ԱՄՆ-ի ներկայիս վարչակազմի կողմից նախկին նախագահ Դոնալդ Թրամփի շուրջ ստեղծված մթնոլորտն է հրահրել նրա դեմ մահափորձը՝ հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: «Ռուսաստանի Դաշնությունը չի կարծում, որ մահափորձը կազմակերպվել է ԱՄՆ-ի գործող իշխանության կողմից, սակայն թեկնածու Թրամփի շուրջ մթնոլորտը դրդել է նրան, ինչին այսօր բախվել է Ամերիկան»,- շեշտել է նա:               
 

«ՄԻՆՉԵՎ ՉՕԳՆԵՆՔ ԳՅՈՒՂԱՑՈՒՆ` ՄՇԱԿԵԼՈՒ ԻՐ ՀՈՂԸ, ՄԵՐ ՍԱՅԼԸ ՏԵՂԻՑ ՉԻ ՇԱՐԺՎԻ»

«ՄԻՆՉԵՎ ՉՕԳՆԵՆՔ ԳՅՈՒՂԱՑՈՒՆ` ՄՇԱԿԵԼՈՒ ԻՐ ՀՈՂԸ, ՄԵՐ ՍԱՅԼԸ ՏԵՂԻՑ ՉԻ ՇԱՐԺՎԻ»
16.03.2012 | 00:00

Վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորած պատվիրակության այցերը հանրապետության տարբեր մարզեր, որտեղ քննարկվում է գալիք համապետական ընտրությունների` ՀՀԿ-ի նախընտրական ծրագիրը, շատերին են ոգևորել: Մարդիկ ուզում են հավատալ, որ ՀՀ վարչապետն իր խոստումը կկատարի ու ընտրական ծրագրում կներառի ընտրողների արտահայտած կարծիքներն ու խորհուրդները: «Մենք պարտավոր ենք մեր ղեկավարներին ներքևից ճշգրիտ տեղեկություն փոխանցել, որովհետև քիչ չեն դեպքերը, երբ վերևներն անհրաժեշտ չափով տեղեկացված չեն լինում, թե այս կամ այն ոլորտում իրականում ինչպիսի իրավիճակ է տիրում»,- այս նպատակով «Իրատես de facto»-ի խմբագրություն էր այցելել արցախյան ազատամարտի մասնակից, գյուղատնտեսական գիտությունների թեկնածու, ավագ գիտաշխատող, նախագահին կից Հանրային խորհրդի գյուղատնտեսության ու էկոլոգիայի հանձնաժողովի անդամ ՎԼԱԴԻԿ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԸ:
Նախկին ազատամարտիկն ու գիտաշխատողն իր խոսքը սկսեց գիտության անմխիթար վիճակից: «90 տարեկան մարդ, որի կողքին դրված են ջերմաչափ ու մի տուփ դեղորայք, այդ մարդն էլ է ապրում, բայց ինչպե՞ս: Ես մեր գիտական ինստիտուտների ներկայիս վիճակը նմանեցնում եմ այդ հիվանդ մարդու վիճակին»: Հայաստանի գիտական ինստիտուտների անգործությամբ մտահոգ Վլադիկ Աբրահամյանը երկու տարի առաջ հանդիպել է ԳԱԱ նախագահ Ռադիկ Մարտիրոսյանի հետ ու փորձել պարզել, թե ի՛նչ է արել ԳԱԱ-ն այն բանից հետո, երբ երկրի նախագահը հայտարարեց, թե պետք է նպաստել գիտության զարգացմանը, գիտնականներին խրախուսելու նպատակով էլ ոսկե մեդալներով պարգևատրեց շատերին, դրամաշնորհներ ուղղեց գիտության ոլորտին, ի՞նչ արդյունք տվեց այս ամենը. «ԳԱԱ նախագահին ասացի` ինչո՞ւ տեր չեք կանգնում մեր գիտահետազոտական ինստիտուտներին, չէ՞ որ դրանք փակելը նշանակում է երկիրը վերջնականապես կործանել: Մենք իրավունք չունենք հիմնահատակ վերացնելու մեր գիտությունը»: Վլադիկ Աբրահամյանը ԳԱԱ նախագահին մի գործնական առաջարկ էլ է արել. «Ինձ հասարակական կարգով ընդունեք ակադեմիայի գիտական խորհրդի անդամ, որ երբ երկրի նախագահը կամ վարչապետը այցելեն ակադեմիա, ես նրանց ներկայացնեմ իրական վիճակը, որովհետև դուք դա չեք կարողանում անել»: Գիտաշխատողն այն կարծիքին է, որ երկրի առաջընթացը պետք է սկսել հենց գիտահետազոտական ինստիտուտների վերագործարկումից, որոնք, ցավոք, այսօր գտնվում են սարսափելի վիճակում` ավերված են ու քարուքանդ եղած:
