ԱՄՆ-ի ներկայիս վարչակազմի կողմից նախկին նախագահ Դոնալդ Թրամփի շուրջ ստեղծված մթնոլորտն է հրահրել նրա դեմ մահափորձը՝ հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: «Ռուսաստանի Դաշնությունը չի կարծում, որ մահափորձը կազմակերպվել է ԱՄՆ-ի գործող իշխանության կողմից, սակայն թեկնածու Թրամփի շուրջ մթնոլորտը դրդել է նրան, ինչին այսօր բախվել է Ամերիկան»,- շեշտել է նա:               
 

ԱՐՋԻ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՆԵՐԸ

ԱՐՋԻ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՆԵՐԸ
01.11.2011 | 00:00

Իմ «Մեծ եղեռնի դասերը» հոդվածի դեմ «Իրատես de facto»-ում տպագրվել են Ա. Ծատուրյանի և Ս. Հովսեփյանի արձագանքները, որոնք վկայում են այն մասին, որ եղեռնի շրջանի մեր ժողովրդի մեծ ողբերգության հարցերի հետագա քննարկումը շարունակում է հրատապ մնալ:
Աշխատելով հերքել իմ առաջադրած տեսակետն այն մասին, որ Բեռլինի կոնգրեսից հետո Արևմտյան Հայաստանում ծավալված ազգային ազատագրական պայքարը մեր ժողովրդի համար եղել է մեծագույն պատմական ճակատագրական սխալ, Ա. Ծատուրյանը հետևյալ առարկություններն է անում: Ըստ նրա, Հայոց ցեղասպանությունը սկսվել է ոչ թե կաթողիկոս Խրիմյանի՝ «երկաթե շերեփի» քարոզից, այլ այն ժամանակներից, երբ թուրք բորենին ոտք է դրել Հայաստան: Ինչ խոսք, առանձին տեղերում ասպատակություններ, թալան, վայրագություններ եղել են, իսկ որտեղ ճնշումները դարձել են անտանելի, այնտեղ ապստամբություններ են եղել, ինչպես 1862 թ. Զեյթունում, բայց բնաջնջման քաղաքականություն չի եղել: Եվ դա ո՛չ այն պատճառով, որ թուրքն աստծո գառ է եղել, այլ այն պատճառով, որ թուրք իշխանավորները ձգտել են բռնությունների միջոցով ահաբեկել, հնազանդ պահել և կեղեքել նվաճված հայ և մյուս ժողովուրդներին:
Ինչպես արդեն նշել եմ, 19-րդ դարի ռուս-թուրքական 3 պատերազմների ժամանակ կոտորածներ չեն եղել, որովհետև մեր ժողովուրդը դրանց չի մասնակցել: Այստեղ, թերևս, իր դրական դերն է ունեցել Ղրիմի պատերազմի սկզբում Լոնդոնի թերթերից մեկի միջոցով Կիլիկիայի Մեծի Տան ժառանգ Լևոն Լուսինյանի ուղերձը, որով նա կոչ է արել մեր ժողովրդին` չօգնել ռուսական ցարին, որովհետև նրա պատերազմը թուրքի դեմ մեր պատերազմը չէ, այն նվաճողական պատերազմ է: Հայտնի է, որ այդ ժամանակ թուրք սուլթանը հայերին անվանել է «իմ հավատարիմ ժողովուրդ»: Պարզ է, հավատարմության մասին խոսք չի կարող լինել, բայց սուլթանը գնահատել է մեր ժողովրդի չեզոքությունն այդ պատերազմում:
