ԱՄՆ-ի ներկայիս վարչակազմի կողմից նախկին նախագահ Դոնալդ Թրամփի շուրջ ստեղծված մթնոլորտն է հրահրել նրա դեմ մահափորձը՝ հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: «Ռուսաստանի Դաշնությունը չի կարծում, որ մահափորձը կազմակերպվել է ԱՄՆ-ի գործող իշխանության կողմից, սակայն թեկնածու Թրամփի շուրջ մթնոլորտը դրդել է նրան, ինչին այսօր բախվել է Ամերիկան»,- շեշտել է նա:               
 

ԱՐՑԱԽՅԱՆ ՊԱՏԵՐԱԶՄԻ ԱՌԱՋԻՆ ԶՈՀԸ

ԱՐՑԱԽՅԱՆ ՊԱՏԵՐԱԶՄԻ ԱՌԱՋԻՆ ԶՈՀԸ
30.09.2011 | 00:00

«Հայկական քարտեզը իմ սեղանի զարդն էր, Մոսկվայից էի գնել, դնում էի սեղանին, Էդիկիս ասում էի` տես, ինչ Հայաստան ենք ունեցել, ծովից ծով… «Մխիթար Սպարապետ» էի կարդում, լսում էր, թերթում էջերը, ինձ հետ կարդում: «Սպարապետ բալես» էի ասում նրան: Այդպես եմ մեծացրել որդուս»,- պատմում է Փառանձեմ մայրիկը: Նա ազատամարտիկ, զինագործ ԷԴԻԿ ՏՈՌՈԶՅԱՆԻ մայրն է, ում նահատակության 22-րդ տարելիցը լրացավ այս տարվա օգոստոսի 8-ին: Նա արցախյան պատերազմի առաջին զոհն է: 35 տարեկան էր: Չամուսնացած: Նոր Հաճնի «Սապֆիր» գործարանում աշխատում էր որպես կոնստրուկտոր-ինժեներ:
1988-ի փետրվարի 18-ին Փառանձեմ մայրիկը Նոր Հաճնից Աբովյան գնալու ճանապարհին տեսնում է, որ մարդիկ են հավաքված, գործադուլ է: Ականջին հասնում է նաև, որ Արցախի պահանջատիրության համար երթ են կազմակերպելու: Հետ է դառնում տուն, որ տղային ասի լսածը: «Աշխատանքի վայրում էր, ես զանգում եմ իրեն, էլ տուն չի գալիս հաց ուտելու: Ինքն էլ է միանում ժողովրդին»,- պատմում է Փառանձեմ մայրիկը: Ավելին, հենց ինքն էլ առաջնորդում է ժողովրդին, ոտքի հանում, դառնում ղարաբաղյան շարժման ակտիվ մասնակից:
Հետո ասելու էր` մամ, պատմիր, ո՞նց էր պապին գնացել Էրզրումից զենք բերելու: «1904-ին էր,- պատմում է Փառանձեմ մայրիկը,- պապս Բաքվի մեծահարուստներից մեկի` Առաքել Ծատուրովի վստահելի անձն է եղել, Ծատուրովն ասել է` հայ-թուրքական կռիվ է լինելու, նրանք զինված են, մենք զենք չունենք… Երբ փոքր է եղել, պատմել եմ այդ պատմությունը: Ասում էր` դե, մամ, պատմի: Ես նորից պատմում եմ: Ասում է` տես, կռիվ է լինելու, զենք չունենք, մեզ զենք է պետք: Ես պետք է սկսեմ զենք սարքել»:
Քրեական աշխարհի ներկայացուցիչը, ում դիմել էր Էդիկը` զենքի գծագիրը վերցնելու հույսով, մատնում է նրան:
Ոստիկանապետը կանչում է Էդիկին, իր ինքնաձիգը դնում սեղանին, ասում է` քեզ զե՞նք է պետք, դե, գծագիրը հանի…
Այ, այդպիսի ոստիկանապետ ենք ունեցել, հպարտանում է Փառանձեմ մայրիկը:
Սումգայիթի հայկական ջարդերը, Արցախում հաճախակիացող սադրանքները մտահոգիչ էին։ Սկսում է առարկայանալ «Սապֆիր» ԱՄ արտադրական բազայի հիման վրա զենքի արտադրություն կազմակերպելու գաղափարը: Էդիկ Տոռոզյանը 1988-ին նախագծում, ապա զինագործ ընկերների մասնակցությամբ գործարկում է պատրույգային նռնակների ընդհատակյա արտադրությունը, որի թողարկած առաջին խմբաքանակն ուղարկվում է Նախիջևանի Զնաբերդ գյուղի ինքնապաշտպանության կազմակերպիչներին: Նռնակների արտադրությանը զուգընթաց շարունակվում են նաև այլ զինատեսակների ձեռքբերման, տեղի բազայի հիման վրա նախագծման, արտադրության և փորձարկման աշխատանքները:
Էդիկ Տոռոզյանը զոհվում է «կապսուլային» նռնակի հերթական փորձարկման ժամանակ:
Մովսես Գորգիսյանը նախաձեռնում է հուշահամալիր կառուցել Նոր Հաճնում` երեք հոգու համար, իբրև հուշ-պատմություն: Մովսես Գորգիսյանի ողբերգական մահից հետո հավաքված հանգանակությունը ծախսվում է, հայտնի չէ, ինչ նպատակով: «ՈՒզում էի կյանքս ավարտվեր տղայիս մահվան տարելիցի օրը,- ասում է հերոսի մայրը,- բայց հասկացա, որ պետք եմ տղայիս»: Փառանձեմ մայրիկը ձեռք է բերում գծագիրն ու հուշահամալիրը կյանքի կոչում:
Հարցնում եմ` Փառանձեմ մայրիկ, եթե նորից սկսեիք ամեն բան, էլի՞ ձեր տղային «սպարապետ» կմեծացնեիք:
«Բալայիս մարմինն արդեն «տանում էին», «Շողակն»-ի տնօրենը ներս մտավ, ասացի` Աշոտ Նիկիտիչ, չե՜մ ափսոսում, Ղարաբաղին մատաղ եմ արել իմ բալայիս, մենակ խնդրում եմ, բալիս գործերը շարունակեք, Ղարաբաղը փրկեք: Հիմա, Աստված մի արասցե, եթե մի բան լինի, էլի պետք կգամ, ուրիշ բան որ չէ, համով ճաշեր եմ եփում… կռվեն, նորից հաղթեն»:
Հետո պատմում է. «Աչքիս առաջ այնպիսի բաներ են կատարվում: Մեկը, ով ոչինչ չի արել, գնացել է Բերդաձոր, թուրքի ձիուց ընկել է, ոտքը ջարդել, եկել է ու վիրավոր դառել, երկրապահ…»:
Էդիկ Տոռոզյանը պարգևներ չունի` արխիվում փաստաթղթեր չկան։ Միայն մի նկար են գտել, վրան գրված` «Էդիկի անվան ջոկատի հրամանատար Պետրոս Խոջոյան»: Դա էլ է կորել:
«Հայրենական պատերազմից մինչ օրս պարգևներ են տալիս ու դեռ տալու են». այսպիսի բացատրություն է ստացել Փառանձեմ մայրիկը, երբ պաշտպանության նախարարությունում (1996 թ.) պարգևներ են հանձնել զոհված ազատամարտիկների հարազատներին և չեն նշել Էդիկի անունը: Նրա պատասխանը ալեկոծել է դահլիճին. «Ինչպե՞ս, մինուճար տղայիս մատաղ եմ արել Արցախին, ես չպետք է տեսնեմ նրա փառքը, դո՞ւ պետք է տեսնես»:
Փառանձեմ մայրիկի նկարները, նրա ձայնագրություններն աշխարհով մեկ պտտվում են: Սակայն 85-ամյա սևազգեստ մայրը զերծ չի մնում չար լեզուներից: «Ասում են` ազատություն էիք ուզում… գործարան չկա, աշխատանք չկա, տղադ հեղաշրջում էր անում: Վիրավորվում եմ և ոչինչ չեմ կարողանում պատասխանել»,- ասում է:
Հայ-թուրքական հարաբերություններ, չվավերացված արձանագրություններ, Անկախության 20-րդ տարեդարձ, Ցեղասպանության մոտեցող 100-ամյակ, համատարած արտագաղթ, խռոված սփյուռք, փակված գործարաններ… Համատարած այս աղմուկի մեջ խլանում է հերոսի մոր լացը. «Էդիկս ուզում էր, որ Ղարաբաղը ծաղկի... Այսօր ոչ միայն Ղարաբաղը, Հայաստանն էլ է հայաթափվել և հայաթափվում է... Հիմա ես ի՞նչ անեմ…»:
Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 4618

Մեկնաբանություններ