Մահափորձ է տեղի ունեցել ԱՄՆ-ի նախկին նախագահ և նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփի դեմ՝ Փենսիլվանիայի Բաթլեր քաղաքում նրա նախընտրական հանրահավաքի ժամանակ։ Թրամփի ականջն է վիրվորվել։ Երկու մարդ սպանվել է, այդ թվում՝ կրակողը՝ Փենսիլվանիայի 20-ամյա բնակիչ Թոմաս Մեթյու Քրուքսը։ Ըստ ԶԼՄ-ների, ոճրագործին գնդակահարել է Գաղտնի ծառայության դիպուկահարը։               
 

Անկախության ակունքներում

Անկախության ակունքներում
25.09.2009 | 00:00

2009 թվականի սեպտեմբերի 23-ին լրացավ 1960-ականների հայ ազգային ընդհատակյա շարժման լեգենդար հերոս ՀԱՅԿ ԻՍԿԱՆԴԱՐՅԱՆԻ ծննդյան 100-ամյակը:
Հայոց պատմությունը 1991 թվականի սեպտեմբերի 21-ից չի սկսվում, չի սկսվում 1920 թվականի նոյեմբերի 29-ից կամ 1918 թվականի մայիսի 28-ից, առավել ևս` 301 թվականից։
Հայոց պատմության սկիզբը, ամենահամեստ հաշվարկներով, ձգվում է մոտ 5000 տարի, երբ մեր Նահապետ Հայկը առաջին անգամ Հայկական հարցն ասպարեզ հանեց և լուծեց` թշնամուն տապալելով իր զենքի դիպուկ հարվածով:
Հետագայում Հայկական հարցը տարբեր փորձությունների ենթարկվեց` իր հետ ամրագրելով նաև մեզ համար ամոթալի ցեղասպանություն եզրահանգումը, որի հիշատակումը խորհրդային պայմաններում ապրող հայի համար պահվեց արգելքի տակ: Սակայն այդ հարցը չփակվեց, և խորհրդային Հայաստանում գաղտնի պայմաններում ձևավորվեցին ազգային քաղաքական կազմակերպություններ, որոնցից մեկը բացահայտվեց 1968 թվականի հուլիսի 2-ին: Կազմակերպությունը կոչվում էր «Հանուն հայրենիքի», և նրա անդամները, մեղադրվելով ընդհատակում համանուն ամսագիր հրատարակելու մեջ, ձերբակալվեցին: 1969 թվականի փետրվարի 19-ին տեղի ունեցավ նրանց դատավարությունը, որի ընթացքում պարզվեց, որ մեղադրյալ Հայկ Իսկանդարյանը հարցաքննության ընթացքում` 1969 թվականի դեկտեմբերի 25-ին, մահացել է: Մյուս մեղադրյալները` Ասատուր Բաբայանը, Հովիկ Վասիլյանը, Գևորգ Հեքիմյանը, Աղասի Անտոնյանը, Սարգիս Թորոսյանը, Շիրակ Գյունաշյանը և Լևոն Առուշանյանը, դատապարտվեցին տարբեր պատժաչափերով և աքսորվեցին հեռավոր Մորդովա:
Իր մտավոր ներուժով, աննկուն կամքով և կյանքի գնով 1960-ականների հայ ազգային գաղափարախոսության զարգացմանը նվիրված հազվագյուտ մարդու` Հայկ Իսկանդարյանի անվան շուրջ, նույնիսկ անկախացած Հայաստանի պայմաններում, առեղծվածային լռությունն ու զգուշավորությունը դեռ պահպանվում են:
Այսօր, փորձելով մոտենալ Հայաստանի Հանրապետության անկախության ակունքներին, անհրաժեշտաբար պետք է հասկանանք 1960-ականների ազգային շարժման նպատակները, ծանոթանանք հայկական հարցի լուծման` այդ ժամանակաշրջանի մոտեցումներին և նվիրյալներին:
ՀԱՅԿ ԲԱՂԴԱՍԱՐԻ ԻՍԿԱՆԴԱՐՅԱՆ
Հայկ Բաղդասարի Իսկանդարյանը ծնվել է Սիսիանի շրջանի Ախլաթյան գյուղում: Մինչև 1922-ն ապրել է գյուղում, սովորել տեղի դպրոցում: Հոր հետ տեղափոխվելով Բաքու` սովորել և 1928-ին ավարտել է Բաքվի Թումանյանի անվան դպրոցը: Նույն տարում ընդունվել է Երևանի պետական համալսարանի շինարարական ֆակուլտետը, սովորել մինչև 1930-ը: 1931-36-ին ուսանել է Մոսկվայի Կույբիշևի անվան ռազմա-ճարտարագիտական ակադեմիայում, որն ավարտելուց հետո աշխատել է Մոսկվա-Վոլգա ջրանցքում` որպես նախագծող: 1938-41-ին էվակուացվել է նախ` Սարատով, ապա Երևան: Աշխատել է «ՍևանՀԷԿ» շինվարչությունում:
1942-ին մեկնել է բանակ: Կերչի ռազմաճակատում, գտնվելով շրջափակման մեջ, ակամա հայտնվել է գերության մեջ: Ռազմագերիների ճամբարում հայերին առանձնացրել և տեղափոխել են Լոխվիցա քաղաք: Այնտեղ ընդունվել է հայկական լեգեոն: Ստացել է ջոկատի հրամանատարի կոչում` անցնելով կրտսեր հրամանատարների դպրոցը, սակայն, առանց այն ավարտելու, ուղարկվել է Բեռլին, որտեղ աշխատել է ռազմագերիների համար հրատարակվող «Հայաստան» լրագրի խմբագրությունում, որպես թարգմանիչ: Այդ ընթացքում հանդիպել է Նժդեհին, մասնակցել նրա ժողովներին: 1944-ին, վստահություն չներշնչելու պատճառով, գերմանացիների կողմից ձերբակալվել և ուղարկվել է քաղկալանավորների բանտ: Սակայն քաղկալանավորներին թիկունք տեղափոխող գնացքի ռմբակոծության ժամանակ փախել է ֆրանսիական Նիմ քաղաք ու, միանալով պարտիզաններին, մասնակցել նրանց ռազմական գործողություններին: 1945-ին հայկական գնդի հետ վերադարձել է հայրենիք: Անմիջապես աշխատանքի է անցել, նախ, ռազմական շինվարչությունում որպես ճարտարագետ, ապա,1947-50 թթ., ԳյումուշՀԷԿ-ի շինարարությունում` ավագ աշխղեկ, այնուհետև, 1950-54 թթ., «Հայհիդրոէներգանախագիծ» ինստիտուտում, որպես նախագծի գլխավոր ճարտարագետ, Բրատսկի ՀԷԿ-ի շինարարությունում` տեղամասի պետ և, վերջապես, 1960-ից մինչև ձերբակալվելը` 1968-ի սեպտեմբերի 10-ը, «Երևաննախագիծ» ինստիտուտում, որպես հիդրոտեխնիկական կառույցների խմբի ղեկավար:
Հայկ Իսկանդարյանի ազգային-քաղաքական գործունեությունը կայացել է գաղափարական քարոզչության մեջ: Նա թռուցիկներ է գրել, բազմացրել ազգային գրականություն և տարածել: Կազմակերպել է ստորագրահավաք և ուղարկել ԽՍՀՄ ղեկավարներին` պահանջելով Ղարաբաղի և Նախիջևանի վերամիավորումը ՀԽՍՀ-ին: Այդ ընթացքում նրա հետ ծանոթացել է Ասատուր Բաբայանը, իսկ նրա միջոցով` նաև Սարգիս Թորոսյանը, որից էլ «Հանուն Հայրենիքի» ամսագիր տպելու առաջարկություն է ստացել: Նա ամսագրին է տրամադրել Նժդեհի «Բաց նամակ հայ մտավորականությանը» գրքույկը, Ավետիս Ահարոնյանի «Սովետական Ռուսիոյ Արտաքին գործոց ժողկոմիսար Չիչերինին» հոդվածը և այլ նյութեր:
Իսկանդարյանի տան խուզարկության ժամանակ, նրա կազմած թռուցիկներից բացի, հայտնաբերվում է նաև կոչ` «Հայկական Դատի Երևանյան կոմիտե» վերտառությամբ:
Այսօր խիստ տեղին ենք համարում ներկայացնելու 45 տարի առաջ հայ ժողովրդին ուղղված այդ կոչից մի հատված. «Հիշենք, ազատությունն ու անկախությունը ստանում են այն ժողովուրդները, որոնք միասնական ճակատով են հանդես գալիս իրենց պաշտպանության գործում։
Այդ ճակատը պետք է միավորի բոլոր, մինչև իսկ հակադիր ուժերը, որի համար չպետք է խնայել անձ, ընտանիք, կուսակցություն, դավանանք։ Երբ կողմնակի կերպով քննում ենք մեր ժողովրդի կուսակցությունների` միմյանց դեմ մղած պայքարը, շշմում ենք այդ անմտությունից, գարշում ուրիշների առջև նրանց ողբալի ծառայակամությունից։ Դադարեցրեք անիմաստ գզվռտոցը, լեզու գտեք միմյանց հետ, մոռացեք ձեր խորշանք բերող կռիվները։
Հասկացեք, որ դա ինչ-որ անհայտ ու հայտնի ճանապարհներով թելադրվում է հայ ազգի հայտնի ու անհայտ ոսոխներից»։
Ներսես ՆԵՐՍԻՍՅԱՆ

Դիտվել է՝ 2418

Մեկնաբանություններ