանական վախճանին: Որոշումը կիսահղի լինել չի կարող:

Դիտվել է՝ 1003

Մեկնաբանություններ