Այնուհետև, Ա. Ծատուրյանի տեսակետը լիովին հակասում է հայոց ազատագրական շարժման ժամանակակիցներ, Պոլսի պատրիարք Խորեն Աշիղյանի և Պոլսի կաթողիկոս Մաղաքիա Օրմանյանի (երկուսն էլ` խոշոր գիտնական հայագետներ, բազմահատորյակների հեղինակներ), «Մեղու Հայաստանի» թերթի խմբագիր Պետրոս Սիմոնյանի, Նար-Դոսի, Մուրացանի և շատ ուրիշների, ինչպես նաև շարժման ակտիվ և խոշոր մասնակիցներ Լեոյի, Իսահակյանի և շատ շատերի կարծիքին, ըստ որի` Հայոց ցեղասպանությունն սկիզբ է առել Բեռլինի կոնգրեսից հետո։ Հատկապես «Մեղու Հայաստանի» թերթի խմբագիրն անընդհատ հորդորել է. «Թողե՛ք այդ հայկական հարցը, ձեռք քաշեք այդ տխրահռչակ 61-րդ հոդվածից, մեր ժողովրդին այն միայն աղետներ կբերի: Ամբողջ ժողովուրդը կկոտորեն և մեր արյամբ իրար հետ հաշիվներ կմաքրեն…»: Այդպես էլ եղավ: Եվ ահա այդ ողբերգական իրադարձություններից 139 տարի անց Ա. Ծատուրյանն իր տեսակետով փորձում է ապացուցել, որ նրանք բոլորն էլ սխալվել են, իսկ ինքը ճիշտ է: Բա եղա՞վ:
Մեկ փաստարկ ևս ընդդեմ Ա. Ծատուրյանի կարծիքի: Թուրքիայի կողմից հայոց եկեղեցիները և կրթական ու մշակութային հիմնարկները մեզ վերադարձնելու առնչությամբ մեր մամուլն անընդհատ հիշեցնում է, որ Արևմտյան Հայաստանում ունենք 3000 եկեղեցի և 1200 կրթական ու այլ մշակութային հիմնարկներ: Եթե հավատալու լինենք Ա. Ծատուրյանին, թուրքը դարեր շարունակ զբաղվել է միայն հայ և այլ քրիստոնյա ժողովուրդներին կոտորելով, իսկ հայը եկեղեցիներ, դպրոցներ և այլ ազգային հիմնարկներ է ստեղծել: Ահա մեկ փաստ Հրաչյա Աճառյանի հուշերից: Պոլսի վարժարանն ավարտելուց հետո նա Էրզրումի շրջանի գյուղերից մեկի դպրոցում հայոց լեզու է դասավանդել, 2 տարվա ընթացքում այնքան դրամ է հավաքել, որ կարողանա 5 տարի Փարիզի Սորբոնի համալսարանում սովորել: Դա նշանակում է, որ ոչ միայն մեր այսօրվա, այլև խորհրդային չափանիշներով այնտեղ ուսուցչին աներևակայելի բարձր են վարձատրել:
Եվ վերջապես, Ա. Ծատուրյանը մի փաստ է բերում, որը սպանիչ է իր իսկ տեսակետի համար: Թուրքը միշտ կոտորել է հային, իսկ հայը «զարգացնում է թուրքական կայսրության ողջ տնտեսությունը՝ արդյունաբերությունը, գյուղատնտեսությունը, առևտուրը, բանկային համակարգը, մշակույթը, կրթությունը…, տնօրինում է թուրքական տնտեսության զարգացման ողջ ընթացքը»: Սրանից ավելի մեծ անհեթեթություն կարո՞ղ է լինել:
