ԱՄՆ-ի ներկայիս վարչակազմի կողմից նախկին նախագահ Դոնալդ Թրամփի շուրջ ստեղծված մթնոլորտն է հրահրել նրա դեմ մահափորձը՝ հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: «Ռուսաստանի Դաշնությունը չի կարծում, որ մահափորձը կազմակերպվել է ԱՄՆ-ի գործող իշխանության կողմից, սակայն թեկնածու Թրամփի շուրջ մթնոլորտը դրդել է նրան, ինչին այսօր բախվել է Ամերիկան»,- շեշտել է նա:               
 

ՍԵՎԱՆԱ ԼՃԻ ՄԱՔՐՄԱՆ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆԸ ԿՄԵԾԱՆԱ ՑԵՈԼԻՏԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՄԲ

ՍԵՎԱՆԱ ԼՃԻ ՄԱՔՐՄԱՆ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆԸ ԿՄԵԾԱՆԱ ՑԵՈԼԻՏԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՄԲ
07.10.2011 | 00:00

Օրերս Երևանում տեղի ունեցավ «Վարչական շրջանի երկրաէկոլոգիական մոնիթորինգ և ռիսկ» խորագրով եռօրյա միջազգային գիտաժողովը, որի ընթացքում, ի թիվս այլ հարցերի, քննարկվեցին նաև Սևանի ջրային ավազանի խնդիրները:
17 երկրից Հայաստան ժամանած 56 գիտնականներ ծանոթացան լճի էկոլոգիական վիճակին: Խոսվեց Սևանա լճի խնդիրների, այդ թվում` 1933-1981 թթ. ընթացքում լճի մակարդակի արհեստական իջեցման պայմաններում Սևանում տեղի ունեցած բացասական էկոլոգիական փոփոխությունների մասին: Մասնավորապես, մոտ 2 աստիճանով նվազեց ջրի ջերմատարողությունը, սկսվեց էվտրոֆացման պրոցես, վատացան թթվածնային պայմանները` բարենպաստ միջավայր ստեղծելով ջրիմուռների աճի ու զարգացման համար: 1982-1990 թթ. լճի մակարդակը թեև բարձրացավ 1,2 մետրով, սակայն 1991-2001 թթ. այն կրկին իջավ 2,2 մետրով: Լճային մասի ժայռոտ հատակի չորացման պատճառով ամբողջությամբ ոչնչացան Սևանի իշխանի ձվադրավայրերը: Մոտ 10000 հա ճահճային և կիսաճահճային տարածքների չորացման պատճառով ավելի քան 160 տեսակի չվող թռչուններից այսօր մնացել է 50 տեսակ:
1981-ին շահագործվեց Արփա-Սևան 48 կմ երկարությամբ թունելային ջրատարը, որը տարեկան Սևան է տեղափոխում 250-270 միլիոն խմ ջուր: Սևան թափվող 28 գետերի և գետակների մեջ այն այսօր էլ լիճը սնուցող գլխավոր զարկերակն է:
Սևանի էկոլոգիական հավասարակշռության պահպանումը կարևորագույն խնդիր է, քանի որ այսօր խմելու ջուրը, թերևս, ամենաթանկն է աշխարհում: Քաղցրահամ ջրային պաշարները կազմում են աշխարհի ջրային պաշարների ընդամենը 2,6 տոկոսը: Այդ իսկ պատճառով խիստ անհրաժեշտ է պահպանել և վերարտադրել Սևանի ջրային պաշարները: Լճում քաղցրահամ ջուրը 35 միլիարդ խմ է, մինչդեռ նախկինում 58 մլրդ էր:
Սևանի հետ կապված մի շարք հիմնախնդիրներից հատկապես կարևոր է ջրի մակարդակի բարձրացումը մինչև այն նիշը, որ հնարավոր լինի պահպանել լճի էկոլոգիական հավասարակշռությունը: Նշենք, որ նախատեսված է 2029-2030 թթ. Սևանի մակարդակը հասցնել 1903,5 մետր բարձրության: Ընդհանուր առմամբ նպատակ է դրված լիճը բարձրացնել 6 մետրով: 2003-ից սկսվել է Սևանի մակարդակի աստիճանական բարձրացումը` յուրաքանչյուր տարի կազմելով 40-50 սմ, ինչի արդյունքում անցած տարիներին ջրի մակարդակը բարձրացել է ավելի քան 3 մետրով: Սևանի մակարդակի այսօրվա բարձրացումն առաջին հերթին կապված է ջրային ելքերի կրճատման և մուտքերի ավելացման հետ, սակայն կան նաև կարծիքներ, ընդ որում, գիտականորեն հիմնավորված, որ լճի մակարդակը դարերի ընթացքում տվել է կտրուկ տատանումներ` պայմանավորված բնական երևույթներով: Այդ են փաստում ափամերձ տարածքներում ժամանակի ընթացքում ջրածածկ եղած հնագույն դամբարանադաշտերը, բնակավայրերը:
Այսօր լճին սպառնում են նաև արդյունաբերական թափոնները: Հանքահումքային և էլեկտրատեխնիկական զարգացմանը զուգընթաց արագորեն աճեցին նաև բնակավայրերը: Զարգացող քաղաքաշինությունն իր հետ բերեց նաև բնակավայրերի կոյուղացման անհրաժեշտություն, որը կատարվեց դարձյալ Սևանի ջրերն անխնա աղտոտելու հաշվին: Վերջին 20 տարիներին Մարտունի, Վարդենիս, Սևան, Ջերմուկ քաղաքների, Գեղարքունիքի մարզի խոշոր բնակավայրերի և լճի ափամերձ հանգստյան գոտիների կոյուղաջրերը լիճ են հոսել առանց զտման` աղտոտելով ջրային պաշարներն ու շրջակա միջավայրը: 2009-ին մեկնարկել է նշված բնակավայրերի կոյուղացման համակարգերի կառուցումը: Ինչպես մեզ տեղեկացրեց Գեղարքունիքի մարզպետարանի բնապահպանության բաժնի վարիչ Համբարձում Համբարձումյանը, վերջին շրջանում շուրջ 17 միլիոն եվրոյի աշխատանքներ են կատարվել բնակչությանը մատակարարվող ջրի և ջրահեռացման, այդ թվում նաև` Մարտունիում, Գավառում, Վարդենիսում, Ջերմուկում մաքրման կայանների կառուցման ուղղությամբ: Մարզի իշխանությունները համոզված են, որ այս աշխատանքները կնպաստեն ջրի որակի բարելավմանը:
Տեխնիկական գիտությունների թեկնածու Վահան Դավթյանը մեզ հետ զրույցում նշեց, որ Սևանա լճի մաքրման հնարավորությունը կմեծանա ցեոլիտի օգտագործմամբ: Ցեոլիտը մոտ 20 հանքանյութերի խումբ է, իր քիմիական կազմով կալցիումի, նատրիումի, բարիումի և կալիումի ջրային ալյումոսիլիկատ է: «Մենք ուսումնասիրել ենք Սևանի ավազանի հիմնական խնդիրները և խնդրի լուծման տեխնիկական մոտեցում ունենք: Մասնավորապես, դա վերաբերում է ջրի մաքրմանը ցեոլիտով, ինչը հրաշալի արդյունք կտա: Արդեն նման փորձ ենք իրականացրել այլ ջրերում»,- ասաց Վահան Դավթյանը:
Գիտնականն ընդգծեց, որ մաքրման տվյալ մեթոդը լայնորեն կիրառվում է արտասահմանյան բազմաթիվ երկրներում: Վահան Դավթյանի խոսքով, ցեոլիտի բավականին խոշոր կուտակումներ կան Հայաստանի Նոյեմբերյանի մերձակայքում և Շիրակի մարզում (ընդհանուր առմամբ, հանքանյութի 650 միլիոն տոննա պաշար): Նա նաև տեղեկացրեց, որ արդեն գտնվել են մարդիկ, ովքեր պատրաստ են իրենց միջոցները ներդնելու Սևան լցվող առավել աղտոտված գետերի մաքրման աշխատանքներում:
Լիլիթ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Դիտվել է՝ 1810

Մեկնաբանություններ