ԱՄՆ-ի ներկայիս վարչակազմի կողմից նախկին նախագահ Դոնալդ Թրամփի շուրջ ստեղծված մթնոլորտն է հրահրել նրա դեմ մահափորձը՝ հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: «Ռուսաստանի Դաշնությունը չի կարծում, որ մահափորձը կազմակերպվել է ԱՄՆ-ի գործող իշխանության կողմից, սակայն թեկնածու Թրամփի շուրջ մթնոլորտը դրդել է նրան, ինչին այսօր բախվել է Ամերիկան»,- շեշտել է նա:               
 

«ԱՇԽԱՏԱՎՈՐ ՄԵՂՈՒՆԵՐԻ» ԵՎ «ԲՈՌԵՐԻ» ԴԻՄԱԿԱՅՈՒԹՅՈՒՆԸ

«ԱՇԽԱՏԱՎՈՐ ՄԵՂՈՒՆԵՐԻ» ԵՎ «ԲՈՌԵՐԻ» ԴԻՄԱԿԱՅՈՒԹՅՈՒՆԸ
23.09.2011 | 00:00

(սկիզբը` նախորդ համարում)

Մի անգամ իմ ավագ ընկերներից մեկը մի այսպիսի միտք արտահայտեց. «Եթե «Անհրաժեշտությանը» վերաբերվենք որպես Նորին Մեծություն Թագուհու, իսկ «Հնարավորությանը»` որպես Նորին Մեծության Արքայադստեր, ապա նախատեսված շատ գործեր արդյունավետ ավարտ կունենան»։ Նույն բանը ես տեսնում եմ ՀՀ նախագահի քայլերում, որոնք ոչ միայն մեր ապագա նվաճումների բազային գրավականն են, այլև իշխանության և մեր հասարակության ու ամբողջ հայության ամենատարբեր ներկայացուցիչների միջև վստահության աստիճանի մեծացման լրջագույն գործոնը։ Ահա թե ինչու այսօր համարձակորեն կարելի է պնդել, որ հիմա արդեն մեր հերթն է մեր զավակներին, մերձավորներին, համախոհներին և, ինչու չէ, իշխանության ամենավերին էշելոններում գտնվող առանձին անձանց ցույց տալու և ապացուցելու, որ, նախ, պատասխանատվության մեր ըմբռնումն առավելագույնս մոտ է այն բանին, որ ես նկարագրեցի քիչ վերևում և, երկրորդ, ժամանակի ու հանգամանքների թելադրած անհրաժեշտության, ինչպես նաև զարգացման նախանշված բնագծերի ըմբռնման հարցերում մենք հուսալի ու ակտիվ գործընկերներ ենք լրջագույն բարեփոխումների իրականացման գործում, որոնք նպատակ են հետապնդում հասնելու (կարճ ժամանակում) ամենաշոշափելի և որակական փոփոխությունների մեր կյանքում։
Որպեսզի մենք համընթաց քայլենք անհրաժեշտությունների հետ, որոնք միաժամանակ պահանջում են աներևակայելի արագություն (որը բացարձակապես անհամատեղելի կլինի նախընթաց 20 տարվա արագությունների հետ), մեզ բոլորիս անհրաժեշտ են իրենց ակնկալիքներում համեստ, պարկեշտ, խորագիտակ և ընդհանուր գործի համար սրտացավ մարդկանց բավականին լայն շրջանակների ջանքերը։ Նման մարդկանց պակաս չի եղել ո՛չ տարածաշրջաններում, ո՛չ մայրաքաղաքում։ Նրանց մեծ սիրով ու հարգանքով անվանենք «աշխատավոր մեղուներ»։ Համոզված եմ, որ նրանցից և ոչ ոք, ում ես նկատի ունեմ «աշխատավոր մեղու» ասելով, վիրավորանք չի տեսնի իմ համեմատության մեջ։ Այս հոդվածում մենք դեռ կվերադառնանք նրանց, ում, Աստծո կամոք, ապա նրանց տաղանդի ու համբերության շնորհիվ, այնուամենայնիվ, հաջողվել է պահպանել ու ծաղկեցնել իրենց դաշտերն ու այգիները, իրենց արվեստանոցն ու թատրոնը, իրենց դպրոցն ու գրադարանը, իրենց արտադրությունն ու հաստոցները, իրենց փռերն ու վարսավիրանոցները և այլն։ Իսկ այսօր, բացի իրենց անմիջական պարտականություններից և իրենց կոչմանը ծառայելուց, «աշխատավոր մեղուների» կենսական առօրյա խնդիրն է նաև ընդառաջ գնալ երկրի քաղաքական ղեկավարության նախաձեռնություններին։ Հարկավոր է հստակորեն հասկանալ, որ այլևս սպասելն անկարելի է ու վտանգավոր մի քանի պատճառներով (սա առանձին թեմա է)։ Եթե կուզեք` դա ժամանակի թելադրանքն է, ինչը պայմանավորված է, այսպես կոչված, «համաքաղաքակրթական գործընթացի» օրինաչափություններով։