«Եթե մեր երկրի ղեկավարներն ուզում են գյուղատնտեսությունը զարգացնել, ապա անպայման պետք է աշխատեցնեն գյուղատնտեսական ոլորտի հետ առնչվող բոլոր գիտահետազոտական ինստիտուտները: Քանի որ դրանք պետք է օժանդակեն գյուղացուն»: Մինչդեռ գյուղատնտեսական ոլորտի բոլոր գիտահետազոտական ինստիտուտները վերագործարկելու փոխարեն, դեռ մի բան էլ աշխատակիցները «հայտնի» պատճառներով լքել են Հայաստանը, ինստիտուտները «մաքրվեցին» կարևորագույն սարքավորումներից, ինչն էլ հանգեցրեց դրանց աշխատանքների վերջնական դադարեցմանը: Վերհիշելով խորհրդային ժամանակները, Վ. Աբրահամյանն ասում է, թե ժամանակին այս ինստիտուտներում աշխատել են բազմաթիվ հայտնի գիտնականներ, որոնք իրենց խորհուրդներով օժանդակում էին գյուղական արտադրությանը, բայց այսօր գյուղացուն խորհուրդ տվող ու օգնող չկա: «Խորհրդային տարիներին ամեն մի տնտեսություն 1-2 անասնաբույժ ու ագրոնոմ ուներ, գործում էր ագրոքիմիական լաբորատորիան, ուր հողի նմուշներն էին ուսումնասիրվում, այս բոլորի նպատակը գյուղացուն խորհուրդ տալն էր, թե ինչ նյութերով, երբ, որքան պարարտացնել հողը»:
Գյուղատնտեսության ցավոտ խնդիրներից կարևորը գիտնականը համարում է հանրապետության աղակալած հողերի առկայությունը: 400 000 հեկտար հողատարածք այսօր Հայաստանում չի մշակվում, որը կազմում է մեր վարելահողի մոտ 40 %-ը: Մեր սակավահող երկրի համար արդյո՞ք սա մեծ շռայլություն չէ։ «Դա հանցագործություն է: Ժամանակին հողագիտության ու ագրոքիմիայի ինստիտուտը հազարավոր հեկտար աղուտ և ալկալի հողատարածքներ դարձրեց օգտագործելի, դրանք վերածվեցին ծաղկած այգեստանների: Բայց քանի որ այս տարիներին տիրություն անող չեղավ, այդ փորձադաշտերը համարյա վերացան»,- ասում է Աբրահամյանը: Գյուղացին չունի հնարավորություն այդ հողերն օգտագործելու, քանի որ անկարող է միայնակ մշակելու, նրան պետական օժանդակություն է պետք. «Անմշակ հողատարածքները սպասում են պետության վերաբերմունքին»:
Գիտնականը նկատում է, որ եթե հողին վերաբերվում ես գիտականորեն` ժամանակին տալիս ես պարարտանյութ, ջրում ես, ապա ինքն էլ նույնքան առատաձեռն է լինում մարդու հանդեպ` փոխհատուցելով իր բերքատվությամբ, ուրեմն. «Հողի հետ ճիշտ աշխատել է պետք: Իսկ մենք անհրաժեշտ նյութերը հողից անընդհատ քամում ու քամում ենք, դրա դիմաց չտալով ոչինչ, դե, հողն էլ խռովում է մեզնից»:
Փիլիսոփաներից մեկն ասել է. «Բժշկին չհավատալ կարող է ամեն ոք, բայց բժշկությանը չեն հավատում միայն տգետները», մեր զրուցակիցն այս միտքը տարածելով գյուղատնտեսության վրա` եզրահանգում է` քանի դեռ մենք գյուղատնտեսությունը չենք ընդունում որպես գիտություն և այդ դիրքերից չենք վերաբերվում, այն զարգացնել չենք կարող: «ԽՍՀՄ-ի ճակատը չեմ պաչում, որ լավը լիներ` չէր կործանվի, բայց եղած լավը պետք է կարողանայինք պահպանել»,- նախկին փորձից Վլադիկ Աբրահամյանը մերօրյա գիտնականներին խորհուրդ է տալիս աշխատել գյուղացու հետ: «Մեր հացահատիկի շտեմարանի` Շիրակի դաշտերը ծփում էին հացահատիկի առատ բերքից, որովհետև գյուղացին հողի հետ գրագետ էր աշխատում: Գիտեր պարարտանյութ տալու չափն ու քանակը, այսօր գյուղացին չգիտի այս տարրական բանն ու, կարծելով, թե շատ պարարտացնելուց իր բերքն ավելի լավը կլինի, էնքա՜ն է տալիս, որ թունավորում է բանջարեղենը: Երբեմն գյուղնախարարները հայտարարում են, թե այս տարի այս կամ այն մրգի բերքատվությունը բարձր է լինելու: Բայց, եղբայր, տանձի ու խնձորի բերքի առատություն չի նշանակում գյուղատնտեսության զարգացում, մանավանդ երբ դա էլ բնությունից կախված բան է: Գյուղատնտեսության զարգացումը 400 000 հեկտար չմշակվող հողերի մշակումն է»:
Անցում անելով անասնապահությանը, գիտնականը հիշեցնում է, որ խորհրդային տարիներին մեր վաստակաշատ հայ գիտնականները կովկասյան գորշ ցեղի տավարի տեսակ բուծեցին. այն և՛ կաթնատու էր, և՛ մսատու, որն էլ շատ արագ տարածվեց Անդրկովկասում: Հայ գիտնականների նման քայլն ինքնանպատակ չէր. «Տեղական անասունը հրաշալի հարմարվել էր մեր աշխարհագրական պայմաններին, կարողանում էր հանգիստ անցնել քարքարոտ կածաններով ու բարձրանալ արոտավայրերը»: Այսօր գիտնականի անհանգստության պատճառն այն է, որ կովկասյան գորշ տեղական տավարի տեսակը վերականգնելու փոխարեն, հսկայական գումարներ ծախսելով, դրսից երինջ ենք ներմուծում, որոնք սակայն ո՛չ մեր աշխարհագրական պայմաններին, ո՛չ մեր քարքարոտ կածաններին սովոր չեն, դրանց կճղակները շատ շուտ են շարքից դուրս գալիս: «Ես սիրում եմ իմ հայրենիքը ու չեմ կարող լռել և չասել, որ Հայաստանի գյուղատնտեսությունն այսօր շատ վատ վիճակում է գտնվում: Այսօր գյուղացու ունեցածը հին տեխնիկա է, որն էլ շա՜տ քիչ է, մարդիկ ստիպված ձեռքով են մշակում, դե արի, հազարավոր հեկտարների հողը բահով փորիր: Գյուղացին ի վիճակի չէ դա անելու, դրա համար էլ շատ հողեր չեն մշակվում: Բարձր են նաև պարարտանյութի, թունաքիմիկատների գները: Նայում ես` ծառերի վրա հասել է պտուղը, բայց ամբողջությամբ որդի մեջ է կորած: Գյուղացին հազար ու մի բան է սկսում անել, բայց չի կարողանում դրա դեմն առնել: Եկեք գյուղացուն օգնենք ոչ թե խոսքով, այլ կոնկրետ գործով»: Նկատում է, թե այսօր ԱԺ պատգամավորներ կան, որոնք ընտրվել են այս կամ այն մարզից, բայց էդ գյուղերի տեղն էլ չգիտեն, գյուղացու հոգսից էլ անտեղյակ են:
Գյուղատնտեսության զարգացմամբ մտահոգ գիտնականը, սակայն, միայն իրավիճակը նկարագրելով չավարտեց իր ասելիքը։ Նա ՀՀ կառավարությանը երկու կոնկրետ առաջարկ ներկայացրեց. նախ վերագործարկել գյուղատնտեսական բոլոր գիտահետազոտական ինստիտուտները, ապա ստեղծել մասնագիտական հանձնաժողով, որի անդամները կշրջեն հանրապետության բոլոր մարզերով, կմտնեն գյուղ առ գյուղ, կխոսեն գյուղացու հետ, կլսեն նրան` թե տվյալ գյուղում ինչ խնդիրներ կան. «Մինչև չօգնենք գյուղացուն` մշակելու իր հողը, մեր սայլը տեղից չի շարժվի»:
Արմինե ՍԻՄՈՆՅԱՆ

Դիտվել է՝ 1443

Մեկնաբանություններ