Մահափորձ է տեղի ունեցել ԱՄՆ-ի նախկին նախագահ և նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփի դեմ՝ Փենսիլվանիայի Բաթլեր քաղաքում նրա նախընտրական հանրահավաքի ժամանակ։ Թրամփի ականջն է վիրվորվել։ Երկու մարդ սպանվել է, այդ թվում՝ կրակողը՝ Փենսիլվանիայի 20-ամյա բնակիչ Թոմաս Մեթյու Քրուքսը։ Ըստ ԶԼՄ-ների, ոճրագործին գնդակահարել է Գաղտնի ծառայության դիպուկահարը։               
 

«Քաղաքական գործիչ չեմ, այլ տեխնոկրատ մենեջեր»

«Քաղաքական գործիչ չեմ, այլ տեխնոկրատ մենեջեր»
20.02.2009 | 00:00

«ԵՍ ԻՄ ՏԵՂՆ ԻՄԱՑՈՂ ՄԱՐԴ ԵՄ»
«Իրավունքը de facto»-ի հարցերին պատասխանում է ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար ԱՐՄԵՆ ԳԵՎՈՐԳՅԱՆԸ
(սկիզբը` նախորդ համարում)
-Պարոն Գևորգյան, անդրադառնանք ընդդիմությանը. վերջինիս հետ` «ճակատամարտում, ինչպես ճակատամարտո՞ւմ». Դուք ա՞յդ բանաձևումի կողմնակիցն եք:
-Չեմ կարծում, որ մենք ճակատամարտում ենք։ Անկեղծ եմ ասում, երբևիցե նման մտադրություններ չեն եղել և չկան: Այլ բան է, որ իրենք` հանդիպակաց կողմը, այլ կերպ է մտածում: Բոլոր դեպքերում, գոնե ես միշտ փորձել եմ կառուցողական լինել:
-Ի դեպ. կառավարման համակարգ Ձեր այսքան խոստումնալից մուտքի համար Դուք, կարծես, պարտական եք այսօրվա շատ հայտնի ընդդիմադիր թերթերից մեկի խմբագրուհուն, այո՞:
-Ճիշտ է: Պետական համակարգում սկսել եմ աշխատել վարչապետ Արմեն Սարգսյանի օրոք` 97 թվից: Արմեն Սարգսյանի հետ իմ ծանոթության առիթը եղել է Շողերը: Շողեր Մաթևոսյանը. ընդհանուր ընկերների միջավայրում, եթե չեմ սխալվում, կինո «Մոսկվայում» էր, ծանոթացանք, ինքն այն ժամանակ պատգամավոր էր, հետաքրքրվեց` կարո՞ղ է ցանկանամ Հայաստանում աշխատել. Սանկտ Պետերբուրգից նոր էի վերադարձել, ասպիրանտուրան ավարտել, մի շաբաթով եկել էի ծնողներիս տեսության: Մի խոսքով, մնացի. Արմեն Սարգսյանի հետ հանդիպեցինք տիկին Մաթևոսյանի աջակցությամբ, զրուցեցինք, Ա. Սարգսյանն առաջարկեց վերադառնալ Հայաստան, աշխատել իր թիմում` որպես օգնական:
-«Նախկին» եք` «նախկին» պարոն Գևորգյան, համ էլ` «պարտական» Շողերին:
-Ես չեմ հերքում Շողերի դերակատարությունն իմ կյանքում: Գիտեք` այն ժամանակ ես շատ ջերմ հարաբերություններ ունեի նաև իր եղբոր` Դավիթի հետ։ ՈՒզում եմ ասել, որ մարդկային առումով իմ մեջ փոփոխություններ տեղի չեն ունեցել:
-Իսկ տղաները, Ձեր գործընկերները, արդեն մեկ տարի է, նստած են քաղաքական դրդապատճառներով: Որպես շատ «չփոխված մարդ», որպես քաղաքական գործիչ,Դուք դա նորմա՞լ եք համարում: Որևէ քայլ երբևէ արե՞լ եք երկխոսությանը նպաստելու, մթնոլորտի լարվածությունը թուլացնելու, տղաներին ազատելու համար:
-Քաղաքական դրդապատճառների մասով չեմ կարող համաձայնել նման ձևակերպման հետ, որովհետև այդ կարգի հարցերը պետք է լուծվեն բացառապես իրավական ճանապարհով: Հիմա չքննարկենք, բայց ինչ-ինչ պատճառներով այս իրավիճակը ստեղծվել է, և եթե կա այսպիսի իրավիճակ, ապա պետք է անպայմանորեն դրան տրվի իրավական գնահատական, հակառակ դեպքում այն շատ լուրջ նախադեպի կվերածվի, կսպառնա պետության անվտանգությանը: Երկխոսության մասով. նախագահ Սարգսյանը քանիցս հանդես է եկել երկխոսության առաջարկով:
-Խոսենք ավելի կոնկրետ. երկխոսության չկայացման փաստը Ձեզ չի՞ անհանգստացնում:
-Ես շարունակեմ. եթե նույնիսկ մի կողմ թողնենք Սերժ Սարգսյանի կոչը` հնչած այս հրապարակից (հարցազրույցը տեղի էր ունենում կառավարության շենքում- հեղ.), ապա նախագահն օգոստոսին էլ առաջարկեց ձևավորել հանրային խորհուրդ, սեպտեմբերին էլ քաղաքական կուսակցությունների հետ Ղարաբաղի հարցով երկխոսություն նախաձեռնեց։ Ընդդիմությունը որևէ կերպ չարձագանքեց դրանց:
-Ո՞նց կարող էր արձագանքել, եթե տղաները նստած են:
-Դուք կարծում եք` եթե տղաները նստած են, նստած տղաների ընկերները չպե՞տք է գնան բանակցությունների, փորձեն երկխոսել իշխանությունների հետ։ Եթե այդ ճանապարհով գնանք, ոչ մի տեղ չենք հասնի: Չգիտես ինչու, նրանք ամեն կերպ փորձում են «իզոլյացված» մնալ, և դա այն դեպքում, երբ այս կողմից մշտապես փորձեր են արվում կամուրջներ կառուցելու: Այդ պրոցեսի մի մասն էլ «յոթի» գործն է. արդյո՞ք նշանակում է, որ քանի գործն ընթանում է, ընդդիմադիր թևը ոչ մի քաղաքական ձեռնարկ չպետք է իրականացնի: Իրականացնում է, չէ՞. ասենք` պատրաստվում է մարտի մեկի հանրահավաքին, ասել է` իրենք անընդհատ քաղաքական պրոցեսի մեջ են, և այդ պրոցեսի մի մասն էլ կարող էր լինել իշխանությունների հետ երկխոսությունը կամ ինչ-որ հարցերի քննարկումը: Ես գոնե այդպես եմ մտածում, բայց քանի որ ես քաղաքական գործիչ չեմ (արդեն ասել եմ), այլ տեխնոկրատ մենեջեր, ինձ համար դժվար է վերջնական քաղաքական գնահատականներ տալը:
-Ի դեպ, Լևոն Տեր-Պետրոսյանը մարտի մեկին` իր տանը տված ասուլիսում, ասել էր, որ դեռ «արտակարգ դրություն չէր հայտարարված, ինձ տեղյակ պահեց գեներալ Սարկիսովը, որ այլևս ոչ մի կոմպրոմիս. հետո դա հաստատեցին ինը դեսպանները, որոնք գնացել էին նախագահական։ Ինը դեսպաններին Արմեն Գևորգյանն ասել էր` ոչ մի կոմպրոմիս, պիտի ցրենք»: Իսկ ցրելը, պարոն Գևորգյան, այլ կերպ, քան ուժի գործադրմամբ, կարծեք թե չի լինում:
-Համոզված եմ, որ դեսպանները նման բան ասել չէին կարող Լևոն Տեր-Պետրոսյանին, որովհետև ես նման հարց դեսպանների հետ չեմ քննարկել: Դեսպանների հետ ես, իրոք, հանդիպել եմ: Մենք քննարկել ենք ստեղծված իրավիճակը, իրենք իրենց առաջարկություններն են ներկայացրել` ինչպես անենք, ոնց կարող ենք դուրս գալ այդ իրավիճակից և այլն: Նման բան ես իրենց չեմ ասել. Տեր-Պետրոսյանի ասածն իրականությանը չի համապատասխանում:
-Եվ, այնուհանդերձ, ուժ կիրառվեց, չէ՞:
-Բայց դա չի նշանակում, թե ես դեսպանների հետ նման հարց եմ քննարկել: Դեսպաններն իրենք էին դիմել մեզ` առավոտյան, օպերայի հրապարակում տեղի ունեցած դեպքերի-զարգացումների առնչությամբ, մենք իրենց հետ քննարկել ենք, թե ինչպես են եղել այդ դեպքերը:
-Մենք` ովքե՞ր:
-Ես և դեսպանները: Չէ՛, կարծես, նախագահականից էլի մարդիկ կային։ Բոլոր դեպքերում, ես դեսպաններին ներկայացրել եմ առավոտվա զարգացումները: Ինչ էր լինելու հետո, ընդհանրապես նրանց հետ չի քննարկվել, որովհետև ես նման լիազորություն չունեի:
-Իսկ չգիտե՞ք` ով է տվել մարտի մեկին կրակելու հրամանը, պարոն Գևորգյան։
-Ո՛չ: Զարգացումներին մասնակցելու իրավասություն ես չունեի, և, նորից եմ կրկնում, ես այն մարդն եմ, որն իր տեղն ու իրավասությունները շատ լավ գիտի, և ես զբաղվել եմ իմ կոնկրետ պարտականություններով։ Այդ օրվա կոնկրետ պարտականությունների մասին էր դեսպանների հետ հանդիպումը: Եվ ես հանդիպել եմ: Ընդամենը:
-Բոլոր դեպքերում, մարտի մեկին առնչվող իր հատուկ զեկույցում ՀՀ մարդու իրավունքների պաշտպանն արձանագրել էր, որ նման հրաման տալու իրավասություն երկրում կարող է ունենալ միայն մեկ մարդ` երկրի նախագահը, որի աշխատակազմի ղեկավարը Դո՛ւք էիք, պարոն Գևորգյան:
-Այո՛, և որպես աշխատակազմի ղեկավար, ես նախապատրաստել եմ պարոն նախագահի հրամանագիրը` արտակարգ իրավիճակ մտցնելու մասին:
-Իմ ասած հրամանը, թերևս, եղել է բանավոր, և, ինչպես նշել է մարդու իրավունքների պաշտպանը, այն կարող էր լոկ մեկ մարդու իրավասության ներքո լինել:
-Գիտե՞ք, այդ ամենն ընդամենը ենթադրություններ են։ Ինքս էլ կարող եմ հազար ու մի ենթադրություն անել: Պատկերացնո՞ւմ եք, եթե ես էլ ենթադրություններով կառավարության որոշումներին և կամ հրամաններին վերաբերվեմ, ինչ կստացվի:
-Բայց դե ինչ-որ մեկը հրաման տվել է, չէ՞, պարոն Գևորգյան:
-Ճիշտ է, դրա համար էլ կա դատախազություն, դատական քննություն, և ես չէ, որ այդ հարցերին պետք է պատասխանեմ:
-Կարծում եք` երբևէ այդ հարցերին պատասխան կտրվի՞:
-Իսկ ինչո՞ւ ոչ: Դուք կարծում եք` ո՞չ:
-Կարծում եմ:
-Իզո՛ւր:
-«27-ի» հարցերին էլ պատասխաններ չտրվեցին:
-Իսկ իմ կարծիքով` «27-ի» հետ կապված ամեն ինչ պարզ է, դատական վճիռը կա, դատական պրոցեսը բավականին բաց է ընթացել, և չկա որևէ հանգամանք, որն ուսումնասիրված և կամ պատճառաբանված չլինի:
-Ոնց որ թեմայից շա՜տ «շեղվեցինք»: Անցնենք բլիցին, պարոն Գևորգյան։ Ձեզ համար ասվում է` լավ-գրագետ «տյոմնի իգրոկ», որը կարողացավ «հաղթել» շատերին և առայսօր մնալ ձիու վրա: Ձեր հարատևման գաղտնիքը:
-Սկսենք նրանից, որ ես համաձայն չեմ այդ ձևակերպումների հետ։ Իմ բոլոր նշանակումներն ինձնից կախված չեն եղել։ Ինձ նշանակել են, ես էլ մեծ պատասխանատվությամբ կատարել եմ իմ պարտականությունները: Այլ պատճառ չկա:
-Դուք, այսպես ասած, «լռող-գորշ կարդինալ» եք եղել և «սպասել» եք, որ խեցգետինը սուլի: Ինչո՞ւ մեկ էլ որոշեցիք, որ նա այլևս չպետք է սուլի. նկատի ունեմ հանգամանքը, որ վերջին շրջանում Դուք բավականին հրապարակային գործունեություն եք ծավալել, պատճա՞ռը:
-Նկատի ունեք այս հարցազրո՞ւյցը: Այո, դա կա: Պատճառն էլ այն է, որ հարգեցի Ձեր խնդրանքը:
-Պարո՜ն Գևորգյան, դե, այդ ի՜նչ եք ասում, հարցազրույցի «հարցով» ես Ձեզ դիմել եմ Ալեքսանդրի օրոք, Նիկոլայի օրոք, ՆԷՊ-ի օրոք, Ստալինի օրոք...
-Այն ժամանակ, երբ Դուք ինձ դիմել եք, ես ընդամենը պաշտոնյա էի կոնկրետ մի կառույցում:
-Որն ավելի ուժեղ, ավելի էսպես` «գորշ» ու կարդինալի հզոր մունդիր ուներ զգեցած, իսկ հիշո՞ւմ եք, թե մի պահ ինչ ահավոր «վեճ» ունեցանք «զմիմյանս»` «հարցազրույցի» խնդրով:
-Այո՛, դա՜ էլ եմ հիշում: Բայց և, կարծում եմ, քանի որ այսօր ես զբաղեցնում եմ այս պաշտոնը, ապա իմ գործունեությունը պետք է լինի թափանցիկ, բաց, հրապարակային:
-Իսկ ո՞վ է ասել, որ նախագահի աշխատակազմի ղեկավարի պաշտոնը պետք է լինի անթափանց` «փակ-գաղտնի»: Օ՜, պարոն Գևորգյան, ես գիտեմ չինովնիկի` բավականին բարձրաստիճան, ով, երբ Դուք այն օրերին զանգում էիք, այնքան էր հուզվում, որ ակամա կանգնում և կանգնած էր Ձեզ հետ խոսում:
-Դուք երևի փոքր-ինչ այլ կերպ եք պատկերացնում նախագահի աշխատակազմի գործունեությունը. ես իմ բոլոր գործընկեր-պաշտոնյաների հետ շփվել եմ ընդգծված հարգանքով, և Ձեր մատնանշած չինովնիկի արարքը բացարձակապես կապ չունի ինձ հետ:
-Իսկ կարո՞ղ է` այս նոր պոստում հրապարակայնության դրսևորմամբ սուբլիմացնում եք այն մեխանիզմների պակասը, որն ունեիք ժամանակին:
-Ո՛չ. մեխանիզմների պակաս հիմա էլ չկա: Պարզապես այն ժամանակ կար նախագահ, և ես իր օգնականն էի, աշխատակազմի ղեկավարը: Ասել է` այդ դեպքում դու առանձնապես ինքնուրույն գործիչ չես, և քո բոլոր գործողություններն ածանցյալ են այդ ղեկավարի գործունեությունից:
-Միակ պատճառը դա՞ է, թաքուն պատճառ չունե՞ք:
-Ո՛չ, և սա ասում եմ ամենայն անկեղծությամբ. չունեմ, չեմ ունեցել և, կարծում եմ, չեմ էլ ունենալու:
-Այսպիսի մի «թույն» տեղեկատվություն. Ձեր մասին ասվում է, որ Դուք գործնական, «այլական» հանդիպումներին չեք մասնակցում, եթե դրանց չի մասնակցում առնվազն նախագահը:
-Նման բան նույնպես չի եղել, չկա և չի կարող լինել։ Բոլոր աշխատանքային հանդիպումներին ես մասնակցում եմ, և նման խնդիր երբեք չի եղել։ Դա երևի կոմպլեքսավորված անձնավորությունների մտքի արգասիք է։ Իրենք երևի նման խնդիրներ ունեն: Ի՞նչ է, ուզում եք կրկի՞ն երկրորդեմ, որ ես իմ տեղն իմացող մարդ եմ:
-Ձեզ համար ասվում է, որ Դուք եք պահել-պահպանել Սուրեն Խաչատրյանին բոլոր կարգի պաշտոնանկումներից:
-Գիտե՞ք, ես խնդիր չունեմ ինչ-որ մեկին պաշտպանելու կամ չպաշտպանելու: Ես ընդամենը կատարել եմ իմ պարտականությունները: Եվ ընդհանրապես, նմանատիպ հարցերում ես երբեք չեմ կարող ինձ թույլ տալ դուրս գալ ֆորմալ դաշտից, որովհետև եթե ի պաշտոնե դու դուրս ես գալիս այդ դաշտից և սկսում փնտրել սուբյեկտիվ ինչ-ինչ խնդիրներ-պատճառներ, երբեք իրավական լուծման չես հանգի, կլինի ինչ-որ նպատակահարմարության:
Իսկ այն, ինչ տեղի է ունեցել այդ հայտնի «ծառայողական քննության» ժամանակ, եղել է հրապարակային, կառավարության նիստի ընթացքում, և բոլորը գիտեն քննության արդյունքների մասին, ուստի պաշտպանելու-չպաշտպանելու հարց չէր կարող լինել: Համենայն դեպս, այն, ինչ ես զեկուցել եմ երկրի ղեկավարությանը, իրենք ընդունել են ի գիտություն, ասել է` հիմքերն այդպիսին են:
-Փաստորեն, Դուք, ու բոլորը, «համոզված» եք, որ այդ երեխային չէ՞ր ծեծել համապատասխան «պաշտոնյան»:
-Եթե Դուք լսել եք իմ զեկույցը, ապա գիտեք, որ այնտեղ նման բան գրված չէր: Ես ասել եմ` եղել է խնդիր, կենցաղային մակարդակում, երկու կողմի ծնողները հանդիպել են միմյանց, քննարկել և որոշել ընթացք չտալ:
-Բայց, պարոն Գևորգյան, արդյունքում տուժեց նորանշանակ վարչապետը, չէ՞. այն առումով, որ նրա սկսած առաջին ծառայողական քննությունը «կուտ գնաց»:
-Ես այլ կարծիքի եմ` այդպես չէ. չնայած շատերը կուզեին, որ այդպես լիներ: Վարչապետի այդ նախաձեռնությունն իրականում շատերին զգոնացրեց, և եթե որոշ մարդկանց աշխատանքի ոճում կարող էին նմանատիպ դրսևորումներ լինել նախկինում, ապա վերջին յոթ-ութ ամիսների ընթացքում այդպիսի դրսևորումներն իսպառ բացառվում են:
-Հասանք ավանդական հարցին` էլիտարներին, «սանիկ» Մայրապետյանին:
-Գիտե՞ք, մի անգամ էլ է առիթ եղել ասելու, և հիմա էլ եմ ասում. երբ Սամվել Մայրապետյանն սկսել է իր բիզնեսը, ես Հայաստանում չեմ եղել: Բայց մենք, իրոք, շատ լավ ընկերներ ենք. մեր ընտանիքները շատ լավ բարեկամություն են անում, դա ընտանեկան, շատ լավ ընկերություն-բարեկամություն է: Կարծում եմ, որ հարցն այդ ձևով հանրությանը ներկայացնելը, թե իբր ես էլիտարների ջատագովն եմ, շատ անիմաստ է: Երկրորդեմ` Սամվելն իր թե՛ առաջին, թե՛ երկրորդ, թե երրորդ շենքերի կառուցումը սկսել է առանց ինձ:
-Չեմ հարցնում` որ շենքից սկսած Դուք արդեն Հայաստանում էիք, այլ անցնում եմ առաջ: Այսպես` եթե վերևներում լինի ֆորս-մաժոր, և այնպես ստացվի, որ Դուք թողնեք Ձեր պաշտոնը, ապա (ինչպես և մասնավոր զրույցում ասել եք) կզբաղվեք Սանկտ Պետերբուրգում ունեցած Ձեր բիզնեսով, այո՞:
-Նման բան չեմ հիշում, որ մեկի հետ խոսել եմ, անկեղծ եմ ասում: Դա, երևի, էլի «հորինումների» շարքից է: Իսկ մինչ Հայաստան գալը ես, իրոք, 7 տարի աշխատել եմ Ռուսաստանում և այնտեղ բավականին հետաքրքիր և բազմածավալ գործունեություն ունեցել: ՈՒ չեմ կարծում, որ եթե Հայաստանում պաշտոն չունենամ, ես կվերադառնամ Ռուսաստան: Եթե նման իրավիճակի հանդիպեմ, ապա չեմ մեկնի Հայաստանից, և հետո, կարծում եմ, ի վիճակի կլինեմ ինչ-որ նոր գաղափարների-նախաձեռնությունների վրա աշխատել և պահել իմ ընտանիքը: Բայց այսօր նման անհրաժեշտություն չկա:
-Հայտնի հեռուստալրագրող Պոզներն ավանդական երկու հարց ունի, որ ես շատ եմ սիրում ու որոշել եմ «ներմուծել». առաջին հարցը` ինչի՞ համար եք ամենից շատ ափսոսում:
-Անսպասելի հարց էր... Անկեղծ ասած, որևէ այդպիսի կոշտ-կոպիտ սխալ թույլ չեմ տվել կարծես, կամ այնպիսի վատություն չեմ արել, որ ափսոսամ: Ափսոսանքս, թերևս, անձնական բնույթ ունենա. իմ տանն այսօր մեծանում է երեք երեխա, և, երևի թե, ափսոսում եմ, որ ավելի շուտ չեմ ամուսնացել:
-Երբ հանդիպեք Աստծուն` դեմ առ դեմ, ի՞նչ կասեք նրան:
-Երևի, առաջին հերթին, ներողություն կխնդրեմ արածներիս ու չարածներիս համար, կարծում եմ` Նա ավելի լավ գիտի իմ լավի ու վատի մասին: Ամեն դեպքում, բոլորս էս կյանքից ինչ-որ մեղքերով ենք գնալու:
-Ա՜յ պարոն Գևորգյան, ախր մի քիչ առաջ ասում էիք` ոչ մի բանի համար չեք ափսոսում, հիմա էլ...
-Չէ՛, ես ասացի, որ չեմ ափսոսում արած-չարածների համար, բայց մեկ է` որ կյանքից գնանք, հո անմեղ չե՞նք գնալու...
Հարցազրույցը` Կարմեն ԴԱՎԹՅԱՆԻ

Դիտվել է՝ 3272

Մեկնաբանություններ