Մահափորձ է տեղի ունեցել ԱՄՆ-ի նախկին նախագահ և նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփի դեմ՝ Փենսիլվանիայի Բաթլեր քաղաքում նրա նախընտրական հանրահավաքի ժամանակ։ Թրամփի ականջն է վիրվորվել։ Երկու մարդ սպանվել է, այդ թվում՝ կրակողը՝ Փենսիլվանիայի 20-ամյա բնակիչ Թոմաս Մեթյու Քրուքսը։ Ըստ ԶԼՄ-ների, ոճրագործին գնդակահարել է Գաղտնի ծառայության դիպուկահարը։               
 

«ԼԱՎ ՄԱՍՆԱԳԵՏԸ ՄԱՍՆԱՎՈՐԻ ՄՈՏ Է ԱՇԽԱՏԱՆՔ ՓՆՏՐՈՒՄ»

«ԼԱՎ ՄԱՍՆԱԳԵՏԸ ՄԱՍՆԱՎՈՐԻ ՄՈՏ Է ԱՇԽԱՏԱՆՔ ՓՆՏՐՈՒՄ»
11.02.2011 | 00:00

Այսօր միջին աշխատավարձով աշխատանք գտնելը դարձել է դժվար լուծելի խնդիր, պետական կառույցներում աշխատանքի տեղավորվելը երազանքի պես մի բան է ցանկացած բարձրագույնավարտի համար: Եթե ոմանց բախտն էլ բերում է, ցածր աշխատավարձն է արդեն դժգոհությունների առիթ տալիս:
Այդուհանդերձ, ինչպե՞ս Հայաստանում աշխատանք գտնել, արդյոք պե՞տք է օգտվել աշխատանքի տեղավորման գործակալությունների ծառայություններից: Որքա՞ն են վերջիններս օգնում մարդուն այդ կարևորագույն հարցում: Վերջապես, ի՞նչն է պատճառը, որ աշխատանք փնտրողների զգալի մասն այսօր նախապատվությունը տալիս է մասնավոր կազմակերպություններին:
«Լավ մասնագետը մասնավորի մոտ է աշխատանք փնտրում, իսկ պետական համակարգը, ցածր աշխատավարձի պատճառով, դատարկ է մնում»,- ասում է Զբաղվածության պետական գործակալության Էրեբունի-Նուբարաշեն տարածքային կենտրոնի տնօրեն ՍՈՆԱ ՍՈՂՈՄՈՆՅԱՆԸ:- Մարդիկ չեն ընդգրկվում այդ աշխատատեղերում: Ինչո՞ւ. պատճառը ցածր աշխատավարձն է: Ենթադրենք, մարդն ավարտել է տնտեսագիտական համալսարանը, նա երբեք 50 հազար դրամով չի աշխատի քաղծառայության որևէ համակարգում, այլ կգերադասի բանկ մտնել, որտեղ կարող է վարձատրվել կրկնակի»:
Տնօրենի տեղեկացմամբ` Երևանում, այս ամսվա դրությամբ, մոտ 1500 թափուր աշխատատեղ կա, որոնք գրեթե չեն համալրվում, այլ «մշտապես կրկնվում են»: Պատճառը ցածր աշխատավարձն է և չգրանցված աշխատանքը։ «Մեզ դիմող մարդիկ ասում են` ավելի լավ է գործազրկության նպաստ ստանամ (18 հազար դրամ), քան այդքան աշխատեմ, ճանապարհածախսի համար վճարեմ, ներդնեմ իմ ողջ էներգիան և ստանամ 30 հազար դրամ»:
Հիմնականում ինչպիսի՞ աշխատանքներ են առաջարկվում, դրանք բավարարո՞ւմ են քաղաքացիների պահանջները: Սոնա Սողոմոնյանի խոսքով` քաղաքացու ցանկությունն այնքան էլ կարևոր չէ, ամեն ինչ կախված է աշխատաշուկայի պահանջարկից: Մեծ է վարսահարդարի, դիմահարդարի, հաշվապահի, մենեջերի, գործավարի, մատնահարդարի, հավաքարարի պահանջարկը: Փոքր է ինժեների, ուսուցչի, բժշկի, ցանկացած արվեստագետի պահանջարկը:
Իսկ այն հարցին, թե ի՞նչ են հաշվի առնում կազմակերպություններն իրենց թափուր աշխատատեղերը լրացնելիս`աշխատանքային փո՞րձ, ինտելե՞կտ, «ռեզյումե՞», թե՞ մտածելու և ստեղծելու ունակություն, և արդյո՞ք բարձր աշխատավարձով թափուր աշխատատեղերն այսօր չեն համալրվում ծանոթ-խնամի-բարեկամ շրջանակով, տիկին Սողոմոնյանը պատասխանեց. «Նախկինում, այո, գործատուները թափուր աշխատատեղը համալրում էին խնամի-ծանոթ-բարեկամով: Բայց այսօր գործատուն, ուզի-չուզի, մասնագետ է փնտրում, դիմում է մեզ և մեր միջոցով գտնում: Ինչ վերաբերում է աշխատանքային փորձին, պետք է խոստովանեմ, որ այն շատ կարևոր է: Այն երիտասարդները, ովքեր չունեն աշխատանքային փորձ, մեր կենտրոնի աջակցությամբ մասնագիտական ուսուցման անվճար դասընթացներ են անցնում: Աշխատուժի պահանջարկը կա, բայց որակավորումը չի համապատասխանում, այդ պատճառով մեզ մոտ սովորում են, փորձ ձեռք բերում, միևնույն ժամանակ ստանում կրթաթոշակ, այնուհետև աշխատանքի տեղավորվում»:
Տեղեկացանք, որ 79 հոգի ընդգրկված է մասնագիտական ուսուցման դասընթացներում: Մասնագիտական ուսուցում ստացածների հիմնական մասը (80-90 տոկոսը), ըստ գործակալության տնօրենի, տեղավորվում է աշխատանքի: Ի դեպ, այս տարվանից պրակտիկան գործելու է այն աշխատավայրում, որտեղ պրակտիկանտը պատրաստվում է աշխատելու: Վեցամսյա փորձաշրջանից հետո է միայն գործատուն նրան վերցնելու աշխատանքի, եթե, իհարկե, պրակտիկանտը լիովին բավարարում է վերջինիս պահանջները, եթե ոչ, ապա այլ տեղ պետք է աշխատանք փնտրի: Դա կոչվում է պրակտիկա աշխատավայրում: Սա նոր ծրագիր է, որը կիրառվելու է այս տարվանից:
Ոչ պակաս կարևոր է գրագետ ռեզյումե ներկայացնելը։ «Մարդիկ կան, որ նույնիսկ չգիտեն` ինչ բան է ռեզյումեն, չգիտեն` ինչպես գրել կամ ինչպես ներկայանալ գործատուին, որ վերջինս չհիասթափվի առաջին իսկ հայացքից: ՈՒստի մենք աշխատում ենք նրանց հետ: Նորաբաց «Միգրացիայի ռեսուրս» կենտրոնում գործում է աշխատանքի ակումբ, որը կոչվում է աշխատանքի տեղավորման միջազգային նոր գործիք: Այնտեղ մարդիկ ստանում են անհատական խորհրդատվություն, տեղեկություն ստանում իրենց հետագա անելիքների մասին»,- ասում է տիկին Սողոմոնյանը։
Կենտրոնն սպասարկում է երկու վարչական շրջան` Էրեբունի-Նուբարաշենի մոտ 140 հազար բնակչությանը: Վերջին տվյալներով` հաշվառված է մոտ 4000 աշխատանք փնտրող, որոնցից շուրջ 3800-ը գործազուրկ է, 80-ը` հաշմանդամ, մնացածը` ակտիվ աշխատանք փնտրող` թոշակառու, զբաղված անձինք, որոնք, թեև աշխատում են, բայց երկրորդ աշխատանք են փնտրում: Տարվա կտրվածքով հաշվառվել է 1830 անձ, աշխատանք է գտել 680-ը, արվել է մոտ 1300 աշխատանքի առաջարկ: Զբաղվածության ծրագրերում կան ակտիվ և պասիվ ծրագրեր: Յուրաքանչյուր ամիս գործազրկության նպաստ է ստանում 1200 անձ:
Վերոնշյալ մասնագիտական ուսուցման դասընթացները, որոնք իրականացնում է կենտրոնը, ոչ միայն գործազուրկների համար են, այլև հաշմանդամների: Հաջորդ ծրագիրը կոչվում է փոխհատուցում գործատուին. նպատակը խոցելի, անմրցունակ խմբերին աշխատաշուկայում աշխատանքի տեղավորելն է: Կառավարությունը սահմանել է 7 խոցելի խումբ` փախստականների, հաշմանդամների, դատապարտվածների, առանց ծնողական խնամքի, մանկատներից եկած երեխաների, երկարատև գործազուրկների, երեք տարուց ավելի գործազուրկների: Այս ծրագրի շրջանակներում Էրեբունու տարածքային կենտրոնը նախորդ տարի 6 հոգու աշխատանքի է տեղավորել: «Իհարկե քիչ է, քանի որ բյուջեն գումար չունի: Մենք գործատուին վճարում ենք յուրաքանչյուր ամսվա աշխատավարձի ընդամենը 50 տոկոսը, ոչ ավելի: Եթե շատ գումար լիներ, ավելի շատ կվճարեինք, և պատկերն էլ այլ կլիներ»,- պարզաբանում է մեր զրուցակիցը։
4000 աշխատանք փնտրողների 72-80 տոկոսը կանայք են: Դա պայմանավորված է նրանով, որ տղամարդիկ «ինչ-որ ձևով աշխատանք ունեն կամ բացակայում են երկրից»: Համեմատաբար ավելի շուտ են աշխատանք գտնում այն երիտասարդները, ովքեր նոր են վերադարձել բանակից: Գերակշռում են 46-54 տարեկանները (1209 հոգի), 35-45 և 55-ից բարձր տարիք ունեցողները,16-35 տարեկանները 700-ն են (մոտ 25 տոկոս): Ընդհանուր բարձրագույն կրթությամբ հաշվառված է 627 աշխատանք փնտրող (4000-ի մեջ դա մոտավորապես 30 տոկոս է):
Ըստ տնօրենի` հանրապետությունում վերջերս բացված «Միգրացիայի ռեսուրս» կենտրոնում արտագնա աշխատանքի մեկնողները տեղեկություն են ստանում տվյալ երկրի օրենսդրության, բարքերի, թրաֆիքինգից խուսափելու, օրինական միգրանտ դառնալու ուղիների վերաբերյալ: «Քանի որ մեր քաղաքացին իր աշխատուժը օգտագործում է մեկ ուրիշ երկրի բարգավաճման ու բարեկեցության համար, ուրեմն պետք է լինի արժանավայել աշխատող` պատշաճ աշխատավարձով, ունենա հավասար իրավունքներ: Բայց այդ ամենին, ցավոք, ոչ ոք տեղեկացված չէ: Ենթադրենք, ունենք այսպիսի հայտարարություն` «Ռուսաստանում աշխատելու համար պահանջվում է 100 հոգի»: Ոչ ոք չգիտի` այդ 100 հոգին ի՞նչ է անելու այնտեղ, միգուցե դառնալու է թրաֆիքինգի զո՞հ: Դրսում եղած թափուր աշխատատեղերի վերաբերյալ առայժմ պաշտոնական տեղեկություն չունենք, բայց եթե մեկը մեզ ասում է` այսինչ երկրում աշխատանք կա, մենք նրան մանրամասն բացատրում ենք իր հետագա գործողությունները»,- նշում է տիկին Սողոմոնյանը:
Էրեբունու զբաղվածության տարածքային կենտրոնը տարին երկու անգամ հետազոտություն է անցկացնում: 2010-ին կենտրոնը հետազոտություն է անցկացրել շուրջ 140 գործատուի շրջանում, գնահատել նրանց կարիքներն ու պահանջները` ի՞նչ մասնագետի պահանջարկ ունեն, աշխատաշուկայում ի՞նչ հարցեր կարող են առաջանալ և այլն:
Ի դեպ, նախատեսվում է «Միգրացիայի ռեսուրս» կենտրոններ բացել Աշտարակում և Իջևանում: Նշենք` հունվար ամսին կենտրոնն աշխատանքի է տեղավորել մոտ 45 քաղաքացու:
Հասմիկ ՄՈՎՍԻՍՅԱՆ

Դիտվել է՝ 1774

Մեկնաբանություններ