Աշխարհաքաղաքականության և էթնոգենեզիսի (ազգի զարգացման խնդիրներով) զբաղվող այնպիսի իմաստասերների աշխատանքներում, ինչպիսիք են Ն. Էլիասը, Լ. Գումիլյովը, Ֆուկույաման, Հաուսհոֆերը և այլք, ի հայտ են բերվել ու լավ ներկայացվել ազգերի, պետությունների, պետական խառնախմբերի և հասարակական-քաղաքական կարգերի զարգացման վերոհիշյալ օրինաչափություններն ու փուլերը։
Համաքաղաքակրթական գործընթացը կամ ինչպես ոմանք այլ կերպ անվանում են, «Պատմության ընթացքը», մեզ մոտավորապես 40-50 տարի ժամանակ է տվել բարօրության և առաջավոր, կանխատեսելի (ուրեմն և հայտնի չափով պլանավորվող) զարգացման շատ թե քիչ տանելի և քաղաքակիրթ աշխարհին ներդաշնակ մակարդակի հասնելու համար։ Այդ ժամկետները կամ սահմանափակումները վերաբերում են ինչպես, այսպես կոչված, «նախկին խորհրդային տարածությանը», այնպես էլ Արևելյան Եվրոպայի երկրներին, որոնք մի ժամանակ միավորված էին Տնտեսական փոխօգնության խորհրդի (ՏՓԽ) մեջ։ Թեև ավելի քան ակնհայտ է, որ կատարյալ «շարժման երթացուցակ» (ասենք, երկաթուղայինի նման) լինել չի կարող։ Մեզնից յուրաքանչյուրն իր ուղին կանցնի իր դժվարություններով և իր ժամանակներում` կամ փոքր-ինչ գերազանցելով, կամ փոքր-ինչ հետ ընկնելով «չվացուցակից»։ Հաշվի առնելով բազմաթիվ գործոններ (սա ևս առանձին թեմա է), բոլոր նրանք, ում հետ առիթ եմ ունեցել շփվելու, համակարծիք են, որ զարգացման տեմպերով մենք առաջ կանցնենք անգամ որոշ արևելաեվրոպական երկրներից, որոնք դեյուրե արդեն դարձել են ԵՄ անդամ։ Հավատացեք, սա բավականին հիմնավոր գնահատական է (առանձին թեմա, որին, ըստ անհրաժեշտության, կարող ենք անդրադառնալ)։
Հիմա այն մասին, թե ինչու հատկապես 40-50 տարի։
Մինչև պարզաբանումներին անցնելը, հարկ եմ համարում վերապահել ևս մեկ կարևոր նրբություն։ Մի բան է ուսումնասիրել, գիտենալ, կանխատեսել և նախանշել գործընթացների զարգացման փուլերը, մեկ այլ բան է «այդ գործընթացների փուլերը «տեղավորել» ժամանակի սանդղակի վրա։ Բայց միևնույն ժամանակ մեզ բոլորիս քաջ հայտնի են այն իրավիճակները, երբ մարդ ինչ էլ որ ասելու լինի, միևնույն է, նրան անմիջապես դիմավորում են աջից հասցվող ծանր «մուշտիով»` «լավ, բա ե՞րբ»... Սրա պատասխանից խուսափելն անկարելի է, ուստի և պետք է սովորել դիմանալ հարվածին։
Ֆրանսիացի մտավորական Դեննի դե Ռուժմոնն իր գրքում (մեր տաղանդավոր և սեփական ժողովրդի հանդեպ պարտքի իրոք առողջ գիտակցումով օժտված գրականագետ և թարգմանիչ Ալեքսանդր Թոփչյանի կողմից ճիշտ ժամանակին հայերեն թարգմանված) պնդում է, որ Եվրոպան իր բարեկեցիկ այսօրվան և միավորմանը` ձեռք բերված բարօրության ու անվտանգության պսակին, հասել է գրեթե 800 տարում։ Գիտակ պատմաբանները, կարծում եմ, հեշտորեն կապացուցեն, որ ավելի կոռեկտ կլիներ պնդել «800-1000 տարի»։ Մյուս կողմից, հանրահայտ է նաև, որ Ամերիկան զարգացման և բարօրության իր այսօրվա մակարդակին հասել է (իհարկե, ոչ առանց «Ծերուկ Եվրոպայի» գաղափարախոսական օգնության ու աջակցության) գրեթե 200 տարում։ Մշակութաբանական հիմունքների և տարբեր մշակույթներ կրողների գոյության հարցերն այստեղ կարելի է բաց թողնել (սա էլ է առանձին թեմա)։
Առանձնապես խորամուխ չլինելով այդ քաղաքակրթական գործընթացների բազմապարամետրայնության, ինչպես նաև ավելի ու ավելի «արագընթաց դարձող աշխարհի հանգամանքի» մեջ, խիստ հեշտացնելով մեր խնդիրը, փորձենք հարաբերակցել այդ երեք ժամանակահատվածները.