Հավատարիմ մնալով իր տեսակետին, Ա. Ծատուրյանը մեղադրում է ինձ մեր «ազգային նվիրյալ գրողներին, նենգավոր դիվանագիտությունից անտեղյակ, բայց ազնվասիրտ, հայրենասեր…» գործիչներին անարգելու մեջ: Նախ, նրա մեղադրանքը ոչ թե իմ, այլ Լեոյի դեմ է, որովհետև նա է իրեն ու այն ժամանակվա իր համախոհներին մեղադրել ազգակործան գործունեության համար: Երկրորդ, նա չի նկատում, որ համամիտ է ինձ հետ, որովհետև իմ ասած «տգետ» և իր ասած «անտեղյակ» բառերը հոմանիշ են: Տգետ լինել նշանակում է չգիտենալ, ուրեմն, անտեղյակ լինել: Իսկ անտեղյակությունը կամ տգիտությունը, մեր գործիչների ազնվասրտությանը միանալով, դառնում է պարզամտություն, որը հատկապես միջազգային բորենիների աշխարհում չափազանց բացասական և վտանգավոր մարդկային հատկանիշ է: Զուր չեն ռուսներն ասում` պարզամտությունը գողությունից վատ է: Այո, վատ է, քանզի գողությունից ավելի մեծ վնաս կարող է հասցնել:
Երրորդ, մեր գործիչները, այո՛, եղել են շատ հայրենասեր, բայց դա եղել է արջի հայրենասիրություն, որն այնքան է սիրել իր ընկեր մարդուն, որ նրա ճակատին նստած ճանճը սատկեցնելու համար իր ծանր թաթով խփել է նրա ճակատին ու սպանել: Չափազանց զարմանալի է, որ Մեծ եղեռնից համարյա 100 տարի անց էլ շատ շատ են մեր ժողովրդին արջի ազգակործան ծառայություն մատուցած գործիչների պաշտպանները: Սա հաստատ հայկական երևույթ է: Բազմիցս ծեծվել ենք, բայց էլի՛ խելքի չենք գալիս: Իսկ թուրքը մեկ անգամ է ծեծվել` Առաջին աշխարհամարտի ժամանակ և անմիջապես հասկացել, որ հսկաների կռիվն իր տեղը չէ, ուստի, երկրորդին չմասնակցեց, որքան էլ կռվող կողմերը փորձեցին նրան հրապուրել ու ներքաշել պատերազմի մեջ:
Ամեն մարդ պետք է իր գործով զբաղվի. ժողովրդի հոգևոր առաջնորդը` նրա հոգևոր դաստիարակությամբ, ոչ թե ինչպես այժմ է, իր գործը թողած, դառնա երկրի երկրորդ արտգործնախարար: Այլապես ժողովուրդը կարող է մեծ աղետի ենթարկվել: Դրա համար էլ կաթողիկոս Սիմոն Երևանցին 18-րդ դարում արգելել է Հայաստանում տարածել մադրասցի Մովսես Բաղրամյանի «Նոր տետրակ, որ կոչի հորդորակ» և Շահամիր Շահամիրյանի «Որոգայթ փառաց» ազատաշունչ գործերը: Դրանով նա կանխել է մեր շղթայված ժողովրդին արջի ծառայություն մատուցելու նրանց փորձը:
Ինչ վերաբերում է Գ. Արծրունու, մեր գրողների ու բանաստեղծների՝ ազգային զարթոնքի ու ազատագրական պայքարի ոգեկոչմանը, ապա դա շատ շնորհակալ գործ է, բայց զինված պայքարի գործնական կազմակերպումը պետք էր սկսել իր ժամանակին: Մինչդեռ հետկոնգրեսյան ժամանակաշրջանը վերին աստիճանի աննպաստ էր, քանզի եվրոպական մեծ գիշատիչների շահարկումների պատճառով մեր ժողովրդի գլխին մահացու վտանգ էր կախվել:
Այս ֆոնի վրա պետք է գնահատվի հայ ֆիդայիների զինված պայքարի պատմական նշանակությունը, որը տվել է Մագդա Նեյմանն իր «Հայերը» գրքում 1899 թվականին: Նա գրել է. «Այդ խանդավառ հայրենասեր, անձնուրաց երիտասարդները խաբված ու մոլորված են եղել, չեն իմացել, որ բոլորի կողմից ծախված են, և կարծել են, թե սոսկ ինքնազոհողությամբ կարող են փրկել իրենց ժողովրդին»: Միաժամանակ նա ցույց է տվել, թե ինչպես մշակյան սրիկաները Սասունի ապստամբներին օգնելու և մեր երկիրն ազատագրելու համար 50-հազարանոց վարձու կամավոր բանակ կազմելու պատրվակով վիթխարի հանգանակություններ են արել ու լափել: Իսկ նրանց խարդախությունները մերկացնող հրետանու կապիտան ու ազնիվ լրագրող Նիկողոսովին այնպես են հալածել, որը խեղճը ստիպված փախել է Թիֆլիսից Ս. Պետերբուրգ:
Վերջում համառոտակի Ա. Ծատուրյանի 3 հարցադրումների մասին: Առաջին. եթե Լեոն կամ ինձ պես մի փիլիսոփա գնար Բեռլին, որևէ բան կփոխվե՞ր հօգուտ մեր ժողովրդի: Իհարկե ո՛չ: Բայց այստեղ նա շփոթել է վաղ և ուշ շրջանի Լեոյին: Վերջինս Բեռլին չէր գնա, որովհետև հասկացած կլիներ, թե ինչի համար է Բեռլինը սարքված: Նույնն էլ ինձ պես մեկը: Երկրորդ, ովքե՞ր են մեր ճակատագրի մեղավորները: Այս հարցն ինձ զարմացնում է, որովհետև ես նշել եմ Խրիմյանի, Գ. Արծրունու և նրա դաշնակ ու հնչակ հետևորդների անունները: Մի՞թե բավական չէ: Նշեմ նաև մեկի, Արմեն Գարոյի անունը, մի ճիվաղի, որը 1896-ին իր ահաբեկիչներով ներխուժել է անգլո-ֆրանսիական չարչիների բանկը և առիթ դարձել 10 հազար պոլսահայերի, այդ թվում` երեխաների կոտորածի: 90 տարուց ավելի է ապրել, չի հասկացել և չի զղջացել իր ոճրագործության համար:
Այնուհետև ուժեր կուտակելու մասին իմ պնդումը նա համարում է պարտվողականություն, որովհետև, ըստ նրա, թուրքը չի թողնի, որ ուժեր կուտակենք: Սակայն քանի դեռ ռուսը կանգնած է մեր թիկունքին` թուրքն ստիպված կթողնի: Դժվարը խնդրի մյուս կողմն է. իսկ մենք կկարողանա՞նք երբևէ այդ ուժերը կուտակել: Առայժմ, ցավոք, դրա միտումը չի նկատվում:
Երրորդ. եթե ցեղասպանությունը չլիներ, մենք կլինեինք 200 միլիոն: Սա իհարկե լուրջ պնդում չէ: Եթե նրան հավատալու լինենք, ապա թուրքը պետք է մեղավոր լինի, որ ամենահզոր ազգերը շատ են հետ մնացել այդ թվաքանակից. ռուսները` 120, գերմանացիները՝ 85, ֆրանսիացիները՝ 60 միլիոն են, իսկ փոքրերը՝ նորվեգացիները` 4,5, դանիացիները՝ 5,2 միլիոն են: Թո՞ւրքն է նրանց կոտորել: Բա կարելի՞ է այս մակարդակով բանավիճել:
Իմ բանավեճը Ա. Ծատուրյանի հետ հարկ եմ համարում եզրափակել հետևյալ հորդորով: Խնդրո առարկան վերաբերում է մեր ժողովրդի ամենակարևոր, ճակատագրական հարցերին, հետևաբար, պետք չէ այն համեմել պիտակներով՝ «պարզունակություն», «մանկամտություն», «լկտիաբար» և այլ վիրավորական բառերով: Չէ՞ որ ես էլ նույնը կարող եմ անել, և մեր բանավեճը կվերածվի կոմունալ խոհանոցի լաչառ կանանց լեզվակռվի: Եկեք մեր բանավեճը պահենք քննարկվող հարցերի լրջության մակարդակին: Ես իմ տեսակետը բացարձակ ճշմարտություն չեմ համարում, պատրաստ եմ լսելու և քննարկելու հակառակ տեսակետները, միայն թե սոսկ փաստարկներ պետք է հակադրել փաստարկներին, որպեսզի կարողանանք գալ ընդհանուր հայտարարի:
Այսպիսով, ես, կարծես, կարողացա հերքել Ա. Ծատուրյանի բոլոր առարկությունները և այժմ ինձ մնում է նույն կերպ պատասխանել Ս. Հովսեփյանի նոր առարկություններին, ում համար իմ նախորդ բացատրությունները, երևի, համոզիչ չեղան:
Նախ, Ս. Հովսեփյանի հոդվածի վերնագիրն իսկ՝ «Պետք չէ առանց պատերազմի պարտվել պատերազմում» ավելի շուտ մեղադրանք է, քան առարկություն, որովհետև ես իբրև թե նախապես պարտվողականություն եմ քարոզում: Մինչ այդ նա, ցավոք, չի հարցնում` իսկ մենք պատրա՞ստ ենք պատերազմելու: Իմ նախորդ հոդվածում ես հիմնավորել եմ` նախքան պատերազմի մասին խոսելը մենք պետք է ուժեր կուտակենք, մոտավորապես 50 անգամ ուժեղանանք: Միաժամանակ իրեն հակասելով, նա խոստովանում է, որ ռազմարդյունաբերական համալիրը կերել են, երկիրն էլ հազիվ է գոյատևում: Դրանո՞վ ենք կռվելու: Ես հույների օրինակն եմ բերել, որոնք մոտ 200 տարվա կազմավորված պետություն են, տարածքով` 4,5, բնակչությամբ` 3,5 անգամ մեծ, ՆԱՏՕ-ի միջոցով զինված ու վարժեցված բանակ ունեն, բայց թուրքերի դեմ պատերազմելու մասին ծպտուն իսկ չեն հանում: Դեռ ավելին. թուրքերի հետ ՆԱՏՕ-ի կազմում դաշնակից են: Նրանք, ի՞նչ է, պարտվողակա՞ն են: Իհարկե` ոչ: Նրանք զգաստ մտքի տեր են և գիտեն, որ ժամանակը չէ, իրենք էլ պատրաստ չեն: Իմ այս ծանրակշիռ փաստարկին նա դարձյալ հակադրում է իր «եթե»-ն, այսինքն՝ «եթե մենք միասնական ենք, ազգովին պատրաստ… մեռնելու այս հողի համար, նրանք ոչինչ չեն կարող անել»: Հիրավի, միասնությունը մեծ ուժ է, բայց չի կարելի այն բացարձակացնել: Ամեն ինչ կախված է ուժերի հարաբերակցությունից: Նախքան միասնության մասին խոսելը մենք պետք է պարզենք, թե որքան են մեր ուժերը: 80-միլիոնանոց հիտլերյան Գերմանիայից ավելի միասնական ուժ չկար, «ֆաշիզմ» բառը հենց միասնություն է նշանակում, սակայն Երկրորդ աշխարհամարտում դաժանորեն պարտվեց: ՈՒժը ուժ է կոտրում: Ի դեպ, Հիտլերը մահվանից առաջ իր ժողովրդին մեղադրեց բավականաչափ միասնական չլինելու համար և ասաց, որ նա ապրելու իրավունք չունի: Գերմանացիները, բարեբախտաբար, նրա այդ գազանային զառանցանքին չհետևեցին և այժմ ոչ միայն ապրում, այլև բարգավաճում են: Ի միջի այլոց, բոլոր ազգակործան գործիչները իրենց մեղքը բարդում են իրենց զոհերի՝ ժողովրդի վզին:
Այնպես որ, ճիշտ չէ պնդել, թե միասնության դեպքում կարևոր չէ օբամաների, սարկոզիների կամ մեդվեդևների դիրքորոշումը: Նրանք շատ բան կարող են անել և, ցավոք, անում են մեր դեմ: Մենք պետք է աշխատենք հնարավորինս շատ դաշնակիցներ ձեռք բերել, որովհետև հասունացող կոնֆլիկտների դեպքում նույնիսկ ամենազորեղ երկրները ձգտում են շատ դաշնակիցներ ունենալ, որպեսզի շատ ավելի հեշտ հաղթեն թշնամուն: Հզոր ԱՄՆ-ը մեզ օրինակ:
Ինչ վերաբերում է եղաններով կռվելուն, այստեղ կարևորը կազմակերպող ուժն է, հաղորդակցման միջոցներն են, որոնցով միայն կարելի էր ապահովել ժողովրդի միասնական դիմադրությունը: Իսկ Թուրքիան իր տարածքում դա թույլ չէր տալիս անել: Տեղ-տեղ` Զեյթունում, Սասունում կարողանում էին կազմակերպվել, բայց ամբողջ երկրով մեկ դա, թերևս, հնարավոր չէր:
Ս. Հովսեփյանը պահանջում է, որ ես աղետաբեր գործիչների անուններ թվարկեմ: Ա. Ծատուրյանին իմ տված պատասխաններում ես տվել եմ ոչ միայն հին, այլև նորագույն մեր որոշ գործիչների անունները, որոնք իրեն էլ քաջ հայտնի են: Այնուհետև, նա հալած յուղի տեղ է դրել ֆրանսիացի խարդախ նախագահի խոսքերը, թե հայերն իրենց չեն կարողանում պաշտպանել, մենք ինչպե՞ս օգնենք: Մինչդեռ Ֆրանսիան մեզ օգտագործել է Թուրքիային շանտաժի ենթարկելու և մոտ 1300 տոննա ոսկի (սուլթանի պարտքը) և այլ օգուտներ պոկելու համար: Եվ պոկել է: Լենինից չկարողացավ ցարի 17800 տոննա ոսկու պարտքը պոկել, իսկ Աթաթուրքից պոկեց` զոհաբերելով մեզ:
Վերջում մի քանի խոսք ինձ հանցագործ համարելու և «ընկեր» կամ «պարոն» որակելու մասին: Ս. Հովսեփյանն ասում է, որ հանցագործ է համարում իմ քարոզչությունը, իմ մտածելակերպը, այլ ոչ թե ինձ: Բայց նա, որ մասնագիտությամբ իրավաբան է, լավ գիտե, որ դրանք էլ հանցագործ կարող են որակվել միայն դատավճռից հետո: Իսկ դա չի կայացել, ուրեմն, այդ իմաստով էլ չէր կարելի իմ դիրքորոշումը հանցագործ համարել: Ինչ վերաբերում է «ընկերոջը» և «պարոնին», ես «ընկերը» «պարոնից» ցածր չեմ համարում, ուստի և պարոնի մակարդակին աճել չեմ ուզում: «Ընկերը», ո՛չ բոլշևիկյան կեղծը, այլ իսկականը շատ ավելի բարձր է, քան «պարոնը»: Վայ-«պարոններ» են մեր երկիրը թալանող և ավերող օլիգարխներն ու նրանց կամակատար չինովնիկները:
Հուսով եմ, իմ այս պարզաբանումները համոզիչ կլինեն հարգարժան ընկեր Սոկրատ Հովսեփյանի համար: Ես նրան ևս ընկեր եմ ասում, որովհետև մեզ միավորում է անկեղծ մտահոգությունը մեր ժողովրդի ճակատագրի հանդեպ:
Մամիկոն ԱՍԱՏՐՅԱՆ
Փիլիսոփայական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր

Դիտվել է՝ 1308

Մեկնաբանություններ