Մահափորձ է տեղի ունեցել ԱՄՆ-ի նախկին նախագահ և նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփի դեմ՝ Փենսիլվանիայի Բաթլեր քաղաքում նրա նախընտրական հանրահավաքի ժամանակ։ Թրամփի ականջն է վիրվորվել։ Երկու մարդ սպանվել է, այդ թվում՝ կրակողը՝ Փենսիլվանիայի 20-ամյա բնակիչ Թոմաս Մեթյու Քրուքսը։ Ըստ ԶԼՄ-ների, ոճրագործին գնդակահարել է Գաղտնի ծառայության դիպուկահարը։               
 

«ԷՍՕՐ ԷԼ ՇԵՌԻ ԱՄԱՆԸ ՓՈԽԵԼ ԵՍ ՆԱՎԹԱՄԱՆԻ՞»

«ԷՍՕՐ ԷԼ ՇԵՌԻ ԱՄԱՆԸ ՓՈԽԵԼ ԵՍ ՆԱՎԹԱՄԱՆԻ՞»
25.01.2011 | 00:00

1954-ին սովորում էի Մոսկվայում, ԽՍՀՄ գրողների միությանը կից Մաքսիմ Գորկու անվան գրականության ինստիտուտում, որը հինգ տարով էր, իսկ Հովհաննես Շիրազը նույն ինստիտուտի բարձրագույն երկամյա կուրսերի ունկնդիր էր։ Այստեղ մեր հանրապետությունների հայտնի գրողներն էին։ Երկու ամիս չէր անցել, Շիրազն արդեն ամենահայտնին էր այդ հայտնիների մեջ, որոնք շատ էին սիրում ու մեծարում նրան։
Շիրազը գրեթե ամեն երեկո գալիս էր մեր հանրակացարան և ինձ հրավիրում զբոսանքի, ավելի շուտ` զրույցի։ Նրա դուռ թակելն անգամ յուրատեսակ էր։ Մատներով չէր թակում, այլ մատները խաղացնում էր դռան վրա։
Գնում էինք Տվերսկոյ բուլվար կամ նստում էինք հենց ինստիտուտի այգու իմ սիրած նստարանին ու խոսում էինք բանաստեղծությունից, Հայաստանից, մեր ժողովրդի գալիքից, ազգային հազար ու մի հարցերից, խորհրդային երկրի ընդհանուր վիճակից։ Մի օր վերջին խոսքի վրա ասաց մտահոգ.
-Ըսպես երկիր ո՛չ կա, ո՛չ էղել է, ո՛չ էլ պետք էր, օր էղավ...
Շիրազը միշտ զրույցի վերջում իր ներսում ունենալով մոր ու քույրերի հորդորները, աշխատում էր հասկացնել, որ ուզում է ինձ մտերիմ բարեկամ դառնալ։ Իհարկե, տողատակում հետս ամուսնանալու ցանկությունն էր։ Ես ձևացնում էի, թե չեմ հասկանում, և զրույցի թեման փոխելու նպատակով ներկայացնում էի նրան նոր բանաստեղծություններ` կարծիքն իմանալու...
Ամառվա օրերից էր, երբ մեր հերթական զրույցներից մեկի ժամանակ, կարդաց գրածս նոր բանաստեղծությունները և հավանեց միայն երկուսը` «Կայարան» և «Նամակ»։ Մնացածները կարդաց երկու-երեք անգամ և ծիծաղելով թևիցս քաշեց.
-Էսօր էլ շեռի ամանը փոխել ես նավթամանի՞... Էստեղ էլ ամառվա շոգին նավթամանով ընթերցողիդ կուտաս սառը, հոյակապ գարեջուր։ Բայց ո՜ւմ է պետք։ Ամանն ինչքան էլ լվացած էղնի, մեկ է, նավթի հոտը կուգա։ Գարեջուրն իր համն ու հմայքը կկորցնե... Մի՛ տխրի, էսիկ անցողիկ շրջանն է...
Եվ հայացքը հառած բարդիներին` խոստովանելու պես ասաց.
-Սիլվան հույզիդ կեսն ունենար, աշխարհը կառներ... Աստված որբությա՞նդ է խղճացել, օր քեզի էդքան խոր նրբազգացություն ու հույզ է տվե... Հոգիդ ներկա է նույնիսկ թույլ տողերուդ մեջ... Հոգի կա՛, այո՛, բայց ինձ ի՜նչ օգուտ, օր նա աշխարհը կզգա, բայց ընձի` հե՛չ... Սիլվան քո հույզդ չունի... Բայց դուն էլ ինոր վարպետությունը չունիս... Դու շատ բդի գրես, օր վարպետանաս... Եթե վարպետանաս, դու ինորեն կանցնիս... Ըստեղ առաջ գնալու քայլեր էրել ես, բայց դեռ էնքան տարածություն բդի անցնիս, օր մինչև էրթաս, հասնիս վարպետությանը... Դու հմի ընդամենը մի հետաքրքիր բլուր ես, բայց եթե շատ գրես, վրեդ աշխատիս, տարիներ շարունակ տառապես, ու տառապանքդ քեզի լույս տա, կրնա էղնի Արագած դառնաս, կրնա ինոր չորս գագաթներից մեկն էղնիս, բայց կրնա և քու սեփական գագաթն ունենաս... Աստված քեզի շատ կսիրե, ուրախ բդի էղնիս...
Հուսադրեց, թևավորեց ինձ, կամեցող, խորախորհուրդ, հանճարեղ Հովհաննես Շիրազը, ու վեր կացանք և աղոթարանի շեմին քայլեցինք դեպի մեր հանրակացարանը...
ՄԵՏԱՔՍԵ

Դիտվել է՝ 1503

Մեկնաբանություններ