-Եվրոպայի զարգացման 800 տարին,
-«ամերիկյան» զարգացման 200 տարին,
-մեր զարգացման X տարին։
Կրկնեմ. խնդիրը խիստ պարզեցնելով (դատողությունների մոդելի ու ընթացքի ընկալումը հեշտացնելու համար), բավական է կիրառել որոշ մաթեմատիկական գիտելիքներ, և մենք կգտնենք X-ի նշանակությունը, որը մոտավորապես հավասար է 40-50 տարվա։ Տեղին է, երևի, հատուկ վերապահել, որ այստեղ ոչ թե ճշգրիտ «թվային մեթոդներ» են կիրառվել, այլ ներկայացված է «գնահատման մոդել»։
Այսպես, ուրեմն, մեզ տրված այդ 40-50 տարուց 20-ը մենք արդեն անցել ենք։ Համարձակվեմ պնդել, որ անգամ մեզ սեղմած «աճախտի», տեղ գտած թերությունների և, ամենագլխավորը, հայ նկարագրի համար անթույլատրելի` միմյանց նկատմամբ հանդուրժողականության (կամ ներազգային հանդուրժողականության) անկման պայմաններում մենք այդ 20 տարին մեծ հաշվով անցել ենք արժանավայել։ Արժանավայել ենք անցել նաև այն պատճառով, որ Հայաստանի Հարապետության կայացման ծանրագույն խնդիրների հետ մեկտեղ լուծել ենք նաև Արցախի ազատագրման ու կայացման խնդիրը, որը մեզ բաժին է ընկել շատ թանկ` զրկանքների ու կորուստների գնով։ Պատմության մեջ քիչ կգտնես նման օրինակներ։ Եվ սա ասում եմ ամենևին էլ ոչ ինքնագոհության նկատառումով, այլ, ընդհակառակը, նշելու համար ձողի այն մակարդակը, ըստ որի մենք պետք է ծրագրենք ու նախագծենք մեր անելիքներն ու նվաճումների բնագծերն առաջիկա 20 տարիների համար։ Իսկ որպեսզի ներկայացնենք ու նկարագրենք, եթե կուզեք, «պատմության ընթացքով» և «համաքաղաքակրթական գործընթացով» կանխորոշված և մեր ժողովրդի (ՀՀ-ում բնակվող և աշխարհասփյուռ) ճնշող մեծամասնության համար անհրաժեշտ աշխատանքների ու ջանքերի, ծրագրերի ու նախագծերի, բարեփոխումների ու վերակազմումների այն ծավալը, որը մենք պետք է հաղթահարենք գալիք 20 տարում, ապա պետք է, նախ, նկարագրենք ինչպես մեր ներկա վիճակը (իրականությունը), այնպես էլ ապագայի կերպարը (20 տարի անց), որը կարելի կլինի համեմատել ու համակցել «քաղաքակիրթ աշխարհի» նկարագրի հետ, և երկրորդ, համադրել այդ երկու միմյանցից շատ ու շատ հեռու կերպարնելը: Սա ամենևին էլ հեշտ խնդիր չէ, սակայն, միևնույն ժամանակ, ունի իր պատմական նախադեպերը, և ուրեմն՝ իրագործելի է: Եվ մենք բավական ունակ մարդիկ ունենք, ովքեր կարող են առավելագույնս անաչառորեն և անկախակալ գնահատել և նկարագրել մեր ներկա իրողության բազմակողմանի պատկերը: ՈՒնենք, իհարկե, նաև առանձնապես օժտված անհատներ, ովքեր ի զորու են, գնահատելով իրենց ժողովրդի հավաստի և իրականությանը մոտ կարողությունները, իրենց նուրբ ու զարգացած երևակայությամբ և ներզգացողությամբ նկարագրել մեր ապագա իրողության պատկերը: Իսկ մեզ մնում է սոսկ համադրել այս երկու պատկերները և առանձնացնել աշխատանքների այն ծավալը, որ մենք պետք է հասցնենք կատարել առաջիկա 20 տարում:
Կրթյալ մարդկանց և պրոֆեսիոնալների համար (ինչպես նաև ուրիշ շատերի, ում քիչ է հետաքրքրում այս գործընթացը) ավելի քան ակնհայտ է, որ անգամ առանց վերը բերված պատկերների մանրամասնման և նկարագրման էլ աշխատանքների այդ ծավալը հսկայական է (շատ ու շատ ավելի մեծ, քան արդեն արվածը):
Այո, իրոք, առայժմ սա «մոտավոր հաշվարկի գնահատական» կամ «կանխատեսություն» է: Բայց, միևնույն ժամանակ, մենք լավ ենք հասկանում, թե ինչպես բառացիորեն մեր սերնդի աչքի առջև որոշ պետություններ ու ժողովուրդներ կարողացել են հաղթահարել նույնպիսի դժվարին, սկզբում անհաղթահարելի թվացող, ճանապարհ և հասել իրենց նոր նկարագրին: Պատմական այս փորձում մեզ համար կարևոր են ոչ թե քանակական չափանիշները, այլ մոդելները, մոտեցումները, կարողությունն ու աշխարհաքաղաքական քարտեզը՝ նրանում տեղի ունեցող գործընթացներով:
Երկրի ներկա քաղաքական ղեկավարությունն իր գործունեության այս ասպարեզում էլ շատ արժեքավոր ու անհրաժեշտ գործեր է արել ու նախաձեռնել (տեղի սղության պատճառով է, որ թվարկումները չեմ անում և չեմ մանրամասնում): Եվ դա անում է նախ և առաջ, որովհետև.
-լավ է պատկերացնում իր իրացմանն սպասող աշխատանքների ու գործերի այդ ծավալի քանակական ու որակական բնութագրերը,
-զգում է (այդ խոսքի լիակատար իմաստով) Ժամանակի ու գործընթացների թելադրած անհրաժեշտությունները,
-մտադիր է ամենայն լրջությամբ ձեռնամուխ լինել աշխատանքների ու գործերի նախատեսված ծավալի իրականացմանը,
-հավատընծա պատասխանատվությամբ է համակված մեր ապագա նկարագրի համար։
Պակաս ակնհայտ չէ նաև այն, որ նույն խոհերը, հոգսերը, պատասխանատվության բեռը և գործողությունների ձգտումը համակում են նաև մեզանից շատերին՝ Աստծո լույսով, իսկ հաճախ պարզապես ճակատագրի թելադրանքով քիչ ավելի կամ պակաս օժտված, բայց գրեթե միշտ ունեցածով բավարարվող ու գնահատող և ունեցածի համար երախտապարտ հասարակ մահկանացուներիս:
Արդի մի շարք փայլուն ուղեղներ միաձայն պնդում են, որ Եվրոպան, ապրելով նաև գժտությունների, երկպառակության, արյունալի և ավերիչ պատերազմների, ռազմական բլոկների դիմակայության (համաշխարհային պատերազմի վերաճած) ժամանակաշրջան, հանգեց իր միավորմանը, հասկանալով, գիտակցելով և ձևակերպելով ժառանգած այն արժեքավորը, ինչը կարող էր նրան միավորել:
Ահա մենք էլ ենք այսօր հանգել նրան, որ գիտակցենք ու ձևակերպենք ժառանգած այն արժեքավորը, ինչը կարող է և պետք է միավորի ինչպես Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին, այնպես էլ ամբողջ Հայությանը:
(շարունակելի)
Հրաչյա ԲԱԴԱԼՅԱՆ

Դիտվել է՝ 1571

Մեկնաբանություններ